2014-10-24 10:55
«Դե Ֆակտո» N 100 (2014թ.)
-Պարո՛ն Եսայան, Դուք 2012թ. ղեկավարում եք Զովաբեր համայնքը։ Ինչպիսի՞ն էր այն, երբ նոր էիք ստանձնել համայնքապետի պաշտոնը և ինչպիսի՞ն է այն այսօր` Ձեր աշխատանքի արդյունքում։
-Պետք է նշեմ, որ Զովաբեր համայնքն ինձ հանձնվել է ոչ այնքան վատ վիճակում, սակայն խնդիրներ, բնականաբար, առկա եղել են և կան։ Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես ձգտել եմ հնարավորինս լուծում տալ դրանց։ Կատարվել են հսկայական աշխատանքներ թե՛ ՀՀ կառավարության, թե՛ բարերարների կողմից և թե՛ համայնքի բյուջեի եկամուտների հաշվին։
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։
-ՀՀ նախագահի խոստման համաձայն` պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն միջհամայնքային ավտոճանապարհը, որը փրկության ճանապարհ էր համայնքների համար, երկու փուլով վերանորոգվել է Զովաբերի միջնակարգ դպրոցը` տանիքը, դռներն ու պատուհանները, լրացուցիչ ֆինանսավորման դեպքում կիրականացվի նաև կոսմետիկ վերանորոգում, վերանորոգվել է նաև մանկապարտեզի տանիքը, դռները և պատուհանները։
Միաժամանակ` համայնքի սեփական միջոցներով, ցանկապատվել են գերեզմանոցի և մշակույթի տան տարածքները, մանկապարտեզի խաղահրապարակի համար ձեռք են բերվել խաղային միջոցներ, մանկական սեղան, աթոռներ, համարակալվել են համայնքի բոլոր փողոցները, շենք-շինությունները։ Համայնքում իրականացվում է աղբահանություն։
Մեր բարերարների կողմից նույնպես համայնքում կատարվել են բազում աշխատանքներ։ Նրանց օգնությամբ վերանորոգվել և կահավորվել է մշակույթի տան մարզադահլիճը, որտեղ անցկացվում են պարի և թեքվանդոյի խմբակի պարապմունքներ։ Պետք է նշեմ, որ վերը նշված երկու խմբակների սաները գրանցել են լուրջ հաջողություններ։ Բարերարների կողմից պարի խմբի երեխաների համար ձեռք է բերվել ժամանակակից պարի հագուստ։ Վերանորոգվել և ասֆալտապատվել է գերեզմանոց տանող ճանապարհը, հիմնանորոգվել է արարողությունների սրահի խոհանոցը։
-Որքա՞ն է Զովաբեր համայնքի բնակչության թիվը, ինչո՞վ են նրանք հիմնականում զբաղվում, քանի՞ տնտեսություն կա համայնքում։
-Համայնքն ունի 406 տնտեսություն՝ 1730 բնակիչով։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Քանի որ համայնքը մոտ է Հրազդան քաղաքին, մայրաքաղաք Երևանին, ապա բնակչութան մի մասն էլ աշխատանք է գտնում այդ քաղաքներում, քանի որ համայնքում այլ աշխատատեղ չկա։
-Համայնքը ոռոգման և խմելու ջրի խնդիր ունի՞։
-Այո՛, խնդիրը նրանում է, որ ոռոգման ջուրը մեծ հեռավորությունից է գալիս, ճանապարհի կեսն անցնում է բաց խողովակաշարով, այդ ընթացքում երեք համայնք և խողովակաշարի տարածքի ցանքատարածությունները օգտվում են այդ ջրից, և մինչև այն հասնում է մեր համայնք, ճանապարհին կրած կորուստների պատճառով պաշարները խիստ սակավանում են և չեն բավարարում մեր բնակչության պահանջները։ Ամեն օր ջրի փականների մոտ հերթապահություն է իրականացվում, որ ջրի կորուստներ շատ չլինեն, և հնարավորինս մեծ քանակությամբ ջուր հասնի համայնքին։
Խնդիր ունենք նաև խմելու ջրի հետ կապված, քանի որ խողովակաշարը կառուցվել է 1986 թ., և բնական է, որ երկաթյա խողովակաշարն արդեն կոռոզիայի է ենթարկվել, ու ջրի կորուստները շատ մեծ են։ Ես իմ առջև խնդիր եմ դրել այս հարցին վերջնական լուծում տալ 2015թ. ընթացքում։ “Հայկական Կարիտաս” ԲՀ Կազմակերպության շնորհիվ վերանորոգվել է խմելու ջրի կապտաճը և մոտ 200մ. խողովակաշար փոխարինվել նորով, որում իր ներդրումն է ունեցել նաև համայնքը։ Սակայն 15 կմ խողովակաշար պետք է փոխվի, ինչի համար համայնքին օգնություն է պետք, պատրաստվում եմ դիմել տարբեր հկ-ների։
-Զովաբեր համայնքն ամեն տարի տոնում է համայնքի օրը։
-Այո՛, ամեն տարի օգոստոսի 28-ին մենք տոնում ենք համայնքի օրը, որը խորհրդանշական դարձավ հինգ տարի առաջ մեր համայնքի բարերար Կարեն Կոստանյանի կողմից Սբ. Սանդուխտ մատուռի կառուցման աշխատանքների մեկնարկով։ Ավանդույթի համաձայն օգոստոսի 28-ին մատաղ ենք անում, տոնում մեր համայնքի օրը։ Անմասն չեն մնում նաև մյուս տոնական օրերը՝ որոնց ընթացքում կազմակերպվում են գեղեցիկ միջոցառումներ, բաժանվում նվերներ։
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ