01:25
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սուքիաս Ավետիսյան

2013-11-27 12:22

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում փայլուն ելույթ ունեցավ

Սուքիաս Ավետիսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր

-Պարո՛ն Ավետիսյան, Դուք մի քանի գումարման ԱԺ պատգամավոր եք եղել, քաղաքական գործունեության մեծ փորձ ունեք։ Եթե համեմատության մեջ դիտարկենք, ինչպե՞ս կգնահատեք ԱԺ 5-րդ  գումարման գործունեությունը։

-Ցանկացած նստաշրջան ունի իր առանձնահատկությունները և դրանցով տարբերվում է նախորդներից։ Հինգերորդ գումարման Ազգային ժողովում առկա է կոալիցիա, ընդդիմադիր խումբ և այլընտրանք, որն ավելի հետաքրքիր է դարձնում  Աժ աշխատանքը։

Այս նստաշրջանն առանձնանում է պատգամավորական ակտիվ նախաձեռնություններով, որոնք ուղեկցվում են հետաքրքիր քննարկումներով, ինչը գովելի առաջընթաց է։ Հետաքրքիր բանավեճեր են ձևավորվում հին և նոր, փորձառու և սկսնակ պատգամավորների միջև, տեղի է ունենում փորձի փոխանակում, որի արդյունքում ավելի հստակ է ձևավորվում խնդիրը և դրա համապատասխան լուծումը։ Եթե հիշում եք, նախկինում Աժ-ում գերակշռում էին ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը։

Կարծում եմ՝ ԱԺ աշխատանքներն ավելի կակտիվանան, քանի որ փորձը ցույց է տալիս, որ  նորընտիր ԱԺ-ն առաջին մեկ տարում լիովին չի դրսևորվում։  

-Որպես գյումրեցի պատգամավոր՝ ո՞ր խնդիրներն եք առավել կարևորում Շիրակի մարզում և փորձում խթանել դրանց լուծմանը։  

-Որպես Գյումրի քաղաքի ներկայացուցիչ՝ պետք է նշեմ, որ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում գերխնդիր է  խթանել տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և պետք է խթանել դրանց արագ լուծմանը։ Այսօր հրատապ խնդիր է նաև Գյումրի քաղաքի ընդհանուր բարեկարգումը, մարզի միջհամայնքային ճանապարհների նորոգումը, որոնք ևս նախապայման են տնտեսության և տուրիզմի զարգացման։

Հարկ եմ համարում նշել, որ բազում հարցեր մենք չենք բարձրաձայնում Աժ ամբիոնից, սակայն փորձում ենք տարբեր կառույցների դիմելու միջոցով խնդիրներին լուծում տալ։ Իմ խորին համոզմամբ՝ դա նույնպես արդյունավետ աշխատելաոճ է։ Ես՝ որպես համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր, աշխատում եմ հարցեր քիչ տալ, հնարավորություն տալով այդ իրավունքից օգտվել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց խոստումների, ծրագրերի վերաբերյալ կարողանան հաշվետու լինել իրենց ընտրողների առջև։ Իհարկե, քաղաքական լուրջ քննարկումների ժամանակ անպայման փորձում եմ հանդես գալ որոշակի դիրքորոշումներով։

-Վերջին մեկ տարին քաղաքական զարգացումների առումով բավականին թեժ էր ՀՀ-ի համար. նախ` ԱԺ ընտրություններ, ապա` նախագահական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններ։ Երեք ընտրություններում էլ ՀՀԿ-ն հաղթանակ տարավ, ինչո՞վ եք դա պայմանավորում։   

-ՀՀԿ-ի հաջողության գրավականը պատասխանատվության բարձր զգացողությունն է և ժողովրդի հետ պարզ ու շիտակ լինելը. ՀՀԿ-ն երբեք  չի փորձում խուսափել պատասխանատվությունից, ինչպես անում են շատ ու շատ քաղաքական ուժեր։ Մենք կարծում ենք՝ ավելի լավ է ժողովրդին ներկայացնել ինչպես մեր ձեռքբերումները, այնպես էլ  բացթողումները, այսինքն՝ ստանձնել և՛ դրականի, և՛ բացասականի պատասխանատվությունը։

Մեր հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ  կուսակցությունում առողջ սերնդափոխություն է ընթանում, որը չի ուղեկցվում միմյանց հանդեպ խանդի զգացումով, այսինքն՝ մեր աշխատանքը թիմային է, և մեր հաջողությունը  թիմի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։ Այժմ մենք փորձում ենք քայլ առ քայլ իրականացնել մեր նախընտրական ծրագրերը, ինչպես նախկինում ենք արել, այսինքն՝ հավատարիմ ենք մեր կերտած ուղուն և գործելաոճին։  

-Պարո՛ն Ավետիսան, Դուք Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք։  Ի՞նչ աշխատանքներ են այժմ ընթանում հանձնաժողովում։

-Մեր հանձնաժողովը շատ կարևոր խնդիր ունի լուծելու, որի հետ կապված արդեն երկու-երեք տարի աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը վերաբերում է պետական բյուջեի վերահսկողության խնդրին, որը ճիշտ և գրագետ իրակնացնելու համար մենք ուսումնասիրել ենք տարբեր պետությունների փորձը, հանդիպել իրենց ներկայացուցիչներին՝ մեզ համար մշակելով ընդունելի և արդյունավետ գործելաոճ։

Մի շարք երկրներում այսօր առկա են “Բյուջետային գրասենյակ” կոչվող կառույցներ, որոնք իրականացնում են բյուջեի ընթացիկ վերահսկողություն բոլոր ծախսային ծրագրերի ուղղությամբ։ ԱԺ-ում  նման գրասենյակ ստեղծելով՝ մենք հնարավորություն կունենանք այդ վերահսկողությունն իրականացնել, գրասենյակը կկարողանա բոլոր պատգամավորներին օգտակար լինել բյուջեի հետ կապված վերահսկողական խնդիրներ լուծելիս։ Այժմ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներն են ընթանում  ՀՀ կառավարության և Աժ  համապատասխան կառույցների հետ, որի արդյունքում անհրաժեշտ հստակեցումներ կարվեն, և օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ։ Ես կարծում եմ՝ մեր հանձնաժողովի ամենամեծ ու կարևոր աշխատանքը այս նախագիծն է լինելու՝ տարեկան բյուջեների նախագծերի քննարկմանը զուգահեռ։    

-Պարո՛ն Ավետիսյան, Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

-Ես իմ ելույթներում բազմիցս հայտնել եմ իմ դրական կարծիքը ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։ Մեր տնտեսությունը մշտապես՝ մոտ հարյուր տարի, Մաքսային միության կամ նախկին Խորհրդային միության երկրների հետ է փոխկապակցված եղել, այսինքն՝ մեր հիմնական շուկան միշտ կապված է եղել այդ երկրների շուկաների հետ։ Պետք չէ իրականությունից հեռու փախչել։ Մեր արտադրական չափանիշերը նույնպես այդ երկրներում ընդունված չափորոշիչների հիման վրա են ստեղծվել, և մինչև այսօր էլ մեր արտադրությունը դրանցով է առաջնորդվում։ Կարծում եմ՝ Մաքսային միությանն անդամակցելը ավելի լայն հնարավորություն կստեղծի մեր տնտեսվարողների համար այդ շուկայում իրենց արտադրանքը սպառելու համար։  Իհարկե, մենք նաև չենք հրաժարվում եվրոպական շուկայից. այն մեր հեռանկարային ծրագրերում մեծ տեղ ունի, և մենք քայլ առ քայլ պետք է  ներգրավվածություն ունենանք այդ շուկայում, սակայն դրա համար ժամանակ է պետք։  Եվրոպական շուկայի չափանիշերն  այլ են, մեր տնտեսվարողներին շատ ավելի երկար ճանապարհ է պետք  անցնել եվրոպական շուկային ինտեգրվելու  համար։ Զուգահեռ՝ մենք  պետք է փորձենք ներգրավվածություն ունենալ նաև Չինաստանի, ԱՄՆ-ի շուկայում։     

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանի հարցադրումը։

-ՀՀ նախագահի ելույթը ինձ  վրա մեծ տպավորություն թողեց, դա փայլուն ելույթ էր։ Ինձ համար շատ ուրախալի էր, որ այն նաև հասարակ քաղաքացիների վրա  էր մեծ տպավորություն թողել։ Սակայն չափազանց անընդունելի էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հարցադրման ֆոնին ՀՀ քաղաքացին, էլ չեմ ասում ՀՀ ԱԺ պատգամավորը փորձում է նման հարցադրում անել։ Ես դա կարճ կանվանեի դավաճանություն։ Այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Դա հասարակության լայն զանգվածների կարծիքն է նաև։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...