16:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այս աշխատանքն ինձ մեծագույն հաճույք է պատճառում, որի անենամեծ գնահատականը հեռացող հաճախորդի ժպիտն է

2014-02-18 11:51

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

2006-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացվեց “KAISER” հացաբուլկեղենի արտադրամասը, որի գործադիր տնօրենի պաշտոնը  2011 թվականին ստանձնեց երիտասարդ կին գործարար Հռիփսիմե Պետրոսյանը։

“Դե Ֆակտո” ամսագիրը զրուցեց Հռիփսիմե Պետրոսյանի հետ արտադրամասի գործունեության, արտադրության ծավալների և առաջիկա ծրագրերի մասին։

-Տիկին Պետրոսյան, կրթությամբ լեզվաբան եք, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել հացաբուլկեղենի արտադրության գործով։

-Ճիշտ եք, ավարտել եմ ԵՊՀ ռոմանա-գերմանական լեզուների ֆուկուլտետը, բուն մասնագիտությամբ լեզվաբան եմ, սակայն դա ինձ ամենևին չի խանգարում սիրել իմ աշխատանքը։ Ես մեծ ջանք ու եռանդ եմ դնում իմ գործի մեջ։ Աշխատում եմ միշտ լինել արտադրամասում, որպեսզի անձամբ հետևեմ աշխատանքի ընթացքին և բարձր մակարդակով այն հասցնեմ ավարտին։ Այս աշխատանքն ինձ մեծագույն հաճույք է պատճառում, հատկապես, երբ զգում եմ, որ հաճախորդը գոհ է մեզնից։

-Անդրադառնանք արտադրամասի հոսքագծերի տեխնիկական հագեցվածությանը և սարքավորումներին. ի՞նչ տեխնոլոգիաներով եք աշխատում։

-Բոլոր սարքավորումները ներկրվել են Իտալիայից, ինքնակառավարվող հոսքագծեր են, որոնց գործարկման համար հատուկ մասնագետներ էին հրավիրվել հենց Իտալիայից։ Ունենք խմորը հասունացնող ինքնակառավարվող սարք, որը խմորը հասցնում է վերջնական պատրաստի վիճակին։ Հացը թխելու համար ունենք հատուկ քարե վառարաններ, որոնք նպաստում են հացի որակական և համային հատկանիշերի պահպանմանը։

-Իսկ ինչպիսի՞ տեսականի է արտադրվում Ձեզ մոտ։

-Արտադրում ենք ավանդական մատնաքաշ, պուրի, քարի հաց, դիետիկ հացի լայն տեսականի, ֆրանսիական բագետ, լավաշ, որը թխվում է Գառնու տեխնոլոգիայով, բուլկեղենի լայն տեսականի։

Բարձր համային որակների շնորհիվ մեր տեսականին բավականին մեծ պահանջարկ ունի, համագործակցում ենք տարբեր ռեստորանային համալիրների հետ։

Արտադրամասի երկրորդ հարկում գործում է տորթերի արտադրամասը, որտեղ պատրաստվում են թե’ ամբողջական տորթեր, թե’ կտորներով խմորեղեն` թռչնի կաթ, տիրամիսու, հարբած բալ, իրիս, իդեալ և այլ տեսականի։ Սեզոնային պահանջարկին համապատասխան` տեսականու որոշակի փոփոխություններ ենք ունենում։  Օրինակ ամռան ամիսներին դոնդողային, մրգային և սերուցքային տեսականու պահանջարկը ավելի մեծ է։ Մեր վաճառքի գները մատչելի են և հասանելի ցանկացած հաճախորդի համար։ Տորթերի համար Գերմանիայից հրավիրել էինք հատուկ մասնագետի, ով վարպետության դասեր անցկացրեց մեր աշխատակիցների հետ` ծանոթացնելով նրանց տորթերի պատրաստման արվեստի նրբություններին, գաղտնիքներին և գեղեցիկ ու յուրահատուկ ձևավորելու հմտություններին։ Յուրաքանչյուր խմորեղեն ունի իր պատրաստման ձևը, որի համար մեծ աշխատանք է տարվում։ Ունենք նկարիչ, ով իր կախարդական վրձնով ավելի է գեղեցկացնում մեր տորթերը։ Ունենք նկարների ցանկ, որտեղ հաճախորդը կատարում է իր ընտրությունը։ Նոր տեսականու դեպքում առաջնահերթ պայմանն է հյուրասիրությունը, քանի որ համտեսելով հաճախորդը ավելի ճիշտ է կողմնորոշվում։Վերջերս պատրաստեցինք “Մոցարտ” խմորեղենը, որի համը շատ դուր եկավ մեր հաճախորդներին։

-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր արտադրության առանձնահատկությունը։

-Մենք մեր ուրույն ձեռագիրն ունենք, որն այս տարիների ընթացքում չի փոխվել և ճանաչելի ու ընդունելի է սպառողների կողմից։

-Մոտենում են Ամանորի տոները, տոնական սեղանի պարտադիր մասն է կազմում խմորեղենը։ Այս առիթով ի՞նչ նորություններով եք պատրաստվում ներկայանալ սպառողներին։

-Ինչպես արդեն նշեցի, տարվա յուրաքանչյուր ժամանակահատվածին համահունչ` մենք վերանայում ենք մեր տեսականին, պարբերաբար ունենում ենք նորություններ, դրա հետ մեկտեղ պահպանում ենք արդեն ավանդական դարձած ու սիրված տեսականին։ Ամանորյա տոներին ընդառաջ` ես ձեռնարկում եմ նոր մտահղացումներ. օրինակ` պատրաստելու ենք տորթեր տարվա խորհրդանիշով, ձմեռ պապով, ձնեմարդով և այլն։

-Ինչպիսի՞ տարի էր  2013 թվականը անձամբ Ձեզ և ընկերության համար։

-Պետք է նշեմ, որ տարվա ընթացքում բարձր պահանջարկի շնորհիվ զգալիորեն մեծացրինք արտադրության ծավալները, ինչի արդյունքում ընդլայնեցինք մեր արտադրամասը։ Տարին ձեռքբերումների տարի էր, ինչն ինձ ավելի ոգևորեց և խթան հանդիսացավ նոր մտահղացումների համար։ Անձամբ ինձ համար 2013-ը երջանկության ու սպասումների տարի էր, քանի որ ես սպասում եմ իմ բալիկի ծնունդին, շուտով ես էլ կզգամ մայրության բերկրանքը, որն էլ ինձ ուժ և եռանդ է տալիս ստեղծագործելու համար։ Ես առանձնահատուկ երջանկություն եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես են մեր փոքրիկ հաճախորդներն ուրախանում` տեսնելով իմ պատրաստած  տորթերն`  իրենց սիրելի հերոսներով։ /Ժպտում է/։

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին գալիք տարում։

-Ես մաղթում եմ բոլորին անձնական և ընտանեկան երջանկություն, սեր, ներդաշնակություն և բարեկեցություն։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...