22:03
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2013 թվականը «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության համար ևս մեկ հաջողված տարի էր, որի ձեռքբերումները կշարունակվեն 2014-ի ընթացքում ևս

2014-07-10 15:03

                                       «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման ծառայություններ իրականացնելու և ոլորտը բարեփոխելու ու արդիականացնելու նպատակով 2003 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ կառավարության կողմից կազմակերպված միջազգային մրցույթում հաղթեց ֆրանսիական ՍԱՈՒՂ ընկերությունը և 4 տարով ստանձնեցՀայջրմուղկոյուղիՓԲԸ կառավարումը։ Այդ տարիների ընթացքում արձանագրած հաջողության և առաջընթացի համատեքստում ՀՀ կառավարությունը շարունակաբար երկարաձգեց կառավարման պայմանագիրը ՍԱՈՒՂ ընկերության հետ։ Վերջին երկարաձգման արդյունքում ստորագրվել է կառավարման պայմանագիր մինչև 2016 թվականը։

Դե Ֆակտոամսագիրը զրուցեցՀայջրմուղկոյուղիՓԲԸ գլխավոր տնօրեն, պայմանագրի կառավարիչ, “Լոռի-ջրմուղկոյուղի”,  “Շիրակ-ջրմուղկոյուղիևՆոր ԱկունքՓԲԸ-ների միջազգային գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ, ով արդեն  տասը տարի է, ինչ ապրում է Հայաստանում։ Շատ հայաստանաբնակներից ավելի լավ գիտի մեր գողտրիկ երկրի նույնիսկ ամենահեռավոր անկյունը, որտեղ եղել է աշխատանքի բերումով` ջուրը բնակչին հասցնելու առաքելությունն իրականացնելու ընթացքում։  Ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն արդեն ավելի քան 35 տարի է, ինչ աշխատանքի բերումով ապրում է հայրենիքից հեռու։

Երբ Պատրիկ Լորենի հետ զրույցը սկսեցինք` իր կենսագրությունից հարցեր տալով, անակնկալի եկավ, ժպտաց, քանի որ չէր ակնկալում աշխատանքից դուրս իր մասին ևս խոսել։ Սակայն մի փոքր անց ժպիտով սկսեց պատմել նաև իր մասին.

-Աշխատանքի բերումով ապրել եմ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայում, այժմ արդեն շուրջ 10 տարի Հայաստանում եմ։ Ժամանակային առումով ամենաերկարն աշխատել եմ հենց Հայաստանում։ Պետք է ասեմ, որ ոլորտը բավականին լուրջ մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեզ, մարտահրավերներ, որոնք առկա են մինչ օրս։  Այսքան տարի անց էլ ինձ համար հետաքրքիր է աշխատել Հայաստանում։

-Պարո՛ն Լորեն, Դուք ծնունդով Ֆրանսիայից եք, սա անշուշտ օգնում է Ձեզ` հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, հայերի առանձնահատուկ վերաբերմունքը ֆրանսիացիների նկատմամբ։ Իսկ Ձեզ համար դժվա՞ր չէ Հայաստանում ապրելը, հայկական սովորույթներին ընտելանալը։

-/Ժպտում է/ Հայաստանում աշխատելը և՛ հաճելի է, և՛ դժվար։ Հաճելի է, որովհետև կա Ձեր նշած գործոնը` մեր երկրների բարեկամությունը, հայ ժողովրդի հանդեպ դրական ու բարեկամական տրամադրվածությունը, դժվար է, քանի որ ոլորտը լի է մարտահրավերներով։ Սակայն, ի պատիվ մեզ բոլորիս, պետք է նշեմ, որ ի սկզբանե մեծ է եղել միմյանց սատարելու պատրաստակամությունը, դժվարությունները միասին հաղթահարելու կամքը։ Եվ ինչպես տեսնում եք, տարիների ընթացքում մենք մեր գործունեությամբ վաստակեցինք կառավարության վստահությունը, կառավարությունն էլ կանգնեց մեր կողքին` օժանդակելով և երկարաձգելով կառավարման պայմանագիրը։ Դե ինչ, դեռ բավականաչափ ժամանակ և եռանդ ունեմ Հայաստանում աշխատելու համար։

-ԱնցնենքՀայջրմուղկոյուղուգործունեությանը. նախ` կխնդրեմ ամփոփել 2013 թվականը ընկերության համար։ Ինչպիսի՞ն էր տարին ընդհանուր առմամբ, և որքանո՞վ արդարացվեցին ակնկալիքները։

-2013 թվականը “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության համար ևս մեկ հաջողված տարի էր` հագեցած մարտահրավերներով և նորանոր զարգացումներով։ Չնայած որ ընկերության ամենօրյա աշխատանքը մեծ ջանքեր է պահանջում, ՍԱՈՒՂ ընկերությունը` “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության պայմանագրի կառավարիչը,  այժմ ավելի քան երբևէ, կենտրոնացած է ապագայի և երկարատև արժեքների ստեղծման վրա։ Մենք ոչ միայն կյանքի կոչեցինք այն նպատակները, որոնք մեր առջև դրել էինք 2013 թվականի համար, այլ նաև ամրապնդեցինք բաժանորդների կարիքներին ծառայելու քաղաքականությունը։ Սրանք ընկերության ապագայի կերտման ճիշտ ուղու կարևորագույն քայլերն են։ Անցած տարվա տեխնիկական և գործառնական բազմաթիվ բարեփոխումները նպաստել են ծառայությունների որակի բարելավմանը, իսկ կոմերցիոն նոր նախաձեռնությունները և հանրային կապերի ավանդույթ  դարձած ծրագրերն էլ ավելի են բարձրացրել բաժանորդների վստահության մակարդակը։

2013-ը հատկանշական էր նաև անձնակազմի վերապատրաստման առումով, ինչը ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետությունից բացի, խթանել է նաև կորպորատիվ ոգին։

-Այսօր` արդեն գործունեությունից 10 տարի անց, “ՀայջրմուղկոյուղիՓԲ ընկերությունն իրականացնում է ՀՀ մարզերի 282 գյուղական համայնքի և 37 քաղաքի ջրամատակարարումը։ Ինչպե՞ս եք այսօր գնահատում մեր երկրում ջրամատակարարման ծառայության որակը։

- Նման գնահատական տալիս` նախ պետք է համեմատենք իրավիճակը 2004-ի հետ, երբ ՍԱՈՒՂ ընկերությունը ստանձնեց “Հայջրմուղկոյուղի” ընկերության կառավարումը և Հայաստանում ջրամատակարարում իրականացնելու գործընթացը։ Այս ելակետից, երբ անդրադառնում ենք առանցքային ցուցանիշներին, տեսնում ենք էական առաջընթաց բոլոր տեսանկյուններից։ Օրինակ` ջրամատակարարման միջին օրական տևողությունը 6 ժամից հասել է 16 ժամ և ավելիի, ընկերության դրամական հոսքերն ավելացել են 3 անգամ, էլեկտրաէներգիայի սպառումը պոմպերի համար նվազել է 2 անգամ։ Բարելավումն ու առաջընթացն ակնհայտ են, սակայն անելիքներ դեռևս շատ ունենք։

-Արդյո՞ք այսօր հասել եք այն հնարավոր արդյունքին, որը նախատեսում էիք գործունեության սկզբում։

-Անշուշտ, մենք  կատարել ենք պատվիրատուի, այսինքն` ՀՀ կառավարության նկատմամբ ի սկզբանե ստանձնած մեր պարտավորությունները։ Ինչպես նշեցի, բոլոր ցուցանիշներով զգալի աճ ենք արձանագրել` հասնելով ի սկզբանե մեր առջև դրված նպատակներին։ Իհարկե, միշտ էլ ցանկություն կա ավելին անելու, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ ամենը կապված է ոչ միայն մեր ամենօրյա աշխատանքի, այլև ներդրումների, լրացուցիչ ֆինանսական ծախսերի հետ։

-Արդյո՞ք բավարար ներդրումներ արվում են ընկերությունում` առկա խնդիրները լուծելու համար։

-Տարեկան ներդրումների ծավալը հասնում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլարի, որը մեզ տրամադրում է ՀՀ կառավարությունը։ Ընկերությունն այս գումարն օգտագործում է համակարգի ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման համար։ Այս ներդրումները նախատեսվում են մինչև 2030թվականը` Հայաստանի ողջ տարածքում 24-ժամյա լիակատար ջրամատակարարում ապահովելու համար։ Այս ընթացքում նաև նախատեսում ենք 50%-ով նվազեցնել ջրահոսքերը, այսինքն` ջրի մատակարարման ընթացքում գրանցվող կորուստները։

-Ներկայումս միջինում քանի՞ ժամ ջրամատակարարում է ապահովում ընկերությունը։

-Ինչպես արդեն նշեցի, ջրամատակարարման միջին տևողությունը կազմում է 16-17 ժամ, այսինքն սպասարկման տարածքի մոտ 35 %-ը 24 ժամյա ջրամատակարարում ունի։ Ներկայումս շարունակվում են ներդրումներն ու համապատասխան աշխատանքները մինչև 2030թվականը սպասարկման ամբողջ տարածքը 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու համար։

-ՀՀ ո՞ր շրջաններում են առավել մեծ խնդիրները և ի՞նչ անելիքներ կան այդ ուղղությամբ։

-Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք համաչափ զարգացման սկզբունքով, մենք միտված ենք ներդրումներն ուղղել համաչափ` ընդգրկելով հնարավորինս լայն տարածաշրջան, այլ ոչ թե լոկալ բարելավում իրականացնել, շրջակա բնակավայրերը թողնելով անմխիթար վիճակում։ Սա է պատճառը, որ մենք ձգտում ենք հասնել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարման ամենուր, ապա նոր անցնել այս ցուցանիշի բարձրացման։ Մեր ծրագրերով մինչև  2014-ի վերջ սպասարկման տարածքում բնակվող յուրաքանչյուր համայնքի  ամեն բաժանորդի պետք է հասանելի լինի նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարում։

-Թեև Հայաստանը ջրառատ երկիր է, այնուամենայնիվ  այսօր ողջ աշխարհում առկա է ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու խնդիրը։ Ինչպիսի՞ն են ջրամատակարարման ընթացքում արձանագրվող կորուստները։

-2004-ին ջրային կորուստների ծավալը հասնում էր մոտ 90 %,  այսօր այդ ցուցանիշը հասել է մոտ 77%։ Պլանավորում է մինչև 2014-ի վերջ այդ ցուցանիշն իջեցնել մինչև 70%, սակայն, ցավոք, կորուստների  նվազեցումը կապված չէ միայն ենթակառուցվածքների և ջրամատակարարման ցանցի արդիականացման հետ, հարկ է փոխել նաև մարդկանց մտածելակերպն ու մոտեցումները ջրօգտագործման և ջրի խնայողության վերաբերյալ։ Սա է նաև պատճառներից մեկը, որ մենք ստանձնեցինք հեքիաթ-գրքի տպագրությունը, որը թույլ կտա կրտսեր տարիքից երեխաների մեջ արմատավորել ջրի նկատմամբ հոգատարության և խնայողաբար օգտագործելու մշակույթը։ Այո, Հայաստանը հարուստ է մաքուր և բարձրորակ ջրային պաշարներով, սակայն ներկայումս մենք ականատես ենք լինում մի երևույթի, որ Հայաստանում գնալով նվազում են ջրային ռեսուրսները։ Ուստի մեր թիվ մեկ  հրամայականն է բնակչության հետ համապատասխան աշխատանքներ տանել` ջուրը խնայողաբար օգտագործելու համար, որպեսզի մարդիկ օգտագործեն այնքան ջուր, որքան որ կարիք ունեն, և չթողնեն որ ջուրն անխնա հոսի, ինչը շատ ընդունված է հասարակության շրջանում։

-Արդյո՞ք ջրաչափերի տեղադրումը չի փոխել այդ իրավիճակը։ Եվ ինչպիսի՞ միջոցառումներ են ձեռնարկվում ապօրինություններից զերծ մնալու և ընկերություն-բաժանորդ փոխվստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

-Իհարկե ջրաչափերի առկայությունը ինչ-որ չափով փոխել է պատկերը։ Սակայն ոմանք ապօրինաբար շրջանցում են ջրաչափերը, նույնիսկ չեն փակում  ծորակը` մտածելով, որ միևնունն է չեն վճարելու։ Մյուսները, ի վիճակի լինելով վճարել, ևս չեն փակում ծորակը։ Սակայն խնդիրն առավել համամարդկային է, բաժանորդը պետք է հասկանա, որ եթե նույնիսկ ինքն ի վիճակի է վճարելու, միևնույնն է պետք չէ թողնել, որ ջուրն անօգուտ հոսի։ Մենք ունենք իրացման անձնակազմ, որի կազմում  գործում են տեսչական խմբեր, ովքեր հայտնաբերում են այդ ապօրինությունները։ Մենք հսկայական աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, մշակել ենք հատուկ քաղաքականություն, ջրաչափերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո, ունենք հատուկ հեռախոսահամար և կայք, որպեսզի մարդիկ կարողանան հաղորդագրության միջոցով ուղարկել մեզ իրենց ցուցմունքները։ Բաժանորդների սպասարկման կենտրոնը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման որակը, ինչպես նաև բարձրացնել ջրամատակարար-բաժանորդ հարաբերությունների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը։ Հատուկ եռանիշ հեռախոսահամարով՝ 1-71 բաժանորդները կապնվում են օպերատորի հետ ՀՀ բոլոր մարզերից։ 2013-ի ընթացքում բաժանորդների սպասարկման կենտրոնում գրանցվել է 10965 զանգ և 1939 ձայնային հաղորդագրություն։ Ասեմ, որ նախորդ տարվա համեմատ` 2013-ի ընթացքում գրանցվել է զանգերի աճ, ինչը վկայում է բաժանորդների մոտ սպասարկման կենտրոնի և մասնավորապես ընկերության հանդեպ ունեցած վստահության աճի և բարձրացված խնդիրներին արձագանքման ու դրանց օպերատիվ լուծման հասանելության մասին։ Բարեխիղճ և պարտաճանաչ հաճախորդների խրախուսման նպատակով 2013-ի ընթացքում ընկերությունը շարունակեց նոր ձևաչափով իրականացնել կանոնավոր բաժանորդների համար կազմակերպվող վիճակահանությունը։ Ըստ կարգի` բաժանորդները պետք է ամեն ամիս իրենց բաժանորդական կոդն ու ջրաչափի ցուցմունքն ուղարկեն 81-71 կարճ համարին կամ գրանցեն այն ընկերության կայքում։ Տարվա ընթացքում գրանցվեց ջրաչափի ցուցմունք ուղարկող բաժանորդների թվի աճ, որով էլ ևս մեկ անգամ կարևորվեց այս նախաձեռնության շարունակելությունը։ 2013 թվականի ընթացքում վիճակահանության արդյունքում պատահականության սկզբունքով ընտրված 30 բաժանորդ պարգևատրվեց 150.000-ական ՀՀ դրամ շահումներով։

-Չնայած գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, ջրի սակագինն այս տարի չբարձրացավ։ Ինչով է սա պայմանավորված և արդյո՞ք առաջիկայում սպասենք ջրի սակագնի բարձրացմանը ևս։

-Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա այն ըստ էության պետք է ծածկի բոլոր գործառնական և ամորտիզացիոն ծախսերը, ներառի վարկերի տոկոսների մարումն ու բերի որոշակի շահույթ։ Սակայն ներկայիս սակագինը չի ծածկում նույնիսկ սպասարկման և շահագործման ծախսերը և մենք սուբսիդավորվում ենք պետության կողմից, ինչի արդյունքում խմելու ջրի սակագինը կազմում է 179.78 դրամ /ներառյալ ԱԱՀ/։ Իհարկե ներկայիս սակագինը չափազանց ցածր է, սակայն սոցիալական առումով ջրամատակարարումը  շատ զգայուն ոլորտ է, և սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնելուց առաջ “Հայջրմուղկոյուղին”` որպես 100% պետական բաժնեմասով ընկերություն, պետք է ստանա ՀՀ կառավարության համաձայնությունը։ Եթե նույնիսկ առաջիկայում լինի ջրի սակագնի բարձրացում, ապա այն կլինի շատ չնչին և էական բեռ չի դառնա մեր բաժանորդների համար, քանի որ ամսական միջինում 1500-2000 դրամ վճարումը ոչինչ է մյուս ծախսերի համեմատ, օրինակ` դիցուք  ծխախոտի կամ բջջային հեռախոսի կամ այլ ծառայության գումար։ Մենք պլանավորում ենք ընդհանուր սակագնից անցնել տարբերակված սակագների. օրինակ, եթե բաժանորդը ծախսում է 10 խ/մ-ից քիչ ջուր, ապա պետք է վճարի ավելի քիչ, քան բաժանորդն, ով ի վիճակի է լողավազան ունենալու և այն ջրով լցնելու, պլանավորում ենք նաև այլ սակագներ սահմանել

-Ի՞նչ խնդիրներ է դրել ընկերությունն իր առջև 2014-ի համար։

-Բազմաթիվ անելիքներ և խնդիրներ ունենք 2014-ի համար։ Նախ, ինչպես արդեն նշեցի, պետք է ավելացվի ջրամատակարարման տևողությունը միջինը մեկ ժամով, պլանավորում ենք հավաքագրման ցուցանիշի 5% աճ արձանագրել, 7%-ով նվազեցնել հոսքակորուստների ծավալը, ապահովել ջրի որակը` պետական սանիտարական նորմերին համապատասխան։ Մենք նաև ձգտում ենք հասնել արտադրական էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման, ինչպես նաև շարունակելու ենք խորացնել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` ընկերությունը եվրոպական չափանիշներին հասցնելու նպատակով։

-Ինչպիսի՞ն է ջրի որակը Հայաստանում այսօր։

-Սկզբնաղբյուրում` ակունքում, մենք ունենք մաքուր, հիանալի ջուր։ Սակայն ջուրը փոխադրող ենթակառուցվածքներում է, որ տեղի է ունենում ջրի աղտոտում, պայմանավորված դրանց մաշվածությամբ և այլ գործոններով։ Մենք ունենք խմելու ջրի մաքրման 9 կայաններ, 67 քլորակայաններ, 28 պոմպակայան, 270 օրվա կարգավորող ջրամբարներ, որոնք սպասարկում են 10.000 կմ բաշխիչ ցանցը և մաքուր խմելու ջուրը հասցնում մեր բաժանորդներին։ Երբեմն խնդիրներ ենք ունենում ջրերի վարարման շրջանում, ջրում նկատվում է որոշակի պղտորություն, սակայն սա կապ չունի ջրի մաքրության հետ, պարզապես պղտորվում է վարարման արդյունքում։

-Անդրադառնանք նաև կոյուղաջրերի մաքրման խնդրին։ Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում։

-Վերջերս վարկային ծրագրերով Սևանի տարածաշրջանում` Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կառուցվեցին կոյուղու մաքրման երեք մեխանիկական կայաններ, ներկայումս կառուցման ընթացքի մեջ են Դիլիջանի և Ջերմուկի մաքրման կայանները, այդ կայանները լիովին համապատասխանում են ժամանակակից պահանջներին, գրեթե ամբողջությամբ ավտոմատացված են։

-Վերջերս Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի շրջանակներումՀայաստան էր ժամանել նաև ՍԱՈՒՂ ընկերության նախագահը։ 

-Մեր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իր գործունեությունը շարունակելու մեջ և մեր ընկերության նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ առաջնահերթ հենց այդ հանգամանքը նշեց։ Եվ քանի որ 2016-ին ավարտվում է պայմանագրի ժամկետը, ուստի մենք շահագրգռված ենք այն կրկին երկարաձգելու մեջ։

-Անցնենք այն հարցերին, որոնք սովորաբար ուղղում ենք մեր օտարազգի զրուցակիցներին։ Ի՞նչն է ամենից շատ Ձեզ դուր գալիս Հայաստանում։

-Հայաստանում, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, կյանքը խաղաղ է և հանգիստ, դա ինձ շատ է դուր գալիս։ Հաճելի է շփվել մարդկանց հետ, նրանք բաց են ու պատրաստակամ սովորելու նորը։ Մենք աշխատում ենք ազգաբնակչության հետ` ջրի սպառման մշակույթի փոփոխության, ջրի նկատմամբ հոգատարություն ձևավորելու ուղղությամբ, ինչը բավականին բարեհաջող է ստացվում։ Մենք կարողացել ենք պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակի բերել մեր աշխատակազմը։ Մենք մեր գործունեությամբ իրականացնում ենք մի շարք սոցիալական ծրագրեր, մասնավորապես` ջուրը խնայողաբար օգտագործելու մշակույթի ներդրմանն ուղղված ձեռնարկների հրատարակում, տպագրություն։ Մենք նաև ակտիվ ենք սպորտային կյանքում, առողջ ապրելակերպ քարոզող միջոցառումներում։ Աջակցում ենք հեծանվավազքի գոլֆի և դահուկավազքի ֆեդերացիաներին։ Հպարտությամբ նշեմ, որ աջակցել ենք օլիմպիական խաղերի մասնակից հայ դահուկորդ Սերգեյ Միքաելյանին, ով Հայաստանի դրոշակակիրն էր։ Ես ինքս ակտիվորեն զբաղվում եմ սպորտով` հեծանվավազք, գոլֆ, թեննիս, նույնիսկ վարակել եմ մեր մի շարք աշխատակիցների, որոնց հետ հաճույքով գնում ենք արշավների, գոլֆ կամ թենիս խաղալու։ Ի դեպ մեր աշխատակիցներից մեկն այնքան առաջ է գնացել գոլֆում, որ այս պահին մասնակցում է գոլֆի միջազգաին մրցաշարի, հուսանք հաղթանակով կվերադառնա /ժպտում է/։ Եվ չմոռանամ նշել, որ Հայաստանում կանայք անչափ գեղեցիկ են, անչափ, դա ինձ իրոք ոգեշնչում է։

-Պարո՛ն Լորեն, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։

-Ես մշտապես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով` մարդասիրության և մարդկայնության  սկզբունքով։ Հարգում և հաշվի եմ առնում տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները, սովորույթները։

-Պարո՛ն Լորեն, գիտենք, որ Դուք անձամբ շրջում եք ՀՀ մարզերում, տեղում ծանոթանում ընկերության ենթակառուցվածքների գործունեությանը։  Դժվա՞ր չէ, ինչպե՞ս եք հասցնում համատեղել աշխատանքը և այդքան ակտիվ կյանքը։

-Ես առաջին հերթին երջանիկ եմ, որ իմ գործունեության ու հաճախակի շրջագայությունների շնորհիվ գիտեմ Հայաստանի բոլոր անկյունները։ Աշխատում եմ առավոտյան 8-ից մինչ երեկոյան 8-ը, մեծ փորձառություն ունեմ արդեն, մանրամասնորեն ծանոթ եմ մարզերի տարածքային առանձնահատկություններին, ինչն ինձ շատ է օգնում ծագած տեխնիկական խնդիրները արդյունավետ լուծելու հարցում։ Շաբաթվա ընթացքում պլանավորում եմ երթուղին և ժամանակի 50% անցկացնում եմ մարզերում։

-Եվ վերջում, ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ ջրամատակարարումը 10 տարի անց։

-Եթե աշխատենք նույն տեմպով, ապա 10 տարի անց մեր բաժանորդների առնվազն 50-60%-ը կունենա 24-ժամյա ջրամատակարարում, իսկ ջրամատակարարման նվազագույն տևողությունը կլինի 12 ժամ։ Մնացած անելիքների ու ծրագրերի մասին կկարողանանք խոսել 2016-ից հետո, եթե հնարավորություն ստանանք շարունակելու պայմանագրի կառավարումը։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...