23:19
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող սոցիալական խնդիր լուծել. պարզապես հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` այն սահմանում է ողջամիտ սակագին

2014-03-17 10:57

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

 ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան

-Պարոն Նազարյան, նախ կխնդրեի մանրամասնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները, որ ոլորտների կարգավորումն է գտնվում հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում։

-Մեր կառույցի վրա դրված գլխավոր առաքելությունը կայանում է նրանում, որ կարողանանք հավասարապես պաշտպանել ինչպես ծառայություններ մատուցող ընկերությունների շահերը, այնպես էլ սպառողների շահերը։ Ինչպես գիտեք, մեր կառույցը կարգավորում է հետևյալ բնագավառները` էներգետիկայի բնագավառը, որը ներառում էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման  համակարգերը,  ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական  ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։ Բավականաչափ ծանրաբեռնված կառույց է, իսկ որպեսզի մենք կարողանանք այդ հավասարակշռությունը պահել, պետք է կարողանանք ինչպես ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրել, այնպես էլ մեր սպառողների շահերը պաշտպանելու տեսանկյունից կարողանանք հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի գոնե երկու կողմն էլ հավասարապես դժգոհ լինեն մեզանից, /ժպտում է/, քանի որ որքան էլ, որ մենք ձգտում ենք երկու կողմերի համար հնարավորինս օպտիմալ տարբերակ մշակել, միևնույնն է, դժգոհությունը կա։  Համենայն դեպս մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ, և այդ տեսակետից ես պետք է մի փոքր անհամեստ գտնվեմ և ասեմ, որ  մեր կառույցը համալրված է լավագույն կադրերով, երիտասարդ, փորձառու, իրենց գործի գիտակ մասնագետներով, ովքեր նվիրումով աշխատում են, ինչը պատիվ է բերում ոչ միայն մեզ, այլ նաև մեր երկրին,  քանի որ մենք նաև համագործակցում ենք մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ, նաև մի քանի միջազգային կառույցների հիմնադիր անդամ ենք։ Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ 2008 թվականին ERRA` Արևելյան երկրների կարգավորող մարմինների ասոցիացիայի կողմից մենք ճանաչվել ենք լավագույնը։ Ժամանակին մի շարք դոնոր կազմակերպություններ օգնում էին մեզ կադրերի վերապատրաստման և փորձի փոխանակման հարցերում, այսօր այդ նույն կազմակերպությունները, տեսնելով մեր կադրերի որակական աճը, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, արդեն այլ երկրներից են ուղարկում մեզ մոտ` մեր հաջողված փորձի ուսումնասիրության, մեզանից սովորելու նպատակով։ Շատ դեպքերում մեր կադրերը հրավերներ են ստանում դասախոսելու արտասահմանյան տարբեր երկրներում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության տեսանկյունից 2013-ը բավականին բուռն, ակտիվ աշխատանքների, թեժ քննարկումների տարի էր։

-Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում 2013 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առումով։

-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության տեսանկյունից 2013-ը բավականին բուռն, ակտիվ աշխատանքների, թեժ քննարկումների տարի էր, սակայն մենք կարողացանք իրականացնել մեր կողմից նախատեսված բոլոր ծրագրերը, բացի հեռահաղորդակցության ոլորտում համարների տեղափոխելիության հարցի կարգավորումից։ Այս ծրագիրը հետաձգվեց մինչև 2014-ի ապրիլի 1-ը։ Պահպանելով բջջային հեռախոսի համարը քաղաքացին կարող է ընտրել շուկայում առկա մեկ այլ օպերատորի ծառայությունները։ Այս հետաձգումը պայմանավորված էր օրենսդրական դաշտում առկա փոփոխությունների անհրաժեշտությամբ։ Այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը պետք է վերանայվի, անհրաժեշտ փոփոխություններ կատարվի, որից հետո միայն մենք կկարողանանք կյանքի կոչել այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ մեր վրա դրված բոլոր պարտականությունները և գործառույթները մենք կարողացանք կատարել։ Հաշվի առնելով մեր բնակիչ-բաժանորդների և  իրավաբանական ընկերությունների կողմից մեզ ուղղված բողոքները, առաջարկություններն ու դիտողությունները, համապատասխան փոփոխություններ են կատարվել ինչպես գազամատակարարման, այնպես էլ էլեկտրամատակարարման կանոններում, փորձել ենք  բաժանորդ-ծառայություն մատուցող ընկերություն հարաբերություններում հավասարակշռել պատասխանատվությունը և իրավունքները։ Սա շարունակական գործընթաց է, մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում երկու կողմերի դիտողությունները և առաջարկները, վերանայում և կատարելագործում ենք ծառայությունների մատուցման կանոնները։

2014-ին ևս կփորձենք առավել կայուն հավասարակշռության բերել մատակարար-սպառող հարաբերությունները։

-Պարոն Նազարյան, հարցս կապված է գազի խնդրի հետ։ Այսօր արդեն, երբ ընկերության բաժնետոմսերի մնացած 20% ևս հանձնվեց Գազպրոմընկերությանը, չի՞ դժվարանա արդյոք այսուհետ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի արդյունավետ գործունեությունը։

-Նման հարցեր բազմիցս հնչել են, բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել ու ընդգծել, որ անկախ նրանից, թե այս կամ այն լիցենզավորված ընկերության կապիտալի բաժնետոմսերը տոկոսային ինչպիսի հարաբերականությամբ և  ում են պատկանում, ամբողջությամբ պետական է, թե ամբողջությամբ մասնավոր, միևնույնն է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի  գործառույթների վրա այս հանգամանքը որևէ կերպ ազդել չի կարող, տվյալ ընկերությունը պարտավոր է գործել ՀՀ օրենքի շրջանակներում և մեր կողմից տրված լիցենզիաների պարտադիր կատարման պայմանով։

-Ամեն դեպքում 2013-ին բարձրացան և՛ գազի, և՛ էլեկտրաէնեգիայի գները, մինչդեռ մեր քաղաքացիների` սպառողների, սոցիալական վիճակը նույնն է. բնակիչների ծախսերի ու եկամուտների անհամաչափությունը շատ մեծ է, արդյո՞ք հնարավոր չէր ավելի ցածր սակագին սահմանել։

-Մենք մեր գործունեությունը ծավալում ենք` առաջնորդվելով առաջին հերթին հենց սպառողների շահերով։ Սակայն պետք չէ մոռանալ, որ մենք պարտավոր ենք նաև ծառայություն մատուցող ընկերությանը տալ հնարավորություն ունենալու անհրաժեշտ հասույթ, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով մատուցել իր ծառայությունները, ապահովել շահագործման պահպանման ծախսերի այնպիսի մակարդակ, որ նա կարողանա կազմակերպել ծառայության անվտանգ շահագործում, կարողանա կատարել լիցենզիայով իր վրա դրված պարտականությունները, ինչպես նաև ունենա ողջամիտ շահութաբերություն և մաշվածության փոխհատուցում։ Մեր մեթոդիկան մշակվել և  հաստատվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում և մեր մեթոդիկան զուտ տնտեսագիտական առումով համարվում է լավագույններից մեկը։ 2013-ին էլ մենք փորձել ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի սահմանվող սակագները լինեն ողջամիտ` ապահովելով վերոնշյալ հանգամանքները։ Սահմանել ավելի ցածր սակագին պարզապես հնարավոր չէր։ Բոլորովին այլ հարց է, որ այդ սակագները բարձր են մեր քաղաքացիների համար` կապված գործազրկության մակարդակի, առկա ցածր աշխատավարձերի ու նպաստների պայմաններում։ Որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` մենք, բնականաբար, չենք կարող սոցիալական խնդիր լուծել, մենք պարզապես հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, սահմանում ենք ողջամիտ նվազագույն շեմին մոտ սակագին։

-2013-ը վերլուծաբաններից մեկը Հայաստանի համար անվանել էր քաղաքացիական ակտիվիստների տարի։ Ձեր կառույցը ևս առնչվեց քաղաքացիական ակտիվիստների շարժումներին, բողոքի ակցիաներին։ Այս մասին ի՞նչ կասեք։

-Քաղաքացիական ակտիվությունը շատ կարևոր գործոն եմ համարում պետության համար և շատ բարձր եմ գնահատում։ Եթե այդ ակտիվիստները կարողանան ճիշտ կազմակերպել իրենց գործունեությունը, հեռու մնալ անձնական վիրավորանքների հասնող կարգախոսներից, ռեպլիկներից, ապա մենք կունենանք քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության բարձրացման հիանալի հիմքեր. չէ՞ որ առողջ քաղաքական ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվությունն են իշխանության զսպաշապիկը, սխալներն ու թերացումները մատնանշողը, իսկ իշխանությունն էլ իր հերթին հետևություններ է անում, զգոնանում և հասկանում, որ ծառայում է ժողովրդին ու այս ակտիվիստներն էլ ժողովրդի ձայնը բարձրացնողներն ու լսելի դարձնողներն են։ Իհարկե իդեալական վիճակից մեր իրականությունը դեռ հեռու է. քանի դեռ կան անձնական ամբիցիաներով առաջնորդվող, անհարգալից վերաբերմունք ցուցաբերող չակերտավոր ակտիվիստներ, մենք էական առաջընթաց ունենալ չենք կարող։

-Հարցս մի փոքր դուրս է մասնագիտական շրջանակներից, այնուամենայնիվ, որպես մարդ, ինչպե՞ս եք ընդունում, ինչպե՞ս եք տանում հանրային դժգոհությունը, ոչ կոռեկտ հայտարարությունները։ Դժվար չէ արդյո՞ք։

-Այո, սակագնի վերանայման որոշումներից հետո դժգոհության ալիք է բարձրանում, և դա բնական է։ Ոչ ոք չի ցանկանում ավել վճարել այս կամ այն ծառայության դիմաց, սակայն լինում են այնպիսի արտահայտություններ, մամուլի այնպիսի հրապարակումներ, որոնց ծանոթանալուց հետո, անշուշտ, շատ սրտնեղում եմ, երբեմն մեծ ցավ եմ ապրում։ Ծանր եմ տանում ոչ միայն ես, այլ նաև ընտանիքիս անդամները, հարազատներս, ինձ ճանաչող մարդիկ։ Ես շատ զգացմունքային մարդ եմ, և ինձ վրա այդ ոչադեկվատ արձագանքները շատ սուր ազդեցություն են ունենում։ Բայց մարդ պետք է կարողանա ճիշտ գնահատել և սթափ նայել երևույթներին, և ես կարծում եմ, որ կգա այն օրը, երբ մեր քաղաքացին կգիտակցի, որ մենք ուղղակի սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող մարմին ենք, որ որոշումները պատահական ու ինքնաբուխ չեն, այդ որոշումներին մենք գալիս ենք հանրային քննարկումներից, վերլուծություններից, ուսումնասիրություններից հետո, դրանք լինում են տվյալ պայմաններում հնարավոր ամենաօպտիմալ որոշումները։

-Դուք Ձեր սենյակում բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ ունեք, ամենամեծ գնահատականը, ամենաթանկ պարգևը ո՞րն է Ձեզ համար։

-Գիտեք, դեռ 25 տարի առաջ ես արժանացա մի պարգևի, որն առայսօր անգերազանցելի է ինձ համար. իհարկե անասելի ցավի ու ողբերգության ֆոնին ես ստացա այդ պարգևը, սակայն… դա պագև էր մի աշխատանքի համար, որը տասնյակ մարդկանց կյանքեր էր փրկել… Ես մասնագիտությամբ շինարար ինժեներ եմ, ավարտել եմ Երևան պետական պոլիտեխնիկական ինստիտուտը` քաղաքացիական և արդյունաբերական շինարարության մասնագիտությամբ, աշխատել եմ շինկազմակեպություններում, վարպետից հասել եմ մինչև տնօրենի պաշտոնին, 31 տարեկանում տնաշինական կոմբինատի գլխավոր տնօրենն էի, А451КП մոդելի շենքերն էինք նախագծում, արտադրում էինք երկաթբետոնյա կոնստրուկցիաները, կազմակերպում և իրականացնում շինարարությունը, ընդհուպ մինչև բնակարանի հանձնումը բնակչին։ Գյումրիում ևս կառուցել էինք 17 այդպիսի շենք։ 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժից հետո, գորբաչովյան հայտնի հայտարարությունից հետո, երբ սկսվեցին համատարած պատժել շինարարական ընկերություններին, ովքեր չէին պահպանել շինարարական նորմերը և մասամբ պատճառ էին դարձել այդչափ մեծ ծավալների հասնող ավերածությունների ու մարդկային զոհերի, պարզվեց, որ մեր կառուցած շենքերը Գյումրիում այնքան կայուն էին, որ ոչ միայն չէին փլուզվել, այլև վթարային չէին ճանաչվել։ Երբ մենք եղանք Գյումրիում և ներկայացանք, որպես այդ շենքերի շինարարներ, շենքերի բնակիչները արտասվելով շնորհակալություն էին հայտնում մեզ, նույնիսկ մի քերծվածք չէին ստացել։ Այս համատարած դժբախտության մեջ, մեծ ցավի մեջ, սա իմ կյանքի ամենահիշարժան պահը դարձավ, ես իրոք երջանկություն զգացի, որ մեր շնորհիվ մարդիկ խուսափել են աղետից, ավերածություններից ու մահից։ Ավելի բարձր գնահատական, քան այդ մարդկանց երախտիքն էր, ավելի երջանիկ բան, քան հանրօգուտ գործ արած լինելու զգացումն է, կարծում եմ, չկա։ Մեզ շնորհեցին ԽՍՀՄ պետական մրցանակ, Հայաստանում ես ամենաերիտասարդ մասնագետն էի, որ արժանացել է այդ մրցանակին։ Հետագայում տարբեր պետական պաշտոններ եմ զբաղեցրել, արդեն ավելի քան 11 տարի է ղեկավարում եմ այս կառույցը, բոլոր բնագավառներում էլ պարգևներ ստացել եմ, պատվոգրեր ստացել եմ, սակայն դրանք ֆորմալ բաներ են ինձ համար, թեև, այո, հաճելի է գնահատված լինելը /ժպտում է/։ Ես բարձր եմ գնահատում նաև ԼՂՀ տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ստացած “Երախտագիտություն” մեդալը։ Այն, որ Արցախի տնտեսության զարգացման գործում գնահատելի գործ եմ արել, ինձ համար շատ պատվաբեր է։ Իսկ բոլորովին վերջերս հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցի II աստիճանի մեդալով, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։

-Իսկ այդչափ լարված աշխատանքից հետո ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է։

-Այո, աշխատանքս չափազանց լարված է, սակայն թե’ ես, թե’ ընտանիքիս անդամները սովորել ենք կյանքի այս ռիթմին. դեռևս տասնամյակներ առաջ, երբ ես տարբեր պաշտոններ էի զբաղեցնում։ Եվ եթե այսօր համեմատենք, օրինակ 90-ականների իմ զբաղվածության հետ, երբ ես Երևանի քաղսովետի նախագահի տեղակալն էի, երբ սուղ էր  էլեկտրականությունը, ջուրը, չկար գազամատակարարում, ես ղեկավարում էի ողջ կոմունալ ծառայությունների ոլորտը, օրերով էի անցկացնում  իմ աշխատասենյակում, տուն էլ չէի գնում, փառք Աստծո այսօր այդ ժամանակներն անցել են, հիմա անհամեմատ ազատ եմ։ Բացի այդ` տարիների ընթացքում վերաիմաստավորում ես կյանքդ, փոխվում են առաջնահերթությունները, եթե ավելի երիտասարդ տարիքում աշխատանքի համար գուցե երբեմն անձնական շատ հարցերում բացթողումներ ես թույլ տալիս, ապա ավելի հասուն տարիքում գիտակցում ես, որ ընտանիքից առաջնահերթ, հարազատներիդ հետ շփումներից գերադասելի ոչինչ լինել չի կարող։ Ես հինգ թոռնիկ ունեմ, որոնք իմ կյանքի արևն են, իմ ուրախությունը, նրանցով եմ ապրում հիմա։

-Իսկ կա՞ որևէ բան, որի համար զղջում եք, և եթե նորից սկսեիք

-Կա՛։ Եթե նորից սկսեի, ապա ավելի շատ գիրք կկարդայի, թեև ինձ բավականին կարդացած մարդ եմ համարում, այնուամենայնիվ, ավելի շատ կկարդայի։ Ես կարծում եմ, որ վճռորոշ պահերին որոշումներ կայացնելու, քիչ սխալվելու հարցում ինձ միշտ օգնել է իմ կարդացածը։ Օտար լեզուներ կուսումնասիրեի, ես հիմա ավելի եմ հասկանում “քանի լեզու գիտես, այդքան մարդ ես” ասացվածքի իմաստը։ Անծայրածիր ԽՍՀՄ տարածքում միայն ռուսերենի իմացությունը բավական էր, սակայն այսօր, գլոբալիզացիայի ժամանակաշրջանում շատ կարևոր է լեզուների տիրապետելը։ Եվս մի բան, որը ես դեռ կհասցնեմ անել, Հայաստանն ավելի ճանաչելն է։ Որոշել եմ թոռնիկներիս հետ շրջագայել ու ավելի մոտիկից ծանոթանալ մեր հրաշք երկրի բնությանն ու պատմական վայրերին։ Եթե նորից սկսեի, հաստատ նույն մասնագիտությունը կունենայի, ինձնից արվեստագետ, բիզնեսմեն կամ սպորտսմեն դուրս չէր գա։ /ժպտում է/։

-Մարդու և մասնագետի մեջ առաջին հերթին ի՞նչն եք գնահատում և կարևորում։

-Ես ունեմ կարգախոս` Ժան Ժակ Ռուսսոյի խոսքերը. “Մարդիկ եղեք մարդկային, դա ձեր առաջին պարտականությունն է”։ Այս կարգախոսը փակցված է նաև մեր գրասենյակի նախասրահում, որպեսզի ամեն աշխատանքի գալուց մեր աշխատակիցները տեսնեն, կարդան ու առաջնորդվեն այս սկզբունքով։ Ես մարդու մեջ կարևորում եմ ՄԱՐԴՈՒՆ,  դու կարող ես չլինել փայլուն մասնագետ, բայց եթե լավ մարդ ես, դա կկոմպենսացվի, իսկ եթե դու լավ մարդ չես, որքան էլ փայլուն մասնագետ լինես, ոչինչ դրան չի լրացնի։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...