20:13
11/21/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
“Արմենիա Լայթհաուս” բարեգործական հիմնադրամ

2014-07-25 11:38

                                    «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Սեթա Ղազարյանը ծնվել է Բասրայում` Իրաքում։ Նա անցկացրել է իր մանկությունը Բաղդադում և ավարտել է Ալ Թաղդամայի Կաթոլիկ բարձրագույն դպրոցը։ Սեթան տեղափոխվել է Բեյրութ 1964թ.-ին և սովորել է մեկ տարի Բեյրութի կանանց քոլեջում։ 1965-ին ամուսնացել է բաղդադահայ Զոհրաբ  Ղազարյանի  հետ և 1966-ին եկել են Միացյալ Նահանգներ։ Սեթան շարունակել է իր կրթությունը մաթեմատիկական ուղղությամբ Նյու Ջերսիում, ունի երեք երեխա` դուստրը` Թալին (Ղազարյան) Գուրդիկյան, Հրաչ Ղազարյանն ու Շանթ Ղազարյանը։  Նրանք տեղափոխվել են Կալիֆորնիա 1977թ.-ին։ Միասին հիմնադրել են Z-BILT կազմակերպությունը, որտեղ զույգը աշխատել է, սեփականացրել  այն, և 10 տարի անց այդ  բիզնեսը հանձնել իրենց երեխաներին։ Նրանք ունեն 10 թոռներ։

1996 թվականին Զոհրաբ և Սեթա Ղազարյանները կատարել են իրենց առաջին այցը Հայաստան։ Ոտք դնելով Հայաստանի հնագույն հողի վրա, Սեթան որոշել է իրականացնել իր խոստումը` քայլել  ծնկների վրա Էջմիածնի խորանում։ Այդ օրերին և′ Զոհրաբը, և′ Սեթան  սկսել են օգնել այն կարիքավորներին, ովքեր հանդիպել են իրենց ճանապարհին։ 1998-ին նրանք սկսել են օգնել երեք արու զավակ ունեցող զոհված ազատամարտիկի ընտանքի, բացի ամսական նվիրատվություններից, նրանց համար շքեղ առանձնատուն են կառուցել և կահավորել` հենց Պտղունք գյուղում։ Օժանդակել են, որ երեքն էլ ստանան բարձրագույն կրթություն, այնուհետև բանակ և ամուսնություն։

1999-ին ԱՄՆ-ում ստեղծել են հիմնադրամ և սկսել իրենց մարդասիրական աշխատանքը` օգնելով կարիքավոր ընտանիքներին, Պտղունք գյուղի մանկապարտեզին, ուղարկել դպրոցական պարագաներ։

Սեթան գործի է անցել և նրա առաջին մեծ նախագիծը Պտղունք գյուղի մանակապարտեզի վերանորոգումն էր, որն այժմ ունի 64 սաներ և գեղեցիկ վերանորոգված շենք։ Սեթան և Զոհրաբը տուն են կառուցել գյուղում, որն օգտագործվել է որպես  բարեգործական ապրանքները բաշխելու կենտրոն։ 2006-ին նրանք գրանցել են հիմնադրամը Հայաստանում։  Այնուհետև կառուցել են պահեստ, որպեսզի պահեն նվիրատվությունները, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են ԱՄՆ-ից։ Պահեստը նաև ծառայել է որպես գրասենյակ։ Հայրենիքին պիտանելի լինելու ցանկությունը գնալով ավելի ու ավելի է մեծացել  և հետևաբար ընդլայնվել  է բարեգործական ոլորտը` այցելություն  Հայաստանի բոլոր մարզեր, ներառյալ Արցախ, օգնություն սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքներին, անմիջական կապ բնակչության հետ և այս ամենը անձամբ ուսումնասիրելով` նա այնուհետև   ստեղծել է մի մեծ հիմնադրամ, որի պատերի ներքո կարելի էր իրագործել ամեն հնարավոր և անհնարը։  Զոհրաբը գնել է  պահեստին կից հողամաս և սկսել կառուցել բռնության զոհ դարձած կանանց և երեխաների ապաստան, որը դարձել է  մեծ համալիր և այսօրվա “Արմենիան Լայթհաուս”  բարեգործական հիմնադրամի գլխավոր գրասենյակը։

Ներկայումս ապաստանը շատ ակտիվ գործունեություն ծավալող կանանց և երեխաների կենտրոն է, որն ունի 15 աշխատակիցներ, ներառյալ տնօրենն ու հաշվապահը, ովքեր գործում են Սեթայի ամբողջական հսկողության ներքո։ Ի հավելումն ապաստանի համալիրը բաց է նաև տեղի գյուղերի կարիքավոր ընտանիքների համար։ Այստեղից   “Արմենիան Լայթհաուս”  բարեգործական հիմնադրամը բաժանում է հագուստ, կոշիկ և սնունդ։ Ներքոնշյալները ԱԼԲՀ-ի կողմից ներկայումս իրականացվող ծրագրերն են.

“Մայրատուն” - ԱԼԲՀ-ն ապաստան է տալիս և պաշտպանության ներքո է վերցնում բարոյապես հուսալքված կանանց և երեխաների, որոնց ապաստան չտալու դեպքում երեխաները կհայտնվեին մանկատանը։ Ապաստանի հիմնական նպատակն է, որ մայր և երեխա պետք է ապրեն ընտանիքում և‚”թող որ  փակվեն բոլոր մանկատան դռները աշխարհի բոլոր մայրերի առաջ”։ Հիմնադրամը մասնագիտական դասընթացներ է տալիս նրանց հետագա կյանքի համար։ Այս պահին ապաստանում կան 15 մայր  23 երեխա և երկու հղի կին։ Ապաստանը կարող է պահել ընդհանուր 25 մոր։

Պնակ մը կերակուր-- Շաբաթը մեկ անգամ հիմնադրամի մեքենան վերցնում է 32 միայնակ ծեր տղամարդու և կնոջ Էջմիածին քաղաքից և հարևան  5 գյուղերից (Մուսալեռ, Զվարթնոց, Փարաքար, Պտղունք, Արևաշատ) և բերում  կենտրոն, որտեղ նրանց հյուրասիրում  են տաք ուտեստներով և տալիս հագուստ։ 

Հովանավորիր ընտանիք-  Օտարերկրյա շատ  նվիրատուներ աջակցում են հատուկ կարիքավոր ընտանիքների։

“Հույսի Ճրագ”- ԱԼԲՀ-ն բաժանում է հագուստ, կոշիկ, խաղալիքներ Հայաստանի հեռավոր գյուղերին։

Սուրբ Գրքի ուսումնասիրություն- - հյուրընկալում է հարյուրավոր հավատարիմ մարդկանց հարևան գյուղերից, ովքեր գալիս են  լսելու Աստծու խոսքը և ամրապնդելու իրենց քրիստոնեական հավատքը։

Բժշկական ծառայություններ- Բժշկական, ատամնաբուժական, հոգեբանական և գինեկոլոգիական ծառայություններն անվճար են։

Սեթա Ղազարյանը 2012 թվականին սկսեց “ապաստանից դուրս, բայց ապաստանի հովանու ներքո” ծրագիրը։ Այն կանայք, ովքեր անցնում են որոշակի փորձաշրջան, դասընթացներ  (մատնահարդարում և այլն) և արդեն պատրաստ են մտնել մեծ կյանք,  ինքնուրույն հոգալ  իրենց ընտանիքի կենցաղը և դառնալ հասարակության լիարժեք անդամ, դուրս են գալիս ապաստանից արդեն ունենալով համապատասխան բոլոր այն փաստաթղթերը, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկինում չեն ունեցել, ձեռք են բերում աշխատանք և նոր էջից սկսում իրենց կյանքը։ Կանանց և երեխաների համար, ովքեր տուն չունեն վերադառնալու համար, ԱՄՆ-ից հովանավորները վճարում են վարձակալված  տան վարձը, իսկ հիմնադրամը կահավորում է այն  բարերարների նվիրատվություններով։ Կենտրոնի հսկողության ներքո, մայրը ստանում է հագուստ, կոշիկ և ուտելիք, որը լրացում է նրա բյուջեին այն աշխատանքից, որ  օգնել են նրան ձեռք բերել։

“Արմենիան Լայթհաուս”  բարեգործական հիմնադրամի (ԱԼԲՀ) առաքելությունն է օգնել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, տալ  վտանգի մեջ հայտնված կանանց ապաստան և անհրաժեշտ ծառայություններ և պահել հայկական ընտանիքի ամբողջականությունը։

Եվ այս ամենը իրագործում է  մի կին, ով ունի մեծ սիրտ և մեծ նվիրում դեպի իր հայրենակիցներն ու հայրենիքը։ Մշտապես Սեթա Ղազարյանի կողքին են նրա  ամուսինը, երեխաներն ու թոռները։

Սեթա և Զոհրաբ Ղազարյանների բարեգործական ծրագրերը գնալով մեծանում և ընդլայնվում են։ Նրանք շարունակում են աշխատել նույն ոգևորությամբ և նպատակով` յուրաքանչյուր անգամ ավելի շատ էներգիա ներդնելով իրենց առջև դրված  առաքելությունն իրականացնելու համար։

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...