17:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց. մանկական եզակի ծառայություններով միակ մարզային հիվանդանոցը

2013-11-27 12:29

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

 1988թ. երկրաշարժի աղետալի հետևանքները մինչև այսօր առկա են Շիրակի մարզում և հատկապես նրանց հոգիներում, ովքեր կորցրեցին իրենց հարազատներին։ Ուրախալի է, սակայն, որ այդ ավերիչ երկրաշարժից հետո տարբեր ազգեր, պետություններ իրենց գործուն աջակցությունը ցույց տվեցին՝ հեղինակելով բարեգործական բազմաթիվ ծրագրեր։

1988թ. Գյումրիի միակ մանկական ստացիոնար հիվանդանոցի ավիրումից հետո ավստրիական կառավարությունը, ավելի, քան 10-յակ բարեգործական կազմակերպություններ, հետևելով Ավստրիայի  սոցիալական խնդիրների նախկին նախարար պարոն Յոզեֆ Հեսոունի կոչին, ձեռնամուխ եղան մանկական նոր հիվանդանոց կառուցելու և ժամանակակից սարքավորումներով այն զինելու գործին։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ի նշան երախտիքի, նորակառույց մանկական հիվանդանոցն անվանվեց Ավստրիական մանկական հիվանդանոց, որը  1992թ. հուլիսի 14-ից սկսեց իր գործունեությունը։

Աշոտ Կուրղինյան, Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի տնօրեն  

-Պարո՛ն Կուրղինյան, Ավստրիայի կառավարության բարի կամքի դրսևորմամբ՝ 1992թ. կառուցվեց Ավստրիական մանկական հիվանդանոցը։ Ինչպիսի՞ հագեցվածությամբ և մասնագիտական ներուժով է այն այժմ աշխատում։  

-Բարի կամքը մարդու աստվածային հատկանիշերից է, որն ապացուցում է մարդու աստվածային սկիզբը։ Այդ ժամանակ, իսկապես, այս հիվանդանոցի կառուցման անհրաժեշտությունը շատ կար, որը մեծ պարգև է բոլորիս համար։ Այդ թվականներին Գյումրիում օտար ազգերի նախաձեռնությամբ կառուցվեցին նաև այլ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ, սակայն այդ համագործակցություններն այդքանով ավարտվեցին։ Մեր հիվանդանոցի առավելությունն այն է, որ մեր ավստրիացի բարեկամների հետ համագործակցությունը շարունակվում է մինչև այսօր։  Նրանք հանձն առան ոչ միայն կառուցել մանկական հիվանդանոց, այլ նաև զինել այն արդի սարքավորումներով՝ մեզ հանձնելով լիովին գործող մանկական հիվանդանոց։ Այժմ ԱՄՀ-ն Շիրակի մարզի միակ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցն է, որը հագեցած է  ժամանակակից սարքավորումներով և ունի բանիմաց և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմ։ Մենք համատեղ իրականացնում ենք բազում զարգացման, վերապատրաստման ծրագրեր՝ անընդհատ արդիականացման գործընթացում պահելով մեր հիվանդանոցի տեխնիկական և մասնագիտական որակները։ Մեր բժիշկների 40 տոկոսը տարբեր ժամանակահատվածներում  վերապատրաստվել են Ավստրիայում։

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ինչո՞ւ հիվանդանոցը վերանվանվեց Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի։

-Ծրագրերը շատ են։ Երևի թե առանձնացնեմ դրանցից մի քանիսը։ Մասնավորապես՝ այն ծրագիրը, որից հետո հայկական և ավստրիական կողմերի համատեղ որոշմամբ՝ հիվանդանոցը վերանվանվեց Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի։

2004թ. վերջին և 2005թ. սկզբին Շիրակի մարզում Համաշխարհային բանկը  ուսումնասիրություններ էր անցկացնում առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացների  շրջանակներում։ Նույն ժամանակահատվածում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարությամբ  Համաշխարհային բանկը ուսումնասիրում էր նաև  Հայաստանում նորածնային մահացածության ցուցանիշը։ Այդ ժամանակ, ցավոք, նորածնային մահացության ցուցանիշը բավականին բարձր գնահատվեց մեր մարզում։ Պատճառները բացահայտելու նպատակով իրականացվող ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Շիրակի մարզի ծննդատները չունեն անհրաժեշտ հագեցվածությամբ մանկական վերակենդանացման բաժանմունքներ։ Դա լուրջ խնդիր էր, քանի որ նորածնի կյանքը փրկելու համար պետք է վերակենդանացման միջոցառումներ ձեռնարկել նրա ծննդյան առաջին 5-10 րոպեների ընթացքում, բայց լինում էին դեպքեր, երբ երեխային ուշացումով տեղափոխում էին մեր հիվանդանոց, և մենք չէինք կարողանում ժամանակին բուժօգնություն ցուցաբերել։

Այդ ժամանակ առաջարկ եղավ ծննդօգնության բաժանմունք ստեղծել մեր հիվանդանոցում, մատուցել որակյալ և համալիր բուժօգնություն։ Այդ գաղափարը ժամանակի ընթացքում դարձավ նախագիծ, այնուհետև՝ մեր և ավստրիական կողմի ծրագիր։

2009թ. Վիեննայում մեր երկրների առողջապահության նախարարները հուշագիր ստորագրեցին, ըստ որի՝ ավստրիական կողմը պարտավորվում էր վերապատրաստել մասնագետներին և կահավորել  հիվանդանոցը, իսկ հայկական կողմը՝ իրականացնել վերանորոգման աշխատաքներ։ Հուշագիրը վերաբերում էր միայն նոր բաժանմուքին, սակայն մենք բախտ ունեցանք 2012թ. ապրիլի 7-ին ՀՀ նախագահին հյուրընկալել մեր հիվանդանոցում, ով մեզ խոստացավ պետական բյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել ողջ հիվանդանոցում։ Ապրիլի 9-ին սկսվեցին վերանորոգման աշխատանքները և ամբողջ հիվանդանոցը լիովին վերանորոգվեց։ Ավստրիական կողմը ծննդատունը կահավորեց,  հագեցրեց անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մասնագիտական անձնակազմը ներգրավվեց վերապատրաստման ծրագրերում։

2012թ. դեկտեմբերի 24-ին մենք ունեցանք առաջին ծնունդը։  Մինչև այսօր արդեն 300-ից ավելի ծնունդ ունենք և փառք Աստծո, որ հիվանդանոցի աշխատանքներն ընթանում են պլանավորված և կանխատեսելի։ 

-Ի՞նչ բաժանմունքներ են գործում Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում, և ինչո՞վ են առանձնանում այնտեղ մատուցվող ծառայությունները։

-Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցը մանկական միակ ստացիոնար հիվանդանոցն է, որն ունի մանկաբուժության (30 մահճակալ), մանկական վիրաբուժության (30 մահճակալ),   վերակենդանացման (10 մահճակալ) բաժանմունքներ և ծննդատուն (30 մահճակալ)։ Սակայն հիվանդանոցի առավելություններն այդքանով չեն վերջանում։

Ծննդատունն ունի ռետինալ կամերա սարքավորում, որը նախատեսված է անհաս նորածինների տեսողությունը ստուգելու և ակնաբուժական հնարավոր խնդիրները բացահայտելու, շտկելու համար։ Դա շատ արդյունավետ կանխարգելիչ հետազոտություն է։ Մեզ մոտ կատարվում է նաև լսողության սքրինինգ։

Մենք ունենք հատուկ դպրոց բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխաների համար։ Ավստրիայի բժշկական համալսարանի շնչառական համակարգի ալերգիաների ամբիոնից ստացել ենք համապատասխան ցուցումներ և չափորոշիչներ, ըստ որոնց՝ երեխաներին սովորեցնում ենք առողջ կենսակերպ, իսկ ծնողներին՝ վարվելակերպ նրանց նկատմամբ։

Ես կարող եմ հպարտությամբ ասել, որ ամբողջ հարապետությունում, “Արաբկիր” բժշկական կենտրոնից հետո, սա երկրորդ հիվանդանոցն է, որը ստացիոնար ծառայությանը կից ունի ամբուլատոր դիսպանսեր հսկողություն շաքարային դիաբեդով հիվանդ երեխաների համար։ Այս հնարավորությունը նույնպես Ավստրիայի մեր  բարերարներն են ընձեռել։ Նման հնարավորություն ՀՀ որևէ մարզային հիվանդանոց չունի։ Եթե նախկինում մարզի շաքարային դիաբեդով հիվանդ երեխաները ստիպված էին ինսուլին ստանալու համար գնալ Երևան, ապա այսօր նրանք այցելում են մեզ։ Մենք բացել ենք շաքարային դիաբեդով հիվանդ երեխաների  դպրոց, որտեղ հաճախում են երեխաները և իրենց մայրերը։ Նրանք սովորում են, թե ինչպես իրենց հիվանդությամբ ինտեգրվել և ապրել հասարակության մեջ։ Արդեն շաքարային դիաբեդով հիվանդ 30 երեխա է հաճախում մեզ մոտ, որոնցից յուրաքանչյուրին մեր ավստրիացի բարեկամներն անվճար գլյուկոմետրներ են տրամադրել, որ ինքնուրույն չափեն գլյուկոզայի քանակությունն իրենց արյան մեջ, և եթե կարիք կա, ընդունեն համապատասխան դեղորայք։  

Պետք է նշեմ, որ մեր հիվանդանոցում մինչև 18 տարեկան երեխաների ստացիոնար բուժօգնությունն անվճար է։

-Ո՞րն եք համարում Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի ամենամեծ ձեռքբերումը։  

-Մեր ամենամեծ ձեռքբերումն այն վստահությունն է, որը 20 և ավելի տարիների ընթացքում պահպանվել է Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցի  և մեր ավստրիացի գործընկերների միջև։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...