17:28
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երբ տեսնում եմ` տուն են կառուցում, երջանկանում եմ

2014-03-10 11:05

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Մեր զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ,ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։

-Պարո’ն Ղազանչյան, երկար տարիներ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք։ Ո՞րն է այն  ուժը, որը  երկար տարիներ Ձեզ պահում է նույն թատրոնում ։

-Ես իմ գործընկերներից հաճելիորեն տարբերվում եմ նրանով, որ  իմ գործունեության տարիներին 4-5 թատրոն եմ ղեկավարել, այդ թվում նաև Մայր թատրոնը։ Ի՞նչն է պահում այս թատրոնում. տվյալ պահին սերը` այս կոլեկտիվի նկատմամբ, իմ աշխատանքի նկատմամբ։  Ուրիշ որևէ պատճառ չեմ կարողանում գտնել, և շատ խորը պետք էլ չի մտածել, թե ինչը հատկապես կարող էր պահել։ Շատերը երևի կզարմանան, թե ինչու ընտրեցի կոմեդիայի թատրոնը, որովհետև այդ ժանրում աշխատելը ավելի դժվար է, մարդուն ծիծաղեցնելը շատ ավելի դժվար է, քան լացեցնելը. լացեցնել կարող է յուրաքանչյուրը։ Այլ խոսքով շատ  հետաքրքիր է, և այս թատրոնում իմ երկար աշխատելու, չասեմ պատճառը, այլ հիմքը թատերախումբն է, կոլեկտիվը։ Ես շատ սիրում ու գնահատում եմ նրանց և աշխատում եմ ամեն մի փորձը վերածել տոնախմբության, որ դերասանները մինչև վերջ տրվեն աշխատանքին։

-Կարծում եմ` Ձեր ղեկավարած տարիներին թատրոնի աստեղայինն այն ժամանակն էր, երբ բեմում էին երկու հրաշալի դերասաններ  Կարպ Խաչվանքյանը և Սվետլանա Գրիգորյանը։ Այսօր սերնդափոխությունն ինչպե՞ս է կատարվում։

-  Այս թատրոնի  աստեղային ժամը պայմանավորված չէ միայն Կարպ Խաչվանքյանով և Սվետլանա Գրիգորյանով. մեր թատրոնի աստեղային ժամը պայմանավորված է Վարդան Աճեմյանով։ Այն ժամանակ եղել են բազում, բազմաթիվ հրաշալի դերասաններ. փառք ու պատիվ բոլորին, որ հզոր թատրոն են ստեղծել։ Մի ժամանակ ասում էի մեր հանրապետության ամենաժողովրդական թատրոններից մեկը, հիմա վստահ ասում եմ, որ ամենաժողովրդական թատրոնը Պարոնյանի անվան թատրոնն է։ Այն ավանդույթները, որ նրանք սերմանել են այստեղ, հիմա փոխանցվում է երիտասարդությանը։ Մենք շատ մեծ տեղ ենք տալիս երիտասարդությանը` և’ բեմադրիչներին, և’ նկարիչներին, և’ դերասաններին։  Այնպիսի թատերաշրջան չկա, որ երիտասարդ ուժ չմտնի թատրոն։ Մենք` ավագ սերունդը,  մտածում ենք, որ պետք է անպայման նոր արյուն ներարկվի  ամեն թատերաշրջան, և այդ սկզբունքը մեզ հնարավորություն է տալիս, որ մեր թատրոնը պահի իր կենսունակությունը։

-Թատրոնը, և ընդհանրապես արվեստը, արտացոլում է կյանքը և փորձում է գտնել որոշ հարցերի պատասխաններ։ Ի՞նչ հարցերի լուծում եք Դուք փորձում գտնել։

-Թատրոնը հարցեր է առաջադրում,  ոչ թե պատասխաններ գտնում։ Պատասխաններ գտնում են այն մի քանի հարյուր հոգին, ովքեր նստած են դահլիճում. ամեն մեկն իր համար գտնում է իր պատասխանը։ Թատրոնը ժամանակի մեջ է, մեր խաղացանկը այն հազվագյուտներից է, որտեղ գերիշխում է հայ ազգային և  ժամանակակից դրամատուրգիան, որովհետև գիտակցում ենք, որ առանց ազգային դրամատուրգիայի` հայ թատրոն գոյություն ունենալ չի կարող։ Շատ կարևոր է, երբ բեմից մարդիկ խոսում են իրենց մասին, իրենց հարևանի, բարեկամի մասին և անհանգիստ են խոսում. դա է պատճառը, որ մենք ունենք ներկայացումներ, որոնք, արդեն տասը տարի է բեմում են և հետաքրքրում են հանդիսատեսին։

-Կինոռեժիսոր Ռոման Բալայանը իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ արվեստն իր համար այն է, ինչ պաշտպանում է մարդուն ու բնությունը։ Իսկ Ձեզ համար  ի՞նչ է արվեստը։

-Եթե բեմում չկա մարդկային հոգու կյանքը, ապա այդ արվեստը մեռած է։ Արվեստը պետք է արտացոլի մարդկայինը, պատմի մարդու  հոգսերի, ցավի, ուրախության մասին  ու եթե մարդն է բեմի վրա, ուրեմն դա հետաքրքիր է, և հանդիսատեսը գալիս է։

-Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար արվեստը բուժիչ հատկություն ունի։

-Դժվարանում եմ այդպիսի դարձվածքների հետ համաձայնել կամ հերքել. չգիտեմ` արվեստը բուժում է, թե ոչ, բայց մի բան գիտեմ, եթե այն հետաքրքիր է, ուրեմն ոչ միայն բուժում է, այլև մարդուն ասում է, որ ինքը միայնակ չէ այս աշխարհում. ահա իսկական արվեստը։

-  Կարծեք թե 21-րդ դարի հիվանդություններից մեկն էլ մարդու միայնակությունն  է։

-Միայն 21-րդ դարինը չէ. մարդը իր ծննդյան օրվանից սկսած մենակ է…

-Մենակ ծնվում ես և մենակ էլ հեռանում այս աշխարհից։

-Այդպես է։

-Քաղաքական ներկա թոհուբոհի մեջ ի՞նչ դեր է վերապահված թատրոնին։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, համատեղելի արվեստ և քաղաքականություն հասկացությունները։

-Եթե ապրում ես մի երկրում, որտեղ  խնդիրներ կան` լավ, թե վատ, հետաքրքիր, թե անհետաքրքիր, ու եթե թատրոնը չի արձագանքում այդ ամենին, ուրեմն այդ թատրոնը մեռած է։ Իսկ մեր խաղացանկում բազմաթիվ գործեր կան ոչ միայն  ժամանակակից, այլև դասական, որոնք ուղղակիորեն կապված են ժամանակի հետ։ Վերջերս բեմադրեցինք “Մորգանի խնամին” պիեսը բոլորովին այլ տեսանկյունից։ Դա մեզ հուշեց Շիրվանզադեի մի նամակը,  որում ասվում է, որ նա փորձել է գրել մի պիես կորած սերնդի մասին, այն սերնդի, որը  հայրենիքում չէ, հայրենիքից դուրս է, և ցավ, դարդ, կարոտ կա դեպի հայրենիքը։ Մեր ներկայացման ֆինալային ելքը արդեն մեծ ակորդ է.  հերոսուհին ասում է, որ   անպայման պետք է վերադառնա հայրենիք։ Շատ կարևոր է, որ մարդը չկտրվի իր հող ու ջրից։ Երբ անցնում եմ որևէ փողոցով և տեսնում եմ` մարդիկ նոր տուն են կառուցել և ապրում են, երջանկանում եմ։ Թող բոլորն էլ տուն կառուցեն, թող շատ տներ կառուցվեն, որ բոլորն էլ մնան և ապրեն այս հողի վրա։

-Ցավոք, շատերն էլ փակում են այդ տան դռներն ու հեռանում են։

-Ուզում եմ մի քիչ չհամաձայնել Ձեզ հետ. աշխարհի բոլոր երկրներից էլ մարդիկ գնում են։ Մարդը չի կարողանում ապրել… բայց ամենազարմանալին այն է, որ ապրել կարողացողն է գնում։ Ես արդեն 15-20 տարի է, ինչ գնում- գալիս եմ Միացյալ Նահանգներ, հավատացեք ինձ, 95 տոկոսի  աչքը այստեղ է. կարոտով են հիշում ամեն ինչը, կարոտով են հետ նայում։

-Ինչպե՞ս կբնորոշեք այս պահի Հայաստանի ու հայի վիճակը։

-Ինձ վրա այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի, իմ վիճակի մասին կարող եմ ասել.  շատ ուրախ եմ` որ այս երկրում եմ ապրում, շատ ուրախ եմ, որ տարաձայնություններ կան, կա ընդդիմություն և դիմություն։ Երկիրը այդպիսին պետք է լինի. մի բանի հետ ես չպետք է համաձայնեմ, մեկ ուրիշի հետ` Դուք…Կյանքն է այդպիսին. ինձ համար շատ հետաքրքիր է, շատ։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, ու ինձ համար ավելի լավ տեղ չկա։

-Իսկ  քաղաքական այս վերջին իրադարձությունները դեպի ու՞ր  կտանեն մեզ։

-Չեմ կարողանում հասկանալ  հարցի ենթատեքստը. երկիրը գնում է իր ճանապարհով, և հիմա ինչ որ արվում է, ես դրա կողմնակիցն եմ։ Նախընտրում եմ լինել Չեխովի, Դոստոևսկու գործերի ոչ միայն ծանոթը, այլև գնահատողը, քան թե ինձ գցեմ Եվրոպա, մանավանդ պատմությանը մի քիչ ծանոթ եմ և գիտեմ, թե այդ Եվրոպան, քանի անգամ է մեզ դավաճանել։

-Եթե այդ տեսանկյունից նայենք, Չեխովի, Դոստոևսկու ազգակիցներն էլ բազմաթիվ անգամ մեզ զոհաբերել են։

-Մենք պետք է դիվանագետ լինենք… շատերից պետք է սովորենք դիվանագետ և շրջահայաց լինել. չմոռանանք, որ դեռ պատերազմական վիճակում ենք։

 Սաթենիկ Ազատյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...