16:56
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԱՅՈՒՆ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է

2020-07-16 10:54

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մեծ դեր է ունեցել 1992-1995թթ. Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից առաջ Տեր-Գրիգորյանցը ծառայում էր որպես Խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ Աֆղանստանում և Խորհրդային ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թվականին Տեր-Գրիգորյանցն ընդունեց Հայաստանի կառավարության հրավերը և ստանձնեց Հայկական բանակի հրամանատարությունը։ 1992-1995թթ. նա դարձավ գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ներկայացնում ենք “Դե Ֆակտո” ամսագրի հարցազրույցը 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։

-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի մարտունակությունը։

-Հպարտ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման գործում։ Ըստ իս, այսօրվա հայկական բանակը կայուն ու մարտունակ է, հոյակապ զինված է բոլոր արդիական մարտական պաշտպանության միջոցներով և ի զորու է արժանապատվորեն պաշտպանել Հայաստանի և Արցախի տարածքները։

Ինքս չորս տարի եղել եմ Հայաստանում և ընկերներիս հետ իմ ներդրումն եմ ունեցել բանակաշինության հարցում՝ այդ իսկ պատճառով էլ ծանոթ եմ հայկական բանակին նաև խորքից։

-Այսօր Ադրբեջանի կողմից շարունակաբար սպառնալիքներ են հնչում պատերազմի վերսկսման վերաբերյալ։ Արդյոք հավանական համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը։

-Ելնելով ներկայիս փաստերից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պատերազմի, քանի որ գերազանց զինված է և անգամ որոշ զինատեսակների մեջ ունի առավելություն։ Բացի այդ, թեև ցավալի ու զազրելի է, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի՝ նրանց հիմարեցնելով ու նախապատրաստելով մահվան։ Իհարկե եթե Ալիևի ռազմատենչ հայտարարություններն իրականություն դառնան, դա կլինի շատ սարսափելի պատերազմ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ այժմ այն ժամանակները չեն, երբ հայերին դաժանորեն սպանում էին Թուրքիայում, Սումգայիթում, Բաքվում, գնդակոծում էին Մեղրին, Գորիսը, Կապանը և այլ հայկական տարածքները։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ այժմ այդ ամենը հեշտությամբ չի մարսի։ Նա պետք է հասկանա, որ Հայաստանում իրեն դիմադրելու է ոչ թե բահերով ժողովուրդ, այլ գերազանց զինված, կազմակերպված, բարոյապես կայուն ու մոբիլիզացված բանակ։ Ժամանակին Հիտլերը ևս բոլորին սպառնում էր պատերազմով, սակայն արդյունքում պարտություն կրեց։ Այժմ հնարավոր չի լինի ակնթարթային պատերազմով գրավել Արցախը։ Իհարկե, Ադրբեջանի հիվանդ ղեկավարը ամեն ինչ կարող է ձեռնարկել, սակայն մեր բանակն ունակ է տալու հիմնարար հակահարված։

-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

-Ըստ իս, այս հակամարտությունը ձգձգվում է, քանի որ բանակցային գործընթացը սխալ է իրականացվում։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ Ռուսաստանի Դաշնության միջոցով, քանի որ հենց բոլշևիկյան ՌՍՖՍՀ-ն և Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի Հանրապետությունը 1921թ. մարտի 16-ին Արցախը հանձնեցին այն ժամանակ նորաստեղծ մուսուլմանական հանրապետությանը՝ Ադրբեջանին։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվել է ընդամենը 70 տարի. դա Խորհրդային Միության ժամանակահատվածում էր։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը դարձավ առաջին հանրապետության իրավահաջորդը։ Այդ ժամանակ գոյություն ուներ գորբաչովյան հրամանագիրը, ըստ որի եթե հանրապետությունները ցանկանում են դուրս գալ Խորհրդային Միությունից, ապա ինքնավար կազմավորումները իրավունք ունեն մնալ կամ ԽՍՀՄ կազմում, կամ նույն հանրապետության կամ էլ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակել։ Ղարաբաղը հենց այդպես էլ վարվեց՝ իրեն հռչակելով անկախ։ Թուրքիան և Ադրբեջանը ձևավորվել են այլ պետություններից տարածքներ խլելու, ինչպես նաև այդ տարածքներում ապրող բնիկ ժողովրդին տեղահանելու կամ ցեղասպանություն իրականացնելու ճանապարհով։ Դա ազգայնական մոտեցում է, և այդ ամենն արդեն անցյալում է։ Ժամանակն է, որ միջազգային ատյանները՝ ի դեմս Հաագայի դատարանի, Ալիևին իր ագրեսիվ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկեն։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործունեությունը։

-Սեյրան Օհանյանը պարկեշտ, կազմակերպված, հայրենասեր ու նվիրված անձնավորություն է։ Նրան հաջողվում է հմտորեն ղեկավարել պաշտպանության նախարարությունը։ Նա կատարելագործում ու բարելավում է տարիներ առաջ մեր կողմից ստեղծված բանակն ու պաշտպանության նախարարությունը։

Ի սկզբանե, երբ ես հրաժարվեցի պաշտպանության նախարարի պաշտոնից, պաշտոնը զբաղեցնելու համար մենք հրավիրեցինք Սերժ Սարգսյանին, նա ևս շատ դրական քայլեր ձեռնարկեց պատերազմից հետո բանակի կատարելագործման հարցում, այժմ էլ նույն դրական գործունեությունը շարունակում է Սեյրան Օհանյանը։

-Ի՞նչ կմաղթեք Հայաստանին և Հայոց բանակին։

-Կցանկանայի, որ շարունակվեին բարեկամական հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների և առաջին հերթին ՌԴ զինված ուժերի հետ։

Ցանկանում եմ, որ հայկական բանակը լինի մարտունակ և կարողանա դիմակայել ցանկացած ագրեսիվ դրսևորում, զինված լինի ժամանակակից զինատեսակներով։ Կցանկանայի, որ հայկական բանակը կարողանար ազատագրել Հայաստանի բոլոր տարածքները՝ այդ թվում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Արցախի 14 տոկոսը։

Ուզում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկներ Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ վերացնեն Հայաստանի շրջափակումը։

Հայաստանին մաղթում եմ տնտեսական աճ, նոր աշխատատեղերի ստեղծում և այնպիսի պայմաններ, որ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերը կարողանան վերադառնալ իրենց հայրենիք և ապրեն բարեկեցիկ պայմաններում։ Հայաստանը զինված ուժերի կարիք չէր ունենա, եթե շրջապատված լիներ խաղաղասեր հարևաններով։ Մինչդեռ մենք շրջապատված ենք ագրեսիվ, ցեղասպանության գնալու պատրաստ երկրներով՝ ազգայնամոլական նկրտումներով Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան, որը ոչ մի կերպ չի ընդունում 20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած ավելի քան 1.5 միլիոն հայերի ցեղասպանության ոճիրը։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...