2015-05-16 10:59
«Դե Ֆակտո» N107 (2015թ.)
-Պարո՛ն Ուլիխանյան, Դուք 2012թ. ղեկավարում եք Նոր Նորք վարչական շրջանը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ երեք տարիների Ձեր և Ձեր թիմի աշխատանքը։
-Իմ և իմ թիմի աշխատանքի գնահատականը տալիս են Նոր Նորքում ապրող բնակիչները, որն, անշուշտ, ոգևորում ու ստիպում է մեզ ավելի շատ աշխատել, իրագործել նոր նախաձեռնություններ, միասնական ուժերով նպաստել մեր վարչական շրջանի զարգացմանը։
Աշխատանքի ընթացքում շատ եմ կարևորում առաջնորդի դերը. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճն այս առումով մեզ համար ոչ միայն լավագույն օրինակ, այլև յուրատեսակ խթանիչ է, որը վարակում է բոլորիս աշխատելու, ստեղծելու և զարգացնելու անվերջ ձգտումով։
Երեք տարվա ընթացքում մեր թիմը կարողացավ կյանքի կոչել նախատեսած գրեթե բոլոր ծրագրերը, սակայն անելիքները դեռ առջևում են, մեր բնակիչներն արժանի են ապրելու ավելի լավ Երևանում և Նոր Նորքում, այդ ուղղությամբ մենք որևէ ջանք ու միջոց չենք խնայում։
-Որքանով տեղյակ ենք, 2014թ. մեծածավալ աշխատանքներ են կատարվել համայնքում։ Հետաքրքիր է իմանալ` բարեկարգման, շինարարական ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել Նոր Նորք վարչական շրջանում։
-Բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ամենուր, այս տեմպերով առաջ գնալու դեպքում շուտով մենք անբարեկարգ այգի, բակ և պուրակ չենք ունենա։
Աննախադեպ են նաև ասֆալտապատման ծավալները։ Միայն Նոր Նորքում 2014թ-ին հիմնանորոգվել է ավելի քան 22968քմ ճանապարհ, իրականացվել են նաև փողոցների ընթացիկ նորոգման, գրունտային ճանապարհների բարեկարգման, մայթերի, բակերի ասֆալտապատման, եզրաքարերի նորոգման, պուրակների, մայթերի սալիկապատման, ինչպես նաև թեքահարթակների կառուցման աշխատանքներ, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Նոր Նորքի տնտեսվարողները։
-Երևանի քաղաքապետարանը, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, մեծ կարևորություն է տալիս կանաչապատման աշխատանքների իրականացմանը, որքանո՞վ են ավելացել կանաչապատ տարածքները Նոր Նորքում։
-Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքն ակնհայտ է։ Քաղաքապետի գլխավորությամբ` բոլորիս նպատակն է վերականգնել կանաչապատ ու ծառերով հարուստ քաղաքի դիմագիծը։
Կանաչ տարածքների ավելացման նպատակով Նոր Նորք վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են իրականացվել նոր ոռոգման ցանցի ստեղծման և առկա ցանցի վերանորոգման ուղղությամբ։ Ստեղծվել են նոր կանաչ տարածքներ, ծաղկային գոտիներ, շարունակաբար իրականացվող ծառատունկների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձվել նաև նորաստեղծ, հիմնանորոգված այգիներին ու պուրակներին։
Երևանի ամենականաչ վարչական շրջանի հեղինակությունը տարիներ ի վեր վայելող Նոր Նորքն այսօր էլ աչքի է ընկնում սաղարթախիտ ծառերով հարուստ այգի-պուրակներով` համալրված հարմարավետ ճեմուղիներով, տաղավարներով, խաղային գոտիներով ու մարզահրապարակներով։ Պատահական չէ, որ Նոր Նորքը շատերը համարում են քաղաքից դուրս գոտի. իրականում մեր շրջանը շատ հարմար է ապրելու համար։
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել բնակֆոնդի պահպանման, մասնավորապես` տանիքների, վթարային շենքերի, շքամուտքերի վերանորոգմանն ուղղված։
-Յուրաքանչյուր տարի բնակֆոնդի պահպանմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնց քանակը տարեցտարի աճում է. Բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցությունն ապահովելու ուղղությամբ մեծ ուշադրություն է դարձվում շքամուտքերի, թեք և հարթ տանիքների վերանորոգմանը, վթարային պատշգամբների ամրացմանը. այդ աշխատանքներում ընդգրկում ենք նաև համատիրություններին։
Երևանի քաղաքապետի որդեգրած քաղաքի համաչափ զարգացման սկզբունքները, ակնհայտորեն բարձրացրել են բնակչության հավատը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ նախապայմաններ ստեղծելով առավել արդյունավետ աշխատելու և հաջողության հասնելու համար։
-Երևան քաղաքի համաչափ զարգացման կարևոր գրավական է վարչական շրջանների բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման աշխատանքների իրականացումը, ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ։
-Բակային տարածքների բարեկարգման, այգիների հիմնանորոգման, խաղահրապարակների, մարզահրապարակների ստեղծման առումով Նոր Նորքում լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Թերևս, այս մասին է խոսում նաև այն, որ 2013 և 2014 թվականներին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական բակ” մրցույթում առաջին մրցանակային տեղերը Նոր Նորքինն էին։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նոր խաղային գոտիների, մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծմանն ու դրանց նպատակային օգտագործմանը։ Վերջին երեք տարիների ընթացքում կարողացանք կյանքի կոչել Տիգրան Մեծի, Թաթուլ Կրպեյանի զբոսայգիների հիմնանորոգման ծրագրերը, բարեկարգվելու է նաև Նանսենի անվան այգին։ Մեծածավալ աշխատանքներ են տարվել Նոր Նորքի հասարակական նշանակության հանգստի գոտիները կահավորելու, լուսավորելու և բնակչության համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Ամենամեծ ցանկությունս է, որ մեր հասարակությունն էլ սրտացավ լինի ստեղծվածի պահպանման գործում, միասին կերտենք մաքուր, բարեկարգ ու հաճելի միջավայր։
-Արդյո՞ք լուծված են վարչական շրջանի ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման համակարգի վերանորոգման խնդիրները։
-Համակարգերի վերանորոգման խնդիրների կարգավորման առումով սերտ համագործակցություն է ձևավորված “Հայաստանի էլեկտրական ցանցեր”, “Երևան ջուր”, “Երևան գազ” ՓԲԸ-ների և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի միջև։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ վերոնշյալ կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցության շնորհիվ` մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարման բարելավման ուղղությամբ, իսկապես, զգալի աշխատանքներ են իրականցվում։ Ինչ խոսք, անելիքներ դեռ կան, սակայն չլուծվող խնդիրներ չկան, կարևորը ցանկությունն է, հետևողականությունը և նպատակին հասնելու ձգտումը։
-Սոցիալական ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել Նոր Նորքում, արդյո՞ք կյանքի կոչվել են հաշմանդամություն ունեցող աձանց, անապահով ընտանիքներին ուղղված ծրագրեր։
-Նոր Նորք վարչական շրջանում բնակվող սոցիալապես կարիքավոր անձանց աջակցելու նպատակով տարաբնույթ ծրագրեր են իրականացվում՝ պարենային աջակցություն, գույքի տրամադրում, ֆինանսական օգնություն, պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման կազմակերպում, զինծառայողներին տեսակցության կազմակերպում, աշխատանքային հնարավորությունների ընձեռում և այլն։
Նոր Նորք վարչական շրջանում գործող հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ ևս ակտիվ համագործակցություն է հաստատված։ Համատեղ աշխատանքի արդյունքում իրագործվում են օժանդակության բազմատեսակ ծրագրեր բնակչության խոցելի խմբերին ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու ուղղությամբ։
Նոր Նորքը բոլորին, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր բնակչությանը հարմարավետ դաձնելու համար կարևոր խնդիր է նաև թեքահարթակների առկայությունը, որի ուղղությամբ ևս քայլեր ենք իրականացնում, միայն 2014թ-ին Նոր Նորքում կառուցվել է 72 թեքահարթակ, գործընթացը շարունակական է լինելու. առաջիկա տարիներին խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի։
-Վարչական շրջանում քանի՞ կրթական և մշակութային օջախներ են գործում և ի՞նչ վիճակում են դրանք։
-Նոր Նորք վարչական շրջանում գործում են 22 մանկապարտեզ, 20 դպրոց, 5 մշակութային հաստատություն, 4 մարզադպրոց։ Բոլոր հաստատությունները ջեռուցվում են, ըստ առաջնահերթության` իրականացվում են նաև վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ։ Վերջին տարիներին Երևան քաղաքի զարգացման ծրագրով հիմնանորոգվել են Նոր Նորքի մշակույթի կենտրոնը, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը, կենտրոնական գրադարանը, Հ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դահլիճը, մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվել մի շարք մանկապարտեզներում, ավարտին են մոտենում նաև Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները։ Գործընթացը շարունակվելու է նաև այս տարի։ Կարևորում եմ նաև Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող “Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում” ծրագիրը, որի շնորհիվ թարմացվում և նորերով են փոխարինվում բոլոր մանկապարտեզների կահույքը, խոհանոցային պարագաներն ու տեխնիկան։
-Ի՞նչ վիճակում են Նոր Նորքի մարզադպրոցները, արդյո՞ք դրանցում լուծված են ջեռուցման, մարզագույքով համալրման խնդիրները։
-Նոր Նորքում գործող 3 մարզադպրոցների թիվը 2014թ-ին համալրվեց ևս մեկով. վարչական շրջանում բացվեց շախմատի մանկապատանեկան մարզադպրոց, որը գործում է անվճար հիմունքներով և ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով ու հնարավորություններով։
Նոր Նորքի բոլոր մարզադպրոցները ջեռուցվում են։ Աջակցության տարբեր ծրագրերի շնորհիվ` մարզադպրոցներում իրականացվում է նաև մարզագույքի արդիականացում։ Նոր Նորքում տարեցտարի ավելացող բազմաֆունկցիոնալ մարզահրապարակները ևս նպաստում են սպորտային կյանքի ակտիվացմանը։
-Արդյո՞ք վարչական շրջանն ակտիվ է մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպման առումով։
-Նոր Նորք վարչական շրջանը միշտ էլ աչքի է ընկել մշակութային և մարզական հաջողություններով։ Ձևավորված գեղեցիկ ավանդույթները ոչ միայն շարունակվում են, այլև զարգանում ու հարստանում նոր էջերով։
Մեր սաները հաջողությամբ ներկայանում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային տարբեր մրցույթ-փառատոներում, օլիմպիադաներում՝ վերադառնալով հաղթանակի դափնեպսակով, մրցանակային պատվավոր տեղեր զբաղեցրած։ Ուշագրավ են նաև շրջանում կազմակերպվող զանգվածային միջոցառումները։ Մեծ շուքով են տոնվում հատկապես ՀՀ պետական տոները, որոնց մասնակցում են նաև Նոր Նորքի մշակութային հաստատությունների շնորհալի սաները։
Սպորտի բնագավառում ևս տարաբնույթ մրցաշարեր են կազմակերպվում` ինչպես շրջանային, քաղաքային, հանրապետական, այնպես էլ միջազգային բնույթի։
-Որպես վարչական շրջանի ղեկավար` արդյո՞ք խրախուսում եք տաղանդավոր երեխաներին։
-Բնականաբար, մեր կարևոր խնդիրներից է բացահայտել և խրախուսել տաղանդավոր երեխաներին։ Այս առումով վարչական շրջանում նույնպես կազմակերպում ենք տարբեր մրցույթներ, որոնց ընթացքում լավագույնս դրսևորված երեխաները պարգևատրվում են և խրախուսվում։ Նոր Նորքում իրոք տաղանդավոր երեխաները շատ են սպորտի, արվեստի, կրթության և այլ բնագավառներում։
-Մենք տեղյակ ենք նաև, որ Նոր Նորք վարչական շրջանը համագործակցում է Գեղարքունիքի, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի և արտասահմանյան մի շարք երկրների քաղաքների հետ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ասպարեզում։
-Այո՛, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես բոլոր վարչական շրջանները, այնպես էլ Նոր Նորքը մարզերի և ԼՂՀ շրջանների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում գործընկերային կապեր է հաստատել Գեղարքունիքի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հետ։ Միջազգային կապերի առումով կարևորում եմ ՌԴ Խանտի-Մանսիյսկ, Նովոսիբիրսկ քաղաքների հետ ձևավորված համագործակցությունը, որի շրջանակներում Երևանը և Նովոսիբիրսկը 2014թ-ին հռչակվեցին քույր քաղաքներ։ Մայիսի 6-ի Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով կմասնակցենք Նովոսիբիրսկում կայանալիք միջոցառումներին։
Ուշագրավ են նաև Ավստրալիայի Վուլբի, Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքների հետ ձևավորված համագործակցությունը, որոնց արդյունքում կյանքի են կոչվել մի շարք համատեղ ծրագրեր։ Առաջիկայում ևս նախատեսում ենք իրագործել տարաբնույթ միջոցառումներ, որոնք փորձի փոխանակման և փոխշահավետ աշխատանքի արդյունավետ դաշտ կստեղծեն։
-Պարո՛ն Ուլիխանյան, Դուք բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում և բնականաբար շատ ժամանակ եք տրամադրում աշխատանքին, հետաքրքիր է, կարողանո՞ւմ եք նաև ընտանիքի համար ժամանակ գտնել և ինչպե՞ս եք այն անցկացնում։
-Թեև ժամանակն իրոք շատ սուղ է, այդուհանդերձ, ընտանիքիս համար, անշուշտ, ժամանակ գտնում եմ։ Սիրում ենք լինել հատկապես բնության գրկում, որտեղ կարողանում ես ներդաշնակության հասնել, կենսական ուժեր ստանալ, գնահատել կյանքն ու ավելի նոր լիցքերով վերադառնալ աշխատանքիդ` այն մեծ ու կարևոր պատասխանատվությանը, որ կրում ես ինչպես ինքդ քո, այնպես էլ հազարավոր բնակչության առջև։
-Ինչպիսի՞ դաստիարակություն եք տալիս Ձեր երեխաներին, որն է Ձեր ծնողական ամենակարևոր խորհուրդը, որ մշտապես լսում են նրանք Ձեզանից։
-Կյանքում ամենակարևոր արժեքը, որը ձգտել եմ արմատավորել երեխաներիս մեջ, պարկեշտությունն է։ Թեև ուսման մեջ և այլ բնագավառներում երեխաներս հաջողությունների են հասել, բայց այդուհանդերձ, պահպանել են իրենց համեստությունն ու խոհեմությունը։ Հորդորել եմ հավատալ սեփական ուժերին, լինել հայրենասեր, համեստ, բայց նաև ազատ ու ստեղծագործաբար մտածող։
-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։
-Երբեք տեղում չկանգնելու, մշտապես առաջ շարժվելու, զարգանալու և նորը ստեղծելու սկզբունքով։ Հարափոփոխ աշխարհում պետք է ժամանակի ռիթմը զգալ, արագընթաց կյանքը սպասել չի սիրում։ Բնակչության պահանջներն էլ են փոխվում. քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ` մեր հասարակությունն էլ է ձգտում ապրել առավել բարեկարգ, մաքուր, հաճելի ու հարմարավետ միջավայրում, ավելի լավ Երևանում և Նոր Նորքում։
-Որո՞նք են այն կախարդական խոսքերը, որ հուսահատության կամ տխուր պահերին ոգևորում են Ձեզ։
-”Աստված առաջ”, հավատում եմ, որ եթե գործդ արդար է, ապա նպատակին հասնելու ճանապարհները հաղթահարելի են, հարկավոր է միայն վստահել ինքդ քեզ, լինել անկեղծ Տիրոջ առաջ և հաստատուն քայլերով իրագործել առաքելությունդ։
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ