2013-11-04 11:22
«Դե Ֆակտո» 69
Օրերն անցնում են, բայց զարմանալիորեն մնում է նրանց հիշատակը` որպես չկողոպտվող սեփականություն: Անկարող ես ջնջել դրանք, քանի որ չես կարող մերժել սեփական պատմությունդ, ապրածդ ու կորցրածդ: Նյութական պահանջմունքների բավարարման այս եսակենտրոն դարում մարդկային հոգիները կարծես տառապում են հոգևոր լույսի պակասից և չեն գիտակցում, թե իրենց կյանքը երբ և ինչպես դարձավ նույնքան ճղճիմ, չեն գիտակցում, որ մոռացել են իրենց հոգևոր ես-ի մասին. նյութականը փակել է հոգևորի դռները: Ու երբ թերթում ես հանճարների մասին պատմող գրքերը, կարծես մեկ այլ աշխարհ ես տեղափոխվում, որտեղ գերիշխում է հոգևորից առկայծող լույսը, տեսնում ես կյանքին դիմակայելու և սեփական սկզբունքներից չհրաժարվելու Մեծերի կյանք-պայքարը, նրանց անկոտրում կամքն ու հարուստ էությունը:
Հանճարների կյանքի ուրախ և տխուր, հուզումնալից ու զավեշտալի, հանճարեղ թուլությունների ու զարմանալի ուժի մասին պատումները իր ՙՀուշերի արահետներով՚ գրքում է ամփոփել Մանուշակ Շիրինյանը: Այն կարծես պատուհան լինի դեպի զարմանալի ու լուսավոր աշխարհ, որտեղ ապրում են հայ և համաշխարհային մեծությունները:
ՙԳրքում ամբարված են մեծերի հոգու գանձերը, կատակները, արցունքները, ուրախության և վշտի նշխարները:
Շատերն այն կարծիքին են, թե մեծ մարդկանց կյանքի ներքին, ընտանեկան կամ կենցաղային մանրուքները չպետք է գրի առնվեն, ներկայացվեն, որպեսզի չթուլանա դրանց թողած հմայքը: Բայց ես կարծում եմ` մեծերի կյանքում մանրուքներ չեն լինում: Դրանք ոչ միայն ամբողջացնում են մեծերի դիմապատկերը, այլև ստիպում նորովի տեսնել նրանց` ավելի մեծ, ավելի մարդ և ավելի սիրելի…՚,- գրքի նախաբանում նշում է հեղինակը:
Մանուշակ Շիրինյանի ընտրությունը` ( ՙՀուշերի արահետներով՚ գրքում
ներկայացված են շուրջ 60 հայ և համաշխարհային մեծություններ. երգահաններ և երգիչներ` Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Բեթհովեն, Ջուզեպպե Վերդի, գրողներ` Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Նար- Դոս, դերասաններ` Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, գիտնականներ` Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, արվեստագետներ` Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, ազգային գործիչներ` Մկրտիչ Խրիմյան, Վազգեն Ա. կաթողիկոս և այլք), ինչպես և նրա գրչի փոքրիկ շտրիխները, որոնք էլ ավելի լուսավոր են դարձրել գրքի շարադրանքը, արտացոլում են նրա հուզական ու նուրբ աշխարհը: Մանուշակ Շիրինյանի ներկայացրած հուշերը կարծես վավերագրություն լինեն, այնքան տպավորիչ ու կենդանի են:
Կոմիտասը ներամփոփ ու լռակյաց անձնավորություն է եղել, այդպես է ծանոթ բոլորիս, բայց մի հետաքրքիր դիպվածով գրքում ներկայացվում է Կոմիտասի կատակասեր բնավորությունը: Ու՞մ մտքով կանցներ, որ հանճարեղ Սուրբը նաև այսքան մարդ է եղել, պարզ, սովորական, բոլորից մեկը ու բոլորի պես…
Շատ հուզիչ պատմություն կա Րաֆֆու մասին, թե ինչպիսի ծանր պայմաններում է ապրել, հացավաճառից հաց է խնդրել ու մերժում ստացել, և երբ հացավաճառը նրա մահվանից հետո իմացել է , որ դա մեծն Րաֆֆին էր, ում մեկ անգամ հանդիպելու մասին երազում էր, մեծ ցավ է ապրել և այդուհետ ամեն օր հաց ուղարկել Րաֆֆու ընտանիքին…
ՙՀուշերի արահետներով՚ գիրքը միանգամից սիրվեց և ընդունվեց ընթերցողի կողմից, հեղինակը ստացավ դրական արձագանքներ, գովեստի խոսքեր: Եվ դա օրինաչափ է. Մանուշակ Շիրինյանը ողջ կյանքում ասես գնում էր դեպի այս գիրքը: Նա վարում է ՙՀուշանկյուն՚ էջը Հանրային ռադիոյի ՙԲարի լույս Հայաստան ՚ ծրագրում` տարիներ շարունակ ներկայացնելով մեծերի կյանքի հետաքրքիր դրվագներ, իրողություններ ու մանրադեպեր: Այդ նյութերը լույս էին տեսնում ՙ02՚ շաբաթաթերթում: Եվ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ներսես Աթաբեկյանի և Մանուշակ Շիրինյանի համագործակցությամբ իրականացվեց հեղինակի թաքուն երազանքը` այն արդեն ստեղծագործական ծրագիր էր` տարիների աշխատանքը վերածել հրաշալի գրքի: Ի դեպ, հուզական լիցքը, որ առկա է վավերական պատումներում, պատահական չէ. Մանուշակ Շիրինյանը պոեզիայի պաշտամունք ունի, հրաշալի ասմունքում է, և այդ անդավաճան սերը իր լուսավոր կնիքն է դրել գրքի վրա` դարձնելով այն բանաստեղծական, հուզումնալից ու հուզող:
Հետաքրքիր զուգադիպությամբ նյութերին ծանոթանալուց հետո, գործարար Աշոտ Բաբոյանը, ով նաև գրքի մարդ է, գրի և պոեզիայի գիտակ, պատրաստակամություն հայտնեց հովանավորել գրքի տպագրությունը: Թերևս, գործարարների շրջանում հազվադեպ են նման մարդիկ, ովքեր գրքի հրատարակություն են հովանավորում, ինչի համար Մանուշակ Շիրինյանը երախտապարտ է նրան:
Եվ, այնուամենայնիվ, Մանուշակ Շիրինյանը գրքի հեղինակ, բանաստեղծության սիրահար և մշակութային լրագրող լինելուց առաջ ու ավելի սիրող կին է, ընտանիք-օջախի պահապան, մայր է, ում համար գիրքը ոչ թե փոխարինում, այլ հարստացնում է մեր մեծ աշխարհի այդ փոքրիկ, անփոխարինելի անկյունը: Եվ այն, որ նա գիրքը նվիրել է իր հոգու գանձերին, երկու որդիներին` Էդգարին ու Կարենին, ոչ թե հավուր պատշաճի ընծայում է, այլ` կենսական հավատամքի վկայագիր…
Հուսանք, որ Մանուշակ Շիրինյանը կշարունակի իր գործը, և մենք կընթերցենք նրա հեղինակած հաջորդ գրքերը:
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ