06:39
08/24/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2013 թվական, փետրվարի 18, նախագահական ընտրություններ

2013-01-20 12:19

 «Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

Դե Ֆակտոամսագիրն ամփոփում է 2013 թվականըՁեր ուշադրությանն ենք ներկայացնում տարվա կարևորագույն իրադարձությունները։

 1.

2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով հավաքեց ընտրողների ձայների 58.64 տոկոսը։

“Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել։ Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը։ Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին։

Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին։ Հպարտ եմ այդ թիմով։ Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ։ Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը։ Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և՛ իրավունքը, և՛ հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները։ Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը։ Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը։ Եվ փառք մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ”։

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ չնայած թեկնածուների բազմազանությանը, ընտրողների ձայները կիսվեցին երկու հիմնական թեկնածուների միջև` Սերժ Սարգսյան` 58.64 և Րաֆֆի Հովհաննիսյան` 36.75 տոկոս։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարծիքներն ու արձագանքները տարբեր էին, ոմանք այն գնահատեցին իբրև մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունների ճանապարհին, մյուսները` այդ թվում միջազգային որոշ կազմակերպություններ ու փորձագետներ, ընտրությունները համարեցին բազմաթիվ ընտրախախտումներով ուղեկցված մի գործընթաց, որը բարձրացրեց հասարակության լայն զանգվածների բողոքի ու ընդվզման ալիք։

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս ընտրություններում հաղթել է ինքը, որ սա ժողովրդի հաղթանակն է։ Ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսվեցին բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Ազատության հրապարակում։ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում պահանջեց Սերժ Սարգսյանից` իշխանությունը հանձնելու մեխանիզմները քննարկելու նպատակով։

Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած պահի ընդունելու ընդդիմության թեկնածուին։ Եվ ահա փետրվարի 21-ին տեղի ունեցավ աննախադեպ հանդիպումը ՀՀ նախագահի գրասենյակում։ Բոլորիս հայտնի է, որ հանդիպումը էական հարց չլուծեց, արմատական տեղաշարժ և զիջումներ չեղան երկխոսողների միջև։

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից անժամկետ հացադուլ հայտարարեց, որը տևեց մինչև մարտի 31-ը։ Հացադուլից դուրս գալու օրը Ազատության հրապարակում գումարված մեծ հանրահավաքում վերջինս դիմելով հավաքված բազմությանը հայտարարեց. “Մեր ինքնամաքրումն ավարտվեց, մեզանից յուրաքանչյուրն ինքնամաքրվեց վախից և երկչոտությունից։ Այժմ մեր պայքարի նոր և վերջին փուլը պետք է սկսվի։ Մենք պետք է պայքարենք սկզբունքայնությամբ, քաջությամբ և անբեկանելի համոզումով, որ ինքներս ենք մեր հայրենիքի իրական տերերը։ Եվ ապրիլի 9-ին մենք առհավետ կփոխենք մեր ճակատագիրը։ Մենք հարություն կապրենք”։

Մարտի 31-ին 10։00-ին այս կարճ հանրային հայտարարությունից հետո Հովհաննիսյանը հեռացավ Ազատության հրապարակից` եկեղեցում պատարագի մասնակցելու և Սբ. Հարության տոնը ընտանիքի հետ նշելու։

Հաջորդ օրվանից մեկնարկեց Հովհաննիսյանի չորսօրյա մարզային “ազգային զորահավաքային արշավը”, որի ընթացքում նա պետք է հավաքագրեր քաղաքացիների բանակ` Նոր Հայաստանի ազատագրման համար… Մինչև… մինչև ապրիլի 9` երդմնակալության արարողության օրը։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց