21:30
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ գլխավոր նպատակն է, որ գյուղացին, ով քրտինքը ճակատին օրնիբուն կռիվ է տալիս հողի հետ, կարողանա տարեվերջին քաղել իր աշխատանքի արդյունքները

2014-06-05 11:02

                                  «Դե Ֆակտո» N 96  (2014թ.)

ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար  Արամայիս Գրիգորյանի հետ “Դե ֆակտո” ամսագիրը զրուցեց նախարարի պաշտոնը ստանձնելուց օրեր առաջ, երբ նա դեռևս ՀՀ Արարատի մարզպետն էր։ Թեև որպես մարզպետ նա պաշտոնավարել էր նախորդ տարվա հոկտեմբեր ամսվանից, սակայն մարզում արդեն մեծ վստահություն էր վայելում, մարզի բնակիչներն ու համայնքների ղեկավարները զգացել էին պարոն Գրիգորյանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու վերաբերմունքն իր գործին, գյուղացու կողքին կանգնելու նրա պատրաստակամությունն ու ծննդավայրին նվիրված աշխատելու եռանդը։

Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1965թ հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։

1983-1988 թթ.  սովորել է Լենինգրադի /այժմ Սանկտ-Պետերբուրգ/ Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտում։

Աշխատանքային գործունեություն`

1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1987-1988թթ.  Արարատի “Անուշ” տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր։

1988-1989թթ.  ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար։

1994-1996 թթ.  Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ։

1997-2003 թթ.   “Արաքս-1” ՍՊԸ` փոխտնօրեն, “Ավշարի գինու գործարան” ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն։

2003-2007 թթ.  մեծամասնական ընտրակարգով թիվ 025 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2007-2008 թթ.  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2008-2009 թթ.  ՀՀ գյուղատնտեսության նախարար։

2013 թ. հոկտեմբերի 10- 2014թ. ապրիլի 30` ՀՀ Արարատի մարզպետ

2014-ի ապրիլի 30-ի ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար

Արամայիս Գրիգորյանն անկուսակցական է, ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հարցազրույցը, որը իբրև մարզպետ նրա գործունեության յուրօրինակ ամփոփում և հաշվետվություն էր։

-Պարոն Գրիգորյան, Դուք Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնեցիք նախորդ տարվա հոկտեմբեր ամսին։ Նախ` կխնդրեի ամփոփել 2013 թվականը, ի՞նչ հասցրիք իրականացնել և ինչպիսի՞ պլաններ կան 2014-ի համար։

-Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնեցի նախորդ տարվա հոկտեմբեր ամսին և, բնականաբար, տարին չեմ կարող վերագրել ինձ, չնայած ասեմ, որ 2013-ը բարեհաջող ենք ավարտել` ընդհանուր առմամբ գրանցելով առաջընթաց  ու դրական զարգացումներ, հատկապես գյուղատնտեսական տարին բավականին հաջող էր մեր մարզի համար` արձանագրել ենք մոտ 6 % աճ։

-”Անալիտիկհասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող հարցման արդյունքում ճանաչվել եքՏարվա լավագույն մարզպետ։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս մրցանակը։

-Գիտեք, ես հենց մրցանակաբաշխության օրն էլ ասացի, որ չեմ պատկերացնում, թե չորս ամսվա աշխատանքային գործունեության արդյունքում մարզպետին կարելի՞ է ճանաչել տարվա լավագույնը, սակայն դա իրականությունն է /ժպտում է/, ինչը շատ ուրախացրեց ու ոգևորեց ինձ, նաև ավելացրեց պատասխանատվության այն մեծ զգացումն այս մարզի նկատմամբ, որ ունեմ ի ծնե, քանի որ ծնունդով այս մարզից եմ և ավելի քան սրտացավորեն եմ մոտենում իմ աշխատանքին։ Շատ խորությամբ տեղյակ եմ իմ մարզի խնդիրներին նախ` իբրև բնակիչ, ապա նաև` իբրև մարզի ղեկավար։ Ուստի ամեն ինչ պետք է անեմ, որ այս մարզը ավելի մեծ հաջողություններ ունենա, ավելի զարգանա և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը ավելի բարելավվի։

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք Արարատի մարզի բնակչության սոցիալական վիճակը։ Ո՞րն է մարզպետարանի դերն այդ վիճակը բարելավելու հարցում։

-Այո, ինչպես հանրապետության մյուս մարզերում, Արարատի մարզում ևս կան սոցիալական խնդիրներ։ Մարզպետարանի գործունեությունն ու աշխատաոճը դրված են այնպիսի հիմքերի վրա, որ մենք մշտապես հասանելի ենք ժողովրդի համար։ Մեր մարզոււմ աջակցության ու խորհրդատվության կարիք ունեցող յուրաքանչյուր բնակչի խնդիր, ժողովրդի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց անմիջապես դառնում է մերը, և մենք սկսում ենք լուծումներ փնտրել այդ ուղղությամբ, որպեսզի փոքրիշատե թեթևացնենք վերջիններիս հոգսերը։

-Ինչպիսի՞  խնդիրներ ունի այսօր Արարատի մարզը։

-Մարզն ունի 97 համայնք, որոնցից 4-ը քաղաքային համայնքներ են։ Եթե ասենք, որ ամեն ինչ շատ լավ է, բնական է, որ այդպես չէ։ Թեև բնակլիմայական պայմաններով, մայրաքաղաք Երևանին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված` Արարատի մարզը մյուս մարզերի համեմատ շատ ավելի լավ վիճակում է, այնուամենայնիվ, գրեթե բոլոր համայնքներում բազմաթիվ ձեռքբերումների կողքին մենք ունենք նաև որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատում ենք անդադար։

-Պարոն Գրիգորյան, կխնդրեի ամփոփել նաև 2014-ի առաջին եռամսյակը, որի ընթացքում արդեն Արարատի մարզը լիովին Ձեր ղեկավարման և պատասխանատվության ներքո էր։

-Տարին սկսել էինք շատ լավ, հատկապես գյուղատնտեսական առումով մեծ ակնկալիքներ ունեինք, բարձր բերքատվություն էինք սպասում, սակայն բնությունն իր անկանխատեսելի գործն արեց` սկսզբում ցրտահարություն, հետո նաև կարկտահարություն, և մարզն ունեցավ հսկայական վնասներ և կորուստներ։ Բնականաբար թե՛ մարզպետարանը, թե՛ ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների պատասխանատուները կանգնեցին գյուղացու կողքին, ստեղծվեցին ուսումնասիրող աշխատանքային խմբեր, որոնք հաշվարկեցին կորուստների չափերը, գյուղացիներին աջակցելու և վնասները փոխհատուցելու նպատակով։ Այս պահին արդեն օժանդակությունն իրականացման փուլում է։ Արարատի մարզի 52500 գյուղացիական տնտեսություններից վնասվել են 9700-ը, որոնք 100 %-ով ազատվել են հողի հարկից, 50%-ով սուբսիդավորվում է ջրի վարձը, շուրջ 33 մլն դրամի լոլիկի, վարունգի, ձմերուկի, սեխի անվճար սերմեր են տրամադրվում այն գյուղացիական տնտեսություններին, որոնք հնարավորություն ունեն շարունակելու իրենց գյուղացիական գործունեությունը, նաև այն գյուղացիներին, ովքեր ունեն ազատ հողակտորներ և կարող են դրանցում ցանք անել։   Հուսանք, որ սա ինչ–որ չափով կփոխհատուցի նրանց կորուստները։ Բացի այդ` սոցապ նախարարությունը շուրջ 50մլն դրամ է հատկացրել վնասները վերականգնելու ուղղությամբ աշխատող գյուղացիների վարձատրության համար, այսինքն` մարդիկ կաշխատեն իրենց սեփական հողերում, կվերականգնեն իրենց կորուստները և կվարձատրվեն` ստանալով 230.000-300.000 դրամ եռամսյակի համար։ Իհարկե այս գումարը գուցե այնքան էլ մեծ չէ ստացված վնասների համեմատ, սակայն սա միջոց է որևէ կերպ գյուղացուն աջակցելու և քաջալերելու համար, որպեսզի գյուղացին հասկանա, որ ինքը մենակ չէ, պետությունն իր կողքին է, որ ինքն ունի իրական աջակցություն պետության կողմից։ Այս աղետը ցույց տվեց նաև, որ մեզ անհրաժեշտ է ավելացնել հակակարկտային կայանների թիվը, և տեղադրելով 18 կայաններ, փակեցինք առաջին գիծը։ Կարկուտի վնասներից զերծ մնալու համար մեզ անհրաժեշտ է հակակարկտային կայանների երկրորդ գծի կառուցում, որով կպաշտպանենք գյուղացու բերքը կարկտահարությունից։ Սակայն մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը ռիսկային արտադրություն է բաց երկնքի տակ, և որքան էլ մենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք, միևնույնն է, չենք կարող լիովին ապահովագրել մեզ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն մարզպետ, որքա՞ն հեռու է այն ժամանակը, երբ մեր  երկրում կներդրվի գյուղատնտեսության ապահովագրությունը։

-Գիտեք, գյուղատնտեսության ապահովագրությունը հիանալի կլինի մեր գյուղացիների համար, սակայն, ինչպես նշեցի, գյուղատնտեսությունը չափազանց ռիսկային գործունեություն է, որի ապահովագրությունը կոնկրետ ՀՀ դեպքում պահանջում է մեր երկրի գյուղատնտեսական արտադրության պայմանների բարելավում, հակակարկտային ու ցրտահարման դեմ նորագույն տեխնոլոգիաների ներդրում, որպեսզի նվազեն կորուստների ու վնասների ռիսկերը, և ապահովագրող ընկերությունն էլ որոշակի երաշխիքներ ունենա որոշակի փոխհատուցում ստանձնելու համար։ Սա երկարաժամկետ գործընթաց է, որի հիմքերը, կարծում եմ, արդեն իսկ կան և ժամանակ է հարկավոր, այս ոլորտում ներդրումներ անելու պատրաստ միջազգային ընկերություններին ներգրավելու համար։

-Անդրադառնանք նաև գյուղատնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջրի պաշարների և մատակարարման ծավալների հարցին։ Ի՞նչ  խնդիրներ ունի այս առումով Արարատի մարզը։

-Վերջին տարիներին մեր ամբարներում լիարժեք կերպով ջուր չի կուտակվում, ինչը կապված է բնակլիմայական պայմանների հետ։ Գիտեք, որ Արարատյան դաշտավայրում եղանակը այնպիսին է, որ եթե ցուրտ է, ցուրտը երկար է տևում և հակառակը` եթե շոգ է, շոգն է բավականին երկար տևում։ Այս տարի ևս կանգնած ենք վերոհիշյալ խնդրի առջև, ունենք ջրի դիֆիցիտ։ Ինչպես գիտեք, որոշվեց Սևանա լճից հավելյալ ծավալի ջուր բաց թողնել, հանրապետությունում ոռոգման ջրերի պակասը լրացնելու նպատակով։ Բուռն քննարկումներ ու բանավեճեր եղան, որտեղ երկու կողմն էլ որոշակի առումով ճիշտ էր. Սևանա լճից ջուր թողնել, նշանակում է ինչ-որ չափով վնասել լճին և էկոհամակարգին, ջուր չթողնել` նշանակում է ունենալ ոչ լիարժեք գյուղատնտեսություն։ Կանգնած էինք երկընտրանքի առջև և մենք պետք է լուրջ և կշռադատված որոշում կայացնեինք։ Սևանա լճից ջուր բաց թողնելու որոշումը բավականին լուրջ ուսումնասիրությունների արդյունքում է կայացվել, հաշվարկվել են բոլոր վնասներն ու օգուտները, և, բնականաբար, օգուտները շատ ավելի մեծ են, քան վնասները։ Չմոռանանք, որ Սևանա լճի պահպանության հարցը մեր երկրի ներքին  գերակայություններից մեկն է և վերահսկվում է ՀՀ նախագահի և կառավարության կողմից։

Մենք ունենք ջրամբարների խնդիր, որը բավականին սուր է այսօր։ Շնորհիվ մեր տարածաշրջանի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի` շրջանառության մեջ դրվեց Արարատի մարզում նոր ջրամբար կառուցելու հարցը, Հանրապետության նախագահն իր հերթին կարևորեց և ընթացք տվեց հարցին։ Առաջիկայում կկառուցվի Վեդիի ջրամբարը, որը հնարավորություն կտա ջուր հասցնելու տարածաշրջանի 65-70% հողատարածքներին։ Այս հարցը նաև նորանշանակ վարչապետի ուշադրության կենտրոնում է և կարծում եմ, որ այս ծրագիրը անգնահատելի օգուտ կբերի մարզին և էապես կթեթևացնի մեր խնդիրները։ Ջրամբարի գործարկումով կավելանան նաև մշակելի հողատարածքները. այսօր կան հողակտորներ, որոնք ոռոգման ցանցից հեռու լինելու պատճառով չեն մշակվում։

Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա պետք է ասեմ, որ խմելու ջրի հարցը մեր մարզում ընդհանուր առմամբ լուծված է, ջրագծերն արդիականացված են, հատուկենտ տնտեսություններ են, որ դեռևս չունեն իրենց ջրագծերը, սակայն այս հարցը ևս ընթացքի մեջ է։

 

Գյուղացու հետ պետք է հաշվի նստել, դեմ առ դեմ, պարզ ու շիտակՍա է իմ գործելաոճը, իմ մոտեցումը մարզի ղեկավարման հարցերում։

-Ինչպիսի՞ն է  մարզում անասնապահության վիճակը։

-Անասնապահության վիճակը մարզում գնահատում եմ բարվոք, մեր մարզում անասնապահության ոլորտում շատ լավ ավանդույթներ են ձևավորված, մարզպետարանի խնդիրն ընդամենը անասնապահին չխանգարելն է, նա սովորելու կամ միջամտության կարիք չունի, նա իր գործը շատ լավ գիտի։ Մեր գործը գյուղացու կողքին կանգնելն է, նրան աջակցելու ազնիվ պատրաստակամություն ցուցաբերելը։ Շատ կարևոր է, որ գյուղացին իրեն խաբված չզգա, պետք է գյուղացուն խոստանալ այն, ինչ որ իրոք կարող ես անել նրա համար, թեկուզ չնչին չափով, սակայն իրական։ Գյուղացին արդար է ու պարզ,  ուստի համարժեք պետք է լինի և մեր վերաբերմունքը նրա նկատմամբ։ Գյուղացու հետ պետք է հաշվի նստել, դեմ առ դեմ, պարզ ու շիտակ, խոսել բաց տեքստով. եթե կարող ես ինչ-որ բանով օգնել, շատ լավ, եթե ոչ, ապա պետք չէ սին խոստումներ տալ։ Այս դեպքում գյուղացին կհասկանա, կընկալի իրավիճակն ու իրեն խաբված չի զգա։ Սա իմ գործելաոճն է, իմ մոտեցումն է մարզի ղեկավարման հարցերում։

-Պարոն Գրիգորյան, որքանով եք Ձեր գործունեության մեջ կարևորում բնապահպանական խնդիրները և ինչպես եք վերաբերվում հանրապետությունում վերջին շրջանում բավականին ակտիվացած բնապահպանական շարժումներին։

-Մեր մարզում արդիական բնապահպանական խնդիր է ձկնաբուծության ընթացքում ընդերքի ջրերի օգտագործումը, ձկնաբույծները երբեմն անխնա օգտագործում են ջուրը, չպատկերացնելով, թե ինչպիսի վնաս են հասցնում բնությանը։ Անշուշտ այստեղ պետք է կիրառել ջրերի օգտագործման փակ եղանակը, որը հնարավորություն կընձեռի խնայողաբար օգտագործել ջուրը և վերացնել կորուստները։

Այս հարցը բնապահպանության նախարարության պատասխանատվության ներքո է և հույս ունեմ, որ հետևողականորեն լուծում կստանա առաջիկայում։


Կանխատեսումներ
անել չեմ սիրում, ես նախընտրում եմ վերջում ամփոփել արվածը

-Ձեր կանխատեսմամբ ինչպիսի՞ն կլինի 2014 գյուղատնտեսական տարին։

-Արարատի մարզի հետ կապված կարող եմ ասել, որ ՀՀ նախագահի կողքին հավաքված է լավ թիմ` սկսած կառավարությունից, Ազգային ժողովի օրենսդիրներից մինչև մարզպետ և համայնքների ղեկավարներ, իրականացվում է միասնական ու համակարգված գործունեություն` ի նպաստ գյուղացու, ով քրտինքը ճակատին օրնիբուն աշխատում է` տարեվերջին իր աշխատանքի սպասված ադյունքները քաղելու հույսով։ Իսկ ես կանխատեսումներ անել չեմ սիրում, նախընտրում եմ վերջում ամփոփել արվածը։ Ինչպես նշեցի, այս տարի կորուստները ցրտահարության և կարկտահարության հետևանքով մոտ 30% են կազմում, իսկ սա բավականին լուրջ ցուցանիշ է։ Այս պահին հույս ենք կապում խաղողի բերքի հետ։ Եթե բնությունը նոր անակնկալներ չմատուցի, ուրեմն կկարողանանք ապահովել եթե ոչ ավել, ապա նույնքան ծավալի բերք, որքան նախորդ տարի էր։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մթերման սեզոնին մենք գյուղացիներին հնարավորինս կաջակցենք բերքի իրացման հարցում։ Ինչպես գիտեք, այս հարցը ևս կարգավորվում է ՀՀ նախագահի անմիջական վերահսկողությամբ, վերջինս ամեն տարի հանդիպում է կազմակերպում գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, քննարկում և պայմանավորվածություններ ձեռք բերում, որպեսզի գյուղացին մթերման ծավալների ու գնի հետ կապված որևէ խնդիր չունենա։

Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանը, ապա պետք է ասեմ, որ այս տեսանկյունից մեր մարզում ցուցանիշները բավականին բարձր են, ամեն տարի կարողանում ենք 100%-ով, երբեմն նույնիսկ ավել, կատարել հավաքագրումը։ Մեր համայնքների ղեկավարները երկարամյա փորձ ունեցող ղեկավարներ են, և շատ լավ տիրապետում են իրենց գործին, կարողանում են արդյունավետ տնօրինել համայնքների բյուջեները և առաջընթաց գրանցել յուրաքանչյուր տարի։
Այնպես որ, հուսանք, որ 2014-ը ևս դրական զարգացումներով տարի է լինելու Արարատի մարզի համար։

-Կխնդրեի անդրադառնալ նաև համայնքների ընդհանուր վիճակին։ Ի՞նչ խնդիրներ ունեն համայնքները։

-Նախ նշեմ, որ այս տարի ՀՀ կառավարության կողմից 1մլրդ 300մլն դրամ գումար է հատկացվել համայնքների առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց առաջնահերթ խնդիրները, և ըստ այդմ մենք կատարել ենք բաշխում` մանկապարտեզաշինության և դպրոցաշինության, խմելու ջրի ջրագծերի արդիականացման, գազաֆիկացման, գյուղական ճանապարհների ասֆալտապատման ոլորտներում անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս գումարից անհրաժեշտ հատկացումներ են արվել նաև մարզի` սոցիալապես անապահով ու բազմանդամ ընտանիքներին, որոնցից մեկին այս տարի նախատեսել ենք ապահովել բնակարանով։ Մենք ունենք 4 քաղաքային` Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի և  93 գյուղական համայնքներ, որտեղ հիմնականում հավաքված են պրոֆեսիոնալ ղեկավարներ, ովքեր տարիների փորձ ունեն, կարողացել են իրենց համայնքները ոտքի կանգնեցնել։ Շատերը նույնիսկ այսօր կարողանում են սեփական բյուջեն ճիշտ տնօրինելու արդյունքում խնայողություններ անել և լոկալ խնդիրներ լուծել։ Որոշ գյուղական համայնքներում այսօր արդիական են ճանապարհների վերանորոգման, ջրագծերի անցկացման և լուսավորության խնդիրներ, որոշ գյուղեր ունեն դպրոցների կամ մանկապարտեզների վերանորոգման խնդիրներ, սակայն հիմնական արմատական աշխատանքները գրեթե բոլոր գյուղերում արված են, մնում է միայն պահպանել ու ավելացնել եղածը։ Բավականին լուրջ է մշակույթի տների վերանորոգման հարցը, մի կողմից այդ վերանորոգումները թողնվում են 3-րդ պլան դպրոցներից ու մանկապարտեզներից հետո, մյուս կողմից դրանց ակտիվ գործունեությունը շատ կարևոր է գյուղացիների համար, ովքեր չունեն ժամանցի ու զբաղմունքի այլ վայրեր ու միջոցներ։ Գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նշեցի, արդիական է ոռոգման ջրագծերի վերանորոգման ու երկարացման հարցը, ինչպես նաև հակակարկտային կայանների ավելացման հարցը, որոնք այսօր արդեն իրականացման ընթացքի մեջ են։

Քաղաքներում լուծված է կենտրոնական ճանապարհների լուսավորության, ասֆալտապատման խնդիրները, իրականացվում է նորմալ աղբահանություն, շրջակա միջավայրի մաքրությունն ու պահպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում են։ Սկսել ենք հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, սա հսկայական և մեր մարզի ու ողջ հանրապետության համար ռազմավարական նշանակության ծրագիր է, որը ավարտին կհասցվի մոտ մեկուկես տարվա ընթացքում։

-Մշակույթ, սպորտ, ժամանց. ինչպիսի՞ն է իրավիճակը Արարատի մարզում այս առումով։

-Ձեր նշած բոլոր ուղղություններով Արարատի մարզը բավականին ակտիվ է և մեծ դեր ունի մեր երկրի սպորտային և մշակութային զարգացումներում։ Այս տարի մեզ մոտ Պարույր Սևակի տարի է հայտարարված, մշակութային բոլոր օջախները, ինչպես նաև կրթական հաստատությունները մի շարք միջոցառումներ են կազմակերպել Սևակի 90-ամյա հոբելյանի առթիվ, Արտաշատի մշակույթի պալատում վերջերս տեղի ունեցավ մեծ միջոցառում, որին ներկա էր այժմյան վարչապետ, այդ ժամանակ դեռևս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես ինքս էլ հնարավորության դեպքում անձամբ ներկա եմ գտնվում նման միջոցառումներին, այցելում եմ դպրոցական ցերեկույթներին։ Կազմակերպվում են համերգներ մեր սիրված երգիչ/երգչուհիների մասնակցությամբ։ Մենք ունենք կայացած և սիրված թատրոն, ճանաչված դերասաններ, որոնք ևս հրաշալի ներկայացումներ են կազմակերպում։ Մարզետարանն իր գործուն աջակցությունն է ունենում այս բոլոր միջոցառումներին։ Վերջերս տեղի ունեցավ “Դոկանդո” կարատեի համապետական մրցաշարը, որտեղ թիմային հաշվարկով  Արարատի մարզը ճանաչվեց լավագույնը։ Ունենք ճանաչված երիտասարդ շախմատիստներ, որոնք արդեն միջազգային մրցահարթակներում են ներկայանում, ինչը ևս շատ ոգևորիչ է ինձ համար։

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ կասեք մարզային առողջապահության իրավիճակի մասին։

-Եթե նախկինում բավականին սուր էր առողջապահության և բուժծառայությունների մատուցման խնդիրը, ապա այսօր մեր չորս քաղաքներում գործում են արդիական սարքավորումներով և բանիմաց մասնագետներով հագեցած բժշկական կենտրոններ, գյուղական համայնքներում գործում են բուժամբուլատորիաներ։ Այսօր Արարատի հիվանդանոցը մարզի լավագույն հիվանդանոցն է` հագեցած նորագույն սարքավորումներով, ունի պրոֆեսիոնալ բուժանձնակազմ։ Պետք է ասեմ, որ այս կենտրոնի նկատմամբ վստահությունն այնքան է մեծացել, որ արդեն նաև մայրաքաղաքից են գալիս այստեղ բուժվելու և վիրահատվելու։

Այժմ աշխատում ենք մյուս երեք հիվանդանոցների արդիականացման ուղղությամբ, անհրաժեշտ են ներդրումներ, որոնք փորձում ենք գտնել տարբեր ծրագրերի շրջանակներում։ Յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ բացի բուժանձնակազմի ջերմ ու հոգատար վերաբերմունքից, հիվանդի համար հաճելի լինի մնալ այդ հիվանդասենյակում, բուժսարքավորումները լինեն նոր և վստահելի. 21-րդ դարն է վերջապես։ Իհարկե բարեփոխումներ իրականացնելու ցանկությունն անսահման է, հնարավորություններն ու միջոցները, ցավոք, սահմանափակ, ուստի ըստ առաջնահերթության փորձում ենք անել ամեն ինչ տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։

Սոցիալապես անապահով և խոցելի շերտերի համար գործում են հատուկ զեղչեր, անվճար բուժծառայություններ, և մենք խստագույնս հետևում ենք, որպեսզի այս աջակցությունը հասնի հասցեատիրոջը։ Այս տարի մարզի 70-ից ավելի բնակիչ ուղարկվել է բուժական հանգստի տարբեր առողջարաններ։ Իբրև մարզպետ իմ խնդիրը բնակիչ-պետություն հարաբերության մեջ արդյունավետ միջնորդ և համակարգող լինելն է։ Յուրաքանչյուր մարզպետ պետք է այնպես անի, որ պետության կողմից տրվող աջակցությունը հասնի բնակչին, իսկ պետությունն էլ ժամանակին և ճիշտ տեղեկացված լինի բնակչի խնդրի շուրջ։ Եթե այս մեխանիզմը գործի անխափան, մենք անպայմանորեն ու միանշանակ մեծ աջառընթաց կունենանք բոլոր օղակներում։ 

-Իսկ ինչպե՞ս է գործում մարզպետ-համայնքի ղեկավար և մարզպետ-բնակիչ փոխադարձ կապը։

-Մարզպետարանն ունի հատուկ ընդունելության օրեր, երբ մարզպետն անձամբ ընդունում է բնակիչներին։ Այդ օրերին հասցնում եմ ընդունել 40-50 բնակչի, հիմնականում դիմում են սոցիալական, առողջապահական հարցերով, երբեմն արդարություն գտնելու ակնկալիքով` կապված տարբեր հողային կամ այլ վեճերի հետ։ Բոլորին լսում ենք, հնարավորության դեպքում աջակցում ենք թե’ ֆինանսապես, թե’ պարզապես բարոյապես` ուղղակի խորհուրդ կամ ուղղություն տալով։ Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարներին, ապա մարզխորհրդի առաջին նիստի ընթացքում ասացի բոլորին, որ ինձ համար առաջնահերթն այն է, որ յուրաքանչյուր ղեկավար ամեն վայրկյան հասանելի լինի իր համայնքի բնակչին, իսկ ամեն հարցով, երբեմն անտեղի, պետք չէ համայնքապետներին հասցնել մարզպետարան։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե մարզպետը գյուղապետներին հրահանգել է նստել կաբինետներում և դուրս չգալ. քավ լիցի, պարզապես ես ձգտում եմ նվազագույնի հասցնել բյուրոկրատական ձևականությունները, ի վերջո և՛ ես, և՛ համայնքների ղեկավարները նախևառաջ ծառայում ենք բնակիչներին և պետք է հասանելի լինենք առաջին հերթին հենց նրանց։ Ինքս ծնունդով ավշարցի եմ, մեծացել ու հաճախել եմ տեղի դպրոցը և շատ լավ գիտեմ գյուղացիների բոլոր խնդիրները, կարիքներն ու պահանջները. եթե գյուղացին կարիք ունի անձամբ իր խնդիրը ներկայացնելու, նույնիսկ բողոքելու, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունելու ու լսելու նրան։ Այն պարզությունն ու ջերմությունը, որ ունի գյուղացին, ոչ ոք չունի, և մենք պետք է հոգատար լինենք այս արժեքների նկատմամբ։ Բարեկամաբար ասված մի խոսքը, նույնիսկ մերժումը երբեմն շատ ավելի կարևոր է նրա համար, քան թղթի վրա գրված որոշումը։

-Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ, Դուք Ձեզ խիստ ղեկավար համարո՞ւմ եք։

-/Ժպտում է/ Այդ հարցը պետք է ուղղեք ոչ թե ինձ, այլ ինձ հետ աշխատող մարդկանց։ Ես սիրում եմ աշխատել և պահանջել աշխատանք, ես սիրում եմ մարդկանց նկատմամբ լինել բարի, հարգալից և միաժամանակ խստապահանջ, իսկ որքանով է ստացվում, շրջապատից պետք է ճշտել։ Եթե մարդը ստանձնում է մի գործ, պետք է ձգտի լավագույնս ու ճշտապահորեն կատարելու այն։ Ճշտապահորեն, որովհետև խնդիրները չեն սպասում, դրանք ժամանակին լուծում են պահանջում, որովհետև քո գործը միայն քո գործը չէ, սա մի շղթա է, որտեղ յուրաքանչյուրը պետք է ձգտի ամրացնելու ու կայունացնելու իր օղակը։ Երբեմն լինում են օրեր, երբ աշխատանքային ժամից երկու-երեք ժամ ուշ եմ ավարտում աշխատանքը, քանի որ խնդիրը հրատապ է և շտապ լուծում է պահանջում, հատկապես գյուղատնտեսական հարցերի դեպքում։

-Իսկ տանը չե՞ն դժգոհում, որ աշխատանքին ավելի շատ ժամանակ եք տրամադրում քան ընտանիքին։

-Շատ ցավոտ հարց տվեցիք։ Իհարկե ցավով եմ տանում այն միտքը, որ ընտանիքիս համար ժամանակ քիչ է մնում, սակայն, բնական է, որ նման պատասխանատու գործում, երբ ամբողջովին տրվում ես աշխատանքիդ, ընտանիքն ինչ-որ չափով տուժում է։  Ես պարզապես չեմ կարող տքնաջան չաշխատել, որովհետև իմ գործատուն, իմ աշխատանքից արդյունք ակնկալողը ժողովուրդն է։ Եթե իմ աշխատանքի արդյունքում մարզի ու բնակչության վիճակը չի բարելավվելու, ուրեմն ես իզուր ժամանակ եմ կորցնում։ Ընտանիքս ըմբռնումով է մոտենում այս հարցին, չէ՞ որ առաջին տարին չէ, որ նման պատասխանատու աշխատանք եմ կատարում։ /Ժպտում է/

 “Դե Ֆակտո” ամսագիրը հաջողություն և նույնչափ եռանդով ու նվիրվածությամբ գործունեություն է մաղթում բնապահպանության նորանշանակ նախարարին։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...