2014-07-22 11:47
«Դե Ֆակտո» N 97 (2014թ.)
Հարություն Արմենակյան, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Թալին” տեղամասի պետ
-Պարո՛ն Արմենակյան, որքա՞ն ժամանակ է, որ զբաղեցնում եք “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Թալին” տեղամասի պետի պաշտոնը, ո՞ր համայնքներին է սպասարկում տեղամասը։
-Շուրջ ինը տարի է` աշխատում եմ այս պաշտոնում։ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Թալին” տեղամասը ջրամատակարարման ծառայություններ է մատուցում Թալին քաղաքի և հարակից 16 գյուղական համայնքներին։
-Ի՞նչ վիճակում է ջրագծերի ներքին ցանցը, օրական քանի՞ ժամով է ջուր տրվում համայնքներին։
-Գաղտնիք չէ, որ ջրագծերի ներքին ցանցն արդեն լուրջ վերանորոգման կարիք ունի, քանի որ հին է, մաշված։ Այնուամենայնիվ, մեր սպսարկման ներքո գտնվող համայնքները կանոնավոր կերպով ստանում են ջրամատակարարում. Թալին քաղաքն ապահովված է 12-ժամյա, իսկ հարակից գյուղերը` 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Այժմ նախագծեր են կազմվում մեծ ներդրումային ծրագիր իրականացնել այս տարածաշրջանում. մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով Ասիական բանկը պետք է ներդրում կատարի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
-Ո՞ր աղբյուրներից եք ջուր ստանում։
-Թալին քաղաքը սնվում է Կենտաղբյուր, Ութ հարյուր ինը աղբյուրներից, իսկ հարակից համայնքները` Զովասար ջրատարից։
-Ջրի կորուստներ ունենո՞ւմ եք, կարողանո՞ւմ եք վերահսկել իրավիճակը։
-Ջրի կորուստներ ունենում ենք ինչպես ջրագծերի մաշվածության, այնպես էլ ջրագողության հետևանքով, սակայն ոչ մեծ ծավալի, իսկ վերը նշված ներդրումայի ծրագրերի իրականացումից հետո այլևս նման խնդիր չենք ունենա։
-Կոյուղու վիճակն ինչպիսի՞ն է։
-Միայն Թալին քաղաքն ունի կոյուղի, որը նորմալ վիճակում է։ Պետք է նշեմ, որ Թալին քաղաքում ավելի հեշտ է վերահսկողություն իրականացնել, քանի որ բոլոր ջրաչափերը դրսում են տեղադրված։
-Ինչպե՞ս կբնութագրեք Պատրիկ Լորենի հետ աշխատանքը։
-Պատրիկ Լորենը հիանալի անձնավորություն է, լավ ղեկավար։ Նրա անձի մասին միայն դրական բնութագրումներ կարող եմ տալ։ Նա մեզ ապահովել է աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկայով, ինչը ավելի դյուրին և արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը։
Նա պատրաստ է ամեն հարցում աջակցել մեզ, անմիջապես արձագանքում է մեր յուրաքանչյուր խնդրին։ Մենք շատ գոհ ենք նրանից։
Հարցազրույցը` Ս. Թ.
Վերադառնալ