07:22
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ՄԱՐԴ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2014-01-24 11:37

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

Մարդասիրությունն ու արդարամտությունը բարձրագույն արժեքներ են, որոնք պետք է հիմնարար և անխախտ լինեն յուրաքանչյուրիս ներքին սահմանադրության մեջ, իսկ հասարակական-պետական կյանքում ազդեցիկ և որոշիչ դեր ունեցող անհատների համար այդ որակներն ուղղակի պարտադիր են։ Հակառակ դեպքում կխաթարվի հանրային բարոյականությունը, կխախտվի քաղաքացի-պետություն հավասարակշռությունը։

Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, հանրային անդորրի և հասարակական անվտանգության երաշխավորը, և կառույցի դերակատարության մեջ չափազանց մեծ նշանակություն ունեն ղեկավարի սկզբունքները, դավանած արժեքները, հավատո հանգանակը։

 Հայաստանի ոստիկանությունը զարգացման տարբեր փուլեր է անցել անկախության տարիներին, սակայն որակական թռիչքի առումով շրջադարձային եղավ 2011 թվականը, երբ  ՀՀ ոստիկանության պետ նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը։

Իր հավատամքին, սկզբունքներին ու տեսլականին հավատարիմ` Վլադիմիր Գասպարյանը համակարգի բարեփոխման հիմքում դրեց նոր ոստիկանության ձևավորման գերխնդիրը։ Ոստիկանություն, որի սկզբունքը ոչ թե ուժն ու պարտադրանքն է, այլ խոսքն ու ծառայությունը, ոստիկան, ում մեջ երկխոսում են քաղաքացին և իրավապահը, աշխատանք, որի կարգախոսն է` “Ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին”։

Շատ ժամանակ չի անցել, ընդամենը երկու տարի, բայց արդյունքներն ակնհայտ են։ Ոստիկանն այսօր հասարակության կողմից դիտվում է որպես օրենքի պահապան և քաղաքացու պաշտպան։ Հասարակության հավատին ու վստահությանը արժանանալու գործում կարևոր քայլ էին պարեկային նոր ստորաբաժանումների` “Հրեշտակների” գումարտակների ստեղծումը, համայնքային ոստիկանության ընդլայնումը, տասնյակ տարիներ առաջ կատարված ու հասարակական հնչեղություն ունեցող գործերի բացահայտումը, վերջին երկու տարվա իրարահաջորդ ընտրական գործընթացներում իր պարտականությունների բացառիկ հստակ կատարումը, հանդուրժողականությունն ու օրինահարգությունը հանրային ակցիաների “թեժ” կետերում, գերազանց ծառայությունը տեղամասերում, դպրոցներում, հասարակական վայրերում և այլն։

Ոստիկանությունն այսօր փոխվել է նաև արտաքնապես` սկսած նորոգվող ու հիմնովին կառուցված բաժին-բաժանմունքներից մինչև ծառայողների արտաքին տեսքն ու պահվածքը։ Իսկ գալիք տարում, համոզված ենք, նոր համազգեստի կիրառումը ևս մի քայլ կդառնա նոր ոստիկանության կազմավորման ճանապարհին։

Իրապես, չափազանց կարճ ժամանակում չափազանց շատ է արված, բայց յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից։ Վլադիմիր Գասպարյանն իր քրիստոնեական-մարդկային արժեհամակարգով ձեռնամուխ լինելով կոտրելու ոստիկանի ու ոստիկանության հին կարծրատիպը` ոչ թե ծառայակիցներից պահանջեց լինել այդպիսին, այլ սեփական օրինակով ապացուցեց, թե ինչպիսին  է լինում Ոստիկանը։

Ընդամենը երկու դրվագ։

2013 թ. ապրիլի 9-ին Վլադիմիր Գասպարյանն ընդառաջ գնաց Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքված շիկացած զանգվածին և մի անքննելի հղացումով անկանխատեսելի լարվածությունը վերածեց մերձավորի հանդեպ սիրո ու հոգածության, որը պսակվեց համայնական աղոթքով` Ծիծեռնակաբերդում։

ՀՀ ոստիկանության պետը նույն կերպ ընդառաջ գնաց աղետալի կարկուտից տուժած Արմավիրի գյուղացիներին, և համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում կայացվեց աննախադեպ որոշումը` ոստիկանությունը կաջակցի բնական աղետից տուժած հողագործներին։ Եվ ոստիկանությունը հանգանակեց ու արմավիրցիների օգնության հիմնադրամին փոխանցեց 20 մլն դրամ։ Առաջի՛նը` պետական կառույցների շարքում, առաջի՛ն անգամ` մեր իրականության մեջ…

Անքննելի և աննախադեպ. այսպես կարելի հակիրճ բնութագրել Վլադիմիր Գասպարյանի անձն ու գործը, մարդու, ով կարողացավ բազում բարեփոխումների հետ միասին կոտրել նաև պաշտոնյայի կարծրատիպը` ամեն պահ ապացուցելով, որ հնարավոր է արդյունավետ աշխատել, լինել ազդեցիկ ղեկավար և միևնույն ժամանակ՝ մատչելի անձնավորություն, ով պատրաստ է կիսել հայրենակցի հոգսը, լինել մարդ, քաղաքացի, պաշտոնյա` միաժամանակ։

Ժողովրդավարական արժեքներից կարևորագույնը օրենքի իշխանությունն ու գերակայությունն է։ Այդ ուղին որդեգրելու համար պետք է  կամք  դրսևորել, ինչը հաջողվեց Վլադիմիր Գասպարյանին, նա դուրս եկավ կարծրատիպային մոտեցումներից և  փոխեց ոստիկանության գաղափարախոսությունը՝ որդեգրելով “Հանուն օրենքի և քաղաքացու” բանաձևը։

ՀՀ ոստիկանության համակարգում, իհարկե, դեռևս առկա են բազում չլուծված խնդիրներ, ոստիկանի բարեփոխման ճանապարհը շարունակվում է, ու վստահ ենք, որ Վլադիմիր Գասպարյանի նման ղեկավար ունենալով՝ ՀՀ ոստիկանությունն անշեղ է ընթանալու այդ ճանապարհով։ Թերևս, ամենակարևորը հասարակության հավատն ու վստահությունն է, որն արդեն ունենք, իսկ ամրապնդմամբ կունենանք ոստիկանություն-ժողովուրդ ներդաշնակություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը երկու տարում Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ ՀՀ ոստիկանության համակարգում իրականցվեցին աննախադեպ բարեփոխումներ,  այն է՝  ոստիկանի կերպարանափոխությունը, ոստիկանների ծայրահեղ հանդուրժողականության դրսևորումը, հասարակության հավատի և վստահության հաստատումը, “Դե Ֆակտո” ամսագիրը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին ճանաչում է “Տարվա մարդ”։  

Ս. Թ.

ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գեներալ-լեյտենանտ,

ՀՀ ոստիկանության պետ

Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։

1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։

1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձագույն  քննչական ակադեմիայում, որը գերազանցությամբ ավարտել է՝ իրավաբանի որակավորմամբ։

1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։

1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

1992-1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։

1993-1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։

1995 թ.` այլ  աշխատանքի անցնելու կապակցությամբ  ազատվել  է ՆԳՆ համակարգից։

1995-1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։

1997-2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

ՀՀ նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի  հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։

1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Բազմիցս պարգևատրվել է պետական և գերատեսչական շքանշաններով, մեդալներով և պատվոգրերով։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...