2013-12-04 11:08
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
“ՀԱՏՄ” տնօրեն Ավետիք Հարությունյան
“Հայաստան” Համահայկական հիմնադրամի “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն (նախկինում Հայ-ամերիկյան տնաշինական միավորում), ստեղծվել է 1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Հայկական համագումարի համատեղ ջանքերով։ Ձեռնարկության կառուցման տարածք էր ընտրվել 1988թ. Սպիտակի երկրաշարժից ամենաշատ ավերված տարածքը` Գյումրին։ Նպատակը աղետի գոտու շինարարության համար բարձրորակ և սեյսմակայուն շինանյութերի արտադրությունն էր։ Ստեղծվեցին արհեստական քարի և փայտամշակման արտադրամասեր, որոնք հագեցվեցին ամերիկյան և եվրոպական սարքավորումներով։ Գործարանը իր գործարկման օրվանից որակյալ շինանյութերով մատակարարել է ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետության այլ մարզերում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին։
1999 թվականից “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն ղեկավարվում և տնօրինվում է “Հայաստան” Համահայկական հիմնադրամի կողմից, որը վերջին տարիների ընթացքում ընդլայնել է իր աշխատանքների ոլորտը։ Գործարանը ներդրել է նաև ISO9001։2000 որակի կառավարման համակարգը։
Հարցազրույց Հայ-ամերիկյան տնաշինական միավորման տնօրեն Ավետիք Հարությունյանի հետ։
-Պարո’ն Հարությունյան, որքա՞ն ժամանակ է, ինչ ղեկավարում եք ընկերությունը։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ընթացքում։
-Ինչպես գիտեք, ընկերությունը հիմնադրվել է երկրաշարժից հետո, որի նպատակը աղետի գոտու շինարարության համար բարձրորակ և սեյսմակայուն շինանյութերի արտադրությունն էր։ “ՀԱՏՄ”-ն ՀՀ կառավարության և Ամերիկայի Հայկական համագումարի համատեղ սեփականությունն էր մինչ 1999թվականը, սակայն 1999-ին սեփականատերերի համատեղ որոշմամբ ընկերությունը հանձնվեց “Հայաստան” Համահայկական հիմնադրամին։ 2001 թվականին ստանձնել եմ “ՀԱՏՄ” տնօրենի պարտականությունները։ Այս տարիների ընթացքում ընկերությունը բավականին առաջխաղացում է ունեցել` աշխատատեղերի ավելացում, նոր սարքավորումներով համալրում, գործունեության պրոֆիլի ընդլայնում։ Եթե նախկինում ընկերությունն արտադրում էր շինանյութ աղետի գոտու վերականգնման և մարզային շինարարության համար, ապա 2000-ից հետո արտադրում է շինանյութ և գույք ինչպես “Հայաստան” Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համար, այնպես էլ մասնավոր պատվիրատուների և ընդհանրապես վաճառքի համար։
-Պարո’ն Հարությունյան, ի՞նչ արտադրատեսակներ է այսօր մատակարարում շուկային “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն և ինչպիսի՞ն են արտադրության ծավալները։
-Արհեստական քարի արտադրամասում տեղադրված է ամերիկյան հանրահայտ Columbia ֆիրմայի Model1600 բլոկի արտադրության հոսքագիծը, որը կոմպլեկտավորված է 10x20x40, 20x20x40, 25x20x40, 30x20x40, 40x20x40սմ չափերով բլոկների արտադրության կաղապարներով, ընդ որում դրանցից յուրաքանչյուրը ունի իր տարատեսակները, միտված շինարարության պրոցեսը ավելի ճկուն դարձնելու։ Նշեմ, որ այս հոսքագիծը միակն է տարածաշրջանում։
Արտադրվում են նաև American Gooble տիպի մաշակայուն և ամուր մայթի սալիկներ։ Արհեստական քարերը և մայթի սալիկները պատրաստվում են տարբեր գունային լուծումներով և ցանկացած ամրության, ստացվում են վիբրամամլման եղանակով, հետագա ռեժիմային խոնավաջերմամշակմամբ, որը իրականացվում է Johnson Cure-Pak SP-5000 տիպի գոլորշու գեներատորով։ 1 հերթափոխի արտադրական հզորությունն է` 10x20x40 տիպի բլոկների համար-15000 հատ, 20x20x40 տիպի բլոկների համար-7000 հատ, մայթի սալիկների համար-500 մԱ։ Եվ արհեստական քարերը և մայթի սալիկները արտադրվում են ամերիկյան ASTM և Հայաստանում գործող ստանդարտների պահանջներով, ունեն համապատասխանության սերտիֆիկատներ։ Գործարանը ունի փայտանյութի սղոցարան և 180 խմ ընդհանուր տարողությամբ պարբերական գործողության ավտոմատ կառավարման համակարգով արտադրական նշանակության փայտի չորանոց։ Հատուկ ուշադրության է արժանի տանիքի փայտյա ֆերմաների պատրաստման "GANG NAIL" համակարգը, որը հնարավորություն է տալիս պատրաստելու մինչև 4 մ բարձրությամբ և 33 մ թռիչքով ֆերմաներ։ Կա նաև “Ardcor” պրոֆիլային հաստոցի միջոցով տանիքի մետաղյա ծածկաթիթեղների պատրաստման հնարավորություն, ինչի համար պահանջվում է 71 սմ լայնությամբ և 0.6-1մմ հաստությամբ և չսահմանափակվող երկարությամբ թիթեղ։ Ձեռնարկության հիմնական արտադրական ուղղություններից մեկը 2003 թվականից համարվում է դպրոցական, օֆիսային և խոհանոցային կահույքի պատրաստումը։ Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին, ապա պետք է ասեմ, որ հիմնական արտադրատեսակների համար գործարանի տարեկան արտադրական հզորությունները հետևյալն են` բլոկներ-2500000 հատ, դռներ և պատուհաններ-10000քմ, տանիքի փայտյա ֆերմաներ 6000 քմ, մետաղյա ծածկաթիթեղ-12000 քմ, կահույք-20000 միավոր։ Ցավով պետք է նշեմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ շինարարության տեմպերի անկման, հետևաբար նաև շինանյութի սպառման ծավալների վրա, ուստի ներկայումս չենք աշխատում հզորության ողջ ծավալով, հուսանք` մոտ ապագայում շուկան կրկին կակտիվանա։
-”ՀԱՏՄ” շինանյութերը քանի՞ բալ սեյսմակայունության համար են նախատեսված։
-Քանի որ Հայաստանի Հանրապետությունը և հատկապես Շիրակի մարզը գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, ուստի անհրաժեշտ է շինանյութերի արտադրության մեջ և շինարարության ընթացքում խստագույնս պահպանել սահմանված անհրաժեշտ նորմերը։ Մեր արտադրանքը ճիշտ շինարարության դեպքում ապահովում է 9 բալլ սեյսմակայունություն։
-Ներկայումս քանի՞ աշխատատեղ է ապահովում ընկերությունը։
-Ինչպես նշեցի, ներկայումս աշխատում ենք ոչ լրիվ հզորությամբ, ուստի աշխատողների առավելագույն թիվը 120-130-նն է, իսկ այս պահին ընկերությունում աշխատում է 75 մարդ։
-Որտե՞ղ է սպառվում “ՀԱՏՄ” ՍՊԸ-ի արտադրանքը։
-Արտադրանքը սպառվում է ՀՀ բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Առաջնահերթ, իհարկե, աշխատում ենք “Հայաստան” Համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ունեցած պատվերների վրա։ Լինում են նաև արտահանման պատվերներ, սակայն դրանք առայժմ եզակի դեպքեր են և չափազանց ծախսատար, այնուամենայնիվ պլաններ ու նպատակներ կան մոտ ապագայում առավել ակտիվացնել գործունեությունն այդ ուղղությամբ։
-Եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս է տնօրինվում ընկերության շահույթը։
-”Հայաստան” Համահայկական հիմնադրամը բարեգործական ընկերություն է, ուստի “ՀԱՏՄ” եկամուտները տնօրինվում են հիմնադրամի կողմից. ընկերության ներքին ծախսերից հետո կուտակված ողջ գումարը գնում է բարեգործական տարբեր ծրագրերի վրա։
-Եվ վերջում, ուզում եմ Ձեզ հարց ուղղել` որպես շինարար-մասնագետի։ Երկրաշաժը ի՞նչ դասեր տվեց մեզ, արդյո՞ք այսօր կառուցվող շենքերն ու շինությունները պահպանում են անհրաժեշտ նորմերն ու պահանջվող սեյսմակայունությունը։
-Անշուշտ, 88-ի աղետալի երկրաշարժը մեծ դաս էր բոլորիս համար։ Վստահորեն կարող եմ ասել, որ այսօր շատ ավելի բարձր մակարդակի վրա է շինարարության վերահսկողությունը մեր երկրում, քան երկրաշարժից առաջ, սակայն խնդիրը բազմագործոն է, առավելագույն սեյսմակայունություն ապահովելու համար պետք է ամենայն պատասխանատվությամբ և սահմանված կարգով աշխատեն համակարգի բոլոր օղակները` սկսած տեղանքի ընտրությունից և հողատարածքի հատկացումից միչև շինանյութի ընտրությունը, ճարտարապետական լուծումներն ու շինարարության ընթացքը։ Հուսանք, որ Աստված բարեգութ կգտնվի, և մենք երբեք այլևս կարիք չենք ունենա զգալու` արդյոք կայուն են մեր շենքերը, թե ոչ։
Հարցազրույցը` Թ.Արզումանյանի
Վերադառնալ