2013-12-06 12:52
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
Գևորգ Գասպարյան, “Գևորգ և Վահան” ՍՊԸ համասեփականատեր
-Պարո՛ն Գասպարյան, արդեն քանի՞ տարի է, որ գործում է “Գևորգ և Վահան” ՍՊԸ-ն Գյումրիում և ինչպիսի՞ գործունեությամբ է զբաղվում։
-”Գևորգ և Վահան” ՍՊԸ-ն ստեղծվել է 2000թ., որն արդեն 13 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Գյումրիում։ Ընկերությունը հիմնականում զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ։
Պետք է նշեմ, որ տրիկոտաժի արտադրությունը սկսել ենք փոքր ծավալներից և տարիների ընթացքում կամաց-կամաց մեծացրել արտադրության ծավալները։ Մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը տրիկոտաժի արտադրությունն ավելի մեծ քայլերով էր զարգանում, մեր աշխատակիցների թիվը հասնում էր 200-ի, սակայն ճգնաժամը մեծ հարված հասցրեց, որի արդյունքում կիսով չափ կրճատվեց ինչպես աշխատակիցների թիվը, այնպես էլ արտադրության ծավալները։ Այժմ փորձում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու նախկին հզորությունը՝ զարգացնելով տրիկոտաժի արտադրությունը Գյումրիում։
-Տրիկոտաժի ինչպիսի՞ տեսականի է արտադրվում։
-Հիմնականում արտադրում ենք տղամարդու և կանացի ներքնաշորեր, գիշերային զգեստներ, սպորտային համազգեստներ, ինչպես նաև տրիկոտաժի կտոր։ Իհարկե, այսօր մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ընդունել նաև այլ պատվերներ։
-Որակական ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Ձեր արտադրանքը։
-Մենք տալիս ենք բարձրորակ բամբակյա արտադրանք։ Որակի մասին չեմ ուզում շատ խոսել, քանի որ այդ մասին խոսում են մեր արտահանման ծավալները և գնալով աճող հետաքրքրությունը մեր գործունեության հանդեպ։
-Ինչպե՞ս է իրականացվում արտադրանքի սպառումը, այն հիմնականում ներքի՞ն, թե՞ արտաքին սպառում է գտնում։
-Մեր արտադրության գործունեությունը պայմանավորված է ստացված պատվերներով։ Մեր հիմնական պատվիրատուն կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն է, ով ապրում և գործունեություն է ծավալում Կանադայում։ Նրա պատվերով՝ մեր արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Կանադա և վաճառվում “Wolmart” խանութների ցանցում։ Պատվիրատուներ ունենք նաև Ռուսաստանից, Հոլանդիայից։ Այժմ աշխատանքներ ենք տանում մեր պատվիրատուների քանակն ավելացնելու ուղղությամբ։
-Ցուցահանդեսների մասնակցո՞ւմ եք։
-Իհարկե, մասնակցում ենք։ Պետք է նշեմ, որ հայաստանյան ցուցահանդեսներն այդքան էլ արդյունավետ կերպով չեն անցնում, որքան արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսները։ Նախորդ տարի մասնակցեցինք Չինաստանում կազմակերպված մեծ տեքստիլ ցուցահանդեսին։
-Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։
-Այժմ մեր նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ենք իրականացնում, որոնք ավարտելուց հետո պետք է նորագույն սարքավորումներով զինենք նոր արտադրամասը՝ ընդլայնելով արտադրության ծավալները։
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ