2013-11-30 13:15
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
“ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ” ՓԲԸ ՇԻՐԱԿԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հարցազրույց մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի հետ
-Պարո’ն Ամիրբեկյան, որքա՞ն ժամանակ է ղեկավարում եք “Հայռուսգազարդ” Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մասնաճյուղի կողմից այդ ընթացքում։
-Նախկինում Շիրակի մարզում գործում էր մարզի գազաֆիկացման երկու մասնաճյուղ, որոնցից Շիրակի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները ստանձնել եմ 2009 թվականին, հետագայում երկու մասնաճյուղերը միավորվեցին մեկ` Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի, որի տնօրեն ընտրվեցի 2012-ին։ Մինչ այժմ բավականին լուրջ և ծավալուն աշխատանքներ ենք իրականացրել, մարզի զարգացման ծրագրի շրջանակներում 2010 թվականին գազաֆիկացվել են 26 համայնքներ, հետևաբար համակարգն է ընդլայնվել, մեծացել է սպառվող գազի ծավալները և բաժանորդների թիվը։ Մեր առաջնահերթ խնդիրն էր գազը հասցնել սահմանամերձ շրջաններ` Աշոցք, Ամասիա, ինչն արդեն իրականություն է, ըստ կառավարության հեռանկարային ծրագրերի, պետք է առաջիկա 3 տարում` 2014-2017թթ ավարտին հասցնենք Շիրակի մարզի գազաֆիկացումն ամբողջությամբ։ Մեր հաշվարկներով Շիրակի մարզն արդեն մոտ 95%-ով գազաֆիկացված է։ 2012թ-ի վերջից մինչ օրս տարեկան ծրագրով կատարվել են Մուշ 2.2 և Անի թաղամասերի 38 բնակելի շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման աշխատանքները։ 2014թ-ի համար ծրագրերը արդեն իսկ մշակված են ըստ համայնքների։
-Ի՞նչ կասեք գազի սակագնի բարձրացման մասին, բնակիչները բողոքում են, որ ստիպված են անցնել փայտ վառելու, ինչ եք կարծում, որքանո՞վ կնվազի գազօգտագործման ծավալը։
-Միջին հաշվարկով ամենացրտաշունչ ձմռանը գազի ծախսը կարող է եռամսյակում ավելանալ 800-1000 մ3, այսինքն` ամսական 3000-5000 դրամ։ Իհարկե, անապահով ընտանիքների համար դժվար է նույնիսկ 1000 դրամ ավել վճարելը, սակայն համատարած գնաճի պայմաններում բնական է, որ գազի սակագինը ևս պետք է բարձրանար։ Թե որքանով կնվազի օգտագործվող գազի ծավալը, առայժմ հստակ ասել չենք կարող։ Հաշվի առնելով ընդհանուր մարզի սոցիալական վիճակը, բնակլիմայական պայմանները` ես գտնում եմ, որ պետք է այս ոլորտում որոշակի արտոնություններ տրվեն մարզի անապահով ընտանիքներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այս հարցը անհրաժեշտ է բարձրացնել համապատասխան ատյաններում, հուսանք` որոշակի քայլեր այս ուղղությամբ կձեռնարկվեն։
-Իսկ ընկերությունն ինքը սոցիալական աջակցության ի՞նչ ծրագրեր է իրականացնում։
-”Հայռուսգազարդ” ՓԲԸ-ն, այդ թվում և Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը մասնակցում է տարբեր բարեգործական և սոցիալական ծրագրերի, հնարավորինս օգնում սոցիալապես խոցելի խավերին` մանկատներ, ծերանոցներ, ուսումնական հաստատություններին տրամադրում դպրոցական և սպորտային գույք և այլն։ Ինչպես նաև արտոնություններ են տրվում անապահով ընտանիքների բնակարանների գազաֆիկացման դեպքում։
-Քանի՞ աշխատատեղ ունի մասնաճյուղը, հատկապես եթե հաշվի առնենք, որ զբաղվածության խնդիրը բավականին լուրջ է Շիրակի մարզում։
-Այսօր մենք ապահովում ենք 550 աշխատատեղ, աշխատանքների ծավալների փոփոխման հետ նոր աշխատատեղեր են ստեղծվում, սեպտեմբեր ամսից մեզ մոտ տեղի է ունեցել աշխատավարձի բարձրացում մոտ 30 %-ով, ինչի արդյունքում միջին աշխատավարձը կազմում է 120-150.000 դրամ։ Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է սոցիալական բարձր պատասխանատվության սկզբունքներով, աշխատակիցների համար ստեղծված են հնարավորինս լավ պայմաններ։
-Եվ վերջում Ձեր խոսքը մեր ընթերցողներին և ընկերության ծառայություններից օգտվող սպառողներին։
-Պարզապես խնդրում և հորդորում եմ զգոն և ուշադիր լինել բնակարաններում գազն օգտագործելիս, հատկապես, որ մեր ընկերությունն ամեն ինչ անում է, պարբերաբար բարձրացնում է տեխնիկական անվտանգության մակարդակը յուրաքանչյուր բնակարանում` տեղադրելով գազի արտահոսքը ազդարարող և կանխող ազդանշանները։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում խուսափել ինքնագործունեությունից, և ամեն ինչ լավ կլինի։
Վերադառնալ