2013-10-31 12:42
«Դե Ֆակտո» 81 (2013թ.)
Բոլոնիա
Իտալիա կատարած մեր առաջին ուղևորության վերջին կետը Բոլոնիա քաղաքն է: Այն Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոնն է: 20-րդ դարի սկզբին նա դեռևս պահպանում էր իր միջնադարյան քաղաքի կոլորիտը, շրջապատված էր աղյուսե պարսպով, որը ձգվում էր 6 կմ շրջագծով և ուներ 12 դարպաս: Քաղաքի փողոցները մեծ մասամբ նեղ ու թեք են: Ամենուր կարելի է հանդիպել 18-19-րդ դարերի հին շինություններ և կոթողներ, եկեղեցիներ և տաճարներ, քաղաքի այցեքարտը հանդիսացող աշտարակներ, որոնց թիվը անցնում է 100-ից: Եվ այս ամենը մոխրագույն և կարմիր գույների մեջ: Քաղաքի տնտեսության զարգացման և բնակչության աճի հետ մեկտեղ խնդիր առաջացավ մեծացնել սահմանները: Քաղաքի պարիսպները մասնակի քանդվեցին, փողոցները լայնացվեցին, սկսվեց երկաթգծի շինարարությունը:
Բոլոնիան նաև անվանում են ուսանողների քաղաք: Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենահին համալսարանը, որը հիմնվել է դեռևս 11-րդ դարում: Այն հայտնի է նրանով, որ հիմնականում մասնագիտացել է իրավագիտության և տնտեսագիտության մեջ: Շատերը երևի չգիտեն, որ ԲԱՆԿ բառը ունի իտալական ծագում և նշանակում է ՆՍՏԱՐԱՆ, այո՛, նստարաններ, որոնց վրա նստել են դրամափոխները: Համալսարանը իր ծագման օրվանից ունեցել է մի այսպիսի յուրահատկություն, այն իրենից ներկայացրել է ուսանողների ասոցիացիա, որն ինքն էր ընտրում իրենց դասավանդող պրոֆեսորների ղեկավարությունը: Բոլոնյան ուսանողները ամեն տարի ընտրում էին նոր ռեկտոր և նոր ղեկավարող խորհուրդ, որը ռեկտորի ղեկավարությամբ պետք է համակարգեր և ուղղորդեր համալսարանի կյանքը: Դասախոսները ընտրվում էին ուսանողության կողմից որոշակի ժամանակահատվածով և պարտավորվում էին այդ ընթացքում բացի Բոլոնիայից` այլ տեղ չդասավանդել: Իր գոյության ընթացքում համալսարանը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Արևմտյան Եվրոպայում: Համընդհանուր կարծիք կար, որ միայն այստեղ կարելի է ձեռք բերել խորը գիտելիքներ հռոմեական իրավունքի և եկեղեցական կանոնակարգի բնագավառներում:
Այս գեղեցիկ սրահը ոչ այլ ինչ է, քան համալսարանի ուսուցողական դիահերձարան:
Բոլոնիայի գլխավոր հրապարակն է` Պիացա Մաջիորե: Այստեղ է քաղաքապետարանի գեղեցիկ շենքը, Սան Պետրոնիո բազիլիկ տաճարը և նոտարական պալատը: Տաճարի կողքին տեսնում ենք Նեպտունի շատրվանը, որը մեր բախտից, թե պատահաբար այսօր չի աշխատում:
Ահա Սուրբ Ֆրանցիսկո տաճարը: Չնայած հռոմեական ոճով կառուցված դիմային մասին` այն Իտալիայում ֆրանսիական գոթական ոճի վառ դրսևորում է:
Ահա Սուրբ Ստեփանոսի քրիստոնեական կրոնական շինությունների համալիրը համանուն հրապարակում: Այն անվանում են նաև ՙ7 եկեղեցիների հրապարակ՚ և համապատասխանաբար, նույն կերպ էլ կոչում են համալիրը: Ըստ մատենագիր արձանագրությունների, համալիրը պետք է կրկներ Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի վրա կառուցված եկեղեցու հիմնական տարրերը:
Շաբաթ օրերին, սկսած կայարանից և վերջացրած քաղաքի կենտրոնով, ամբողջ քաղաքը վերածվում է մեծ շուկայի: Շուկան ընդհանրապես իտալացու կյանքի կարևոր մասերից է: Սա հրաշալի տեղ է ճանաչելու և հասկանալու իտալացու բնավորությունը և նախապատվությունները: Այստեղից է սկսվում բոլոնյան յուրահատուկ խոհանոցը, որից հնարավոր չէ չօգտվել` լինելով այստեղ:
Իտալական ճամփորդությունից` այս պահին այսքանը: Հետևե՛ք մեր անոնսներին, և աշխարհը կլինի նաև ձեր ոտքի տակ:
Վերադառնալ