2013-12-11 11:00
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
Աշոցք գյուղական համայնքի ղեկավար Արթուր Ալոյան
-Պարո’ն Ալոյան, 2005-ից ղեկավարում եք Աշոցք գյուղական համայնքը։ Ի՞նչ աշխատանքներ եք հասցրել կատարել այս ընթացքում։
- Իմ պաշտոնավարման ընթացքում համայնքային առաջնահերթ մի շարք խնդիրներ արդեն լուծում են ստացել կամ ընթացքի մեջ են։ 2007 թվականին վերականգնել ենք գյուղի գիշերային լուսավորության համակարգը, իսկ անցյալ տարի այն ընդլայնել։ 2009 թվականին համայնքը գազաֆիկացվեց և արդեն մոտ 200 տնտեսություն դարձել է գազի սպառման բաժանորդ։ Ներտնային գազաֆիկացումը այսօր էլ արագ տեմպերով շարունակվում է։ 2008-2011թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են համայնքի թվով 15 բազմաբնակարան շենքերի կտուրներ և մեկ շենքի ջրամատակարարման-ջրահեռացման ներքին ցանց, ստորգետնյա ջրերի հեռացման դրենաժ։ 2010 թվականին հիմնանորոգվել է համայնքի զբոսայգին, դրանում կառուցվել ու կահավորվել մանկական խաղահրապարակ։ 2007 թվականին հիմնանորոգվել է համայնքի մանկական արվեստի դպրոցի շենքը։ 2010 թվականին “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի կողմից համայնքում իրականացվել են ներհամայնքային ջրամատակարարման ցանցի, օկջ և կապտաժների նորոգման աշխատանքներ, ինչի շնորհիվ համայնքն այսօր ունի շուրջօրյա ջրամատակարարում։ 2011 թվականին պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական փողոցներից մեկը, իսկ համայնքի բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի ընթացիկ նորոգման աշխատանքներ են կատարվում 2-3 փողոցներում։ Ընթացքի մեջ են համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման և նոր դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։
-Ի՞նչ չլուծված խնդիրներ և գլխավոր անելիքներ ունեք առաջիկայի համար։
-Համայնքում չլուծված գլխավոր հիմնախնդիրը երկրաշարժից հետո որպես ժամանակավոր կացարաններ կառուցված երկհարկանի, փայտյա բազմաբնակարան թվով 18 շենքերի 164 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցն է։ Հավելեմ նաև, որ նշված փայտյա բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետը /20 տարի/ վաղուց անցել է և դրանք լրիվ քայքայվել են, դարձել բնակության համար ոչ պիտանի։ Համայնքում ունենք նաև 4-րդ աստիճանի վնասվածության չորսհարկանի մեկ բազմաբնակարան շենք, որի բնակիչները ենթակա են անհապաղ տարհանման։ Նշված հարցերը բարձրացրել ենք կառավարության առջև։ Հանձնարարություն է տրվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել, ինչն էլ արվել է, սակայն առայժմ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։
-Գյուղատնտեսության ո՞ր ճյուղն է հատկապես զարգացած Աշոցքում։
-Անասնապահությունը։ Վերջին տարիների ընթացում էապես ավելացել է գյուղացիական տնտեսություններում պահվող անասնագլխաքանակը /1892 գլուխ` խոշոր, 1598 գլուխ` մանր/։ Ակնկալվող արդյունքները ավելի բարձր կլինեն, եթե կարողանանք առաջիկա տարիներին լուծել անասնապահության համար կերարտադրության պայմանների բարելավման, նոր գյուղատնտեսական մեքենաների ու մեխանիզմների ձեռք բերման, հողերի արդյունավետ օգտագործման ու անասնապահական մթերքների իրացման հետ կապված խնդիրները։
-Աշոցքում, ինչպես և ՀՀ մյուս համայնքներում, առկա է զբաղվածության բացակայության և արտագաղթի խնդիրը։ Ինչպիսի՞ն է պատկերը Աշոցքում։
-Աշոցքում էլ շատ են այն մարդիկ, ովքեր չունեն սեփականաշնորհված հող, օժանդակ տնտեսություն, եկամտի որևէ աղբյուր։ Թերևս դա է պատճառը, որ ամեն տարի 130-150 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի։ Նրանցից շատերը աշնանը վերադառնում են, մի մասն էլ ընտանիքով ընդմիշտ հեռանում։ Անշուշտ այս մարդկանց զբաղվածության խնդրի լուծումն է առաջնահերթն ու կարևորը, որովհետև համայնքի շուրջ 800 չափահաս բնակիչ չունի մշտական զբաղվածություն։ Ճիշտ է, մարդուն գյուղում պահելու համար պետք է, որ գյուղում լինեն տաք ու հարմարավետ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգ փողոցներ ու բակեր, իսկ բնակարաններում` մշտական գազ, ջուր և էլի շատ բաներ, սակայն ամենակարևորը աշխատանք ունենալն է։ Համայնքի բյուջեի սուղ միջոցներով այս խնդիրը մոտ ժամանակներում դժվար թե լուծվի։ Այստեղ ավելի շատ անհրաժեշտ են պետական աջակցություն, ներդրումներ, զարգացման ծրագրեր և որպես հանրապետության հեռավոր ու բարձր լեռնային գոտու բնակավայր` օրենքով սահմանվեն արտոնյալ պայմաններ։
-Ի՞նչ ձեռքբերումներ ու առաջիկա անելիքներ ունեք մշակույթի, կրթության և սպորտի բնագավառում։
-Համայնքում գործում են դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, մարզա-մշակութային կենտրոն, գրադարան։ Ամեն տարի մեր շրջանավարտների մոտ 70%-ը հանրապետության բուհերի ուսանողներ են դառնում։ Մարզամշակութային կենտրոնում գործում են պարի, ձեռագործի, ձմեռային մարզաձևերի, շախմատի խմբակներ, պարբերաբար անցկացվում են մարզամշակութային միջոցառումներ։ Մեր դահուկորդները դահուկավազքի Հայաստանի առաջնության վերջին տարիների մշտական հաղթողներն են, մասնակցում են միջազգային տաբեր մրցումների։ Նրանց մեջ հատկապես կուզենայի առանձնացնել Սերգեյ Միքայելյանին, ով 2011 թվականին դարձավ անվավոր դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, իսկ հաջորդ տարի մեր հանրապետությունը կներկայացնի Սոչիի օլիմպիական խաղերում։ Ի տարբերություն շատ ու շատ համայնքների, մեզ մոտ գրադարանը երբևէ չի ընդհատել իր գործունեությունը, գրքային ֆոնդն էլ ոչ միայն չի պակասել, այլև պարբերաբար համալրվել է։ Համայնքի արվեստի դպրոցում էլ գործում են պարի, դաշնամուրի, իսկ անցյալ տարվանից նաև ազգային նվագարանների դասարաններ, որոնցում ընդգրկված են շուրջ 80 երեխաներ։ Ռուսաստանաբնակ բարեգործ Վալերի Ռուդակովի աջակցությամբ երկու տարի առաջ արվեստի դպրոցի համար ձեռք ենք բերել երկու դաշնամուր, երաժշտական կենտոն և այլ գույք։ Համայնքի քառամյա զարգացման ծրագրով նախատեսել ենք և 2014 թվականի ընթացքում համայնքում կկառուցենք մինի ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համալիր բաց խաղահրապարակ։
-Ինչպիսի՞ն է գյուղապետ-բնակիչ և գյուղապետարան-մարզպետարան փոխադարձ կապը։
-Աշոցքը մեծ գյուղ չէ, ընդամենը ունի մոտ 3000 բնակչություն, ուստի բոլորին էլ լավ ճանաչում եմ, բոլորի հետ ազատ շփվում։ Ավելին, գիտեմ յուրաքանչյուրի խնդիրը և փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում նրանց օգտակար լինել։
Գյուղապետարան-մարզպետարան կապը ամենօրյա է ու սերտ։ Մարզպետարանի մեր գործընկերները օգնում են մեզ, անհրաժեշտ խորհրդատվություն ապահովում։
-Եվ վերջում, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ապագայի մեր բոլոր ծագրերը կապված են մարդկանց կյանքի ու գործունեության պայմանները բարելավելու, գյուղը բարեկարգ ու մաքուր դարձնելու խնդիրների հետ։ Դրանք, անշուշտ, ընդգրկված են համայնքի զարգացման քառամյա ծրագրում և պետք է աշխատենք, որ նրանք անպայման իրագործվեն։ Միաժամանակ, մեր երկրի բարձրագույն պետական իշխանության մարմինների կողմից վերջին տարիներին հռչակված համայնքների համաչափ զարգացման կարգախոսը աստիճանաբար գործի է վարածվում, ուստի ակնկալում ենք, որ մեր ծրագրերի իրականացման ճանապարհին կունենանք նաև շոշափելի պետական աջակցություն։
Լրագրող` Թ. Արզումանյան
Վերադառնալ