21:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առողջապահության Քրմուհին

2014-04-10 10:59

                                                                                                           «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)

                                              Աշխարհի բոլոր պարգևներից մնայուն է միայն բարի անունը

Ծնվել է 1943թ. փետրվարի 12-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։

Ավարտել է Երևանի Սպանդարյանի անվ. միջնակարգ դպրոցը։

1961թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։

1967-72թթ. աշխատել է տեղամասային բժիշկ IV-րդ մանկական հիվանդանոցի համաբուժարանում, այնուհետև տեղափոխվել է ստացիոնար, որպես օրդինատոր, որից հետո նշանակվել է մանկական բաժանմունքի վարիչ։

1982թ. նշանակվել է 7-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, որտեղ աշխատել է հինգ տարի։

1987թ. հունվարից նշանակվել է 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
Պարգևատրվել է  “ՀԽՍՀ առողջապահության գերազանցիկ” կրծքանշանով, “Մխիթար Հերացի” մեդալով, ՀՀ վարչապետի մեդալով, Արցախի նախագահի կողմից “Երախտագիտություն” մեդալով, Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով, արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի բարձր կոչման, Մարսելի (Ֆրանսիա) քաղաքապետի մեդալի և շատ ու շատ այլ պատվոգրերի ու շնորհակալագրերի։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Բարությունը տրվում է ի վերուստ, այն մարդու էությունն է։ Հենց նման հատկանիշով է օժտված “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը։ Առաջին հայացքից խիստ ու անկոտրում թվացող կնոջ հոգում իրականում թաքնված է կարեկցող, դիմացինին ամեն գնով աջակցող մարդու կերպար։
Մարդկանց աջակցելը Լիդա Մուրադյանի կյանքի սկզբունքն է, որով նա առաջնորդվում է տարիներ ի վեր։
21-րդ դարի սրտային վիրաբուժության թագուհի. թերևս այսպես կարելի է բնութագրել Լիդա Մուրադյանին, ով իր ողջ ներուժով, աշխատասիրությամբ ու համառությամբ կարողացավ ամերիկահայ հայտնի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ շատ կարճ ժամանակահատվածում հիմնադրել Հայաստանում սրտի վիրահատություն իրականացնող  առաջին բժշկական կենտրոնը “Նորք-Մարաշ” անվամբ։ 
Լիդա Մուրադյանն այն անձանցից է, ով կիսում է դիմացինի ցավը՝ այն դարձնելով իրենը։
Կյանքում առաջնորդվում է մի սկզբունքով՝ հնարավորինս աջակցել դիմացինին։
Աշխատանքին նրա նվիրվածությունը գնահատվում է ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ պետական մակարդակով։

 Ներկայացնում ենք “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի հարցազրույցը “Դե Ֆակտո” ամսագրին։

-Տիկին Մուրադյան, ինչպե՞ս է հիմնադրվելՆորք-Մարաշբժշկական կենտրոնը։

-”Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ.` նախկին Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցի սրտի արատների և ռևմատոլոգիայի բաժանմունքի հենքով։

1994թ. հունիսին մանկական սրտի վիրաբուժության ծառայությունն սկսեց գործունեությունը։ Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվեցին սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ, իսկ 1996թ.` նաև մեծահասակներ։ Ստեղծվեց մեծահասակների սրտաբանական կլինիկա։ Առաջին 5 տարիներին կենտրոնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով սկզբնապես Հայաստանում էր տարվա 6 ամիսը, վիրահատում էր մոտ 350 մեծահասակների և երեխաների։

Սրտի վիրաբուժության ծառայությունն արդեն իսկ տարածաշրջանում ճանաչված էր։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում սրտի վիրահատություններ չէին արվում. ով կարողանում էր, վիրահատության նպատակով մեկնում էր Մերձբալթյան երկրներ կամ Մոսկվա։ Քանի որ Հայաստանում այդ ծառայութունը չէր մատուցվում, ուստի մահացությունների թիվը մեծ էր։ Մենք մեր առջև նպատակ դրեցինք ստեղծել այնպիսի կենտրոն, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա մեկնել արտերկիր՝ սրտի վիրահատություն կատարելու նպատակով և իսկապես 3-4 տարի անց՝ 1997-1998թթ. “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնը դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ։ Իսկ նման վստահություն ձեռք բերվեց կենտրոնում վիրահատված անձանց շնորհիվ. ժողովուրդը միմյանց փոխանցում էր, որ Երևանում կա մի կենտրոն, որտեղ աշխատում է ամերիկահայ բժիշկը, որտեղ ստեղծվել է դպրոց և վիրահատությունները կատարվում են բարձր մակարդակով։ Առայսօր էլ մեր բժշկական կենտրոնը համարվում է տարածաշրջանային, և այստեղ վիրահատվելու նպատակով բազմաթիվ հիվանդներ են գալիս արտերկրից։ Շատ հաճախ  Մոսկվայում այս կամ այն կլինիկայում բժիշկներն իրենք են հիվանդներին խորհուրդ տալիս գալ Հայաստան, քանի որ սրտի վիրաբուժության ծառայությունը մեր կենտրոնում դրված է ամուր հիմքերի վրա, մատչելի է ու որակյալ։

Հրայրի հետ մեր համագործակցության սկիզբն իսկական երևույթ էր. դա նշանակում էր, որ շատ երեխաներ արդեն իսկ փրկված են։

-Ինչպե՞ս ստացվեց սրտի տաղանդավոր վիրաբույժ և մեծ հայրենասեր, “Մեսրոպ Մաշտոցշքանշանակիր դոկտոր Հրայր Հովակիմյանի հետ Ձեր համագործակցությունը։

-Հրայր Հովակիմյանը Հայաստան եկավ երկրաշարժից հետո։ Դրան հաջորդեցին անկախության առաջին դժվարին տարիները, պատերազմը. սոցիալ-տնտեսական բավականին ծանր իրավիճակ էր։ Սփյուռքի հայությունը, հատկապես ԱՄՆ-ի, Միացյալ հայկական ֆոնդի միջոցով իր շուրջը համախմբեց մասնագիտական մի թիմ, և յուրաքանչյուրն առաջարկեց իր օգնությունն արդեն անկախ Հայաստանին, և դոկտոր Հրայր Հովակիմյանը նրանցից մեկն էր։ Այդ տարիներին սրտի վիրաբուժությունը Հայաստանում սաղմնային վիճակում էր` որպես ժառանգություն Խորհրդային Միությունից, և սրտի խնդիրներ ունեցող շատ մարդիկ լիարժեք բուժում ստանալու հնարավորություն չունեին։

Մեծ ցավով եմ հիշում, թե որքա՜ն երեխաներ են մահացել սրտի բնածին արատների պատճառով... Հրայրի հայտնվելը Հայաստանում իսկական երևույթ էր. դա նշանակում էր, որ շատ երեխաներ արդեն իսկ փրկված են։

1992-1993թ.թ. նա աշխատում էր Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ Այդ ժամանակահատվածում իմ ղեկավարած թիվ 2 մանկական հիվանդանոցից, որտեղ կար սրտի բնածին կամ ձեռքբերովի արատներով հիվանդների բաժանմունք, երեխաները նախապատրաստվում և տեղափոխվում էին Միքայելյանի անվան ինստիտուտ վիրահատվելու։ Վիրահատությունները կատարում էր Հրայր Հովակիմյանը։

Այնպես ստացվեց, որ 1993թ. վերջերին դոկտոր Հովակիմյանը որոշեց հեռանալ այդ բուժհաստատությունից։ Այն ժամանակվա առողջապահության նախարար Արա Բաբլոյանի առաջարկությամբ 1993-ի նոյեմբերին մի քանի բժիշկների հետ, ովքեր առաջին օրվանից եղել են Հրայրի կողքին, սովորել և սովորեցրել են երիտասարդ մասնագետների, ի նպաստ ծառայության զարգացման, պահպանման և առաջընթացի՝ Վիլեն Մանուկյան, Կարինե Սարգսյան, Գոհար Ենգոյան, Գագիկ Մովսիսյան, Իրինա Բակունց, Կարեն Քուրդով, արժանահիշատակ Կոնստանտին Տեր-Ոսկանյան, Հովիկ Զոհրաբյան և այլոց, որոնց հետ աշխատում էր արդեն, նա տեղափոխվեց մեզ մոտ։

...Հրայրը առաջին տարիներին Հայաստան էր գալիս վեց ամսով։ Սկզբում նա զբաղվում էր միայն մանկական սրտի վիրաբուժությամբ։ Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ առաջին վիրահատությունը Հայաստանում նա կատարեց 1994թ. հունիսին։

...1993-ի նոյեմբերին պայմանավորվեցինք. ես պետք է հասցնեի մանկական հիվանդանոցի բազայի վրա կառուցել վիրահատարան, հետվիրահատական վերակենդանացման բաժին, զոնդի լաբորատորիա, արյան դոնորական լաբորատորիա... Շենքը պետք է հիմնովին վերակառուցվեր։

...Հիշենք այն ժամանակները. պետության բյուջեն շատ սուղ էր, պետական ներդրում չեղավ... Բոլոր հարցերով դիմում էի խորհրդային ժամանակներից պահպանված մեր գործարանների տնօրեններին, տարբեր շինարարական կազմակերպություններին, նույնիսկ` հանքավայրերի ղեկավարներին, որոնք իրենց պահեստներում ունեին պահած-պահպանած զանազան անհրաժեշտ շինարարական նյութեր։ Հիմա խորին հարգանքով են հիշում բոլոր այդ մարդկանց, ովքեր երբեք ինձ չմերժեցին։

Անհավատալի է, սակայն ընդամենը երեք ամսում կառուցեցինք պահանջվող բոլոր օղակները, այդ թվում և զոնդավորման լաբորատորիան, որտեղ տեղադրվեց ամերիկյան կողմից հետագայում նվեր ստացած սարքավորումը։

1994թ. ապրիլի վերջերին զանգահարեցի Հրայրին Ամերիկա և ասացի, որ ամեն ինչ պատրաստ է։ Ասեմ, որ նա շատ զարմացավ, որ այդ կարճ ժամանակահատվածում, այն էլ մեր տնտեսության այդ բարդագույն շրջանում, կարողացել ենք այդ ամենը հասցնել։

-Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Հրայր Հովակիմյանը վիրավորված է և հեռացել է Հայաստանից։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

- Պաշտոնապես հայտարարում եմ. այդպիսի բան չկա՛, և չի՛ էլ կարող լինել։ Պարզապես Հրայրի սիրելի մայրիկը վատառողջ է, և հասկանալի պատճառներով որդին գերադասում է ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ, սակայն նա գալիս է Հայաստան, վիրահատում մանկահասակների և վերադառնում ԱՄՆ։

-Ինչպիսի՞ գնային քաղաքականություն է տարվում բժշկական կենտրոնում՝ այլ երկրների համեմատ։

-Աշխարհում ամենացածր արժեքները գործում են մեր կենտրոնում։ Օրինակ, վերցնենք Վրաստանը, որի հետ մենք շատ լավ կապերի մեջ էինք և ընդօրինակելով մեզ՝ նրանք  սկսեցին տարբեր կենտրոններ բացել, սակայն նրանց վիրաբուժությունը դեռևս զարգացման փուլում է և անգամ այնտեղ  ծառայություններն ավելի թանկ են, քան Հայաստանում։ Ռուսաստանում, Հայաստանի համեմատ, սրտի վիրահատությունները երեքից չորս անգամ ավելի թանկ են, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ թանկ են տաս անգամ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ մեր կենտրոնում մատուցված ծառայությունների որակը բացարձակապես չի զիջում արտերկրում գործող բժշկական կենտրոններին։ Մենք մտածված ենք նման քաղաքականություն վարում՝ հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը։

 “Նորք-ՄարաշԲԿ-ի գոյության ընթացքում  ո՛չ մի մարդ գումար չունենալու, կամ դրա միայն մի մասն ունենալու պատճառով չի զրկվել բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

 -Ինչպես ինքներդ նշեցիք, սրտի վիրահատությունը բավականին թանկ է և շատ դեպքերում՝ ոչ բոլոր հիվանդներն են կարող դիմել վիրահատության համար։ Արդյո՞քՆորք-Մարաշբժշկական կենտրոնում հաշվի է առնվում ֆինանսական խնդիրներ ունեցող հիվանդների սոցիալական վիճակը և դրանից ելնելով՝ փոխզիջումներ արվու՞մ են։

-Առաջին իսկ օրվանից մեր հիվանդանոցում որոշում կայացվեց օգնել և աջակցել մարդկանց։ Բազմաթիվ դեպքեր են լինում, երբ հիվանդները դիմում են ինձ նման խնդրանքով։ Տարեկան անսահման թվով զեղչեր են արվում, այդ մասին կարող են փաստել քաղաքացիները։ Միայն կարող եմ ասել, որ ես դրանից ինձ հանգիստ եմ զգում։ Բազմաթիվ թվով անվճար վիրահատություններ ենք իրականացրել, որոնք չեմ էլ կարող մտաբերել և ներկայացնել թվային տարբերակով։ Ինքս յուրահատուկ վերաբերմունք ունեմ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների և մտավորականության հանդեպ։ Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ “Նորք-Մարաշ” ԲԿ-ի գոյության ընթացքում  ո՛չ մի մարդ գումար չունենալու, կամ դրա միայն մի մասն ունենալու պատճառով չի զրկվել բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

-Ինչպիսի՞ պետական աջակցություն է ստանում բժշկական կենտրոնը։

-Պետական աջակցությունը գործում է մինչև 18 տարեկան երեխաների համար։ Մեզ մոտ երեխաների համար վճարովի ոչինչ չկա՝ անկախ նրանից պետական աջակցությունը բավարար է, թե ոչ։  Թեպետ ամեն տարի պետական աջակցությունն աճում է, որպեսզի կոմպենսացնի բոլոր ծախսերը, այդուհանդերձ առողջապահության նախարարությունը գիտակցում է այդ ամենը և տարեց տարի ավելացնում է բյուջեն։ Երեխաների բնածին որոշ տհաճ արատների շտկումը ներզարկերակային ճանապարհով բավականին թանկարժեք սարքերով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, արվելու է թանկարժեք դիվայսներով, որն անհամեմատ թանկ է։ Բացի այդ, պետական աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով ընտանիքներին։  36 և ավել աղքատության շեմ ունեցող ընտանիքներին մատուցվում է անվճար ծառայություն։ Մենք էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեն մեծ չէ՝ զեղչված գներ ենք ներկայացրել այդ ընտանիքների համար, որպեսզի պետությունը կարողանա հոգալ նրանց ծախսերը։ Կարծում եմ, որ սրտի վիրաբուժությունն աստիճանաբար գնում է անվճար պետական աջակցության մեջ ամբողջությամբ ներառելուն։ Ժողովուրդը պետք է համբերությամբ զինվի և սպասի։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթներում նշում է, որ սրտի վիրահատությունն ի վերջո կդառնա անվճար։  Փառք Աստծո, այժմ բավականին մեծ թիվ են կազմում պետական աջակցություն ստացող սոցիալական խմբի մեջ ընդգրկված մարդիկ։

 Վստահեցնում եմ, որ մեր հիվանդանոց հիվանդի կողմից ոչ մի դեղորայք  կամ բուժպարագա  չի մտնում։ Բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու բուժման համար անհրաժեշտ պարագաները տրամադրվում ենՆորք-Մարաշբժշկական կենտրոնի կողմիցե։

 -Կարելի՞ է ասել, որ այսօրՆորք-Մարաշբժշկական կենտրոնը հագեցած է սրտի վիրահատության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, թե՞ սարքավորումների պակաս կա։

-Հիվանդանոցում սրտի վիրաբուժության համար ոչ մի սարքավորման պակաս չկա։ Հիվանդանոցն այնքան հագեցած է սարքավորումներով, գործիքներով և անհրաժեշտ պարագաներով, որ մեր ծառայությունների հետ շփվող շատ ու շատ պրոֆեսիոնալ մասնագետներ զարմանք են հայտնել` ասելով, որ այսքան զարգացած ծառայություների մասին կարելի է երազել։ Վստահեցնում եմ, որ մեր հիվանդանոց հիվանդի կողմից ոչ մի դեղորայք կամ բուժպարագաներ չեն մտնում։ Բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու բուժման համար անհրաժեշտ պարագաները տրամադրվում են “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնի կողմից։

Եթե մենք աշխատում ենք եվրոպական չափորոշիչներին համապատասխան, ապա չենք կարող այլ կերպ աշխատել։ Ինվազիվ սրտաբանության մեջ մենք ունենք երկու կորոնարոգրաֆի ապարատ. մեկը 7-8 տարվա գործածված է և լավ պահպանված, մյուսը՝ ամբողջությամբ նորը, 1 մլն դոլար արժողությամբ, նախորդ տարի նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։ Կենտրոնը չի դադարում նորացնել իր ախտորոշիչ և բուժական սարքավորումները։  Կուզենայի հատուկ նշել, որ կարևորագույն հարցերով դիմում եմ հանրապետության նախագահին, և նա անմիջապես արձագանքում է։ Լաբորատորիայի բոլոր սարքերը 1.5 տարվա են։ Ունենք նաև դասական պահանջներով արյան դոնորական ծառայություն, որի լաբորատորիան հագեցած է այսօրվա ժամանակակից լաբորատոր բոլոր անալիզատորներով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հատկացվեց բյուջե` թթվածին արտադրող սարք ձեռք բերելու նպատակով, որը գնման գործընթացի մեջ է։

 -Ի՞նչ գերխնդիրներ է իր առջև դրել բժշկական կենտրոնը։

-Բժշկությունը չպետք է դոփի նույն տեղում։ Ամեն տարի ներդրվում են գիտապրակտիկ և ախտորոշիչ նորագույն տեխնոլոգիաներ։ Ինվազիվ սրտաբանության մեջ մենք կապված ենք Եվրոպայի հետ, սակայն ուսումնասիրում ենք նաև ամերիկյան փորձը, սրտի բաց վիրահատությունների մեջ հետևում ենք ամերիկյան դպրոցին։ Բոլոր նորագույն մեթոդներն ու նոր առաջարկությունները Հրայր Հովակիմյանը ներմուծում է մեր կենտրոն։ Արդեն իսկ “Նորք Մարաշ” բժշկական կենտրոնում սկիզբ է դրվել անոթային վիրաբուժություն։ Այդ նպատակով ավստրալիացի հայտնի բժիշկ Րաֆֆի Քասաբյանը տարին երկու անգամ ժամանում է Հայաստան` “Նորք Մարաշ” բժշկական կենտրոն և վիրահատում նախապես հերթագրված, հետազոտված հիվանդներին։

-Իսկ բժշկական կենտրոնում աշխատող մասնագետները վերապատրաստվու՞մ են արտերկրում։

-Դրսում վերապատրաստվելու անհրաժեշտություն չի եղել։ Բախտավոր է  այն վիրաբույժը, ով սրտի տաղանդավոր վիրաբույժ և մեծ հայրենասեր, “Մեսրոպ Մաշտոց” շքանշանակիր դոկտոր  Հրայր Հովակիմյանի դպրոցն է անցնում և նրա մոտ սովորում։ Սրտի վիրաբույժների պատրաստման հարցը Հրայր Հովակիմյանի առաքելությունն է, իսկ ինվազիվ (փակ ներսրտային միջամտություն) սրտաբաններ պատրաստելու համար մշակվեցին տարբեր ծրագրեր ինչպես տեղում, այնպես էլ արտերկրում որակավորում ստանալու համար։ Դրանից զատ, կենտրոնում ի սկզբանե գործում է “fellowship” ծրագիրը, երկու տարով սրտաբանություն և ևս երկու տարով ինվազիվ սրտաբանություն. այսինքն` վիրաբուժական և մանկական սրտաբանության ռեզիդենտուրան ստանում է հետդիպլոմային կրթություն։ Մշակվեցին և կյանքի կոչվեցին դասական մասնագիտական ուսուցողական մի շարք ծրագրեր։ Յուրաքանչյուր տարվա համար հայտարարվում է ընդունելություն անհրաժեշտ չափանիշներով։  Ինվազիվ սրտաբանները վերջին փուլում պարտադիր երեք ամիս Մարսելում են վերապատրաստվում։ Սրտի վիրաբուժության հայկական դպրոցը Հրայրի մենաշնորհն է, և բոլորը նրա սաներն են։ Մեր կադրերն ի զորու են լրիվ ուսուցողական ծրագրեր անցկացնել այստեղ։

-Տարեկան քանի՞ վիրահատություն է իրականացվում բժշկական կենտրոնում։

-Տարեկան այստեղ բաց վիրահատության է ենթարկվում շուրջ 1000 հիվանդ, որից 170-180-ը երեխաներ են։

600-700 ներզարկերակային ճանապարհով ինվազիվ վիրահատություն է արվում։ Ինչ վերաբերում է մահացության տոկոսին, ապա այն երբեք չի գերազանցել Եվրոպային և ԱՄՆ-ին։ Ընդհակառակը՝ մեզ մոտ մեծահասակների վիրաբուժական մահացությունը տատանվում է 3.6-3.8 տոկոսի սահմաններում, ԱՄՆ-ինը՝ 4.2-4.4, Եվրոպայինը՝ 4-4.4 և այլն։ Երեխաների մահացության ցուցանիշը նույնպես ավելի ցածր է, քան այլ երկրներում։

Սրտի վիրաբուժության մեջ մահացությունը հիմնականում գրանցվում է այն դեպքերում, երբ դիմում են աորտայի պատռվածքով, անևրիզմաներով, ունեն վատ անամնեզ. այսինքն՝ ունեն երիկամների խնդիր, լյարդի խնդիր և այլն։ Մահացությունը գրանցվում է բարդ և ուշացած դեպքերից։

-Տեղյակ եմ, որ բարեգործական ծրագրեր եք իրականացնում Արցախում, ամիսներ առաջ ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել եք “Երախտագիտություն” մեդալով։ Կպատմե՞ք այդ մասին։

-Բավականին բարեգործական ակցիաներ ենք կատարել և շարունակում  ենք կատարել հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում։ Սիրում ենք Արցախը և ցանկանում ենք ինչ-որ բանով օգտակար լինել։ Տարին մեկ անգամ երեք օրով մեկնում ենք Արցախ և հետազոտում ենք մինչև 360` առաջնային և կենտրոնում նախկինում վիրահատված կամ ստենդավորված հիվանդներին։ Մեզ հետ տանում ենք դեղամիջոցներ և ուղղակի բաժանում դրանց կարիքն ունեցող հիվանդներին։ Կրիտիկական վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում ենք այստեղ։ Մեկ օր նվիրում ենք դասախոսությունների` ԼՂՀ տարածքի սրտաբանների, թերապևտների, մանկաբույժների համար։ Այնտեղի մասնագետներին հնարավորություն ենք տալիս մի քանի ամսով վերապատրաստվել այստեղ։  Մեր դռները միշտ բաց են նրանց առջև։ Ջավախքի և Արցախի ժողովրդին այլ աչքով ենք նայում։

-Արդեն իսկ քննարկումներ են ընթանում պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուը Հայաստանում ներդնելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հարցի վերաբերյալ։

-Շատ ճիշտ եմ համարում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը Հայաստանում։ Արտասահմանում էլ գործում է այդ համակարգը։ Եվրոպայում եթե խոսում ես ժողովրդի հետ, նրանք ոչ մի խնդիր չունեն, ցանկացած առողջական խնդիր նրանք լուծում են պարտադիր ապահովագրության միջոցով։ Դա ճիշտ է մեր երկրի համար, քանի որ ազգաբնակչության մեծ տոկոսը վճարունակ չէ, ավելի լավ է յուրաքանչյուր ամիս ինչ-որ գումար վճարել. հետո ազատ լինել բոլոր տեսակի ֆինանսական խնդիրներից։ Ես կարծում եմ, որ դա նույնիսկ անհրաժեշտ է։ Օրինակ, մեր հիվանդանոցի աշխատողները՝ շուրջ 430 մարդ, ովքեր կատարել են մասնավոր բժշկական ապահովագրություն, հիվանդանոցն իր վրա է վերցրել ապահովագրական ծախսերի որոշակի մասը։ Բացի այդ, մեր բժշկական կենտրոնում աշխատող անձանց համար կենտրոնում  մասնագիտական բուժծառայությունը մատուցվում է անվճար, իսկ նրանց ընտանիքի անդամների համար գործում է 50 տոկոս զեղչ։

Առաջնորդվում եմ մի սկզբունքով. եթե մարդ մտել է իմ  աշխատասենյակ ինչ-որ խնդրանքով, պետք է այնտեղից տխուր դուրս չգա։

-Արդեն 27 տարի է՝ ղեկավարում եք այս հաստատությունը։ Բնականաբար՝ շատ խոչընդոտներ եք հաղթահարել և բազմաթիվ խնդիրներ լուծել։ Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս նույն ոգով և եռանդով շարունակելու աշխատանքային բուռն գործունեությունը։

-Ինձ թվում է դա բնատուր ոճ է յուրաքանչյուր մարդու մեջ։ Ես փորձում եմ սեփական եզրակացությունն ունենալ. գեները փոխանցվում են։ Երջանիկ է այն մարդը, ով ճիշտ գեներ է ստանում։ Եթե դու աշխատասեր չես, քեզ ոչինչ չի փոխի։ Տարիների փորձն ինձ ցույց է տալիս, որ մարդն իր գիտելիքներն ավելացնում է դարձյալ իր ունակությունների շրջանակներում։ Որտեղ աշխատել եմ, եղել եմ առաջատարների շարքում։ 1967-72թթ. աշխատել եմ տեղամասային բժիշկ IV-րդ մանկական հիվանդանոցի համաբուժարանում, այնուհետև տեղափոխվել եմ ստացիոնար, որպես օրդինատոր, որից հետո նշանակվել եմ մանկական բաժանմունքի վարիչ։

1982թ. նշանակվել եմ 7-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, որտեղ աշխատել եմ հինգ տարի։

1987թ. հունվարից նշանակվել եմ 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Շատ հաճախ եմ լսել հարցադրումը, թե ինչպես եմ կարողանում հասնել այս ամենին։ Ի վերջո եկել եմ այն եզրակացության, որ մարդու մեջ դա պետք է լինի։ Այն, ինչ չեմ սիրում անել, երբեք չեմ անի։  Իմ ուժն ու եռանդը հավանաբար բնատուր է,  շնորհակալ եմ իմ ծնողներից, որոնցից վերցրել եմ այն գծերը, որոնք պետք են մարդկանց։ Գտնում եմ, որ ղեկավարելու շնորհը տրվում է ի վերուստ։   Առաջնորդվում եմ մի սկզբունքով. եթե մարդ մտել է իմ  աշխատասենյակ ինչ-որ խնդրանքով, պետք է հուսախաբ  դուրս չգա։

Եթե իմ փոխարեն ուրիշին պատկերացնեմ, ապա գուցե ես էլ զարմանամ, թե ինչպես է դա հնարավոր, քանի որ կնոջ համար սա, իրոք, ծանր և նվիրում պահանջող աշխատանք  է։ Բայց երբ իմ անձի տեսանկյունից եմ նայում, հիշում եմ, որ չի եղել մի դժվարություն, որ չհաղթահարեմ։ Ընդհանրապես, էությամբ տեղում դոփել չեմ սիրում։ Շատ ծանր վիճակներ եմ ապրել սկզբում, երբ նոր էր ձևավորվում կենտրոնը, երբ հոսանք չկար, երբ պետք է փորձեի հայթայթել անվճար միջոցներ։ Ի դեպ, ում դիմել եմ խնդրանքով, ինձ ոչ ոք չի մերժել, և ես շատ գոհ եմ դրանից։

Եթե այսօր երկիրն ունի այսպիսի կենտրոն, դա ինձ համար և՛ հաց է, և՛ ջուր, և՛ կյանք, և՛ արվեստ, և՛ երաժշտություն։ Ուրախ եմ  մեր ժողովրդի համար, որ կա մի օազիս, սրտի վիրաբուժության դասական կենտրոն, մի հանգրվան, որին կարող է ապավինել։ Նման կենտրոն Հայաստանի նման փոքր, տնտեսական ճգնաժամերով երկիրը, չէր կարող ունենալ, սա շատ ծանր, թանկարժեք ծառայություն է։

 Ես երջանիկ եմ իմ աշխատանքով։

-Արդյո՞ք մարդկանց ղեկավարելու ունակությունը, համառությունն ու եռանդը ժառանգաբար փոխանցվել են Ձեր զավակներին։

-Ունեմ երկու զավակ։ Որդիս և դուստրս չափից դուրս բարի են։ Միայն կարող եմ ասել, որ տղայիս ընկերական շրջապատը նրան սիրում ու առանձնացնում է իր ճշտախոսության և բարության համար։ Որդիս տնտեսագետ է, աղջիկս՝ մասնագիտությամբ բժշկուհի, ապրում է Մոսկվայում։ Զավակներս ամեն ինչ կանեն իրենց վնաս տալով՝ միայն թե չմերժեն  դիմացինին ոչ մի հարցում։ Բնավորության նույն գիծն ուներ նաև մայրս։ Երբ նա բակ էր իջնում, գրպանում շոկոլադ  էր պահում բակի երեխաներին բաժանելու համար։ Երբ կարիքավորը մեր դուռն էր թակում, նա մեծ ցավ էր ապրում, տանը ինչ կար ՝ հավաքում տալիս էր նրանց։

Հորս գնդակահարեցին, երբ ես մի քանի ամսական էի։ Նա  մանկավարժ էր, ուներ բանաստեղծական մեծ շնորհք, կարող էր շատ բարձունքների հասնել ու բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն ամենը մի կողմ էր դրել ու պայքարում էր անկախ Հայաստանի համար։

Պապս մշեցի էր. նա ևս շատ գթասիրտ էր։ Հորեղբայրս պատմում էր, որ նա հրահանգում էր ընտանիքի անդամներին երբեք իրենց տան աշխատողներին ընտանիքի անդամներից չտարբերել։

Կարող եմ վստահեցնել, որ գեներն ամենաուժեղն են։ Այսօր էլ այդ գեները ժառանգել եմ ես ու իմ զավակները։

 Ես վատ զգալու առիթ չունեմ ո’չ իմ նախկինի, ո’չ էլ ներկայի համար։ Իմ դուռը երբեք փակ չի լինում, միշտ կիսաբաց է։ Երբ գալիս ու դիմում են ինչ-որ խնդրանքով, աննկատ հետևում եմ, որ  մերժումով չվերադառնան։ Դա մարդու բնույթից է գալիս։ Ես երջանիկ եմ իմ աշխատանքով։ Հիվանդանոցում իմ ժամերն այնքան արագ են անցնում, որ չեմ հասցնում հոգնել։ Հոգնածություն զգում եմ միայն երեկոյան ժամը 9-10-ին, երբ արդեն պատրաստվում եմ տուն գնալ։ Իսկ տանը բազմոցին նստած ամբողջ օրվա մտապատկերներն են գալիս աչքիս առաջ։ Մեկ ինձ բավարարված եմ զգում, մեկ զայրացած լինում, մեկ անհանգստացած, որ մի բան բաց եմ թողել և անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու վաղը, որ այդ հարցերը լուծում ստանան։

Երբ  բաժանմունքով անցնում եմ, երբեք չեմ սիրում աշխատակիցներին հրապարակավ դիտողություն անել։ Ես ընդամենը հինգ տարի եմ շարքային բժիշկ աշխատել, դա էլ է խոսում այն մասին, որ աշխատանքում գնահատվել եմ։

Տարիներ առաջ, երբ ընդամենը վեց ամիս էի աշխատում որպես բժիշկ,  գլխավոր բժիշկն ինձ իր մոտ հրավիրեց ու ասաց, որ ցանկանում է իմ նկարը տեղադրել պատվո տախտակին, ինձ անհարմար զգացի՝ ասելով, որ անհարմար է, չէ որ նոր աշխատող եմ…Ի վերջո, ինքս իմ լուսանկարը չտվեցի. ինձնից գաղտնի իմ գործընկերուհին էր  նկարս տվել ու երբ այն տեսա պատվո տախտակին, շատ անհարմար զգացի։

Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ…Միշտ ասում եմ՝ վերևում Աստված կա։ Հորս գնդակահարեցին, երբ մայրս 17 տարեկան էր, պապս ինքնասպան եղավ` չհաշտվելով որդու կորստի հետ, դաժան կյանքով ապրեցինք, հետապնդումների ենթարկվեցինք։ Պատկերացնում եք՝ կարող էի քաղցած լինել, բայց դասարանում ինձ այնպես էի պահում, կարծես ամենակուշտը ես եմ։ Հիմա էլ չեմ կարող որևէ խեղճի ուղղակի նայել։

Հետագայում ամեն ինչ կար, բայց ինձ համար դա գրոշի արժեք չուներ, ինձ համար լավ ուտելն ու հագնվելը, սեփականություններով խեղդվելը կյանքիս իմաստը չեն, փառավորվում եմ, երբ մեկին ինչ-որ բանով օգնում եմ։

 -Հավանաբար  ուշ եք տուն գնում։ Ընտանիքին ժամանակ կարողանո՞ւմ եք հատկացնել։

-Ես տուն շատ ուշ եմ գնում ու էլի մտածում եմ, պլանավորում հաջորդ օրվա անելիքներս, կիսատ մնացած գործերս։ Կիրակի օրերը տանից դուրս չեմ գալիս, տրամադրում եմ երեխաներիս, թոռներիս։   

-Համամի՞տ եք այն կարծիքին, որ կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։ 

-Ոչ այնքան։ Կան կանայք, որոնք ի վերուստ տրված ուժ ունեն իրենց մեջ։ Իրենց հոգևոր ուժը, ազդեցության տարածությունն ու համակրանքի ուժը շատ մեծ է։ Այդպիսի կանայք, իրոք, ուժեղ են, հպարտ, ունեն ներքին կայունություն, կամքի ուժ և, ինչու ոչ, նաև արտաքին համահունչ տվյալներ։

-Բժշկությունից դուրս ինչ հետաքրքրություններ ունեք։

-Սիրում եմ ստեղծագործել։ Այդպես կարողանում եմ արտահայտել իմ հոգում թաքնված հույզերը։ Ստեղծագործական ունակություններս ժառանգել եմ հորիցս։

-Ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց մարտի 8-ի տոնի առթիվ։

 -Մաղթում եմ նրանց անձնական երջանկություն։ Թող բոլոր կանայք միշտ կին մնան և վայելեն իրենց ընտանեկան երջանկությունը։ Եթե կինն անձնական երջանկություն չունի, ինչով էլ շրջապատված լինի, ինչպիսի ուղի էլ անցած լինի, միևնույնն է, նրա կյանքում ինչ-որ ստվերային կողմ մնում է։ Ես ուզում եմ, որ մեր կանայք  հաջողակ լինեն, փառավորեն տղամարդկանց  և նաև ներգրավված լինեն պետության շինարարության գործում։ 

 

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...