12:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ն ԱՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԲՆԱԿԱՆ ՋՈՒՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԵՐՊՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2013-12-04 11:25

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ստեղծվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 1997թ. թիվ 169 հրամանով և հանդիսանում է «Հայջրմուղկոյուղի» պետական ձեռնարկության իրավահաջորդը։ Ներկայումս ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է 3 տարածքային մասնաճյուղերի և նրանցում ընդգրկված 17 տեղամասերի և 16 ենթատեղամասերի միջոցով։

Ընկերությունն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքային և մոտ 280 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման (ՋևՋ) համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման և պահպանման աշխատանքների իրականացումը։

Ընկերության բաժնեմասերը 100 տոկոսով պատկանում են պետությանը (ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին)։ Ջ և Ջ ներհամայնքային ցանցերը հանդիսանում են համայնքների սեփականությունը և ՀՀ կառավարության 1999թ. մարտի 13-ի թիվ 149 որոշման համաձայն, համայնքների հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերով հանձնվել են ընկերության սպասարկմանը։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում 275 000 բաժանորդների, որոնցից միջին հաշվով ամսական ծառայություններից օգտվում են մոտ 190 000-ը։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործունեության հիմնական նպատակներն են`

բարձրացնել բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը, վերահսկել ջրի սպառման քանակը, ավելացնել ջրամատակարարման տևողությունը, ապահովել մատուցված ծառայությունների դիմաց վարձերի վճարումը, ապահովել բնակավայրերի կոյուղու կենտրոնացված համակարգերով կեղտաջրերի հեռացումը։

Հարցազրույց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումայնի ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանի հետ

 -Պարոն Գևորգյան, 2007-ի դեկտեմբերից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրենն եք, ղեկավարում եք բավականին բարդ և պատասխանատու մի ոլորտ, ոլորտ, որը, չնայած կատարված հսկայածավալ աշխատանքերին, դեռևս անելիքներ ունի արդիականացման և կատարելագործման համար։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ջրամատակարարման համակարգում իմ գործունեությունն այս վեց տարիներով չի սահմանափակվում, մինչ այս եղել եմ «Նոր ակունք» ՓԲԸ գլխավոր տնօրենը, որտեղ KFW բանկի վարկային միջոցներով իրականացրել ենք Արմավիր քաղաքի և հարակից 9 գյուղերի ջրամատակարարման բարելավումը։ Նախկինում Արմավիրը ջուր ստանում էր օրական ընդամենը 2 ժամ տևողությամբ, իսկ ծրագրի իրականացումից հետո Արմավիրն արդեն ունի 24-ժամյա ջրամատակարարում։

Երբ ֆրանսիական «SAUR» ընկերությունը ստանձնեց «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի կառավարումը, այդ ժամանակ «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման առավելագույն միջին տևողությունը 4-6 ժամ էր։ Նշեմ նաև, որ այսօր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իրականացնում է ջրամատակարարում ՀՀ մարզերում 40 տեղական ներկայացուցչությունների միջոցով, սպասարկում է գյուղական համայնքների մեծամասնությունը` բացի 560 գյուղական համայնքներից, որոնք ունեն իրենց աղբյուրները կամ խորքային հորերը և սեփական ջանքերով և միջոցներով են իրականացնում ջրամատակարարումը։ Ընդգծեմ, որ ի տարբերություն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների` այդ ջրերը քլորացման, ֆիլտրման և հսկողության չեն ենթարկվում։ Ներկայումս ՀՀ կառավարությունը բանակցություններ է տանում այն ուղղությամբ, որպեսզի համապատասխան ներդրումներ կատարվեն այս գյուղերը ևս մեր ընկերության կազմում ներառելու և ջրամատակարարման որակը բարձրացնելու, ջրի մաքրությունն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

-Այս պահին ինչպե՞ս է իրականացվում ջրամատակարարման գործընթացը և ինչպիսի՞ն է ջրամատակարարման օրական միջին տևողությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում։

- Ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվում է ինքնուրույն գործող շուրջ 110 համակարգերի միջոցով։ Ջրամատակարարման համակարգերը սնվում են ջրառի 76 ինքնահոս եղանակով և 34 պոմպակայաններով գործող ջրաղբյուրներից։ Բնակավայրերի ջրամատակարարման համակարգերում գործում են 2654 կմ մայր ջրատար և 3671 կմ ջրմուղի ներհամայնքային բաշխիչ ցանց, 215 հազ. մ. խոր. ընդհանուր ծավալով 74 Օրվա Կարգավորիչ Ջրամբար (ՕԿՋ), 430 ջրընդունիչ կառուցվածքներ (կապտաժ, խորքային հոր, գետային ջրընդունիչ)։ Կախված տեղանքի ռելիեֆից, աշխարհագրական դիրքից տվյալ տեղանքի նկատմամբ, ջրամատակարարման ձևից, իրականացվում է բաշխիչ ցանցի գոտիավորում, ըստ որի էլ ձևավորվում է ջրամատակարարման գրաֆիկը։ Այժմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում միջին ժամային գրաֆիկը կազմում է 17 ժամ (2004 թվականի ցուցանիշի հետ համեմատած ջրամատակարարման տևողությունը ավելացել է 11 ժամով), սակայն որոշ բնակավայրեր արդեն ունեն շուրջօրյա ջրամատակարարում։ Առավել բարձր ցուցանիշերի հասնելու ուղղությամբ 2013-ի Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության ծրագրերով նախատեսված աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, մրցույթները սկսված են, համապատասխան շինարարական ընկերությունների ընտրությունից հետո կմեկնարկեն աշխատանքները, որոնք կավարտվեն 2017 թվականին։ Մենք կունենանք 20-22 ժամ տևողությամբ ջրամատակարարման գրաֆիկ, կնվազեն ջրի կորուստները։ Եթե նախկինում մենք 90-93% կորուստներ ունեինք, ապա այսօր արդեն իջել ենք 80-79% ցուցանիշի, սա ժամանակի խնդիր է, շատ մոտ ապագայում այս կորուստները կհասցվեն նվազագույնի։ Բացի ջրագծերի անարդյունավետ, սխալ բաշխումից, ունենում ենք նաև կոմերցիոն կորուստներ, երբ բնակիչներն ապօրինի խողովակներով, առանց ջրաչափի ջուրը հասցնում են իրենց տնտեսություններին։ Այս ծրագրերով նախատեսված են նաև նոր պոմպակայանների կառուցում, խորքային հորերի փորում և այլն։

-Խոսենք ջրի որակի վերահսկողության և մաքրման պրոցեսից։

-Խմելու ջրի վարակազերծումն իրականացվում է հեղուկ քլորով և քլորակրով աշխատող 64 քլորակայաններում, իսկ ջրի որակի հսկողությունը կատարվում է տարածքային մասնաճյուղերում կահավորված քիմիկոբակտերիոլոգիական լաբորատորիաների միջոցով` համագործակցելով հիգիենիկ և հակահամաճարակային կենտրոնների հետ։

-Դժվա՞ր չէ արդյոք աշխատել օտարազգի ղեկավարի հետ։

-Բոլորովին, Պատրիկ Լորենն արդեն հայկական բնավորություն է ձեռք բերել, հայկական մենթալիտետին արդեն ծանոթ է և հարազատ։ Մանրամասն տեղեկացված է Հայաստանից, ամենահեռավոր գյուղի ջրաղբյուրներին անգամ ծանոթ է, պարբերաբար այցելում է մարզեր, գյուղեր։ Անձամբ գնում, տեղեկանում է գյուղի, համայնքի խնդիրներին` հասկանալու համար, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհը այդ խնդիրների լուծման համար։ Բոլոր մարզպետերը, քաղաքապետերը և գյուղապետերն անգամ անձամբ ճանաչում են վերջինիս, նա շատ բարյացակամ, աշխատասեր անձնավորություն է։

-Գիտենք, որ Հայաստանն ընդհանրապես խմելու ջրով հարուստ երկիր է։ Սակայն վերջերս շատ է խոսվում խմելու ջրի ռեսուրսների նվազման վտանգի մասին։ Այս մտահոգությունը, ըստ Ձեզ, տեղի՞ն է, և եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք կանխելու ուղղությամբ։

-Այո, այսօր ամբողջ աշխարհում քաղցրահամ ջուրը համարվում է թանկարժեք բնական ռեսուրս։ Փառք Աստծո, Հայաստանն այդպիսի խնդիր չունի, չի էլ ունենա, պարզապես պետք է ճիշտ և արդյունավետ կազմակերպել ջրային ռեսուսների պահպանումն ու օգտագործումը։ Արդեն իսկ գործում են կեղտաջրերի մաքրման երեք խոշոր կայաններ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում, որոնց հետ փոխվեցին նաև այդ տարածքների կոյուղագծերը, մինչև 2020 թվականը պետք է Մասիս, Արտաշատ, Արարատ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցվեն։ Մինչև 2025 թվականը ՀՀ ողջ տարածքում պետք է կառուցված լինեն ջրի մաքրման կայաններ։ Հուսանք, որ 2025-ին կունենանք ջրամատակարարման լիակատար համակարգ, արդյունավետ աշխատող ենթակառուցվածքներ, նվազագույն ջրային կորուստներ։

Պետք է հատկապես նշել, որ ի շնորհիվ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված ջանքերի, հնարավորություն ընձեռնվեց միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հատկացված միջոցները ուղղել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի բարելավմանը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...