16:57
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հուշերի արահետներով

2013-11-04 11:22

«Դե Ֆակտո» 69

Օրերն  անցնում են, բայց զարմանալիորեն մնում է նրանց հիշատակը` որպես չկողոպտվող սեփականություն: Անկարող ես ջնջել դրանք, քանի որ չես կարող մերժել սեփական պատմությունդ, ապրածդ ու կորցրածդ: Նյութական պահանջմունքների բավարարման այս  եսակենտրոն դարում մարդկային հոգիները  կարծես  տառապում են հոգևոր լույսի պակասից և չեն գիտակցում, թե իրենց կյանքը  երբ և ինչպես դարձավ նույնքան ճղճիմ, չեն գիտակցում, որ  մոռացել են իրենց  հոգևոր ես-ի մասին. նյութականը փակել է հոգևորի  դռները: Ու երբ  թերթում ես հանճարների մասին պատմող գրքերը, կարծես մեկ այլ աշխարհ ես տեղափոխվում, որտեղ գերիշխում է հոգևորից  առկայծող  լույսը, տեսնում  ես  կյանքին դիմակայելու և սեփական սկզբունքներից չհրաժարվելու Մեծերի կյանք-պայքարը, նրանց անկոտրում կամքն ու  հարուստ  էությունը:

Հանճարների  կյանքի ուրախ և տխուր, հուզումնալից ու զավեշտալի, հանճարեղ թուլությունների  ու  զարմանալի  ուժի  մասին  պատումները իր ՙՀուշերի արահետներով՚ գրքում է  ամփոփել Մանուշակ Շիրինյանը: Այն կարծես պատուհան լինի դեպի զարմանալի ու լուսավոր աշխարհ, որտեղ ապրում  են  հայ և համաշխարհային մեծությունները:

ՙԳրքում ամբարված են մեծերի հոգու գանձերը, կատակները, արցունքները, ուրախության և վշտի նշխարները:

Շատերն այն կարծիքին են, թե մեծ մարդկանց կյանքի ներքին, ընտանեկան կամ կենցաղային մանրուքները չպետք է գրի առնվեն, ներկայացվեն, որպեսզի չթուլանա դրանց թողած հմայքը: Բայց ես կարծում եմ` մեծերի կյանքում մանրուքներ չեն լինում: Դրանք ոչ միայն ամբողջացնում են մեծերի դիմապատկերը, այլև ստիպում նորովի տեսնել նրանց` ավելի մեծ, ավելի մարդ և ավելի սիրելի…՚,- գրքի նախաբանում նշում է հեղինակը:

Մանուշակ Շիրինյանի ընտրությունը` ( ՙՀուշերի արահետներով՚ գրքում

ներկայացված են շուրջ 60 հայ և համաշխարհային մեծություններ. երգահաններ և երգիչներ` Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Բեթհովեն, Ջուզեպպե Վերդի, գրողներ` Ավետիք  Իսահակյան, Եղիշե Չարենց, Նար- Դոս,  դերասաններ` Վահրամ  Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, գիտնականներ` Հրաչյա  Աճառյան, Մանուկ Աբեղյան, արվեստագետներ` Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, ազգային գործիչներ` Մկրտիչ Խրիմյան, Վազգեն Ա. կաթողիկոս և այլք), ինչպես և նրա գրչի փոքրիկ շտրիխները, որոնք էլ  ավելի լուսավոր են դարձրել գրքի շարադրանքը, արտացոլում են  նրա հուզական ու նուրբ աշխարհը: Մանուշակ Շիրինյանի ներկայացրած հուշերը կարծես  վավերագրություն լինեն, այնքան  տպավորիչ ու կենդանի են:

Կոմիտասը ներամփոփ  ու լռակյաց անձնավորություն է եղել, այդպես է  ծանոթ բոլորիս, բայց մի հետաքրքիր դիպվածով գրքում  ներկայացվում է  Կոմիտասի  կատակասեր բնավորությունը: Ու՞մ մտքով կանցներ, որ հանճարեղ Սուրբը նաև այսքան մարդ է եղել, պարզ, սովորական, բոլորից մեկը  ու  բոլորի պես…

Շատ հուզիչ պատմություն կա  Րաֆֆու  մասին, թե ինչպիսի ծանր  պայմաններում է ապրել, հացավաճառից հաց է խնդրել ու մերժում ստացել, և  երբ հացավաճառը նրա մահվանից հետո իմացել է , որ դա մեծն  Րաֆֆին էր, ում  մեկ անգամ հանդիպելու մասին երազում էր, մեծ ցավ է ապրել և այդուհետ ամեն օր  հաց  ուղարկել  Րաֆֆու  ընտանիքին…

ՙՀուշերի  արահետներով՚ գիրքը միանգամից սիրվեց և ընդունվեց ընթերցողի կողմից, հեղինակը ստացավ դրական արձագանքներ, գովեստի խոսքեր: Եվ դա օրինաչափ է. Մանուշակ  Շիրինյանը ողջ կյանքում  ասես  գնում էր դեպի այս գիրքը: Նա վարում է  ՙՀուշանկյուն՚ էջը  Հանրային ռադիոյի ՙԲարի լույս Հայաստան ՚ ծրագրում` տարիներ շարունակ  ներկայացնելով մեծերի  կյանքի  հետաքրքիր  դրվագներ, իրողություններ  ու  մանրադեպեր: Այդ  նյութերը  լույս  էին տեսնում ՙ02՚ շաբաթաթերթում: Եվ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ներսես Աթաբեկյանի  և  Մանուշակ Շիրինյանի համագործակցությամբ իրականացվեց  հեղինակի  թաքուն  երազանքը` այն  արդեն ստեղծագործական ծրագիր  էր`  տարիների աշխատանքը վերածել հրաշալի գրքի: Ի դեպ, հուզական լիցքը, որ առկա է վավերական պատումներում, պատահական չէ. Մանուշակ Շիրինյանը պոեզիայի պաշտամունք ունի, հրաշալի ասմունքում է, և այդ անդավաճան սերը իր լուսավոր կնիքն է  դրել գրքի վրա` դարձնելով այն բանաստեղծական, հուզումնալից ու հուզող:

Հետաքրքիր զուգադիպությամբ նյութերին ծանոթանալուց հետո, գործարար Աշոտ Բաբոյանը, ով նաև գրքի մարդ է, գրի և պոեզիայի գիտակ, պատրաստակամություն հայտնեց հովանավորել գրքի տպագրությունը: Թերևս, գործարարների շրջանում  հազվադեպ են  նման մարդիկ, ովքեր գրքի հրատարակություն են հովանավորում, ինչի  համար Մանուշակ Շիրինյանը երախտապարտ է  նրան:

Եվ, այնուամենայնիվ, Մանուշակ Շիրինյանը գրքի հեղինակ, բանաստեղծության սիրահար և  մշակութային  լրագրող լինելուց  առաջ ու ավելի սիրող կին է, ընտանիք-օջախի պահապան, մայր է, ում համար գիրքը ոչ թե  փոխարինում, այլ հարստացնում է մեր մեծ աշխարհի այդ փոքրիկ, անփոխարինելի անկյունը: Եվ այն, որ  նա  գիրքը  նվիրել է  իր հոգու գանձերին, երկու  որդիներին` Էդգարին ու Կարենին, ոչ թե հավուր պատշաճի  ընծայում է, այլ` կենսական հավատամքի վկայագիր…

Հուսանք, որ  Մանուշակ Շիրինյանը կշարունակի իր գործը, և մենք կընթերցենք նրա  հեղինակած  հաջորդ գրքերը:

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...