23:26
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանից միգրացիոն հոսքերը հիմնականում աշխատանքային են

2014-03-13 11:43

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

“Դե ֆակտո” ամսագրի զրուցակիցն է  ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

-Պարոն Եգանյան, խնդրում եմ ներկայացրեք վերջին տվյալներով Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների վերաբերյալ վիճակագրական տվյալները։

-Պետք է նշեմ, որ ուղևորն ու միգրանտը տարբեր հասկացություններ են։ Միգրանտն այն անձն է, ով իր մշտական բնակության վայրը փոխում է 3 և ավել ամիս ժամկետով։ Միայն միգրացիոն հոսքերով պայմանավորված կարող է բնակչության թվաքանակը  նվազել կամ աճել` այլ ոչ թե ուղևորահոսքերով։ Հայկական իրականության մեջ միգրացիա հասկացությունն ընկալվում է որպես արտագաղթ։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում միգրացիոն հոսքերի մեջ արտագաղթը տարիներ շարունակ եղել է գերակշռող հոսքը։ Ուղևորահոսքերի տարեկան արդյունքների ամփոփմամբ կարելի է եզրակացնել՝ Հայաստանից ուղևորներն ավելի շատ մեկնել են, թե ժամանել։ Եթե տարեց տարի արձանագրվում է ուղևորահոսքերի բացասական մնացորդ, ապա ակնհայտ է, որ բնակչությունն արտագաղթելու միտում ունի, սակայն ուղևորահոսքերը ճշգրիտ չեն կարող ասել, թե քանի անձ է արտագաղթում, ինչ պատճառներով են մեկնում և որ երկրներ։ Եթե արտագաղթողները դուրս գային անձնագրային հաշվառումից, ապա հեշտ կլիներ պարզել նրանց թիվը, սակայն հաշվառումից դուրս գալու պահանջը քաղաքացիների կողմից զանգվածաբար չի պահպանվում։ Արտագաղթի ծավալների վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ միայն սոցիոլոգիական հարցումների միջոցով։ Այնուամենայնիվ ներկայացնեմ արտագաղթի պատկերը՝ սկսած 90-ականներից։ Այսպիսով՝ 1992-1995թթ. Հայաստանի համար կոչվում են զանգվածային արտահոսքի տարիներ։ Այդ տարիների ընթացքում Հայաստանից 600 հազարի հասնող բնակչության “կորուստ” գրանցվեց։ Հաջորդ փուլը՝ 1995-2001թթ. անվանում ենք արտահոսքի նվազման և կայունացման շրջան. Հայաստանից հեռացավ շուրջ 370 հազար քաղաքացի։ 2002-2007թթ. Հայաստանում միգրացիայի բացասական մնացորդը հասել է 150 հազարի։ Վերջին հետազոտությունը կատարվել է 2013թ՝ կառավարության պատվերով։ Շուրջ 8000 ընտանիքի շրջանում անցկացվել է լայնածավալ հետազոտություն, որի արդյունքները շուտով կներկայացվեն։

Հայաստանից հեռանում են սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով

-Որո՞նք են Հայաստանից հեռանալու հիմնական պատճառները։

-Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ պատճառները հիմնականում պայմանավորված են սոցիալ–տնտեսական իրավիճակով. աշխատանքի բացակայությամբ, ցածր աշխատավարձով, մասնագիտական աշխատանքի պակասով կամ գործարարությամբ զբաղվելու դժվարություններով։ Այս հիմնական պատճառները մյուսների համեմատ կազմում են 80 տոկոս։ Մյուս պատճառներից են անվստահության պակասը, ոչ կայուն վիճակը, սոցիալ–հոգեբանական խնդիրները և այլն։ Այսինքն՝ Հայաստանից միգրացիոն հոսքերը հիմնականում տնտեսական` աշխատանքային են։ Սա է պատճառը, որ Հայաստանից հեռանում են հիմնականում 15-60 տարիքային խմբերի տղամարդիկ։

-Հիմնականում ո՞ր երկրներ են արտագաղթում Հայաստանի քաղաքացիները։

-Հայաստանից մեկնողների շուրջ 70%-ը գնում է Ռուսաստան, 5-6%-ը՝ ԱՊՀ այլ երկրներ, մինչև 10% եվրոպական ուղղվածության երկրներ, 10%-ը՝ Միացյալ Նահանգներ, մյուսները` այլ պետություններ։

-Ո՞ր երկրների իշխանություններից են Հայաստանի քաղաքացիները ապաստան հայցում։

-90-ականների սկզբից մինչև կեսերը Հայաստանի քաղաքացիների մեծ մասն ապաստան էր հայցում Գերմանիայից, 90-ականների վերջերին վեկտորի ուղղությունը փոխվեց դեպի հյուսիսարևմտյան երկրներ, այնուհետև 2000–ական թթ. սկզբներին դեպի Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներ՝ Չեխիա, Ավստրիա, իսկ 2000–ական թթ. կեսերից ի վեր հայերը հիմնականում ապաստան են հայցում Ֆրանսիայից։ Սա խոսում է այն մասին, որ տարվում է ուղղորդվող ու շահ հետապնդող գործունեություն, որի արդյունքում այդ մարդկանց այս կամ այն երկիր ուղղորդող խմբավորումները գումարներ են վաստակում։ Հենց այս պատճառով էլ նախորդ տարի մեր կողմից մշակվեց քր. օրենսգրքում “Անկանոն միգրացիայի կազմակերպում” նոր հոդված ավելացնելու մասին նախագիծը, որն այժմ ներկայացված է ՀՀ ԱԺ։

Կացության կարգավիճակները տրվում են սահմանափակ հիմքերի դեպքում

-Որո՞նք  են Հայաստանի քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններում հանձնվելու պատճառները և ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

-Օտարերկրյա պետությունում օրինական բնակություն հաստատելու սահմանափակ հնարավորություններ կան։ Կացության կարգավիճակները տրվում են սահմանափակ հիմքերի դեպքում։ Դրանցից են ընտանիքի միավորումը, բարձր որակավորում ունենալը, ուսումը և ապաստանի իրավունքի հայցը։ Վերջինս տրվում է այն դեպքում, երբ անձն իր երկրում հալածվում է քաղաքական համոզմունքների, սոցիալական որևէ խմբին պատկանելու, քաղաքացիության, ազգային պատկանելության կամ ռասսայի պատճառով։ Քանի որ ապաստան հայցելու տարբերակը հասանելի է շատերի համար, նրանք գնում են այս ճանապարհով։ Ապաստանի հայց ստացած պետությունները պարզում են, թե արդյո՞ք անձանց ներկայացրած փաստարկները համապատասխանում են իրականությանը։ Այս գործընթացը կարող է տևել տարիներ և անգամ գրանցվել են դեպքեր, երբ 9 տարի անց մարդկանց վերադարձրել են ծագման երկիր` քանի որ հայցը մերժվել է։

-Ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ Մաքսային միությանն անդամակցումը Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների վրա։

-Մաքսային միությունն ունի միասնական աշխատաշուկա։ Սա նշանակում է, որ անդամ երկրների քաղաքացիների համար լրացուցիչ աշխատանքի թույլտվության կարիք չկա, ինչպես ներկայումս է։ Համաձայն գործող կարգի՝ օտարերկրացին՝ այդ թվում Հայաստանի քաղաքացին, Ռուսաստան մուտք գործելու մինչև 7-րդ օրը պետք է հաշվառման կանգնի, իսկ ՄՄ–ին անդամակցելուց հետո հաշվառման համար սահմանված 7 օրը փոխարինվում է 30 օրով։

Միգրացիան տարբեր տեսակի բացասական հետևանքներ ունի

-Որպես միգրացիոն պետական ծառայության պետ Հայաստանի համար արտագաղթի ծավալները մտահոգիչ համարու՞մ եք։

-Անշուշտ՝ այո։ Միգրացիան տարբեր տեսակի բացասական հետևանքներ ունի, ինչպիսիք են սոցիալականը, ժողովրդագրականը, տնտեսականը և այլն։ Սակայն պետք է նշեմ, որ աշխատանքային միգրացիան շատ ընտանիքների օգնել է կենսագոյության ապահովման հարցում։

-Որո՞նք են ՀՀ միգրացիոն պետական ծառայության այս տարվա գերակա խնդիրները։

-Կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք “Փախստականների մասին” օրենքի վերանայում, ապաստանի իրավունք ստանալու համակարգում կիրառվող գործընթացների ստանդարտ ընթացակարգերով ներկայացում, քաղաքացիների վերադարձին աջակցող տեղեկատվական ինտերնետային համակարգի ստեղծում, որն ամենայն հավանականությամբ կկոչվի veradarc.am։ Միգրացիայի ոլորտում ԵՄ-ում ընդունված չափանիշներին ու սկզբունքներին մոտարկելու ՀՀ կառավարության ընդունած քաղաքական ուղենիշին համապատասխան մեր կողմից մշակվել է գործողությունների ծրագիր 2013-2016թթ. համար և հույս ունենք, որ կառավարությունն առաջիկայում այն կընդունի։

Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...