21:38
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԼՍԵՔ ԳՐՔԵՐ

2014-01-30 11:03

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

2013 թվականի փետրվարի 10-ից        Poeplemeter ընկերությունը նախաձեռնեց աուդիոգրքերի թողարկում` հնչունավորելով հայ և համաշխարհային գրականության գոհարները։ Աուդիոգրքերը ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն, ուստի ընկերությունը որոշեց հետևել համաշխարհային փորձին, ստեղծել աուդիոգրքեր, որոնք ընթերցասեր մարդկանց համար հիանալի միջոց կլինեն գրքին մոտ լինելու համար, և ինչու ոչ, ոմանց էլ, ովքեր այդքան էլ սեր չունեն կարդալու հանդեպ, կստիպեն լսես այդ գրքերը։

Հայերեն աուդիոգրքեր ստեղծելու փորձն արդեն մի քանի տարի է, ինչ կա հայկական իրականությունում, սակայն դրանք այնքան էլ հաջողված չէին և լայն տարածում չգտան։ Ընկերության նպատակն էր ստեղծել լավագույն որակի աուդիոգրականություն` ստեղծելով բացառապես բարձրորակ գրքեր, հավաքել հետաքրքիր աուդիոգրադարան` համալրելով այն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դասականների ստեղծագործություններով։

Տարվա ընթացքում թողարկվեցին հայ և ռուս հեղինակների ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրի թողարկման համար իրենց աջակցությունն են ցուցաբերել հայտնի հայ հասարակական և քաղաքական գործիչներ։ 

www.audiobook.am կայքում ընթերցասեր հայ հասարակության ինտերակտիվ մասը կարող է գտնել այդ ստեղծագործությունները։ Գրքերը առկա կլինեն նաև Apple Store-ում, որպեսզի հասանելի լինեն աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ևս։

Մեր կողմից ձևավորվեց աշխատանքային թիմ, որը սկսեց աուդիոգրքեր ստեղծելու նախաձեռնությունը ներկայացնել գրականությամբ հետաքրքրվող անհատների, մարդկանց, ովքեր շահագրգռված են հայ և համաշխարհային գրականության գոհարների հնչունավորմամբ։ Եղան մարդիկ, ովքեր իրենց սիրելի ստեղծագործությունը հնչունավորած տեսնելու և այն լայն լսարանի ներկայացնելու  ցանկություն և պատրաստակամություն հայտնեցին։ Եղան մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին ֆինանսավորելու հայ, մյուսները այլազգի գրողների ստեղծագործությունները, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ստեղծագործություն,  գիրք կամ հեղինակ, որի հետ նա հուշեր, հույզեր ու զգացմունքներ է կապում։

 Նախագծի հեղինակ` Ն. Մալյան

Արդեն հնչունավորվել են Ակսել Բակունցի երկերը, “Սասունցի Դավիթ” էպոսը, Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն, Վահան Տերյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” պոեմը, Պարույր Սևակի “Անլռելի զանգակատունը”, Չեխովի պատմվածքները, Գարեգին Նժդեհի “Աշխարհայեցողութունը”, Սերո Խանզադյանի “Մխիթար Սպարապետը” և այլ հեղինակների գործեր։

Ստեղծագործությունները հնչունավորվել են տարբեր մարդիկ, Հայաստանի լավագույն ձայներից` Գուժ Մանուկյանը, Սարգիս Նաջարյանը, Հայկ Բլբուլյանը, Արտավազդ Բայաթյանը, Արամ Չախոյանը, Կարեն Քոչարյանը, Սամվել Թոփալյանը։

Աուդիոգրքերի ստեղծման առաջին նախագիծը սկսվել է 1931-ին ԱՄՆ-ում, երբ երկրի Կոնգրեսում ներկայացվեց և հաստատվեց տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ձայնային գրքերի ստեղծման նախագիծը` “Գրքեր կույրերի համար”։ Ծրագրով նախատեսված էր ստեղծել ու անվճար տարածել աուդիոգրքեր վերոնշյալ քաղաքացիների շրջանում։ Այս ծրագիրը գործում է 1932-ից մինչ օրս։

1952-ից սկսվեց աուդիոգրքերի կոմերցիոն արտադրությունը, Դիլան Թոմասը ձայնագրեց “Մանկական ծննդյան տոները Ուելսում” գիրքը, որը սակայն մեծ տարածում չունեցավ։

Խորհրդային Միությունում աուդիոգրքերի ստեղծման առաջին փորձը կատարվել է 1961-ին` Կույրերի համամիութենական միության կողմից։

Աուդիոգրքերի գոյության պատմության մեջ բեկումնային տարեթիվ է 1979-ը. հենց այդ տարի էր, որ աուդիոգրքերի արտադրությունում սկսեցին ներգրավվել պրոֆեսիոնալ դերասաններ, ինչն էականորեն բարելավեց աուդիոգրքերի որակն ու բարձրացրեց պահանջարկը։

Այսօր արդեն բազմաթիվ տպագիր գրքեր հրատարակվում են աուդիոտարբերակների հետ միասին։

Աուդիոգրքերից օգտվելն այսօր համաշխարհային պրակտիկա է. մարդիկ լսում են ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտական գրականություն, սովորում են լեզուներ, ստանում մասնագիտություններ։

Թ. Ա.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...