16:54
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միասնական հայությունն անպարտելի Է...

2014-12-01 14:33

                            «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք այն վառ անհատականություններից եք, ով մասնակցել է ՀՀ պատմական ուղու կերտմանը և ունի հերոսական անցյալ։ Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ զգացմունքներով ու սպասումներով էիք համակված 1988-1989 թթ. արցախյան պատերազմին մասնակցելիս, կամավորական ջոկատի ստեղծումը նախաձեռնելիս։

-Ջոկատների ստեղծումը սկսեցինք շատ ծանր ժամանակահատվածում, և բնականաբար, զգացումներն էլ ծանր էին։ Հիշեք` ինչ ժամանակներ էին. արցախցու արդար պահանջին հակադրված բռնություն, Սումգայիթի ջարդեր, նույն 88-ի վերջում` երկրաշարժ, նաև` բլոկադա։ Մի խոսքով` ամբողջովին մեկուսացված վիճակում էինք։ Հայ ազգը կարծես անապատում հայտնված լիներ։ Շատերին վիճակն անելանելի էր թվում։ Շատերն էին հույսը դնում այլևայլ ազգերի, պետությունների վրա։ Բայց դե, քիչ-քիչ հասկացանք, որ էս աշխարհում օտարը մեզ ձրի լավություն անողը չէ։ Հասկացանք, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մեր բախտը որոշողը։ Հասկացանք, որ պետք է միասնական լինենք` ազգովի մեկ բռունցք դառնանք և լծվենք մեր անկախությունը կերտելու գործին։ Հասկացանք, որ մեր խաչն ինքներս պետք է տանենք։ Հասկացանք, որ միասնական և ուժեղ պետք է լինենք, որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, թե չէ` եթե լացենք, ողբանք ու ոչինչ չանենք, կարող է մեզ խղճան էլ, բայց բանատեղ չեն դնի, մեր դարդին էլ օտարները դարման չեն անի։ Ահա, նման բարոյահոգեբանական մթնոլորտում ես և մարտական ընկերներս սկսեցինք մեր հասանելիք պայքարը։ Մեկնեցինք Արցախ և սկսեցինք ինքնապաշտպանության կազմակերպումը։ Արդեն հասկացել էինք, որ միայն այդ կերպ կարող ենք բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին հարկադրել, որ հետաքրքրվեն մեզանով, հաշվի նստեն մեզ հետ։

-1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը Ձեր հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը։ Դա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր, որին հաջորդեցին Ձեր հերոսական ուղին հավերժացնող մյուս հաղթանակները։ Ի՞նչ նշանակություն ունեցավ առաջին հաղթանակը Ձեր և Ձեր զինակից ընկերների համար։

-Մի ճշտում անեմ։ Առաջին հաղթանակը Հադրութի շրջանի Էդիլվա ձորակի (ներկայում` Ուխտաձոր) գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպումն էր։ Դա անչափ կարևոր էր և՛ արցախահայության ոգու ամրապնդման, և՛ պատերազմի հետագա ելքի վճռման տեսանկյունից։ Նախ կարողացանք մեր տարածքներում պատշաճ ինքնապաշտպանություն կազմակերպել, հետո արդեն անցանք գերության մեջ գտնվող տարածքների ազատագրմանը։ Մեր ջոկատն ազատագրեց Հողեր գյուղը։ Հետո արդեն ազատագրեցինք Տող գյուղը` գործակցելով Հադրութի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների հետ, որոնց հրամանատարն Արթուր Աղաբեկյանն էր։ Աստիճանաբար գործակցություն հաստատվեց տեղի և Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած ջոկատների միջև, եկանք այն ճշմարտությանը, որ հարկավոր է համակարգված, համագործակցված աշխատել։ Այդպես աստիճանաբար երկրապահական ջոկատները վերակազմակերպվում էին կանոնավոր ստորաբաժանումների։

-Ինչպիսի՞ արժեքներով էր առաջնորդվում Երկրապահ կամավորների ջորկատը և արդյո՞ք դրանք պահպանվել և հարստացել են Երկրապահ կամավորականների միության շրջանակներում։

-Երկրապահը փաստացի ստեղծվեց 1990 թվականին` Գերագույն խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի նախագահը Վազգեն Սարգսյանն էր։ ԵԿՄ հիմնադիր համագումարը կայացավ 1993-ի հուլիսին։ Բնական է, որ ԵԿՄ հիմնադիր նախագահ ընտրվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով 1992-ի հունվարի 28-ից հիմնված կանոնավոր բանակի ղեկավարն էր` ՀՀ պաշտպանության առաջին նախարարն էր։ ԵԿՄ առաքելությունն այն էր, որ համախմբեց բոլոր ջոկատները, հիմք դրեց հայ ազգի համախմբմանը։ ԵԿՄ-ն իր օրինակով քարոզեց հայ ազգին, որ պետք է միասնական լինենք, միասնաբար կանգնենք հայ ազգի, հայոց պետականության պաշտպանության դիրքերում։

-Մի փոքր պատմեք ԵԿՄ-ի ներկայիս գործունեության մասին։

-ԵԿՄ-ն զարգացման տարբեր փուլեր է անցել։ Ամենասկզբում հայ ազգի ինքնապաշտպանության կազմակերպումն էր, թուրքի պարտադրած պատերազմում հաղթելն ու մեր ժողովրդին արժանապատիվ խաղաղության պարգևումը։ Հետո բանակաշինություն։ Հետո արդեն եկավ պատերազմի հետևանքների վերացման փուլը։ ԵԿՄ առաջնահերթություններից դարձավ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական խնդիրների լուծմանը նպաստելը։ 2000 թվականից հետո ավելացան արդեն առավել գլոբալ խնդիրներ։ Հասկացանք, որ հայ ազգի համար շռայլություն կլինի, եթե ԵԿՄ-ն վերածվի սոսկ վետերանական, ծերացող կառույցի։ Սպարապետի պատգամին հավատարիմ, բացեցինք Երկրապահի դռները հանրության բոլոր շերտերի առջև։ Հիմք դրվեց արդեն եռասերունդ երկրապահական ընտանիքին, որում հաշտ ու համերաշխ, միմյանց օգնելով, միմյանցից սովորելով` համագործակցում են պատերազմի մասնակից ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ երկրապահներն ու պատանի երկրապահները։ Մենք մեր փորձն ու գիտելիքները փոխանցում ենք երիտասարդ և պատանի սերունդներին, այս կառույցների միջոցով ռազմահայրենասիրական դաստիարակություն ենք տալիս մատաղ սերնդին։ Տարեց երկրապահների կողքին կրթվող պատանիներն ու երիտասարդները դառնում են բանակի պատրաստի կադրեր, լավագույն զինվորներ և սպաներ։ Մեր այս հայրենասիրական կառույցների բովով անցած տղաներն ու աղջիկները դառնում են Հայաստան պետության լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ իրենց ընտանիքների, պետության, ազգի համար։ Մենք սերունդներին դաստիարակում ենք այն իրողությամբ, որ նրանք ի վիճակի լինեն պաշտպանել իրենք իրենց և սրբությունները` մորը, ընտանիքը, հայրենիքը։ Մենք առաջնորդվում ենք այն իրողությամբ, որ վերևում Աստված է, ներքևում` մեր ծնողները, իսկ առջևում` հայրենիքը, պետությունը, անկախությունը։

-Պարո՛ն Գրիգորյան, ԵԿՄ-ն անչափ կարևորում է պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որի ևս մեկ ապացույցը դպրոցներումՊատանի երկրապահակումբների ստեղծման գաղափարն է. ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ԵԿՄ-ի, ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ։

-Երկրապահ կամավորականների միության,  ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների եռակողմ համագործակցությունն այսօր թևակոխում է մեր ազգի համար վճռական մի փուլ։

Պատանիների հետ տարվող աշխատանքները ԵԿՄ գործունեության կարևորագույն ոլորտներից է։ Մենք միշտ էլ լուրջ տեղ ենք տվել պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրերի իրագործմանը։ “Պատանի երկրապահ” կառույցը հիմնադրվել է 1997թ-ին, դեռ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք և լուրջ ճանապարհ է անցել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ պատանի երկրապահներն արժանացան պետական հոգածության։ Մենք համաձայն ենք նախագահի հետ՝ մեր այս պատանիները պետք է համոզված լինեն, որ իրենցով Հայաստան պետությունն է շահագրգիռ, իրենք պետական ազգային հարստություն են։ Նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մեր երեք գերատեսչությունների ազգաշահ համագործակցությանը։ Մեր համատեղ աշխատանքները արդյունավետ եղան։ Սեպտեմբերի 9-ին մենք Հանրապետության բոլոր դպրոցներում անխտիր ստորագրեցինք “Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբներ ստեղծելու հուշագիր։ Երկրապահությունն ու հայրենասիրությունը այլևս հոմանիշներ են, և հայրենասիրությունն արդեն Հայաստան պետությունում ազգային գաղափարախոսություն է։

Մենք շատ լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել պետության, ազգի առջև։ Համոզված եմ, որ սկսած գործը պատվով կշարունակենք։ Նման համոզվածության հիմքը ինձ տալիս է հավատը պատանի սերնդի, Երկրապահ կամավորականների միության, կրթության և պաշտպանության նախարարների նկատմամբ։ Այսօր արդեն ավարտուն տեսքի է բերվել կրթական հաստատություններում կիրառվելիք կոնկրետ ծրագիրը։ Սա արդեն գործնական արդյունք է։ Այսինքն մենք արդեն միս ու արյուն ենք հաղորդում մեր տեսական ձեռքբերումներին։ Կրթական այս ծրագրերը տարիների ընթացքում հարստանալու, լրացվելու կարիք ունեն, և, ես վստահ եմ, որ մեր երեք գերատեսչությունների համագործակցությունը դեռ մեծ հեռանկարներ կունենա։

-Ամեն տարի սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվանից` մարտի 5-ից, սկսվում է Ձեր նախաձեռնած ուխտագնացությունը։ Ինչպե՞ս ծագեց այդ գաղափարը. մի փոքր պատմեք ուխտագնացության գաղափարական հենքի մասին։

-Ուխտագնացության հիմքը դրվել է դեռ պատերազմական օրերին։ Երբ ունեցանք առաջին զոհերը, ես հենց պատերազմի ժամանակ սկսեցի խաչքարեր, հուշարձաններ կանգնեցնել տղաների զոհված վայրերում` հավերժացնելու համար մեր քաջերի անունները։ Եվ ահա, զոհերի հարազատները` մայրերը, քույրերը, այրիները, կամեցան անձամբ լինել պատերազմական գոտում` տեսնելու համար, թե հանուն ինչի են զոհվել իրենց հարազատները։ 1993-ին մայրս, զոհված ընկերներիցս մի քանիսի այրիների, մայրերի, քույրերի ուղեկցությամբ եկավ Հադրութ` առաջին գիծ։ Նրանք բերել էին գուլպաներ, սնունդ, իսկ ամենակարևորը` մայրական օրհնություն։ Նրանք այցելեցին զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններ։ Այդ կերպ հիմք դրվեց երկրապահական ուխտագնացությանը։ Ուխտագնացության աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնել ենք, հիմա արդեն ուխտագնացությունը սկսվում է մարտի 5-ին` Սպարապետի ծննդյան օրը, Արարատից։ Դա բնական է, քանի որ Սպարապետը ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին ուսուցիչն էր։ Ուխտագնացությունն անցնում է Հայաստանի բոլոր բնակավայրերով, իսկ Արցախում լինում ենք գիտելիքի օրվան և ԼՂՀ անկախության օրվան ընդառաջ։

 -Դուք երկրապահ կամավորականի մասին օրինագծի հիմնական հեղինակն եք, որը հաստատվեց ՀՀ ԱԺ կողմից 2013թ.։ Ի՞նչ տվեց այս օրենքի ընդունումը երկրապահ կամավորականին։

-Այս օրենքն առաջին հերթին բարոյական մեծ նշանակություն ունի։ Մենք ունեինք մարտական դրոշ, օրհներգ, պետականորեն ճանաչված Երկրապահի օր։ Այս օրենքի ընդունմամբ ունեցանք նաև պետականորեն ճանաչված երկրապահ կամավորականություն։ Օրենքը նաև հնարավորություն է տալիս հետագայում, պետության հնարավորությունների աճին զուգընթաց, նորանոր արտոնություններ սահմանել ազատամարտի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների համար։

 -Դուք, անշուշտ, տիրապետում եք արցախյան պատերազմի ողջ ընթացքի մանրամասներին և ականատեսն եք եղել պատերազմի դաշտում տեղի ունեցող իրողություններին։ Կա՞ն չհրապարակված փաստեր, որոնց մասին մինչև այսօր չեք խոսել։ Եթե այո, ապա հնարավո՞ր է դրանք բացահայտեք։

-Մենք ընդհանրապես չենք խոսել։ Մենք գործել ենք ազգովի և հաղթել ենք ազգովի։ Հաղթողներին չեն քննադատում։ Խոսելու շատ բան կա, եթե շատ անհրաժեշտ լինի, կխոսենք, բայց մենք` երկրապահներս, առավել գերադասում ենք գործել, աշխատել, քան խոսել։ Մենք համարում ենք, որ դեռ շատ ու շատ անելիքներ ունենք։

-Ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունները, դրանց դեմ ՀՀ հակահարվածները և միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն  այդ ամենի նկատմամբ։

-Արդեն 25 տարի է, որ սահմանին այս վիճակն է, շատ ավելի վատ պայմաններում էլ ենք եղել։ Կոնկրետ վերջին դեպքերի  մասին եթե խոսենք, ապա մեր զինվորն իրեն արժանավայել պահեց` վայել մեզ և պետությանը։ Թշնամու դիվերսիոն թափանցումները կյանքի գնով կանխած մեր տղաները, առանց չափազանցության, հերոսներ են։ Այս տղաների օրինակով սերունդներ են դաստիարակվելու, կրթվելու։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա նրանք ամեն ինչ էլ տեսնում են, ամեն ինչ էլ մեզանից լավ գիտեն, սակայն, գործնականում սայլը տեղից չի շարժվում։ Ճիշտ նույն կերպ էլ, հայոց ցեղասպանությունից արդեն 100 տարի անց աշխարհը, որ ամեն ինչ գիտե մեզանից լավ, բոլոր ապացույցներն էլ ունի, ճշմարտությունը թուրքի երեսին շպրտելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակություն իր մեջ չի գտնում։ Հենց դրա համար եմ ասում` միասնական լինենք, գործենք միասնական ազգային, պետական ծրագրով, որ կարողանանք տեր լինել մեր բախտին, մեր ճակատագրին։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կարևորը մեր միասնությունն է, որը կվախեցնի թշնամուն, ինչպես նաև նշել եքոր պատերազմ լինելու դեպքում օլիգարխների որդիներին անձամբ եք տանելու մարտադաշտ։ Ըստ Ձեզ` ի՞նչն է խանգարում մեզ միասնական լինել և չբաժանվել օլիգարխ և չօլիգարխ բանակների։

-Օլիգարխն ու չօլիգարխը երևույթներ են, որ բնորոշ է ողջ աշխարհին։ Պարզապես բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, բոլորը պետք է հավասար պարտավորություններ ունենան։ Սարն ամենքինս է, հավասար։ Եթե ես պատրաստ եմ պատերազմական առաջնագիծ տանել իմ անչափահաս որդուն, եթե առողջությունը կորցրած մարտական ընկերներս պատրաստ են մեկնել առաջին գիծ, եթե ողջ հայ ժողովուրդն է պատրաստ, ուրեմն բացառություններ չպետք է լինեն։ Բոլորն էլ պարտավոր են իրենց պաշտպանելու համար, իրենց մայրերին, քույրերին պաշտպանելու համար, իրենց ճակատագրի համար պայքարել։ Մենք առաջնորդվում ենք մեկ իրողությամբ։ Ովքեր չգիտեն` սովորեցնում ենք, ովքեր չեն ուզում` ստիպում ենք։

-Պատերազմ բառը ողբերգական և բացասական հույզեր է առաջացնում, քանի որ նրա ընթացքում մարդկային կյանքեր են կորսվում, սակայն երբ դիտում ենք եզակի տեսանյութեր պատերազմի դաշտից, տեսնում ենք, թե ինչպես են կռվող տղաները զինադադարի ընթացքում երգում, պարումորքան ոգևորություն և կյանք կա նրանց մեջ։ Ուզում եմ հարցնել` ի՞նչն է այդքան ուժ հաղորդում մարտի դաշտում գտնող զինվորին, ով մոռանում է, որ կարող է ցանկացած պահի կորցնել ամենաթանկը` իր կյանքը։

-Մի մոռացեք, որ դուք զինվորի մասին եք խոսում։ Եթե մեկը զինվոր է, այն էլ` հայ զինվոր կոչվելու արժանապատվությունն ունի, ուրեմն պատրաստ է ցանկացած գնով պաշտպանել սրբությունները` հայրենիքը, ծնողին, հարազատներին, ընտանիքը, պետությունը։ Ես չեմ պատկերացնում, որ մարդ իրեն զինվոր համարի և փորձի այլ կերպ մտածել, փորձի պատասխանատվությունից, պարտականությունից խուսափելու արդարացումներ որոնել։ Սա է պարզ և շիտակ ճշմարտությունը։

-Ո՞րն է Ձեր անսահման ուժի գաղտնիքը։

-Հայ լինելը։ Ինձ ուժ են տալիս երկնքում Աստված, հավատքս, ներքևում` ծնողներս, երեխաներս, թոռներս և իմ ժողովրդի, բոլորիս անկախությունը։

-Սովորաբար ուժեղ մարդկանցից վախենում են, ինչպե՞ս եք վերաբերում այն մարդկանց, ովքեր Ձեզանից վախենում են։

-Վախենում է նա, ով վախենալու բան ունի։ Ժողովրդական իմաստություն է`  փետը վերցնում ես, գող շունը փախչում է։ Իմ թշնամին, իմ կողմից չընդունվող մարդիկ թուրքերն են և թրքատիպ երևույթները, դավաճանները։ Նրանք ինձանից վախենալու բան ունեն։ Իսկ, ընդհանուր առմամբ, ես հպարտ եմ, որ ինձ հարգում են հարազատներս, ընկերներս, երկրապահները, հայ ժողովուրդը։

-Որքան շփվել եմ պատերազմի բովով անցած մարդկանց հետ, նկատել եմ, որ իրենց ամեն օրը լցված է մարտի դաշտի հիշողություններով, իրենց  զինակից ընկերներով, հայրենասիրության իրական զգացումով։ Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան, ի՞նչ մտքերով եք ամեն օր արթնանում և սկսում Ձեր օրը։

-Օրը  բարի լույսով եմ սկսում։ Փորձում եմ օրվա 24 ժամվա ընթացքում հասցնել անել այն ամենը, ինչ հարկավոր է ինձ, ընտանիքիս, պետությանը, ԵԿՄ-ին։ Փորձում եմ պարտավորություններս կատարել բոլոր այն բնագավառներում, որտեղ անելիք ունեմ։ Դե՛, իսկ բարի գիշերին օրվա ամփոփում եմ կատարում։ Քնելուց առաջ ամփոփում եմ օրվա ընթացքում արածս, վերլուծում, գնահատում դրականն ու բացասականը և բոլոր բացթողումները փորձում եմ լրացնել, ուղղել, շտկել արդեն հաջորդ օրը։

 -Դուք արժանացել եք բազում կոչումների և շքանշանների։ Դուք առաջին կամավորականն եք, որ ստացել է գնդապետի կոչում, ինչպես նաև արժանացել էՄարտական խաչշքանշանին։ Ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեզ համար և արդյո՞ք Դուք Ձեզ գնահատված եք զգում։

-Թե՛ կոչումներ, թե՛ պարևներ ստացել եմ մարտական ընկերներիս հետ համատեղ։ Ես երբեք պարգևներս չեմ համարել իմ անձնականը, քանի որ երբեք էլ անհատական գործողությունների չեմ դիմել։ Միշտ թիմ եմ ղեկավարել։ Եղել եմ հրամանատար, կատարել եմ հանձնարարականներ ջոկատի, գումարտակի, բրիգադի, կորպուսի մակարդակով։ Բոլոր պարգևները, որ կրում եմ ես կամ կրում են մարտական ընկերներս, բոլորինս են, Արցախի լեզվով ասած` “Մունք ենք”։ Եվ դա ինձ վստահություն է տալիս, թույլ է տալիս համարել, որ գնահատված եմ։ Դա ինձ հպարտություն է ներարկում, հատկապես, որ ինձ հիմնական գնահատողը մեր ժողովուրդն է, Արցախն է, Արցախի ժողովուրդն է։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի







Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...