02:21
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այստեղ այլընտրանք չկա, պետք է նվիրվել և աշխատել անմնացորդ, այլապես ուղղակի կձախողես ողջ աշխատանքը

2014-05-10 15:56

                                               «Դե Ֆակտո» N 95 (2014թ.)

ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ` 50-ամյա փորձի ու նորագույն տեխնոլոգիաների միասնություն

Երևանի Ջերմաէլեկտրակայանը` որպես այդպիսին գործարկվել է 1961 թվականին, նույն թվականին գործարկվել է առաջին ագրեգատը և հաջորդաբար, մինչև 1967 թվականը, գործարկվել է վերջին 7-րդ ագրեգատը, ընդհանուր դրվածքային հզորությունը եղել է 610 մՎտ։ Էլեկտրակայանը 610 մՎտ էլեկտրաէներգիա էր առաքում Հայաստանի էներգահամակարգ և ի վիճակի էր թողարկելու 630 Գկալ/ժ ջերմային էներգիա, որի սպառիչներն էին այն ժամանակ “Նաիրիտը”, ավտոդողերի, քիմիական ռեակտիվների, վիտամինների գործարանները և այլն, ինչպես նաև ջեռուցում ու տաք ջրամատակարարում էր ապահովում Շենգավիթ և Էրեբունի համայնքների բնակչությանը։ ՋԷԿ-ի ջերմային էներգիայի արտադրությունը կապ չուներ էլեկտրական էներգիայի արտադրության հետ, և անկախ ջերմային էներգիայի սպառիչների առկայությունից` այն էլեկտրաէներգիա էր արտադրում ողջ ծավալով։

Էլեկտրակայանը Հայաստանի ջերմաէներգահամակարգի առաջնեկն էր, առաջին ագրեգատի գործարկումից ի վեր` մոտ 50 տարի այն գտնվել է աշխատանքի մեջ և ամբողջ հզորությամբ արտադրել է էլեկտրաէներգիա։

2005 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ սկսվեց նոր էլեկտրակայանի կառուցում. մարտի 29-ին ՀՀ կառավարության և Միջազգային Համագործակցության Ճապոնիայի բանկի միջև պայմանագիր ստորագրվեց, որով ճապոնական կողմը 241 մլն դոլարի ODA /զարգացող երկրներին ցուցաբերվող աջակցություն/ վարկ տրամադրեց հայկական կողմին նոր տեխնոլոգիաներով ջերմաէլեկտրակայան կառուցելու նպատակով։

Թե ինչպես են ընթանում նոր էլեկտրակայանի աշխատանքները, ինչպիսի ծրագրեր ու անելիքներ կան առաջիկայի համար, “Դե Ֆակտո” ամսագիրը պարզեց “Երևան ՋԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանի հետ զրույցում։

-Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշվեց նախկին էներգաբլոկներն արդիականացնելու փոխարեն կառուցել նոր էներգակայան։

-Սովորաբար ջերմային էլեկտրակայանների ռեսուրսը, սպասարկման ժամկետները կամ գործունեության նորմատիվները մոտ 30 տարի են, իհարկե կարելի է նորոգումների, հզոր կապիտալ ներդրումների միջոցով այդ ժամանակահատվածն ավելացնել, ինչը մենք արել էինք ժամանակին, բայց սկզբունքորեն դա ճիշտ ճանապարհ չէ։ Քանի որ Երևան ՋԷԿ-ը 60-ական թվականների տեխնոլոգիայով էր աշխատում, նրա ՕԳԳ-ն, այդ թվում տեսակարար վառելիքի ծախսերը կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի արտադրման համար, ի վերջո արտադրված էներգիայի սակագների ցուցանիշները շատ վատն էին, հետևաբար արդիականացնել 50-ամյա վաղեմության էներգակայանը այդքան էլ արդյունավետ չէր։ Ուստիև 2005 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ մենք նախաձեռնեցինք նոր էլեկտրակայանի կառուցում. մարտի 29-ին ՀՀ կառավարության և Միջազգային Համագործակցության Ճապոնիայի  բանկի միջև պայմանագիր ստորագրվեց, որով ճապոնական կողմը 241 մլն դոլարի ODA /զարգացող երկրներին ցուցաբերվող աջակցություն/ վարկ տրամադրեց հայկական կողմին  նոր տեխնոլոգիաներով ջերմաէլեկտրակայան կառուցելու նպատակով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 0.75 % էր, իսկ մարման ժամկետը` 40 տարի, ինչպես նաև առաջին 10 տարին վճարումներից ազատված էինք, սա արվում էր այն նպատակով, որպեսզի կառուցումից հետո էլեկտրակայանը աշխատեր ու կարողանար ֆինանսապես ոտքի կանգնել, կայուն եկամուտ ունենալ, ապա նոր մարեր պարտքը։  Այս պայմաններն, անշուշտ, շատ շահավետ էին հայկական կողմի համար և պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարվեցին միջազգային մրցույթներ և 2008 թվականի հունիսին մենք արդեն սկսեցինք նոր էներգաբլոկի կառուցումը, որը գտնվում է հնից ընդամենը 300 մետր հեռավորության վրա, և բոլորովին այլ աշխարհ է։ Դիտարկված նախագծերի 8 տարբերակներից մեր մասնագետներն ընտրեցին լավագույն և մեր երկրի համար ամենաարդյունավետ տարբերակը։ Այն ժամանակակից գազատուրբինային տեխնոլոգիայով համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան է. եթե հին էլեկտրակայաններում բնական գազն այրվում էր կաթսաների մեջ, տաքացնում էր ջուրը, որը գոլորշու վերածվելով մտնում էր տուրբինն ու արտադրում էլեկտրաէներգիա և ցիկլը փակվում էր, ապա այս դեպքում բնական գազն այրվում է անմիջապես գազատուրբինի մեջ, այսինքն միջանկյալ տաքացում այլևս գոյություն չունի, գազի այրման հետևանքով առաջացած ճնշման և ջերմաստիճանի էջքերը գազատուրբինի մեջ օգտագործվում են պտույտի համար և արդյունքում` գազատուրբինն արտադրում է էլեկտրական հզորություն։ Մեզ մոտ կիրառվող գազատուրբինն իր դասի  մեջ լավագույնն է աշխարհում` տրանսեվրոպական Alstom ընկերության GT13E2 գազատուրբինն է, որի էլեկտրական հզորությունը մոտ  180 մՎտ է և շահագործման մեծ փորձ ունի աշխարհում։ Բայց մենք չկանգնեցինք միացիկլ էլեկտրակայանի ընտրության վրա, մենք պատվիրեցինք նախագծել այնպես, որ գազատուրբինից հեռացող օգտագործված բնական գազի այրման արգասիքները ևս օգտագործվեն` մտնելով հատուկ, այսպես կոչվող, գոլորշու վերականգնման կաթսայի մեջ, որում բնական գազ չի վառվում, ուղղակի գազատուրբինի մեջ վառված հեռացող ծխագազերը մտնեն այդ կաթսայի մեջ, տաքացնելով ջուրը` վերածեն այն գոլորշու, այսինքն ջերմային էներգիայի լրացուցիչ օգտագործում տեղի ունենա, ինչպես նաև այդ շոգետուրբինում արտադրվի հավելյալ էլեկտրաէներգիա, այսինքն` գազատուրբինն արտադրում է 180 մՎտ, իսկ շոգետուրբինը` 63 մՎտ էլեկտրաէներգիա, ընդհանուր դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 մՎտ, իսկ եթե նկատի ունենանք, որ էլեկտրակայանը ի վիճակի է ջերմային էներգիա արտադրելու սպառիչների առկայության դեպքում, ապա ընդհանուր դրվածքային հզորությունը դառնում է 271 մՎտ։

-Նոր էլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ ողջ սարքավորումներն ու տեխնիկան բերվել են տարբեր երկրներից, սա բավականին բարդ ու պատասխանատու գործընթաց է։ Դժվար չէ՞ր արդյոք կանգնել նման մեծ մարտահրավերի առջև։

-Այո, ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրվել են տարբեր երկրներից, դա մի հսկայածավալ տեխնիկա էր` գազատուրբին, գազատուրբինի գեներատոր, ուժային տրանսֆորմատորներ։ Սրանց տեղափոխումը Հայաստան մեծ ռիսկեր էր պարունակում, նույնիսկ անհնարին էր թվում։ Երկաթուղային ճանապարհով տեղափոխումը վտանգավոր էր, քանի որ չկար ապահովագրություն, իսկ երկաթուղին էլ լավագույններից չէր։ Մենք ստիպված եղանք այդ սարքերը ներկրել ինքնաթիռով։ Վարձեցինք ԱՆ 225 “Մրիա” աշխարհի ամենամեծ և միակ ինքնաթիռը, որն ի դեպ ժառանգություն է մնացել ԽՍՀՄ-ից։ Ինքնաթիռը Ֆրանկֆուրտի օդանավակայանում վերցրեց Մանհայմից երկաթուղով բերված բեռը, վերալիցքավորման նպատակով միջանկյալ վայրէջք կատարեց Թուրքիայում, այնուհետև բարեհաջող կերպով վերջնական վայրէջք կատարեց “Զվարթնոց” օդանավակայանում։ Սա աննախադեպ մի ծրագիր էր, որը նկարահանվեց և մինչ օրս էլ ցուցադրվում է Discovery հեռուստաալիքով` իբրև բացառիկ մի իրադարձություն։

-Գործարկումից ի վեր` ինչպիսի՞ հզորությամբ է աշխատում նոր էլեկտրակայանը և որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրել յուրաքանչյուր տարի։

-Նոր էլեկտրակայանը գործարկվեց 2010 թվականի ապրիլի 21-ին։ 2011թվականին էլեկտրակայանը շարունակական աշխատել է 8468 ժամ, այսինքն` տարվա մեջ էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է ընդամենը մեկ անգամ` 140 ժամով` պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով, և արտադրել է 1685.7մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա շատ բարձր ցուցանիշ է։ 2012-ին աշխատել է 8246ժամ` արտադրելով 1641.87մլն.կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2013-ին` 7059 ժամ` արտադրելով 1405.75մլն.կՎտ/ժ։ 2014թվականի մարտի 28-ի դրությամբ աշխատել է 2088 ժամ` արտադրելով 427.42մլն. կՎտ/ժ էներգիա։ Տարածաշրջանում նման բարձր արդյունավետությամբ աշխատող էներգակայան դեռևս չկա, բոլորովին վերջերս նույն Alstom ընկերության հետ ՌԴ-ում սկսվել է նման էլեկտրակայաններիի կառուցում։

-Նորագույն տեխնոլոգիաներ, որոնց անհրաժեշտ են մասնագիտական նոր մոտեցումներ։ Ինչպե՞ս եք լուծում աշխատակիցների ու մասնագետների խնդիրը, պարոն Հովհաննիսյան։

-Եթե նախկին էլեկտրակայանում աշխատում էր 986 մարդ, քանի որ ամեն ինչ ձեռքով էր կատարվում, ապա նոր էներգաբլոկն աշխատում է ամբողջովին ավտոմատացված համակարգով, սկզբունքորեն էներգաբլոկի գործարկման ընթացքում մարդկային ռեսուրսի առկայությունը հասցված է նվազագույնի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, այսօր մենք ունենք 71 աշխատակից։ Էլեկտրակայանը կարող է աշխատել դիսպետչերական կայանի մեկ հրահանգով, ինչպես նաև տեղադրված է ամերիկյան Honneywell ընկերության ավտոմատ կառավարման համակարգի տեխնիկա, իսկ մենք գիտենք, որ հենց  Honneywell-ն է արտադրում ամերիկյան ավիացիայի կառավարման բոլոր ավտոմատիկաները, այդ թվում նաև տիեզերական ծրագրերի ողջ ավտոմատիկան։ Փաստորեն գործ ունենք նորագույն տեխնիկայի ու սարքավորումների հետ, որոնք պահանջում են համապատասխան գիտելիքներ, և որակավորման պատշաճ մակարդակ։ Սա ինժեներական նոր մակարդակ է, նոր մասնագիտություն մեր իրականությունում։ Ծրագրի շրջանակներում մեր մասնագետները համապատասխան վերապատրաստում են անցել։ Աշխատելու համար պարտադիր պայման է մասնագիտական գիտելիքների հիմնարար բազան և անգլերենի լավ իմացությունը։ Եթե մասնագիտորեն համապատասխանում է մեր չափանիշներին, սակայն ունի անգլերենի խնդիր, ապա մեր ընկերությունը գործուղում է նրան հատուկ դասընթացների, չէ՞ որ տեխնիկական ողջ գրականությունը,  սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը անգլերենով է և մի բառի սխալ թարգմանությունը կամ սխալ հասկանալը կարող է բերել անդառնալի հետևանքների։ Ունենք կադրերի պատրաստման հատուկ ծրագիր, հիմնականում վերցնում ենք պոլիտեխնիկի ջերմային էլեկտրակայանների և քիմիայի գծով երիտասարդ մասնագետներին, երբեմն նաև ԵՊՀ շրջանավարտների։ Երիտասարդ կադրը հատուկ հրամանով կցվում է փորձված մասնագետին, ով պարտավոր է պատշաճ կերպով փոխանցել իր գիտելիքները, փորձը և հմտությունները երիտասարդ մասնագետին։ Կա նաև քննությունների պարտադիր համակարգ. տարեկան մեկ անգամ բոլոր այդ մասնագետները քննություն  են հանձնում հատուկ հանձնաժողովի մոտ։ Քննության մեջ ներառված է տեսական մաս, շահագործման ինստրուկցիաներ, անգլերենի և համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն։ Եթե աշխատակիցը քննությունը բարեհաջող է հանձնում, ապա հրամանով իր աշխատավարձի հետ   ստանում է նաև ամենամսյա խրախուսական գումար, իսկ եթե քննության արդյունքներն անբավարար են, ապա նա զրկվում է հավելավճարից, և ժամանակ է տրվում նրան քննությունը վերահանձնելու համար։ Ծրագրի ընթացքում մենք  51 մարդու ուղարկել ենք արտերկիր համապատասխան ընկերություններում վերապատրաստվելու նպատակով` այդ թվում գազատուրբինի գծով` արտադրող ընկերություն Alstom (Շվեյցարիա), կաթսայի գծով` Հարավային Կորեա, շոգետուրբինի գծով` Ճապոնիա։ Վերապատրաստումից հետո որոշ մասնագետներ ետ են վերադարձել իրոք գոհացուցիչ արդյունքներով, գիտելիքների նոր բազայով, իսկ որոշներն էլ, ում թվացել էր, թե սա տուրիստական ճամփորդություն է, վերադառնալուց կարճ ժամանակ անց մեզ մոտ այլևս չեն աշխատում. այլ ճանապարհ չկա, նման անձինք տեղ չունեն ռազմավարական նշանակության այսպիսի լուրջ հիմնարկությունում։  Մասնագիտական այդ գիտելիքները ձեռք բերելուց հետո մասնագետները մեծ պահանջարկ կունենան արտասահմանյան երկրներում։

- Ամփոփելով արդյունքները` ի՞նչ եք կարծում, ի՞նչ տվեցԵրևան ՋԷԿ-ինոր էներգաբլոկը էներգահամակարգին և մեր երկրին ընդհանուր առմամբ։

-Համեմատության համար ասեմ, որ նախկին խորհրդային տարածքում, և ոչ միայն, նույնիսկ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում գործող հին “Երևան ՋԷԿ” ՓԲԸ-ի դասի էլեկտրակայաններն ունեին առավելագույնը 30% ՕԳԳ, պարզ ասած` 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար պայմանական վառելիքի տեսակարար ծախսը կազմում էր 370-400գ։ Մինչդեռ  նոր էլեկտրակայանի ՕԳԳ-ն 51% է, ունի լրիվ  կոնդենսացիոն ռեժիմ, իսկ նաև ջերմային էներգիայի սպառման առկայության դեպքում ՕԳԳ-ն կկազմի 71%։  1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար պայմանական վառելիքի տեսակարար ծախսը չի գերազանցում 256գ.։ Սա հսկայական ձեռքբերում է վառելիքի խնայողության, սակագների արդյունավետության առումով։

-Պարոն Հովհաննիսյան,  2013-ի սեպտեմբերին  Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ շուտով Երևան ՋԷԿ-ի հին էներգաբլոկներից մեկը կվերագործարվի, իսկ որպես էներգիայի աղբյուր կծառայի ածուխը, որը  կներկրվի ԼՂՀ-ից։ Ի՞նչ փուլում է այս ծրագիրը և ինչ հզորությամբ էլեկտրաէներգիայի մասին է խոսքը։

- Այս պահին դեռևս ընթացքի մեջ է մի նախագիծ, որով մենք պլանավորում ենք հին էլեկտրակայանի երկու կաթսաները վերագործարկել ածխի միջոցով, այո, ածուխը պատրաստվում ենք ներկրել ԼՂՀ-ից։ Հսկայածավալ աշխատանք արդեն իսկ իրականացվել է, տեղադրվել են համապատասխան սարքավորումները` աղացներ, հատիչներ, սեպարատորներ, տրանսպարտյորներ, պնևմոտրանսպարտյորներ։ Արդեն բարեհաջող կերպով փորձարկվել է այրման պրոցեսը փոքր քանակությամբ ածխով։ Նախատեսում ենք մոտ ապագայում ներկրել հարստացված ածուխ և գործարկել նախկին 7 էներգաբլոկներից երկուսը, որոնցից յուրաքանչյուրը կաշխատի 50 մՎտ հզորությամբ։

-Խնդրում եմ անդրադառնալ նաև բնապահպանության խնդրին։ Ի՞նչ է արվում բնության վրա ազդեցությունն ու շրջակա միջավայրին վնասելը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

-Մենք հետևում ենք ընդունված միջազգային ISO և ASME չափանիշներին։ Եթե դուք տեսնեք էլեկտրակայանի հոսքաջրերի ավազանը, կզարմանաք այնտեղ կուտակվող ջրի մաքրությունից։ Այս մաքրությունը ոչ միայն անզեն աչքով կարելի է տեսնել, այլ նաև պարբերաբար անցկացվող լաբորատոր հսկողության արդյունքներով։ Մենք ունենք հատուկ լաբորատորիա, որտեղ ավտոմատ կերպով տեղի է ունենում հոսող ջրերի մաքրության վերահսկում։ Ինչ վերաբերում է մթնոլորտ կատարվող արտահոսքերին ու արտանետումներին, ապա պետք է ասեմ, որ դրանք բավականին փոքր ծավալ են կազմում, նույնիսկ չեն հասնում միջազգային թույլատրելի սահմանային ցուցանիշին։ Նոր էլեկտրակայանի առավելություններից մեկը նաև այն է, որ կայանում տեղադրված են հատուկ չափիչ սարքեր, որոնց միջոցով յուրաքանչյուր վայրկյան մենք ինֆորմացիա ենք ստանում արտանետումների մասին, և եթե պատահի այնպես, որ թույլատրելի սանդղակից թեկուզ մեկ մմ անցնի, ապա  անմիջապես կմիանա համապատասխան ազդանշանը։ Օրինակ` ազոտի օքսիդների արտանետումը, որն ազդում է օզոնային շերտի վրա, չպետք է անցնի 15 ppm-ից։ Եթե այդ ցուցանիշը հասնի 15.1 ppm-ի, ապա անմիջապես միանում են ազդանշանային սարքերը, իսկ առավելագույն` 15.8 ppm-ի, էներգաբլոկն անմիջապես կարգելափակվի` կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մեզ մոտ այս ցուցանիշը կազմում է 13-14ppm։ Այս ցուցանիշները վերահսկվում են նաև միջազգային մակարդակով` Բադենում տեղակայված Alstom  ընկերության կենտրոնի կողմից։

-Պարոն Հովհաննիսյան, Դուք Ձեր կյանքի մեծ մասը նվիրել եք այս մասնագիտությանը և Երևան ՋԷԿ-ին։ Ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։

-(Ժպտում է) Ինքս իմ մասին խոսել չեմ սիրում, բայց թե ինչպես ընտրեցի այս մասնագիտությունը, կպատմեմ։ Հայրս հայոց լեզվի ուսուցիչ էր, վաստակավոր մասնագետ, Շիրազի ընկերն էր, նրա մտքով անգամ չէր անցնում, որ իր որդին ընտրելու է մասնագիտական բոլորովին այլ ուղղություն։ Իսկ ես չէի սիրում հումանիտար գիտություններ, ես նախընտրում էի տեխնիկական գիտություններ։ Թեև նա շատ խանդոտ էր վերաբերվում իմ այս ընտրությանը, սակայն ես առանց մտածելու ընտրեցի ինձ համար անչափ հետաքրքիր, նոր բացահայտումներով լի մասնագիտություն։ 1971թվականին ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտը ջերմային էլեկտրակայանների մասնագիտությամբ, այնուհետև գործուղվել եմ Երևանի ՋԷԿ ու կյանքս կապվել է այս հիմնարկությանը (Ժպտում է)։

Երևանի ՋԷԿ-ում  սկսել եմ ամենացածր բանվորական աշխատանքից. էներգետիկայում համակարգն ամբողջովին հասկանալու, ընկալելու և փորձ ձեռքբերելու համար պետք է սկսել աշխատանքային ամենացածր օղակից։ Ինչպես և այսօր, նախկինում էլ գործում էին հատուկ քննություններ, նորմատիվներ, որոնք հանձնելուց հետո միայն կարող էիր աշխատանքիդ մեջ առաջ գնալ։ Այդպես սկսեցի. տուրբինի շրջիկ օպերատոր /մեքենավար/, կաթսայի շրջիկ օպերատոր, այնուհետև` տուրբինի օպերատոր, հերթափոխի պետ, հետո` էլեկտրակայանի հերթափոխի պետ, այնուհետև  կաթսայատուրբինային արտադրամասի պետ, էլեկտրակայանի գլխավոր ինժեներ, և ի վերջո` 1991 թվականից էլեկտրակայանի գլխավոր տնօրեն։ Ընդհանրապես մի չգրված օրենք կա մեզ մոտ, յուրաքանչյուր տնօրեն իր տնօրինության ժամկետում մի նոր ներդրում, ձեռքբերում պետք է ունենար էլեկտրակայանում։ Իսկ ես տնօրենի պարտականությունները ստանձնեցի այնպիսի բեկումնային շրջանում, ինչպիսին ԽՍՀՄ փլուզումն էր։ Այս շրջանում Հայաստանն անկախացավ, երկրի համար սկսվեցին դժվարին ժամանակներ, տնտեսության և էներգետիկայի բոլոր ոլորտները հետընթաց ապրեցին, միամտություն էր թվում մտածել նորարարությունների, առաջընթացի ու թռիչքների մասին։ Սակայն մենք չհանձնվեցինք, կարողացանք շարունակել 30-ամյա ՋԷԿ-ի գործունեությունը, և ավելին` 2005-ին ձեռնամուխ եղանք նոր էներգաբլոկ կառուցելու գաղափարի իրականացմանը։ Այսօր` արդեն 9 տարի անց մենք ունենք տարածաշրջանում գործող եզակի տեխնոլոգիայով աշխատող ՋԷԿ, և նույնիսկ “հանդգնում ենք” մտածել երկրորդի կառուցման հեռանկարների մասին։

-Եվ որքանո՞վ է իրատեսական երկրորդ էներգաբլոկի կառուցումը։

-Ֆինանսավորման և ներդրումների տեսանկյունից ասեմ, որ շատ իրատեսական է, քանի որ մենք բավականին պատասխանատու և բարեխիղճ գործընկեր էինք ճապոնական կողմի համար։ Պահպանեցինք պայմանագրով նշված ժամկետները, բարեխղճորեն կատարեցինք մեր վրա դրված բոլոր պարտավորությունը, ուստի հետագա ներդրումների համար մենք հուսալի գործընկեր ենք։ Ասեմ նաև, որ մեզ հետ միաժամանակ Ճապոնիայի միջազգային զարգացման բանկը ֆինանսավորել է նմանատիպ 11 ՋԷԿ-երի կառուցում Մալազիա, Ուզբեկստան, Ինդոնեզիա, Ադրբեջան, Ավստրալիա և այլ երկրներում։ Սակայն միայն մենք ենք տեղավորվել սահմանված ժամկետներում, իսկ մյուսները խախտել են պայմանագրային ժամկետները, մեկնարկել, սակայն մինչ օրս չեն ավարտել կառուցման աշխատանքները։ Մեր դեպքում կա նաև խնդրի 2-րդ կողմը` մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի ներքին էներգետիկ համակարգի նպատակահարմարությամբ և շահերով։ Թե որքանով է անհրաժեշտ և արդարացված նոր էներգաբլոկի կառուցումը, պետք է որոշի ՀՀ կառավարությունը։

-Իսկ այս աշխատանքը ժամանակ թողնո՞ւմ է ընտանիքի համար, պարոն Հովհաննիսյան։

-Ձեզ անկեղծ պետք է պատասխանեմ` ոչ։ Հիմա կմտածեք, թե ինչու, չէ՞ որ նորագույն տեխնոլոգիա է, ավտոմատ գործող համակարգ, ինչո՞ւ պետք է երկար ժամանակ խլի ինձանից։ Ասեմ. այո’, նորագույն  տեխնիկա և տեխնոլոգիա, ավտոմատացված աշխատանք, սակայն բոլորովին նոր ու անծանոթ աշխարհ, մասնագիտական նոր հմտություններ, նորագույն գիտելիքներ պահանջող ոլորտ է, որն անընդհատ ու աչալուրջ հսկողության, կոորդինացման կարիք ունի, այնպես որ օրվա մեծ մասն անց եմ կացնում ՋԷԿ-ում։ Այստեղ այլընտրանք չկա, պետք է նվիրվել և աշխատել անմնացորդ, այլապես ուղղակի կձախողես ողջ աշխատանքը։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...