23:04
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սպորտի նվիրյալն ու երկրպագուն՝ իր անցած ուղու ևՀՀ-ում բռնցքամարտի հեռանկարի մասին

2013-12-18 11:53

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

 

“Մարզիկը պետք է իր գործի նվիրյալը լինի, երկրպագուն ու քննադատը”,-այսպես բնութագրեց պրոֆեսիոնալ մարզիկին ԽՍՀՄ  կրկնակի չեմպիոն, Ժողովուրդների հինգերորդ սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի ԽՍՀՄ գավաթակիր, միջազգային կարգի AIBAI   մրցավար, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանը։ Նա այդ ոգով է անցկացրել իր սպորտային կարիերան՝  անզիջում պայքար մղելով իր հակառակորդների դեմ՝ երբեք չընկճվելով խոչընդոտներից ևդժվարություններից։  Այսօր էլ նա նույն նվիրվածությամբ ղեկավարում է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցը՝ ձգտելով անընդհատ կատարելագործել դպրոցի գործունեությունը, բարձրացնել մարզիկների մասնագիտական որակները, ներգրավել նրանց մարզական աշխարհի բոլոր միջոցառումներում։

Սուրեն Ղազարյանն իր սպորտային կարիերան սկսել է 1960-ական թթ.։ Թեև նա երազում էր ինժեներ դառնալ ևհետագայում գերազանց սովորեց ու ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն նրա  տաղանդը փայլեց  բռնցքամարտում ևորոշիչ դեր խաղաց նրա կյանքում։ 1965թ. Վլ. Ենգիբարյանի անվան դպրոցի երեք սաներ՝ Սուրեն Ղազարյանը, Գագիկ Դարբինյանը ևՀարություն Ղազանչյանը դարձան Խորհրդային Միության պատանիների բռնցքամարտի չեմպիոններ։ Վերջին երկուսը շուտով թողեցին բռնցքամարտը, իսկ Սուրեն Ղազարյանը շարունակեց իր սպորտային ուղին։ 1967թ. նա դարձավ “Աշխատանքային ռեզերվներ” սպորտային ընկերության հաղթող, խՍՀՄ երիտասարդների հաղթող, 1968թ. հաղթող ճանաչվեց Բուդապեշտում անցկացվող “Օլիմպիական հույս” մրցաշարում, իսկ 1969թ. Լենինգրադում անցկացվող Գենադի Շատկովի անվան միջազգային մրցաշարում՝ հաղթելով 1968թ. Մեխիկոյում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր կուբացի Ռեգոյ Ֆերոսին։ Ի դեպ, լենինգրադյան մրցաշարերում նա երեք անգամ հաղթող է ճանաչվել՝ 1969թ., 1972թ. և1973թ.։ 1970թ. մեծահասակների տարիքային խմբում Սուրեն Ղազարյանը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ.՝ Ժողովուրդների հինգերորդ սպարտակիադայի չեմպիոն։ 1974թ. նա հաղթող ճանաչվեց Գերմանիայում, Լեհաստանում ևԹուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարերում։  

Սուրեն Ղազարյանի սպորտային կյանքում կարևորագույն իրադարձություն էր աշխարհի առաջին առաջնությանը ԽՍՀՄ-ը ներկայացնելու համար բռնցքամարտիկ Անատոլի Կամնևի հետ մենամարտը, ում արդեն երկու անգամ պարտվել էր 1972թ. և1973թ.։ Վերջինիս հետ մենամարտում Սուրեն Ղազարյանն առաջին ևերկրորդ ռաունդներում այնպիսի առավելությամբ աչքի ընկավ, որ երրորդ ռաունդի ժամանակ Անատոլի Կամնևը հանեց ձեռնոցներն ու ասաց. “Սուրեն Ղազարյանն ինձնից ավելի լավ է պատրաստ մասնակցելու բռնցքամարտի աշխարհի չեմպիոնատին”։ 1974թ. Սուրեն Ղազարյանը մասնակցեց  Կուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնատին։ 1975թ. նա մասնակցեց Ժողովուրդների վեցերորդ սպարտակիադային ևստացավ արծաթե մեդալ։ 1976թ. Սուրեն Ղազարյանը մասնակցեց խՍՀՄ գավաթի առաջնությանը, որտեղ հաղթող ճանաչվեց ու այդ օրվանից թողեց մեծ բռնցքամարտը, աշխատեց իր մասնագիտությամբ։ Այնուհետևնա նորից վերադարձավ սպորտային աշխարհ ևվեց տարի աշխատեց որպես Բռնցքամարտի հանրապետական սպորտկոմիտեի պետական մարզիչ։  Այդ ընթացքում 1979թ. ԽՍՀՄ-ում անցկացվող  իններորդ սպարտակիադայի ժամանակ հայ երեք մարզիկներ դարձան չեմպիոններ, իսկ թիմը գրավեց երրորդ տեղը։

1981-1984թթ. Սուրեն Ղազարյանը կրկին աշխատեց իր մասնագիտությամբ, 1984թ. դարձավ “Զենիթ” սպորտային ընկերության նախագահ, 1986թ.՝ “Դինամո” սպորտային ընկերության սպորտ կոմբինատի տնօրեն։ Այդ տարիների ընթացքում նա հասցրեց նաևավարտել Երևանի ֆիզիկական կուլտուրային ինստիտուտը ևձեռք բերել սպորտսմենի կրթություն՝ չնայած նա արդեն միջազգային կարգի մրցավար էր։

1993թ. Օլիմպիկան խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը մեկնեց  ԱՄՆ՝ ասելով, որ 20 օրից հետ է վերադառնալու, բայց, ցավոք, այլևս չվերադարձավ։  Այդ ժամանակ քննարկվեց Սուրեն Ղազարյանի թեկնածությունը՝ որպես Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրեն։ 1994թ. դեկտեմբերի 24-ին Սուրեն Ղազարյանը նշանակվեց այդ պաշտոնում։

Մարզիկը պետք է իր գործի նվիրյալը լինի, երկրպագուն ու քննադատը

-Պարո՛ն Ղազարյան, 1994թ. Դուք ղեկավարում եք Վլ. Ենգիբարյանի անվան դպրոցը, ի՞նչ նշանակություն ևկարևորություն ունի այդ փաստը Ձեր կյանքում։

-Նախ նշեմ, որ Վլ. Ենգիբարյանի անվան դպրոցը հիմնադրվել է 1959թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։ Մարզադպրոցը տվել է բազում տաղանդավոր սաներ, որոնք փայլել են իրենց հաջողություններով։ Ինձ համար՝ որպես մարզադպրոցի սանի, մեծ պատիվ է ևպատասխանատվություն ղեկավարել այն և խթանել  բռնցքամարտի զարգացումը ՀՀ-ում։  

-Ի՞նչ վիճակում էր դպրոցը, երբ նոր էիք ստանձնել տնօրենի լիազորությունները։

-Ես մարզադպրոցն ընդունեցի ծայրահեղ անմխիթար, քայքայված վիճակում։ Առաջին քայլը, որ որպես տնօրեն պետք է անեի, միջոցներ գտնելն էր մարզադպրոցի վերականգնման համար։ Դիմեցի տարբեր պաշտոնատար անձանց, պատասխանատու կառույցների, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէր լինում դպրոցի վերակառուցման խնդիրը լուծել։

Մի օր պատահաբար հանդիպեցի պատանի տարիների ընկերոջս՝ Լևոն Հայրապետյանին, ում հետ այս դպրոցում բռնցքամարտով ենք զբաղվել։ Մտահոգված սկսեցի պատմել դպրոցի վիճակի մասին, նա լռեց ևոչինչ չասաց։  Սակայն հաջորդ օրն ինձ հրավիրեց իր մոտ ևասաց, որ խոսել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ ևստացել նրա համաձայնությունը դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսելու։

2006թ. սկզբին սկսվեցին դպրոցի վերանորոգման աշխատանքները, նույն տարում պատրաստ էր մարզադահլիճներից մեկը, տարվա վերջում՝ դեկտեմբերի 24-25-ին, տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2007թ. վերանորոգվեց նաևմարզադպրոցի երկրորդ դահլիճը՝ առավել հարմարավետ դարձնելով մարզադպրոցի աշխատանքը։ Բացման արարողությանը ներկա էր  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով  իր խոսքում շեշտեց, որ եղել է այս դպրոցի սանը ևպատրաստ է ամեն կերպ աջակցել հարազատ դպրոցին, հյուրերի թվում  էին նաևտարբեր բարձրաստիճան անձինք, որոնց մեծ մասը ևս մեր դպրոցի սաներն են եղել՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ևայլք։ Եվրոպայի առաջնությունում լավ տեխնիկա ցույց տալու համար իմ ստացած գավաթն այդ օրը ես նվիրեցի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

-Մի փոքր պատմեք, խնդրեմ,  Վլադիմիր Ենգիբարյան սպորտսմենի ևմարդու մասին։

-Վլադիմիր Ենգիբարյանը բռնցքամարտի տաղանդավոր մեծ վարպետ էր։ Նրա հետ անձնապես շփվելն ինձ համար երազանք էր։ Եվ երբ իմ մարզիչ Դիկուլ Դավթյանն ասաց, որ ինձ տանելու է Ենգիբարյանի դպրոց, իմ ուրախությունն անչափ էր։

Մի միջադեպ պատմեմ. 1970թ., երբ ես դարձա ԽՍՀՄ չեմպիոն, մինչևառաջնությանը մասնակցելը վատառողջ էի, ևվստահ չէի, որ ռինգ դուրս կգամ։ Յոթ  օր էր մնացել առաջնությանը, երբ ինձ իր մոտ կանչեց Վլ. Ենգիբարյանը ևհետաքրքրվեց իմ առողջությամբ։ Ես ասացի, որ վատառողջ եմ, չեմ կարողանում կենտրոնանալ պարապմունքների վրա ևհնարավոր է այս վիճակում ռինգ դուրս չգամ։ Այդ պահին նա միանգամից հագավ բռնցքամարտի ձեռնոցները ևսկսեց հարվածներ ուղղել դեպի ինձ։ Ես փորձում էի դիմակայել նրա հարվածներին։ Մեր մենամարտի ժամանակ նա սկսեց գովաբանել ինձ, որ շատ լավ եմ հարվածում։ Ես զարմացա, քանի որ հազիվ էի հասցնում հակահարված տալ, բայց նրա այդ խոսքերն ինձ մեծ լիցք տվեցին, հոգևոր ուժ ապագա հաղթանակի համար։

Ի դեպ, ես նրա քաշային կարգն էի ընդունել ևքաշային այդ կարգում էլ  մնացի մինչևիմ սպորտային կյանքի ավարտը։

-Վերջին տարիներին ի՞նչ արդյունքներ են ցույց տվել Ձեր սաները։

-Վերջին 20 տարիների ընթացքում ունեցել ենք ուսումնատենչ սաներ, որոնք ջանասիրաբար պարապել են՝ պայքարելով հասնելու լավագույն արդյունքների։ Հաջողություններ ամեն տարի ունեցել ենք։  Վերջին չորս  օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները եղել են մեր սաները. 2000թ.՝ Արամ Ռամազյանը, 2004թ.՝ Ալեքսանդր Նալբանդյանը, 2008թ.՝ Անդրանիկ Հակոբյանը և2012թ.՝ կրկին Անդրանիկ Հակոբյանը։ Պատանիների աշխարհի առաջնությունում Շահվերդյան Հրայրը 50 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը, Սարգսյան Հրանտը 81 կգ քաշային կարգում՝ երրորդ տեղը։

2013թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Սարգսյան Հենրիկը 81կգ քաշային կարգում գրավեց երրորդ տեղը, իսկ   Ջևիլիկյան Գոռը  69 կգ քաշային կարգում՝  երկրորդ տեղը, ստացավ արծաթե մեդալ։ Եվրոպայի պատանիների առաջնությանը երկու մարզիկներ գրավեցին երրորդ տեղը ևմեկը՝ երկրորդ տեղը։ Աղջիկների շրջանում նույնպես ունենք հաջողություններ. պատանիների աշխարհի աղջիկների առաջնությանը Հայաստանից երկու մասնակից էր մեկնել, որոնցից մեկը մեր սանն էր։ Նրանք երկուսն էլ արժանացան  բրոնզե մեդալների։

-Ի՞նչ ծրագրեր ևակնկալիքներ ունեք 2014թ. հետ կապված։

-Անկեղծ ասած՝ մինչևվերջերս բռնցքամարտի աշխարհում փոքր-ինչ լարվածություն էր նկատվում՝ կապված ղեկավար անձնակազմի ընտրության հետ, սակայն այսօր այդ լարվածությունը թոթափվել է։ Նոյեմբերի 20-ին կայացած ՀԲՖ-ի 5-րդ հերթական հանձնաժողովը կատարեց իր ընտրությունը՝ ՀԲՖ-ի նախագահ ընտրելով արժանի մարդու, փառաբանված բռնցքամարտիկի, երկու անգամ օլիմպիական խաղերի մասնակից, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին, ում ես համարում եմ մեր լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Ծանոթ լինելով նաևնրա աշխատանքային գործունեությանը, փորձին՝ վստահ եմ, որ նա կանի հնարավորն ու անհնարինը բռնցքամարտի զարգացման համար։

2014թ. ծրագրերն արդեն կբխեն նոր ղեկավարի ծրագրային քաղաքականությունից։ Իսկ մեր դպրոցի շրջանակներում իմ ակնկալիքները 2014թ. հետ կապված, բնականաբար, մեծ թվով հաղթնակներն են, որոնք ես սպասում եմ մեր տաղանդաշատ սաներից։ Չեմ ուզում նախապես գուշակումներ ևկանխատեսումներ անել, քանի որ բռնցքամարտում ամեն ինչ հնարավոր է ևշատ հաճախ պահն է որոշում արդյունքը։  

-Ի՞նչ որակներ պետք է ունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։

-Մարզիկը պետք է իր գործի նվիրյալը լինի, երկրպագուն ու քննադատը, հաղթելու նպատակ դնի իր առջևև իր աշխատասիրությամբ ձգտի հասնել առավելագույն արդյունքի։ Այդ սկզբունքը գործում է նաևկյանքում։ Անկեղծ ասած այսօրվա  բռնցքամարտիկների շրջանում ես չեմ տեսնում այդ ոգեղեն ուժն ու նվիրումը, որ մեր սերնդի մարզիկներն ունեին, այսօրվա սերունդը պատրաստ չէ զրկանքներ կրել հանուն սպորտի։ Դա շատ դժվար է անել, բայց եթե իրոք սպորտը քեզ համար պաշտամունք է, պետք է կարողանաս զրկել քեզ հաճույքներից։   

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...