2013-12-04 11:19
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
“Շիրակի մարզի լավագույն շինարար” կազմակերպությունն՝
իր հաջողությունների մասին
Հովհաննես Տոնոյան, “Ախուրյանի Կոոպշին” ՍՊԸ տնօրեն
-Պարո՛ն Տոնոյան, ե՞րբ է ստեղծվել “Ախուրյան Կոոպշին” ՍՊԸ-ն, ի՞նչ գործունեություն է ծավալում, շինարարական ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում։
-”Ախուրյանի Կոոպշին” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ.։ Մեր ընկերությունն իրականացնում է շինարարական աշխատանքներ քաղաքացիական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական և էներգետիկ ոլորտներում։ Մենք աշխատանքներ ենք իրականացնում ՀՀ տարածքում։
-Ի՞նչ հաջողությունների է հասել ընկերությունը։
-”Ախուրյանի Կոոպշին” ընկերությունն իր գործունեության առաջին իսկ օրվանից կատարել է որակյալ աշխատանք, գերազանց լուծել իր առջև դրված խնդիրները՝ իրականացնելով բազմաբնույթ և բազմատեսակ շինարարական աշխատանքներ հանրապետության տարբեր մարզերում։ Մեր հաջողության գրավականը բոլոր նախատեսված ծրագրերը բարձր որակով և ժամանակին իրականացնելն է, որը մշտապես արժանացել է պատվիրատուների շնորհակալագրերին։
2004թ. “Ախուրյանի Կոոպշինը” պարգևատրվել է “Անանիա Շիրակացի” մեդալով, արժանացել “Շիրակի մարզի լավագույն շինարար” կոչմանը և վարչապետի կողմից ստացել հատուկ շնորհակալագիր։
-Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել մինչև այսօր։
-Ընկերությունն առավել ակտիվ և աչքի ընկնող գործունեություն է ծավալել 2001-2008թթ. “Լինսի” հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնելիս։ Բարձր որակով և գերազանց ժամկետում շահագործման հանձնվեց Կոշտոյան 5Գ, Արվելաձե 12, Ղանդիլյան 28, Տերյան 1,3,5, Երևանյան խճ. 30 բնակելի շենքերը. 196 բնակարան` 7650 քառ.մ մակերեսով։
2008-2012թթ. ընկերության կողմից կառուցվել են Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքը, Գյումրի քաղաքի “Մուշ-2” թաղամասի 1080 աշակերտների համար նախատեսված դպրոցը, Սարակապ գյուղի դպրոցը, դատարանի շենքեր՝ Մարալիկ, Բերդ և Իջևան քաղաքներում, Երևան քաղաքում՝ Արդարադատության ակադեմիայի շենքը, եկեղեցիներ՝ Շիրակի մարզի Բավրա գյուղում և Տաշիր քաղաքում, հիմնանորոգվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոնի շենքը։ Շարունակվում են Գյումրիում Հայ Կաթողիկէ Եկեղեցու կառուցման շինարարական և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները։ Ընկերության կողմից վերջին երկու տարիներին ասֆալտապատվել և բարեկարգվել են Գյումրի քաղաքի “Մուշ-2” թաղամաս տանող ճանապարհները, Իսահակյան, Ղանդիլյան, Մազմանյան փողոցները և Շիրակացի փողոցի սկզբնամասը։
-Ովքե՞ր են Ձեր հիմնական պատվիրատուները։
-Ընկերության հիմնական պատվիրատուները հանդիսանում են հանրապետությունում գործող տարբեր ծրագրեր իրականացնող գրասենյակները՝ քաղաքաշինական, տրանսպորտի, առողջապահական, արդարադատական, Շիրակի մարզպետարանը և այլ կառույցներ։
-Տեխնիկական և մասնագիտական ինչպիսի՞ հագեցվածություն ունի “Ախուրյան Կոոպշինը”։
-Ընկերությունը համալրված է ինչպես բազմափորձ շինարար մասնագետներով, այնպես էլ բավականին գիտակ և ժամանակի տեխնիկական հզորություններին ծանոթ երիտասարդ մասնագետներով, որոնց համար գրեթե չկան անլուծելի խնդիրներ։ Յուրաքանչյուր տարի թարմացվում է ընկերության տեխնիկական զինվածությունը՝ ձեռք բերելով ժամանակակից մեքենա-մեխանիզմներ, սարքավորումներ և ներդրվում ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ։
-Որակի ապահովման ի՞նչ չափանիշերով եք առաջնորդվում։
-Որակի հարցում ընկերությունը ստանձնել է Որակի միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցման գործընթացի կառավարման պատասխանատվություն, ներդրել է որակի կառավարման համակարգ, որը հաստատում է ISO 9001։2008 միջազգային ստանդարտներին համապատասխանող վկայականը։
-Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել “Ախուրյան Կոոպշին” ՍՊԸ-ի գործունեության շնորհիվ։
-Սեզոնային ծանրաբեռնվածության ժամանակ ընկերությունում աշխատում են մինչև 250 մասնագետներ և բանվորներ։ Ընկերությունը միշտ ձգտում է հնարավորինս ավելացնել աշխատատեղերի թիվը, բարձրացնել մասնագետների աշխատանքի որակական ցուցանիշերը։
-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ընկերությունն իր առջև խնդիր է դրել մշտապես ապահովված լինել աշխատանքային նոր պայմանագրերով, աշխատանքն իրականացնել բարձր որակով և ժամանակին, այնպես աշխատել, որ ցանկացած պոտենցիալ պատվիրատու, լսելով ընկերության բարի համբավի մասին, առանց երկմտանքի, պայմանագիր կնքի մեր ընկերության հետ։
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ