16:27
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ աշխատանքով նպաստելու եմ Երևանի ամենամեծ վարչական շրջանի զարգացմանն ու գեղեցկացմանը

2015-02-07 14:43

                                       «Դե Ֆակտո» N104 (2015թ.)

Արմեն Հարությունյանը Երևանի ամենամեծ վարչական շրջանը՝ Էրեբունին, ղեկավարում է արդեն 6 տարի։  Իր ղեկավարած համայնքին նա վերաբերում է՝ ասես իր տանը. ծանոթ է բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին և ուժերի ներածին չափով դրանց շուտափույթ լուծում է տալիս։ Վարչական շրջանի հանդեպ իր հոգատարության, սրտացավության, նվիրվածության ու կատարած եռանդուն աշխատանքի շնորհիվ էլ Արմեն Հարությունյանն այս տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել էրեբունցիների վստահությունն ու հարգանքը։ 

՛՛Դե ֆակտո՛՛ ամսագրին տված հարցազրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը ամփոփում է 6 տարիների իր կատարած աշխատանքը։

Արմեն Հարությունյանը ծնվել է 1981թ. հունվարի 8-ին Երևանում։

1997-2002թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետը։

1999-2001թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ։

2002-2006թթ. սովորել է Երևանի “Ալաշկերտ” համալսարանում՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։

2002թ.-ից աշխատել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի աշխատակազմում։

2006թ.-ից աշխատել է Երևանի Էրեբունի համայնքի թաղապետարանում որպես Կոմունալ տնտեսության և շենքերի, շինության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ։

2008թ. ապրիլի 7-ից՝ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալ։

2008թ. սեպտեմբերին ընտրվել է Էրեբունի համայնքի ղեկավար։

2008-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2009թ. հունիսին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։

2002թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

2009թ. սեպտեմբերից ՀՀԿ Էրեբունու տարածքային կազմակերպության նախագահն է։

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 28-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ։

2012թ. ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է ….. հուշամեդալով։

2013թ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով։

2015թ. ՀՀ պաշտպանության նախարարի …. Մեդալով։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

-Պարո՛ն Հարությունյան, ներկայացրեք խնդրեմ, թե Ձեր նշանակումից  ի վեր ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում։

- Էրեբունին իր տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանն է, որն ունի ավելի քան 123 հազար բնակիչ։ Ինչպես հայտնի է, նախկինում՝ մինչև իմ նշանակումը,  Էրեբունի վարչական շրջանը ղեկավարում էր Մհեր Սեդրակյանը։ Նա մեծ աշխատանքներ է իրականացրել վարչական շրջանում, իսկ ես էլ փորձում եմ իմ աշխատանքով ու վարչական շրջանի հանդեպ իմ նվիրվածությամբ չզիջել Մհեր Սեդրակյանին։ Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ բնակիչները տեսնում են իրենց վարչական շրջանում իրականացվող բարեփոխումները և իրենք էլ սկսել են սրտացավ վերաբերել իրենց համայնքին։

Վարչական շրջանում պարբերաբար ասֆալտապատման, տանիքների վերանորոգման ու բակերի բարեկարգման անհրաժեշտություն է առաջանում։  

Էրեբունիում չլուսավորված բակ չկա. բոլոր բակերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ տեղադրվել են զրուցարաններ, սղարաններ, իրականացվել է նկարազարդում։ Բակերի 80 տոկոսն ասֆալտապատված է, իսկ կապիտալ վերանորոգված է բակերի շուրջ 30 տոկոսը։ Իմ ղեկավարման 6 տարիների ընթացքում վարչական շրջանում բացվել է երեք պուրակ, որտեղ, ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար, ստեղծված են հաճելի ժամանց անցկացնելու բոլոր հարմարությունները։ Ողջ վարչական շրջանում ստեղծված են կանաչ գոտիներ։

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում 2014 թվականին։

-2014-ը արդյունավետ տարի կարելի է համարել, քանի որ մեր վարչական շրջանի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված բազմածավալ աշխատանքներ են իրականացվել։

Մասնավորապես՝ հիմնանորոգվել է 90. 000 քմ մակերեսով ճանապարհ, 22.000 քմ մայթ, իրականացվել է 40.000քմ բակային տարածքների և 55.000 քմ երկրորդական փողոցների ընթացիկ վերանորոգում, մայթերի, պուրակների, սալիկապատումն ընդգրկել է 1056.7  քմ տարածք, կառուցվել և վերանորոգվել են 339.5գծմ հենապատեր, բարեկարգվել են Խաչիկ Դաշտենցի փող.  “Լուսաղբյուր” հուշարձանի պուրակի և Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հարակից տարածքները։ Իրականացվել են 100 գծմ ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, ստեղծվել են 5.8 հա մակերեսով նոր կանաչ տարածքներ, գարնանային և աշնանային ծառատունկի ընթացքում տնկվել է 2400 ծառ, իրականացվել է 900 ծառի սանիտարական էտ։ Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 42 մուտք։ 21 բակերում տեղադրվել են մանկական խաղային համալիրներ, 5 բակեր կահավորվել են մարզագույքով, կառուցվել է մինի ֆուտբոլի 2 խաղադաշտ, հիմնանորոգվել և բարեկարգվել է 7 բակ, ընթանում է 25 բակերի նորոգում։

2014 թվականին նորոգվել են 3300 գծմ ջրթափ խողովակներ, նկարազարդվել է 578 քմ տարածք։ Բազմաբնակարան շենքերում ընթացիկ նորոգման է ենթարկվել 61 վերելակ, նորերով են փոխարինվել վնասված հանգույցները։

 -Սոցիալական ոլորտում  ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում։

-Էրեբունի վարչական շրջանում 2014թ. կառուցվել է 40 նոր թեքահարթակ։ Կազմակերպվել է 61 ծնողների այցելություն ԼՂՀ-ում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողներին։

Նշեմ նաև, որ վարչական շրջանը համագործակցում է հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Մասնավորապես՝ գերմանական ՞Կարմիր Խաչի՞ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային  կազմակերպության   հայաստանյան մասնաճյուղի  հետ համատեղ վարչական շրջանում բացվել է “Գթության  խոհանոցի” արտագնա սպասարկման կենտրոնի  բարեգործական ճաշարանը՝ 60 շահառուի համար։ Վարչական շրջանի տարածքում  հայտնաբերված անօթևանները տեղափոխվել են “Հանս Քրիստիան Կոֆոեդ”  բարեգործական հիմնադրամի անօթևանների կենտրոն։

Սուրբ Զատկի կապակցությամբ “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի 99 շահառուի և “Հայաստանի խուլերի միավորում” ՀԿ-ի 36 շահառուի համար կազմակերպվել է միջոցառում, տրամադրվել է պարենային օգնություն։

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի “Կանանց աջակցման կենտրոնի”  և Հայ-շվեդական “Նունյոս” բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են տարաբնույթ ծրագրեր։

“Կամրջակ” ՀԿ-ի հետ համատեղ իրականացվել է սոցիալական ծրագիր։

“Մենք կարող ենք” մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության   հասարակական կազմակերպության հետ իրականացվել է կլոր սեղան, կազմակերպվել են ցուցահանդեսներ։

Իրականացվել է այցելություն “ՍՕՍ մանկական գյուղ”, “Կոտայք”  հիմնարկում բնակվող երեխաներին, կազմակերպվել է ծաղրածուների և հեքիաթների հերոսների մասնակցությամբ միջոցառում։

Համագործակցության ծրագրեր են իրականացվել “Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն” կազմակերպության, հատուկ կարիքներով մարդկանց աջակցության “Ունիսոն” հասարակական կազմակերպության հետ։ Դրամական աջակցություն է ցուցաբերվել ԵԿՄ Էրեբունու մասնաճյուղին։

-Արդյո՞ք վարչական շրջանի կողմից աջակցություն է հատկացվել սոցիալապես անապահով ընտանիքներին։

-Ես շատ եմ ցավում, որ մերօրյա իրականությունում նման ընտանիքներ կան։ Այո, սոցիալապես անապահով խավը գտնվում է վարչական շրջանի  ղեկավարության ուշադրության կենտրոնում։ 2014 թվականին դրամական աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով 675 ընտանիքի։ 61 ընտանիքի տրամադրվել է դեղորայք, 47 քաղաքացու՝ ակնոց։ Բազմաթիվ անապահով ընտանիքներ ստացել են հագուստ, կոշիկներ, վառելափայտ, վառարան, շինանյութ, հաշմանդամի սայլակ, էլեկտրական սալիկ, սառնարան, հեռուստացույց, համակարգիչ և այլն։

Բացի այդ, իրականացվել են սոցիալական ոլորտին ուղղված մի շարք ծրագրեր։ Մասնավորապես՝ կանանց միամսյակի շրջանակում սոցիալապես անապահով 188 կանանց տրվել են նվերներ, իրականացվել են սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրեր։ Մայիսի 9-ին Էրեբունի վարչական շրջանում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ պատերազմի վետերանների համար կազմակերպվել է հյուրասիրություն՝  “Դաշտային խոհանոց”։ Հաղթանակի տոնի և Շուշիի ազատագրման տոների առթիվ  “Զոհված ազատամարտիկների ընտանքիներ” ՀԿ-ի անդամների համար կազմակերպվել է տոնական միջոցառում, տրվել են դրամական պարգևներ։

Ինչ  վերաբերվում է  առողջապահության որորտին, ապա հիմանանորոգման փուլում է “Գրիգոր Նարեկացի” բժշկական կենտրոնը, որը  վերազինվել է բուժսարքավորումներով: 2014 թվականին  “Սարի Թաղ“ պոլիկլինիկայում անցկացվել է ջեռուցման համակարգ: “Նորք Արեշ” պոլիկլինիկան համալրվել է ռենտգեն սարքավորումներով:

2014 թ.  Էրեբունի վարչական շրջանի սոցիալապես  անապահով շուրջ  երեք տասնյակ բնակչի տրամադրվել են պետական պատվերի շրջանակում վիրահատվլու և բուժվելու  միջնորդագրեր: Իրանակացվել է անապահով ընտանիքների տեսողության  խնդիրներ ունեցող 68  բնակչի  ակնաբուժական հետազոտություն: “Ձեր համար, կանայք“ ակցիայի շրջանակում վարչական շրջանի  սոցիալապես անապահով ընտանիքների 50 կին ստացել է  անվճար բուժօգնություն, “Երևանյան ամառ“ ակցիայի շրջանակում  վարչական շրջանի  70 բնակիչ ստացել է  անվճար բուժօգնություն:

2014թ. հունիս-օգոստոս ամիսներին Էրեբունի վարչական շրջանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 90 դպրոցական իրենց ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստն անցկացրել են Կոտայքի մարզի Մարմարիկի “Հեքիաթների կիրճ” մանկական առողջարարական ճամբարում։ “Գիտելիքի օր” միջոցառման շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ 150 երեխայի տրամադրվել են պայուսակներ՝ գրենական պիտույքներով։

“Էրեբունի-Երևան 2796”  տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակում սոցիալապես անապահով 290 ընտանիքի տրամադրվել է կենցաղային տեխնիկա։

Նոր տարվա կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանի 2300 ընտանիքի տրամադրվել է ամանորյա սննդի փաթեթներ։

-Ներկայացրեք նաև Էրեբունի վարչական շրջանում կրթության, մշակույթի, սպորտի  և առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները։

-Նշեմ, որ նախորդ տարի հիմնանորոգվել են վարչական շրջանի հ. 11 գրադարանը և Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը։

Վարչական շրջանում գործում է նաև մարզադպրոց, որն ունի 366 սան, ովքեր պարապում են բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, կարատե, լող։ Էրեբունի վարչական շրջանի մարզական թիմերը Հայաստանի առաջնությունում առաջատար տեղեր են զբաղեցնում։ Մասնավորապես  աչքի են ընկնում  ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, արևելյան մարտաձևերի մարզական խմբերը:

Վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նախատեսվում է հիմնովին վերանորոգել 2015 թվականին։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2014 թվականին Էրեբունիում բացվեց շախմատի դպրոցը, որտեղ հաճախելու է շուրջ 260 երեխա։ Էրեբունիում պարբերաբար անցկացվում են մարզական միջոցառումներ, որոնց ակտիվորեն ներգրավվում են դպրոցահասակ երեխաներն ու պատանիները։

-Խոսենք վարչական շրջանում գործող մանկապարտեզների մասին։ Արդյո՞ք Էրեբունիում առկա մանկապարտեզների քանակը  բավարար է, թե՞ հերթի մեջ գտնվող երեխաներ կան։

-Ինչպես մյուս վարչական շրջաններում, այնպես էլ Էրեբունիում մեծ աշխատանքներ են տարվում նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության ուղղությամբ, ինչն էլ նպաստում է մանակպարտեզներում երեխաների  թվի ավելացմանը։  Էրեբունիում այժմ կա 12 մանկապարտեզ և 22 դպրոց։ Մանկապարտեզներից 3-ը վերանորոգվել են, 2-ի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, ուստի իրենց երեխաներին մանկապարտեզում  տեսնել  ցանկացող ծնողների թիվը գնալով աճում է։  

-Տեղյակ եմ, որ այս տարի Էրեբունի վարչական շրջանում բացվեցԿայարանի շուկան։ Կպատմե՞ք, թե ի՞նչ պայմաններ են գործում շուկայում և ինչպե՞ս  էրեբունցիներն արձագանքեցին շուկայի բացմանը։

-Էրեբունցիների կողմից շուկայի բացումը միանշանակ դրական ընդունվեց, քանի որ նրանք այժմ կարող են քաղաքակիրթ տարբերակով գնումներ կատարել այնտեղից՝ ավելի մատչելի գներով։

Եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցված “Կայարանի շուկան” կառուցվել է “Սասունցի Դավիթ”  կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երևանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան։ Շուկայի կառուցման համար ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ստեղծվել է հիմնական 250 աշխատատեղ, որը կավելանա շուկայի ընդլայնման հետ մեկտեղ։  Ի դեպ, շուկան Երևանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է,  ունի նաև ջեռուցվող հատակ, իսկ ամռան ամիսներին՝ կհովացվի։

Բացի այդ, կարևոր է նաև երկաթգծի առկայությունը, ինչը անմիջական և ամենօրյա կապ է ապահովում Արարատի և Արմավիրի մարզի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքն առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա, ինչով և պայմանավորվում է “Կայարանի շուկայում” գյուղմթերքի վաճառքի անհամեմատ ցածր գինն ու թարմությունը։ Տարվա եղանակով պայմանավորված, շուրջ 400-600 գյուղացիների համար բերքի ամենօրյա իրացման նպատակով, ըստ էության, ստեղծված է առևտրային հարթակ։

Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող շուկան բաղկացած է մեծածախ և մանրածախ առևտրի համար նախատեսված սրահներից։ Մեծածախ առևտուրն իրականացվում է գիշերային ժամերին, որտեղից կարող են գնումներ կատարել ցանկացող բոլոր քաղաքացիները, իսկ առավոտյան ժամերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը գործում է մանրածախ հիմնական շուկան, որտեղ վաճառք են իրականացնում ինչպես վերավաճառողները, այնպես էլ այն գյուղացիները, ովքեր չեն հասցրել գիշերն իրացնել իրենց բերքը, կամ պարզապես ցանկանում են անմիջապես իրենք վաճառել այն։

 -Արդյո՞ք վարչական շրջանը ձևավորել է արտաքին կապեր այլ քաղաքների վարչական շրջանների հետ։

-Այո, ինչպես Երևանի մյուս, այնպես էլ Էրեբունի վարչական շրջանում ձևավորվել են արտաքին կապեր։ Վարչական շրջանը համագործակցության ծրագրեր ունի ԼՂՀ Հադրութի շրջանի և ՀՀ Սյունիքի մարզի հետ։ Իմ կողմից Հադրութի շրջանի վարչակազմին նվիրել եմ համակարգչային տեխնիկա։

2015թ. համագործակցության ծրագրով նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, փոխադարձ այցելություններ, կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերի իրականացում։

Համագործակցում ենք նաև Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով, Ֆրանսիայի Լիոն և Վիեն քաղաքների հետ։

-Ինչպե՞ս եք սկսում Ձեր աշխատանքային օրը և ինչպե՞ս եք պահպանում բնակիչների հետ կապը։

-Աշխատանքային օրս սկսում եմ վաղ առավոտից։

Իմ դռները միշտ բաց են բնակիչների առջև՝ անկախ նրանից, այդ օրը ընդունելությունների օր է, թե ոչ։ Բոլոր խնդիրներին փորձում ենք լուծում տալ։ Նշեմ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ուշադրություն է դարձնում վարչական շրջանների համաչափ զարգացման ծրագրին, և վարչական շրջանների բարեկարգմանն ուղղված գումարները տարեց տարի ավելանում են։ Վստահ եմ, շատ շուտով Երևանում անբարեկարգ  մուտք, տանիք ու վերելակ չի լինելու։

Բնակիչների հետ խնդիրը կայանում է նրանում, որ շատերը չեն կատարում պահպանման և սպասարկման համար նախատեսված վճարումները։ Նրանք պետք է հասկանան, որ թեպետ բնակարանն իրենց սեփականությունն է, սակայն համատիրությանը պետք է վճարել  շենքի  պահպանման և սպասարկման համար։ Վարձավճարների մուծման առումով բնակիչների վերաբերմունքում վերջին տարիներին մի փոքր ակտիվություն է նկատվում. եթե նախկինում վճարների  հավաքագրումը կազմում էր  շուրջ 40-45 տոկոս, ապա այժմ շուրջ 60-65 տոկոս է։

-Արդեն վեց տարի է՝ ղեկավարում եք Էրեբունի վարչական շրջանը։ Այս տարիների ընթացքում Էրեբունու բնակիչները ավելացե՞լ են, թե՞ պակասել։

-Վերջին տարիներին մեր վարչական շրջանի բնակիչների թիվն ավելացել է 3000-5000-ով։  Էրեբունիում բարձրացել է ծնելիության մակարդակը։

-Խոսենք նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանների ղեկավարների միջև ձևավորված համագործակցության  մասին։ Արդյո՞ք հեշտ է Տարոն Մարգարյանի հետ աշխատելը։

- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գերազանց տեղյակ է իր աշխատանքից։ Նախկինում զբաղեցնելով Ավան համայնքի շրջանի ղեկավարի պաշտոնը՝ նա հստակ պատկերացում է կազմում վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի մասին, ինչն էլ արդյունավետ աշխատելու հարթակ է ստեղծում։ Աշխատանքում նա խստապահանջ է, ինչը մի կողմից դժվար է, մյուս կողմից՝ գովասանքի արժանի, քանի որ մեր կատարած աշխատանքով գիտակցում ենք, որ օր օրի նպաստում ենք մայրաքաղաքի բարեկարգմանն ու զարգացմանը։

Մենք էլ մեր հերթին  պարտավորված ենք զգում գերազանց ու բարձր մակարդակով կատարել մեր առջև դրված աշխատանքը։

-Ո՞րն եք համարում Ձեր աշխատած 7 տարիների գլխավոր ձեռքբերումը։

- Գլխավոր ձեռքբերումն իմ հանդեպ վարչական շրջանի բնակչի վստահությունն է, ինչը պայմանավորված է իմ կատարած աշխատանքով։ Չկա խնդիր, որին իմ հնարավորության սահմաններում լուծումչտրվի։ Բնակիչն էլ տեսնելով այդ ամենը՝ իր հույսը չի կորցնում։  Իմ սրտացավ ու հոգատար վերաբերմունքը  փոխանցվել է նաև բնակիչներին, քանզի նրանք էլ վարչական շրջանին սկսել են ավելի սրտացավ ու հոգատար վերաբերվել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում վարչական շրջանը առաջիկա հինգ տարիներին։

-Առաջիկա տարիներին մեր վարչական շրջանն ավելի բարեկարգ վիճակում եմ տեսնում, որտեղ հնարավորինս  լուծված կլինեն  բնակչությանը հուզող բոլոր խնդիրները։

Ցանկանում եմ, որ մեր երկրում ապրող քաղաքացիները հույսով ու հավատով լցվեն իրենց պետության հանդեպ և գիտակցեն, որ պետությունը մի մեծ ընտանիք է։

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի

 

 

 

 






Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...