22:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կինոռեժիսոր Ռուզան (Ռոզալիա) Ֆրանգուլյան

2013-12-25 12:42

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

(1925-1993)

Ռուզան (Ռոզալիա) Ֆրանգուլյանը ծնվել է 1925թ. սեպտեմբերի 18-ին գեղատեսիլ Դիլիջանում։ 1950թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆ‎իայի համամիութենական ինստիտուտը և անմիջապես աշխատանքի անցել “Հայ‎ֆիլմ” կինոստուդիայում, 1955-1982թթ. Հայաստանի վավերագրական ‎ֆ‎իլմերի, իսկ 1990 “Հայկ” կինոստուդիայում որպես ռեժիսոր։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ է 1967 թվից։

Յուրաքանչյուր ստեղծագործող մանկան է նման. կատարում է առաջին անհաստատ քայլերը, արտասանում առաջին վանկերն ու բառերը, ապա շարժում հաստատուն քայլերով և խոսում գեղեցիկ ու հմայիչ լեզվով։

Հետաքրքրական է, որ Հայաստանի առաջին կին կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուզան Ֆրանգուլյանի առաջին քայլերը կինոարվեստում շատ հաստատուն եղան։ Նրա առաջին ստեղծագործությունը` “Մարտիրոս Սարյան” ֆիլմը նորույթ էր ոչ միայն նկարահանման ձևի, այլև շոշափած հարցերի առումով։

Հանդիսատեսը ոչ միայն ծանոթանում էր մեծ վարպետի ստեղծագործությանը, այլև ապրում գեղարվեստի ընկալման բերկրանք։

Ֆիլմը ակնառու հաջողություն բերեց երիտասարդ արվեստագետին։

Այժմ, երբ հետադարձ հայացք ես ձգում նրա ստեղծագործական բազմամյա ուղուն, զարմանում ես ոչ միայն ստեղծագործությունների քանակից (300 կինոհանդես, 60-ից ավելի վավերագրական ու փաստագրական սև-սպիտակ, գունավոր ֆիլմեր), այլև թեմաների բազմազանությունից։

Մի կողմից Ղարաբաղ-Երևան գազամուղի շինարարություն (“Կյանքի ճանապարհը”), աշխատանքային սխրանքներ և հերոսական անցյալ (“Հավերժ հիշատակ”), մյուս կողմից` հայրենի բնության գովերգ (“Դիլիջան”) և սոցիալիստական կոչված քաղաքի ծնունդն ու առօրյան (“Հրազդանի ափերով”)։

Ստեղծագործական հասուն մտքի արգասիք են “Անցյալի էջերից” ֆիլմը, որը պատմում է Մոսկվայի Լազարյան ճեմարանի ու նրա նշանավոր սաների մասին, ինչպես նաև Սարգիս Կասյանի հեղափոխական գործունեությանը նվիրված “Հեղկոմի նախագահը” կինոնկարները։

Ռուզան Ֆրանգուլյանը դեևս Մոսկվայի ՎԳԻԿ-ում ուսանելիս համապարփակ գիտելիքներ էր ստացել Ն. Աղաջանովայի ու Եվգ. Գաբրիելովիչի մոտ, որը նրան հնարավորություն տվեց հետագայում խմբագիր-սցենարիստից բացի ձեռք մեկնել կնոջ համար “անսովոր” ռեժիսորական աշխատանքին։

Ռ. Ֆրանգուլյանի կողմից ստեղծած կինոնկարների զգալի մասը կինոյի համապարփակ գիտելիքների արգասիք էին, ինչպես օրինակ` “Հռիփսիմե Սիմոնյան” ստեղծագործությունը։

Վերջին տարիներին թեմատիկ առումով հետաքրքրական ստեղծագործություններ էին “Հայրենաբաղձ սրտեր” և “Երգում են աշխարհի հայերը” ֆիլմերը։

Առաջինի ստեղծման շարժառիթը Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հյուրախաղերն էին արտասահմանում։ Նկարի ստեղծման գործում մեծ ներդրում ուներ օպերատոր, արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Սիմոնյանը։ Թեման սրտառուչ էր` հայ ժողովրդի երկփեղկված երկու հատվածների հանդիպումն օտար ափերում։

Թեև բարձրորակ նկարահանումն արդեն կանխագուշակում էր ֆիլմի հաջողությունը, սակայն ռեժիսորի հոգեբանական նուրբ ու հուզական ներգործությունն աներկբա էր։ Ֆիլմի հեղինակը վերջինիս հասել էր դինամիկ մոնտաժի, առանձին լուսանկարները որպես հիշողության պատառիկներ օգտագործելու միջոցով, պատկերաշարի ու ձայնաշարի հրաշալի զուգորդման շնորհիվ։ Վերջինիս արդյունքը անկեղծ շնչով տոգորված ու հուզաթաթավ այս ֆիլմն էր, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի լինելիության կենսահաստատ խոսքն էր։

Թեմատիկ առումով առավել մշակված էր “Երգում են աշխարհի հայերը” նկարը։

Հայրենի հողի վրա` Հայաստանում, տեղի է ունենում աշխարհի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայերի հանդիպումը։ Այստեղ հանդիսատեսը ծանոթանում էր մեծ համբավի արժանացած սփյուռքահայ արվեստագետների, որոնց ոգեշնչման ակունքը հայրենիքն էր ու նրա առօրյան։

Դրանց շարքում են Նյու-Յորքի “Մետրոպոլիտեն օպերայի” մենակատարներ Լուսին Ամարան, Լիլի Չուգասզյանը, Մյունխենի օպերային թատրոնի մենակատար Լուիզ Պոզապալյանը, ֆրանսիական նշանավոր շանսոնյե Շարլ Ազնավուրը և այլոք։ Ֆիլմում հանդես է գալիս նաև երիտասարդ խմբավար Կարլ Կարապետյանը, նրա ներկայութունը թեև համր է, սակայն հանդիսատեսը զգում է այն առնական արվեստը, որ վերջինիս մոտ ծնունդ է առնում, կապված նախնյաց հայոց հողի հետ։ Քառասուն րոպեանոց կինոնկարը թեև կինոհամերգի տպավորություն է թողնում, սակայն իր հարցադրումով հայ ժողովրդի կենսահաստատ իրողությունն է։

1967թ. Երևանում կազմակերպված գորգերի ցուցահանդեսն առիթ հանդիսացավ նրանց մասին ստեղծելու մի հրաշալի կինոնկար։ Սակայն հանդիսատեսին նա գիտա-հանրամատչելի նյութ հրամցնելու հավակնություն չուներ։ Այստեղ չի խոսվում գորգագործության պատմության, ավանդույթների և անգամ՝ նրա ստեղծման բարդ տեխնոլոգիայի մասին։

Այն մարդու բանաստեղծական էության գովքն է գորգի հենքի վրա։

Մարդ-աշխատանք-բնություն։ Այս եռյակն է, որ դառնում է բանաստեղծի ոգեշնչման աղբյուր։ Սառն աղբյուրից՝ գեղջկուհու խմած ջուրը նրա մոտ բորբոքում է ստեղծագործելու տենչը։ Գեղջկուհին, փոխառնելով բնության շռայլ գույները, ճերմակ հենքի վրա ստեղծում է անկրկնելի մի գորգ։

Հիշյալ կինոնկարը, հիրավի, Ռուզան Ֆրանգուլյանի ամենահաջողված գործերից մեկն է։

Անվանի արվեստագետը մեր մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանի սցենարով նկարահանել էր “Ավետիք Իսահակյան” երկմասանոց գունավոր կինոնկարը, նվիրված  մեծ վարպետի ծննդյան 100-ամյակին։

Հիշյալ ստեղծագործության արժանիքը լակոնիզմն է. հանդիսատեսը քսան րոպեի ընթացքում ծանոթանում էր հանճարեղ բանաստեղծի ու մեծ քաղաքացու կյանքին ու ստեղծագործությանը, նրա հույզերին ու ապրումներին։ Վարպետի ծննդյան ու մահվան տարեթվերը բաժանող գծիկը նրա ստեղծագործական ու հասարակական փոթորկուն կյանքի տարեգիրքն է։

Այս էր կինոնկարի նշանաբանը։

Արվեստագետի հետ դժվար է խոսել իր անելիքների ու ծրագրերի մասին և իմանալ նրա ստեղծագործական գաղտնիքը, քանի որ նախօրոք կազմած ծրագրերը երբեմն միախառնվում են, երբ անակնկալ այցի է գալիս մեծապատիվ մուսան։

Ռուզան Ֆրանգուլյանը վերջացրել էր Խոհրդային Հայաստանի անցյալին ու ներկային նվիրված սցենարը, որը պատմում էր հայ ժողովրդի վերջին տասնամյակների անցած ուղու մասին, սկսած մեծ եղեռնից՝ մինչև մեր օրերը։ Դա մեր հայրենիքի պայծառ ներկայի փաստագրական պատումն էր և անցած դառն ու դժվարին օրերի տխուր վերհուշը։

Արվեստագետի ստեղծած լավագույն ‎ֆիլմերից են նաև “Ճանապարհ երանգների միջով” (1962թ.), “Բարեկամների մեղեդիները” (1965թ.), “Հանդիպում վաղորդյան աստղի հետ” (1967թ.), “Արամ Խաչատրյան” (1981թ.), “Հայաստանը թատրոնների երկիր է” (1983թ.)։

- Մեծ եռանդով աշխատում եմ գեղարվեստական կինոնկարի սցենարի վրա,- ասում էր Ռ. Ֆրանգուլյանը, - այն նվիրված է մեր երիտասարդ գիտնականներին և ձոներգ է մեր հասարակության երիտասարդ մտավորականության շիտակությանն ու ազնվությանը։ Բայց ափսոս, այն անավարտ մնաց։

Արթուր Նավասարդյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...