13:00
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի համար ձևավորում է անվտանգության կայուն և անշրջելի երաշխիքներ

2014-03-20 11:37

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Համոզված եմ, որ 2013թ. մեր նորագույն պատմության մեջ կհիշատակվի երկու հիրավի պատմական փաստերով` Մաքսային միությանը ՀՀ  անդամակցության որոշմամբ և Եվրամիության հետ Հայաստանի  համագործակցությանը որակապես նոր բովանդակության հաղորդմամբ։  

Խոսրով Հարությունյան, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

-Պարո՛ն Հարությունյան, ինչպիսի՞ քաղաքական տարի էր 2013թ., ի՞նչ կարևոր իրադարձություններ կառանձնացնեք։

-Կարծում եմ՝ 2013թ. նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմտնի որպես մեր երկրի ապագայի  համար բացառիկ կարևորության քաղաքական որոշման ընդունման  տարի. խոսքս  Մաքսային միությանը ՀՀ  անդամակցության մասին է։ Այն որակապես նոր հորիզոններ և հնարավորություններ է բացում  Հայաստանի համար։ Թե որքանով մեզ կհաջողվի դրանք արդյունավետ օգտագործել, անշուշտ, ժամանակը ցույց կտա։

Միաժամանակ 2013թ. պետք է համարել նաև Եվրամիության հետ Հայաստանի  համագործակցությանը որակապես նոր բովանդակություն հաղորդելու տարի։ Բանն այն է, որ թեպետ  ԵՄ-ի հետ նախատեսված Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում   չնախաստորագրվեց, այդուհանդերձ  փոխարենը կողմերը ստորագրերցին հուշագիր, որում արձանագրվեց, որ Եվրոպական միությունը և Հայաստանը կարևորում են   իրենց համագործակցությունը ապագայում և պատրաստ են շարունակելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հավանաբար  շատ շուտով  կմեկնարկի Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ադապտացված տարբերակի շուրջ բանակցությունների  գործընթացը։ Ես դա շատ եմ կարևորում։

Համոզված եմ, որ 2013թ. մեր նորագույն պատմության մեջ կհիշատակվի այս երկու հիրավի պատմական փաստերով, իսկ 2014թ. ՀՀ  ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում դրանք կունենան  դոմինանտ ազդեցություն։

-Արդյոք ռիսկային չէ՞ր սեպտեմբերի 3-ի որոշումը ՀՀ համար, և ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ-ԵՄ հարաբերությունները ՀՀ Մաքսային միության անդամ դառնալուց հետո։

-Հարկ է նշել,  որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ մեծ կարևորություն է  տվել  Եվրոպական միության հետ իր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ Այն նախագահ Սարգսյանի օրոք հռչակվեց որպես  երկրի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը։  Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երբեք չի թաքցրել, թե ինչ նպատակներ է հետապնդում թե՛ Խոր և համապարփակ առևտրի  համաձայնագրի և թե՛ Ասոցացման համաձայնագրի կնքմամբ։ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանը հետամուտ էր լինում մի կարևոր խնդրի՝  ստեղծել նախադրյալներ իր տնտեսական համակարգը արդիականացնելու, այն առավելագույնս եվրոպականացնելու  և հանրային կյանքի կազմակերպման եվրոպական մոդելը մեզանում աստիճանաբար իրականացնելու համար։

Դեռևս 2008թ. ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը  հռչակեց այս թեզը։ Նպատակը պարզ էր՝ ստեղծել բարենպաստ միջավայր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և բարձր արտադրողական աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով   Հայաստանի արտահանման պոտենցիալը էապես զարգացնելու և մեր քաղաքացիների կյանքի կենսամակարդակը բարձրացնելու համար։ Նույնիսկ դաժան ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչն անշուշտ  իր բացասական ազդեցությունն ունեցավ այս խնդիրների լուծման տեմպերի վրա, մեր երկիրը չշեղվեց իր որդեգրած այս կարևոր ուղուց։

 Ակնհայտ է, որ Եվրամիության հետ համագործակցության  այս խնդիրը չէր բացառում և չէր էլ կարող բացառել  ՀՀ տնտեսական համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում, առավել ևս  որ այնտեղ վաղուց  գործում էր ազատ առևտրի ռեժիմը  և այն էապես նպաստում էր մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ Եթե փորձենք թվերի լեզվով խոսել, ապա կարող ենք  փաստել, որ եթե Եվրոպական միության երկրների հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է ամբողջ ծավալի մոտ 32-34 տոկոսը, ապա ԱՊՀ երկրների հետ այն կազմում է մոտ 25-26 տոկոսը, ընդ որում՝ դրա մոտ 21-22 տոկոսը բաժին է ընկնում  Ռուսաստանին։  Այսինքն՝ եթե ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը դիտարկենք առանձին երկրների կտրվածքով, ապա Ռուսաստանը միշտ եղել է և շարունակում  է մնալ մեր առաջին առևտրային գործընկերը։

Մի  կարևոր հանգամանք ևս. եթե փորձենք վերլուծել  մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքը, ապա կպարզվի, որ Եվրոպական միությունը մեզ համար հիմնականում հանդիսանում  է  հանքահումքային արտադրանքի սպառող, այսինքն՝ եվրոպական երկրներ մենք ավանդաբար  արտահանել ենք  միայն մեր  հումքը՝ մոլիբդենի և պղնձի խտանյութ և տնտեսական այդ հարաբերություններն  էապես նպաստել են Հայաստանում տնտեսության միայն մեկ ոլորտի՝ հանքարդյունաբերության զարգացմանը։ Մինչդեռ  ռուսական շուկան և Ռուսաստանի հետ  տնտեսական սերտ հարաբերությունները նպաստում են մեր տնտեսության համեմատաբար լայն սպեկտրի՝ գյուղմթերքների արտադրությունից և վերամշակումից մինչև թեթև արդյունաբերության և ճշգրիտ սարքաշինության ոլորտների զարգացմանը։  Եթե փորձենք այս  կոնտեքստում  վերլուծել մեր արտաքին տնտեսական կապերը, ապա դժվար չէ նկատել, որ մեր, պայմանականորեն ասած,  եվրոպական և ռուսական գերակայությունները  ոչ միայն միմյանց չեն բացառում, այլև   փոխադարձ չեն  փոխարինում։  Այնպես որ, Հայաստանը որևէ պարագայում անգամ չէր կարող նախապատվությունը տալ այդ երկու գերակայություններից միայն  մեկին։ 

Ավելին,  երբ Հայաստանի առջև առաջին անգամ դրվեց կամ/կամ-ի  հարցը, դրան հետևեց նախագահ  Սարգսյանի պարզ և ընկալելի մեկնաբանությունը, որ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր համագործակցությունը մենք երբևէ չենք դիտարկել որպես միակը և այլընտրանք չունեցողը  և  եթե Հայաստանին կանգնեցնեն  կամ Ռուսաստան կամ Եվրոպա ընտրության առջև, ապա  դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինի Հայաստանի ընտրությունը։ Այս բանաձևումը տրվել է  դեռևս 2011թ.։

 Ցավոք, պարզվեց, որ  Արևելյան գործընկերության ծրագիրը, ինչը թվում էր, թե եվրոպական կառույցները կփորձեն ծառայեցնել  նախևառաջ իրենց տնտեսական անվտանգությունը երաշխավորելու  համար անհրաժեշտ  աշխարհատնտեսական բարենպաստ շրջակա գոտի ձևավորելու  նպատակին, ինչում շահագրգռված էինք նաև մենք,  ինչ-որ մի պահից  սկսած փորձ արվեց   օգտագործել Ռուսաստանի տնտեսական, և ոչ միայն տնտեսական, ազդեցությունը չեզոքացնելու ճանապարհով այս տարածքներից վերջինիս   դուրս մղելու  նպատակով։ Այսինքն պարզվեց, որ դա պետք է դառնար մեր մասնակցությամբ մի ծրագիր ուղղված Ռուսաստանի դեմ։ Համաձայնեք, որ դա ոչ միայն բավականին կոշտ դիրքորոշում էր, այլև հեռանկար չունեցող  նախաձեռնություն։  Եվ  ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ինչպես Վիլնյուսը ցույց տվեց, եվրոպական քաղաքական պատասխանատուներն այստեղ սայթաքեցին։ Պետք է նշել, որ այն, ինչ  նրանք սպասում էին Վիլնյուսում՝ չհաջողվեց։ Այդ շատ կարևոր ծրագիրը եվրոպական մեր գործընկերների մեղքով կորցրեց  իր նախնական նշանակությունը  և  ձախողվեց։ Շատ ափսոս։

Տեսեք ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում։ Համաձայնեք, որ Ուկրաինան իր լավագույն օրերը չի ապրում, իհարկե, դա ներկայացվում է որպես պայքար ժողովրդավարության համար։ Բայց այդ նույն խնդիրները կարելի էր շատ ավելի հագիստ լուծել, առանց ներքին կյանքը խաթարելու, հանրությանը քաղաքացիական պատերազմի սպառնալիքի առաջ կանգնեցնելու, եթե ուղղակի և  պարզ եվրոպացիների կողմից ասվեր, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում Ուկրաինայի՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում գործելու և Մաքսային միության հետ համագործակցելու պարագայում։ Այն, ինչ հայտարարեցին եվրոպական պատասխանատուները Վիլնյուսից հետո՝ այն է.  իրենք որևէ առարկություն չունեն մասնավորապես Ուկրաինայի կամ Հայաստանի՝ Մաքսային միության հետ համագործակցության, այդ թվում նաև ինտեգրացիոն գործընթացների առումով։

Եթե փորձենք ամփոփել, ապա պետք է ցավով  նշեմ, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Հայաստանը առաջ գնալու և իրենց տնտեսական հարաբերությունները ինստիտուցիոնալ նոր մակարդակի բերելու լավագույն  հնարավորություն բաց թողեցին, բայց ոչ Հայաստանի պատճառով։  Սակայն  ես վստահ եմ՝ եվրոպական պատուհանը մեր հետագա համագործակցության համար դեռևս երկկողմանի բաց է և առաջիկայում մենք  կլինենք Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբանակցման բավականին պատասխանատու գործընթացի ականատեսը։ 

Մաքսային միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման  համար։

-Ի՞նչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար Մաքսային միության կազմում։

-Մաքսային միությանն անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման  համար։

Առաջին հերթին մենք պետք է փաստենք ամենակարևորը. Մաքսային միությանն անդամակցությունը օբյեկտիվորեն, հասկանալի պատճառներով ձևավորում է Հայաստանի համար անվտանգության կայուն և անշրջելի  երաշխիքներ, ինչը  շատ էական եմ համարում։   Մեծ իմաստով մեր զարգացման բոլոր հնարավորությունները պայմանավորված են լինելու այդ գործոնով։

Անկասկած, Հայաստանն այն պետությունն է, որի տնտեսական զարգացման հիմնական խթանը պետք է լինի արտահանման պոտենցիալը։ Այսինքն՝ իր  2-3 մլն-անոց սպառողական շուկայով Հայաստանը չի կարող սեփական տնտեսությունը խթանել։ Հետևաբար՝ մեր հիմնական խնդիրը պետք է լինի արտաքին  շուկաներն օգտագործելու ճանապարհով  սեփական տնտեսական պոտենցիալի զարգացումն  ապահովելը։  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մեր կարգի երկրները հիմնականում որդեգրում են  դրսից արդեն փորձառու, հմուտ, կայացած և միջազգային հեղինակություն ունեցող  ներդրողներ ներգրավելու և նրանց միջոցով բարձր արտադրողական աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով արտահանման պոտենցիալ ձևավորելու ռազմավարությունը։

Անկասկած, Մաքսային միության շրջանակներում  Հայաստանը կարող է ձեռք բերել նման հնարավորություն՝ ունենալով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ, ինչը շատ էական է ցանկացած  ներդրողի համար։  Եվ եթե Հայաստանին հաջողվի դրան զուգահեռ իր տնտեսական համակարգը առավելագույնս արդիականացնել եվրոպական տնտեսական կարգավորումներով և ստանդարտներով, ապա յուրաքանչյուր եվրոպացի ներդրողի համար Հայաստանը իրականում կարող է դառնալ գրավիչ հարթակ, որտեղից շատ  դյուրին կլինի մուտքը դեպի Մաքսային միության  շուրջ 170  միլիոնանոց շուկա։

Այս դատողություններում պետք է հաշվի առնել մի հանգամանք ևս. Հայաստանը,  ի տարբերություն  Մաքսային միության անդամ մնացած  պետությունների, Եվրոպական միության հետ ունի արտոնությունների ընդհանրացված համակարգի մասին  (Generalized system of preferences)   համաձայնագիրը կամ ինչպես ընդունված է մասնագետների շրջանում՝ GSP+ համաձայնագիրը։ Սա մի համաձայնագիր է, որի շրջանակներում մոտ 7000 անվանատեսակ  հայկական ծագման ապրանքներ կարող են առանց էական մաքսային և քվոտայավորման բարդությունների հայտնվել եվրոպական շուկայում։ Կարծում եմ՝ այս պարագան  կարող է գայթակղիչ լինել, որովհետև այսօր Եվրոպան գտնվում է հետճգնաժամային շատ ծանր վիճակում։ Եվրոպական շատ ընկերություններ եվրոպական շուկայում իրենց տեղը պահպանելու գերբնական  ճիգեր են գործադրում։ Բոլորն էլ ուզում են նույն որակի արտադրանք ներմուծել կամ արտահանել եվրոպական շուկա, բայց համեմատաբար ավելի էժան և մրցունակ պայմաններով։ Հայաստանը կարող է նման պայմաններ ապահովել, քանի որ  մեր երկրում ինքնարժեքի ձևավորման բոլոր գործոններն անհամեմատ ավելի էժան են և զիջում են եվրոպականին։  Հետևաբար եվրոպական  որևէ  ընկերություն կարող է իր նույն որակի  ապրանքն արտադրել Հայաստանում, որովհետև, բարեբախտաբար, ունենք նաև կադրային հզոր պոտենցիալ, բայց անհամեմատ նվազ ծախսերով, հետևաբար ստանալ առավել մրցունակ արտադրանք և օգտվելով  GSP+ համաձայնագրի հնրավորություններից  հեշտությամբ մտնել եվրոպական շուկա՝ դիմագրավելով եվրոպական դաժան մրցակցությանը։ Ինչ խոսք, սա հավասար չափով վերաբերվում է նաև  ՄՄ անդամ պետությունների ներդրողներին։ Սրանք Հայաստանի առավելություններն են այս պահի դրությամբ, որոնք մենք պետք է կարողանանք  օգտագործել։

Մաքսային միությանն անդամակցությունն իր մեջ ռիսկեր պարունակում է, մենք հավանաբար կունենանք ապրանքատեսակներ, որոնց  գները այսօրվա համեմատությամբ կաճեն։

-Արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցությունն իր մեջ ռիսկեր չի պարունակում։

-Ես կարծում եմ, որ պարունակում է։  Մասնավորապես՝ որոշ ապրանքատեսակների գծով, որոնք արտադրվում են Մաքսային միության տարածքում, դրանց երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերը էապես կբարձրանան, և մենք հավանաբար կունենանք ապրանքատեսակներ, որոնց  գները այսօրվա համեմատությամբ կաճեն։ Այս դեպքում  բոլորը ներմուծվող  ավտոմեքենաների օրինակն են բերում, բայց Աստված տա, որ միայն ավտոմեքենաներով սահմանափակվի գնաճը և չտարածվի սննդամթերքի կամ առաջին անհրաժեշտության շատ ապրանքների վրա։ Իհարկե, այս առումով շատ  կարևոր է, թե մենք ինչպես մեր տնտեսական  հետաքրքրությունների շուրջ  կբանակցենք ՄՄ մեր գործընկերների հետ և  որքանով մեզ կհաջողվի Հայաստանի ներտնտեսական խնդիրները դարձնել  համամաքսամիութենական խնդիրներին համահունչ։ Այդ տեսակետից ես ռիսկեր տեսնում եմ։  Չեմ կարծում, որ դրանք անհաղթահարելի են և չեմ կարծում, թե ռիսկերն ավելի շատ են, քան  հնարավորությունները։

Սակայն Մաքսային միության շրջանակներում մեր տնտեսական հետաքրքրություններին ադեկվատ տնտեսական տարածություն  ունենալուն  ուղղված մեր բանակցությունների առումով  վերջին հարցադրման համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում հետևյալ հարցը՝  իսկ Հայաստանն   ինչով կարող է հրապուրիչ կամ պահանջարկված լինել  Մաքսային միության անդամ պետությունների համար։ Բոլորովին վերջերս պատասխանելով ‹‹Русское Радио›› լրատվական ծառայության այդ հարցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը բերեց մի հիմնավորում, որն, ըստ իս, համոզիչ չէ։ Նա նշեց, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ դառնալ Մաքսային միության երկրների և Մերձավոր Արևելքի երկրների միջև առևտրային հարաբերությունների հետագա զարգացման խնդրում։ Կներեք, ես չեմ կարծում, որ այսօր, օրինակ  Ղազախստանը  Իրանի, Քուվեյթի, Կատարի կամ Սաուդյան Արաբիայի հետ իր առևտրային  հարաբերություններում սպասում է Հայաստանի կամուրջ դառնալուն։  Նույնը վերաբերում է  Ռուսաստանին և Բելոռուսին։

 Մինչդեռ իրականությունն  այն է, որ Մաքսային միություն կամ Եվրասիական տնտեսական տարածք անունը կրող   ինտեգրացիոն  ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է նախևառաջ  այդ նախագծի տնտեսական անվտանգությամբ, իսկ վերջինս  առաջին հերթին պայմանավորված է  Ռուսաստանի անվտանգությամբ։ Ռուսաստանի անվտանգությունից է կախված  ամբողջ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի  ապագան։ Ահա Հայաստանի հետ համագործակցությունը նախևառաջ բխում է  Ռուսաստանի անվտանգության շահերից, հետևաբար միանգամայն համահունչ է Մաքսային միության անդամ մնացած պետությունների ռազմավարական հետաքրքրություններին։ Եվ եթե Բելոռուսը, Ղազախստանը շահագրգռված են Մաքսային միությամբ, ապա նրանք նույնչափ պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի և դրանով պայմանավորված  իրենց տնտեսական  անվտանգությամբ,  հետևաբար և  Հայաստանի անդամակցությամբ։ Սա է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցութան աշխարհատնտեսական անհրաժեշտության քաղաքական բանաձևը։ Այսինքն՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հավելյալ երաշխիքներ է ստեղծում վերջինիս տնտեսական (և ոչ միայն տնտեսական) անվտանգություն համար։  Այս հանգամանքի գիտակցումը էական ճշգրտումներ է մտցնում Մաքսային միությանը Հայաստանի  անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկային պայմանների մեջ։ 

Մաքսային միության կայացումն ու զարգացումը պայմանավորված է ներմիութենական արտադրատնտեսական կոոպերացիայով, որը բխում է Մաքսային միության գաղափարից։

-Ինչո՞վ է պայմանավորված Մաքսային միութjան կայացումն ու ապագան։

-Միանշանակ Մաքսային միության կայացումն ու զարգացումը պայմանավորված է ներմիութենական արտադրատնտեսական կոոպերացիայով, որը բխում է Մաքսային միության գաղափարից։ Այստեղ շատ էական է, թե որքանով   Մաքսային միության անդամ երկրները կլինեն միմյանց  նկատմամբ  պահանջարկված։ Եթե չլինի փոխադարձ պահանջարկվածությունը, Մաքսային միությունը չի կարող ապագա ունենալ։ Մաքսային միության հիմքում պետք է դրված լինի և զարգանա միջպետական կոոպերացիայի գաղափարը։ Այն սկսվում է աշխատանքի միջազգային բաժանումից, երկրների մասնագիտացումից և  ըստ դրա՝ անհրաժեշտ ներդրումներ իրականացնելուց։  Եթե սա տեղի չունեցավ, Մաքսային միությունը ապագա չի կարող ունենալ։

Սրանք խնդիրներ են, որոնք  առաջիկայում պետք է դրվեն քննարկման սեղանին և որոնց վերաբերյալ մենք պետք է ունենանք մեր հայեցակարգային մոտեցումները։

-Շատ է խոսվում  ՀՀ ինքնիշխանության կորստի խնդրի մասին, արդյո՞ք ՀՀ ինքնիշխանությունը վտանգված է և սահմանադրական խնդիր կա։

-Նման ինտեգրացիոն խոշոր ծրագրերը ենթադրում են նաև վերազգային կառույցների առկայություն։ Սա նշանակում է, որ որոշ որոշումների կայացման հարցում մենք պետք է մեր լիազորությունները պատվիրակենք այդ կառույցին։ Այստեղ կարևոր է, թե այդ կառույցում ինչպես են կայացվում որոշումները։ Մաքսային միության հիմքում դրված է մի կարևոր գաղափար՝ այստեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Ստացվում է, որ դե յուրե որոշումը կայացվում է վերազգային  կառույցի կողմից, բայց դե ֆակտո մենք անձամբ մասնակցում ենք այդ որոշման կայացմանը և եթե այն չի բխում մեր շահերից, կարող ենք դրանց ընդունման վրա վետո դնել։ Այսինքն՝ ըստ էության առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի կարող կայացվել։

Իսկ սահմանադրության հետ կունենանք հակասություններ, թե ոչ, այս պահին պատրաստ չեմ արձագանքելու այդ հարցին։ Ինձ թվում է, որ չենք ունենա։ 

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք  մեր երկրի  էներգետիկ անկախության համակարգային  երաշխիքների ձևավորման խնդրի վրա, այլ ոչ թե  այն հարցի վրա, թե ինչպես ազատվենք ռուսական էներգետիկ կախվածությունից։

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք գազային պայմանագրի կնքումը։

-Այս հարցը ես կբաժանեի երկու մասի։ Առաջինը վերաբերում է  20 տոկոսի օտարմանը։ Անկեղծ ասած՝ ես դրան կարևորություն չեմ տալիս, քանի որ եթե 80 տոկոսն արդեն “Գազպրոմ”-ին էր պատկանում, թե ով է նշանակում  մենեջերին, արդեն էական չէ։ Միևնույնն է, տնօրենների խորհուրդն է մշակում ընկերության տնտեսական քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը։ Մենեջերի խնդիրը այդ մարտավարությունը կյանքի կոչելն է, նա չի կարող այլ բան անել։ Այդ տեսանկյունից խնդիրը ի օգուտ ռուսական “Գազպրոմի” լուծված էր վաղուց և 20 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը այդքան էլ էական չեմ համարում։ ՀՀ կառավարությունը այս բնագավառում  որոշումներ կայացնելու հնարավորությունից հեռացել էր  վաղուց։

Մինչդեռ  պայմանագրի նպատակը՝ այն է ապահովել գազի սակագնի կայունությունը առաջիկա հինգ տարիներին և հետագայում այդ սակագնի մակարդակը կապել գազի ներռուսական գների հետ, կարծում եմ միանգամայն արդիական է մեր տնտեսության համար։ Սակայն հանուն արդարության պետք է նշել,  որ այն  լավագույնս բանակցված փաստաթուղթը չէ։ Այնտեղ կան հարցադրումներ, որոնցից կարելի էր խուսափել կամ դրանք ակնհայտորեն ճշգրտման կարիք ունեն։ Եվ ես ենթադրում եմ, որ առաջիկայում Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզի իրացման ընթացքում, երբ մենք կանդրադառնանք ընդհանուր առմամբ մաքսային շատ ու շատ համաձայնագրերի, դա հնարավորություն կտա անդրադառնալ նաև այս պայմանագրի մանրամասներին։

Երկրորդ կողմն այն է, որ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք  մեր երկրի  էներգետիկ անկախության համակարգային  երաշխիքների ձևավորման խնդրի վրա, այլ ոչ թե  այն հարցի վրա, թե ինչպես ազատվենք ռուսական էներգետիկ կախվածությունից։  Այսպես թե այնպես, դեռ տևական ժամանակ մենք զգալու ենք Ռուսաստանի հետ էներգետիկ, թեկուզ և միակողմանի,  համագործակցության կարիքը և այս պարագան  մեր երկրների հարաբերություններին հաղորդում է որոշակի վստահություն։  Սակայն դրան զուգահեռ  մենք պետք է սկսենք մեր երկրում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հայեցակարգի մանրամասն մշակումները՝  նպատակ ունենալով   անհրաժեշտ   իրավաքաղաքական և տնտեսական նախադրյալներ  ձևավորել երկրում վերականգնվող էներգետիկայի՝ ՀԷԿերի, գեոթերմալ,  արեգակնային և քամու էներգիայով գործող հզորությունների ըստ ամենայնի զարգացման համար, առանձնահատուկ ուշադրության արժանացնելով էներգոխնայողության խթանման խնդիրներին։ Հայեցակարգային այս մոտեցման էությունը ոչ թե էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության  ձևավորված սխեմաներից հրաժարվելն է, այլ մեզ վրա այդ  համագործակցության աշխարհաքաղաքական միակողմանի ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելը։  Հիմա ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը  այս խնդիրը  հռչակի որպես իր գործունեության  գերակա ուղղություն և ձեռնամուխ լինի նրա մշակմանը։ 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...