14:42
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բնատուր շնորհով երկրաբանը

2013-12-20 11:19

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

“Զարմացա, որ այսքան շուտ անցան տարիները՝ դեռ այնքան շատ բան կա անելու, երկրին օգտակար լինելու, որ թերևս չեմ հասցրել անել”,-80-ամյակի առթիվ ՀՀ “Հայրենքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալով պարգևատրման մասին խոսելիս մեր զրույցի ընթացքում կատակեց Սաբիր Ստեփանյանը, որին ընկերները, իրավամբ, լեգենդար Սաբիր են անվանում։ Իսկ լեգենդն այս պարագայում նրա անցած ողջ ուղին, աշխատանքային կենսափորձն է՝ մարդկային և պրոֆեսիոնալ բարձր որակների յուրօրինակ շաղախը, տասնամյակներ շարունակ երկրի տնտեսական զարգացմանն ուղղված իր անձնական ներդրումը… Պարգևների նրա զինանոցը ամբողջացնում են “Աշխատանքային կարմիր դրոշի” երկու  (1971թ., 1977թ.) և “Ժողովուրդների բարեկամության” (1989թ.) շքանշանները, ՀԽՍՀ “Վաստակավոր երկրաբան” (1969), Հրազդան և Ագարակ քաղաքների պատվավոր քաղաքացի մեդալները։

  Տնտեսության ամենատարբեր ոլորտներ ղեկավարած անվանի գործիչը մի նոր, առավել բարձր մակարդակի էր հասցնում յուրաքանչյուր ձեռնարկություն, որի կառավարումը վստահվում էր իրեն։ Մինչդեռ բավականին երիտասարդ՝ ընդամեն  21 տարեկան էր, երբ նրան վստահվեց առաջին ղեկավար՝ Քաջարանի, ապա Ագարակի երկրաբանահետախուզական արշավախմբի պետի պաշտոնը։ Այդ ընթացքում հասցրել է անգամ պաշարների վերահաշվարկի և նոր հանքապաշարների հայտնաբերման համար պետական մրցանակի արժանանալ (1954թ.)։

Իր անցած ուղին՝ երկրի տնտեսական հաշվեկշռում կարևորագույն տեղ զբաղեցնող մի շարք գործարանների՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի, “Հայոսկի” արտադրական միավորման տնօրենների, ապա նաև պետական բարձր՝ ՀԽՍՀ գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահի, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ, ՀԽՍՀ Պետական մատակարարման կոմիտեի նախագահի պաշտոններ զբաղեցնելը վերհիշելու հետ մեկտեղ, զրուցակիցս խոր ակնածանքով է հիշում նաև իր ուսուցիչ, հետագայում նաև՝ ընկեր, ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի խոսքերը։ “Դժվարին տեղամաս է քեզ վստահվում, պետք է հետախուզական մանրակրկիտ աշխատանք իրականացնել … Քեզ սովորեցնելու, ոգեշնչելու կարիք չկա, դու բնատուր շնորհով երկրաբան ես, բարի երթ քո աշխատանքային գործունեությանը”,-Վայոց Ձորի երկրաբանահետախուզական արշավախմբի պետ նշանակելու կապակցությամբ ասել է Ա. Ասլանյանը։

Աշխատանքային այդ հարուստ  կենսագրությունը չի բնորոշվում սոսկ ղեկավարման կարողություններով, այլ հիմնախնդիրներին մոտեցման, դրանց լուծման առավել արդյունավետ, քիչ ծախսատար և նորարարական մոտեցումների որդեգրմամբ, իր ղեկավարած ձեռնարկության աշխատողների  համար կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքների (մանկապարտեզ, երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, պոլիկլինիկա) կառուցմամբ։

    Ստեփանյանի կենսագրությունում առանձնահատուկ տեղ է գրավում Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերականգնման ժամանակաշրջանը։ Այսօր էլ 25-ամյա հեռավորությունից չեն խամրել արհավիրքի մասին հիշողությունները։ “Արհավիրքների մասին սարսափազդու ֆիլմեր նկարահանողների ամենաուժեղ երևակայությունն անգամ չի բավարարի նման ահավոր տեսարան պատկերել, որպիսին տիրում էր աղետի գոտում։ Մինչ օրս առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել ողբերգական այդ օրերի մասին”,-հիշում է զրուցակիցս։ Մինչդեռ պետք էր արիասիրտ լինել՝ հսկայածավալ կազմակերպչական աշխատանք իրականացնել, նեցուկ կանգնել բազում հարազատների և տանիքի կորստյան բեռի տակ կքած ազգաբնակչությանը։ Եվ այդ դժնդակ օրերին ՀԽՍՀ Պետմատի նախագահ, մինիստրների խորհրդի նախագահության անդամ Սաբիր Ստեփանյանը երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Հայաստան ժամանած միութենական գործիչների հետ միասին անում է անհնարինը աղետյալներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու՝ սնունդ, հագուստ, տեխնիկա հասցնելու հարցում։  Օրական 500-ի փոխարեն Հայաստան այդ օրերին 2,5 հազար վագոն էր մտնում. այս խոսուն օրինակը կարող է պատկերացում տալ թե անքուն գիշերների ինչպիսի աշխատանք էր իրականացվում. չէ, որ յուրաքանչյուր ուշացող վայրկյանը մարդկային կյանք կարող էր արժենալ։ Այդ տարիներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն իր հուշերում գրում է. “ԽՍՀՄ Պետական մատակարարման կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Լև Վորոնինը երկրաշարժի ժամանակ գտնվելով Հայաստանում Սաբիր Ստեփանյանի՝ Հայաստանում իր պաշտոնակցի հետ վերակառուցեց այդ հաստատության ողջ աշխատանքը՝ այն ենթարկելով վերականգնման կարիքներին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 1989-ին Հայաստանում շինարարությունը լուրջ դժվարություններ չէր կրում ոչ տեխնիկայի, ոչ էլ մյուս ռեսուրսների առումով։ Կարելի է ասել Վորոնին-Ստեփանյան տանդեմը գործում էր շատ արդյունավետ և մեծ հատույցով”։

    Ստեփանյանի կառավարչական ու մասնագիտական հմտությունները հայրենիքին օգտակար եղան նաև անկախության կայացման, անցումային կոչվող դժվարին տարիներին, երբ նորի հաստատումը հիմնականում կայանում էր հնի բացասմամբ։ Այսպես, 1991 թվականին երկրի վարչապետը կանչում է նրան և խնդրում օգնել հանրապետություն ներկրել կաթի փոշու անհրաժեշտ խմբաքանակ, նշելով, թե “չար” լեզուներն ասում են, թե միայն ինքը կարող է այդ հարցը ԽՍՀՄ մասշտաբով լուծել։ Ստեփանյանը կարգավորում է 1,5 տոննա կաթի փոշու ներկրումը Հայաստան, այն էլ փլուզվող ԽՍՀՄ պայմաններում։ Նույնը՝ հացահատիկի պաշարների սղության պարագայում։ Նորից հիշում են Ստեփանյանին ու նա այս անգամ մեկնում է Ղազախստան և… ավելի քան 200 հազար տոննա հացահատիկ է ներկրվում Հայաստան։

   Ուշագրավ է նաև Թուրքիայում առևտրի գծով ԽՍՀՄ ներկայացուցչի տեղակալի պաշտոնում Ստեփանյանի դիվանագիտական գործունեությունը 1991-92թթ.։ Առավել ևս, երբ այն համընկավ Խոջալուի հանրահայտ դեպքերի հետ։ Ադրբեջանի սադրանքով Թուրքիայում ևս հակահայկական տրամադրություններ սրվեցին՝ հեռուստատեսությամբ հակահայկական քարոզչություն էր սփռվում, արդյունքում՝ բուհերում սկսել էին հայազգի ուսանողներին ճնշել։ Ստամբուլի հայոց պատրիարք Ղազանչյանն այդ հարցով դիմում է Ստեփանյանին, խնդրելով միջոցներ ձեռք առնել։ Ստեփանյանը իրավիճակի մասին ահազանգում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին, վերջինս էլ Թուրքիայի վարչապետից պահանջում է համապատասխան միջոցներ ձեռք առնել, կարգ ու կանոն հաստատել։ Եվ դա իր դրական ազդեցությունն է ունենում, իրավիճակը կարգավորվում է։ Այդ օրերին Թուրքիայում էր իր ընտանիքը, որի ապահովությունը ևս վտանգված էր. ոստիկանությունը դեսպանատան մոտ շուրջօրյա հսկողություն էր սահմանել, թուրք ազգայնականների հնարավոր ոտնձգություններից հայազգի դիվանագետի անվտանգությունն ապահովելու համար։ Ի վերջո դեսպանատունը նպատակահարմար է գտնում Ստեփանյանին նորից հայրենիք ուղարկել, այն էլ բավականին ոլոր-մոլոր, բայց համեմատաբար անվտանգ երթուղով՝ Բուլղարիա-Կիև-Երևան։

   Աշխատանքային հաջորդ հանգրվանը Մոսկվայում էր։ ԽՍՀՄ Էկոնոմիկայի նախարարի առաջարկով նրան են վստահվում Ռուսաստանից Հայաստան մատակարարումների համակարգման և վերահսկողության աշխատանքները։ Երկու երկրների նախագահների՝ Ելցինի և Լևոն-Տեր Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության  հանձնաժողով, որի նախագահն էր Օլեգ Լոբովը, տեղակալը՝  Ստեփանյանը։ Մոսկվայում աշխատում է մինչև 1998 թվականը և բավականին արդյունավետորեն համակարգում Հայաստանի համար այդ դժվարին տարիներին այնքան կարևոր այդ համագործակցությունը։

   “Իմ ձեռքբերումների, հաջողությունների համար պարտական եմ մորս՝ Թագուհի Ստեփանյանին, ազնվական մի կնոջ, ով իր ընտանիքին, երեխաներին անմնացորդ նվիրվածության հրաշալի օրինակ էր,-շարունակում է Ստեփանյանը,- խելացի ու բարեսիրտ կին էր մայրս։ Հատկապես նրա հորդորով լեռնամետալուրգիական տեխնիկումն ավարտելուց և արդեն մասնագիտական բնագավառում աշխատելուց հետո, ուսումս շարունակեցի Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։ Այն ինձ համար դարձավ մասնագիտական բարձր որակավորման, հմտությունների և  կարողությունների խորացման հիանալի դարբնոց։ Բայց ամենագլխավորը՝ մայրս ինձ ու եղբայրներիս մեծացրեց ու դաստիարակեց միմիայն ազնիվ ձգտումների, պատասխանատվության, կյանքի դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու սկզբունքով։ Քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր բոլոր հանգամանքներում մարդ բարձր կոչմանը հավատարիմ մնալ։ Անգամ անցյալ դարի 30-ականներին, երբ հորս որպես ժողովրդի թշնամի աքսորել էին, որտեղ էլ նա մահացավ 1940 թվականին, նա մեզ դաստիարակում էր հայրենասիրության ոգով. երկու եղբայրներս հայրենական մեծ պատերազմի մասնակից են, հասել են մինչև Բեռլին։ Թիֆլիսի Գայանյան  օրիորդաց դպրոցն ավարտելով, մայրս երկար տարիներ եղել է մանկավարժ՝ նվիրվելով մատաղ սերնդի դաստիարակության շնորհակալ գործին։ 1915 թվականին, լինելով ընդամենը 19 տարեկան, նա Ջալալօղլիում /Ստեփանավանում/ ամերիկյան մանկատանը կից տարրական ուսուցման դպրոց է բացում, միաժամանակ խնամելով անապաստան որբերին։ Այնուհետև, ողջ կյանքի ընթացքում նա երախտագիտության նամակներ էր ստանում իր սաներից…”։

    Երկու տարբեր տնտեսակարգերում գործունեություն ծավալած պետական գործիչը ափսոսանքով է փաստում, որ դժվարությամբ ձեռք բերված անկախության սկզբնական շրջանում իսկական կադրային ջարդ իրականացվեց. “Մասնագիտական ողջ ներուժը ինչպես հարկն է չօգտագործվեց, պետության կառավարման գործընթացը բարձիթողի վիճակի մատնվեց, ծառայեցնելով նեղ խմբային շահերին։ Քիմիայի, մեքենաշինության, գունավոր մետալուրգիայի արտադրության հսկայական ներուժը փոշիացվեց, այն դեպքում, երբ միայն Հայաստանը տալիս էր ԽՍՀՄ մեքենաշինական արտադրանքի 11 տոկոսը։  Մինչդեռ պետք էր ընդամենը շուկայական հարաբերություններին համապատասխան վերակազմավորվել։ Այսօր էլ կառավարման ոլորտի մեր թույլ կողմը կադրային հարցն է, մինչ օրս Հայաստանից հեռանում են ամենատարբեր ոլորտների լավագույն մասնագետները։ Թեև պետք է  նշել, որ վերջին շրջանում պետականորեն կարևորվում են մասնագիտական կրթության, տարբեր արհեստներում մասնագիտական որակավորման հարցերը։ Ուրախալի է, որ երկրի նախագահը կարևորում և փորձում է օգտագործել, երկրի տնտեսական զարգացման հարցում պատկառելի ներդրում, վաստակ ունեցած նախկին պետական գործիչների փորձառությունն ու հնարավորությունները, ներգրավելով նրանց տնտեսական գործընթացներում։ Նկատելի են դրական տեղաշարժերը արդյունաբերության ոլորտում, զարգանում է գունավոր մետալուրգիան, փորձեր են արվում վերակենդանացնելու մեր արդյունաբերական հսկայի՝ “Նաիրիտի” գործունեությունը։ 

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...