23:06
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շոու-բիզնեսում իմ ճանապարհորդությունը համարձակ, խելահեղ, բայց լիարժեք բավարարվածություն պատճառող, գերագույն վայելք է

2013-10-28 11:06

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Երգարվեստը հոգու աշխարհ է, որտեղ հոգին է թագավորում, որի հույզերն ու ապրումները հասանելի և ընկալելի են բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից։ 

Զառա Մխեյան, Forpost ընկերության ղեկավար

-Հարգելի՛ Զառա, Դուք կայացած գործարար կնոջ կերպար ունեք և հավանաբար շատ կանանց համար նախանձելի օրինակ եք։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ ճանապարհ եք անցել։

-Բավականին բարդ և քարքարոտ ճանապարհ եմ անցել։ Ինչպես հայտնի է, թատրոնը սկսվում է հանդերձարանից, իսկ շոու-բիզնեսը պետք է սկսվի կանոններից։ Շատ կարևոր է պայքարել և հաղթել, բայց միայն  քաղաքակիրթ մրցակցային պայմաններում։ Սակայն, կարծում եմ, ռուսաստանյան շոու-բիզնեսը մոտ ապագայում շատ անելիքներ ունի այդ առումով։ Օրինակ՝ Արևմուտքում  երաժիշտները աշխատում են արդարության մթնոլորտում, զեղծարարություններ չկան, նրանց արվեստն այնքան բարձր է գնահատվում, որ իրենք կարիք չունեն այլ գործունեությամբ զբաղվելու։ Ցավոք, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում դեռևս չկա այդ մշակույթը, մեր շոու-բիզնեսում  երգահանների, արտիստների իրավունքները, կարելի է ասել, չեն  հարգվում,  նրանք պաշտպանված չեն, և, ցավոք, մենք առայժմ շատ հեռու ենք դրանից։

Հայաստանում ընդհանրապես շոու-բիզնես չկա, միայն «Շարմ» հոլդինգում է ստեղծվում լավ արտադրանք։ Հայաստանում յուրաքանչյուր արտիստ ինքն իր և՛ ռեժիսորն է, և՛ պրոդյուսերը, իսկ դա նշանակում է ձախողում։ Ես շատ կուզեի իմ երկրում մի լավ արտադրանք հեղինակել, որն ամբողջ աշխարհին կներկայացներ մեր երկրի մշակույթը։ Երգի լեզուն նշանակություն չունի, ամենակարևորը հոգին է և բարձր մակարդակով ստեղծված արդյունքը։ Օրինակ՝ մենք Մոսկվայում կազմակերպել էինք Ֆլորա Մարտիրոսյանի մենահամերգը, որի ժամանակ հանդիսատեսի շարքերում տեսա թե՛ ռուսների, թե՛ իտալացիների, թե՛  չինացիների, ովքեր վայելում էին իմ սիրելի երգչուհու  գերբնական, երկնային ձայնը, որը աստվածային շնորհ էր։

Դեպի շոու-բիզնես իմ ճամապարհը, իմ ընկալմամբ, կյանքի նպատակ էր։ Ստեղծել յուրօրինակ մի բան, որ կմնա՝ որպես գործունեության ցանկացած ոլորտի օգտակար և լավագույն օրինակ, և ես դեռ այդ ճանապարհին եմ։ Միաժամանակ, ես հասկացել եմ, որ նպատակների մեծ մասը իրականանալուց հետո մեզ այն բավարարվածությունը չի տալիս, ինչ ակնկալում էինք դրանից ստանալ։ Շատերն են այդ զգացողությունն իրենց մաշկի վրա զգացել։ Պատճառն այն է, որ մենք նպատակը դիտարկում ենք որպես վերջնական որոշում, որպես վերջնաարդյունք։ Համոզված եմ, որպեսզի խուսափել հիասթափությունից, հարկավոր է նպատակը դիտարկել որպես նոր նպատակին հասնելու միջոց։

Ես իմ գործունեությունը սկսել եմ նորաձևության աշխարհից, կազմակերպել եմ ցուցադրություններ, հետո` նորաձևություն գումարած համերգային գործունեություն, ավելի ուշ` նոր նախագծերի ստեղծում և պրոդյուսավորում, կազմակերպել եմ ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերի համերգներ։ Հետագայում ես սովորեցի ճիշտ համագործակցել մարդկանց հետ և կապ պահպանել նրանց հետ, ու այդ  մարդիկ ինձ վստահեցին։ Ինձ համար շատ կարևոր էր իմ համբավը։ Ես երկար եմ աշխատել այն վաստակելու համար, իսկ հետո արդեն իմ անունն էր աշխատում ինձ համար։ Հայաստանում նույնպես շատ բան եմ զոհաբերել հանուն բարի համբավի։ Ռուսաստանում շոու-բիզնեսի հսկաները շատ արագ ինձ ընդունեցին իրենց նեղ միջավայր, որովհետև ռուսական աստղերի համերգների կազմակերպման ընթացքում ոչ մեկի չեմ խաբել, ոչինչ չեմ ձախողել, աշխատել եմ արբանյակի արագությամբ։ Կազմակերպել եմ այնպիսի աստղերի համերգներ և համերգային շրջագայություններ, ինչպիսիք են՝ Տ.Ա.Տ.Ու.-ն, Դիմա Բիլանը, Ալլա Պուգաչովան, Իրինա Ալլեգրովան, Ստաս Միխայլովը և այլք, այս պահին համարվում եմ Անաստասիա Վոլոչկովայի պրոմոուտերը, ինձ նրա հետ աշխատելը շատ հաճելի է, քանի որ բարձր կուլտուրայի տեր անձնավորություն է և իր գործի վարպետը։ Պարզապես հարկավոր է ձգտել լավագույնին և հիասքանչին։

Ես հասկացա, որ միայն դրական մարդիկ կնպաստեն իմ բիզնեսի առաջխաղացմանը, իսկ բացասականները` կխանգարեն։ Դա կյանքի օրենքն է։

-Forpost ընկերության շրջանակներում Դուք երկար տարիներ աշխատում եք շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչների հետ և կարողացել եք արժանանալ նրանց վստահությանը։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։

-Նախևառաջ, շատ արագ յուրացրեցի շոու-բիզնեսի օրենքները, մասնավորապես՝  ռուսական շոու-բիզնեսի, և հետևեցի դրանց։ Ես շփվել և համագործակցել եմ տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ։ Նրանցից մի քանիսի հետ նույնիսկ տհաճությամբ (եղել են դեպքեր), բայց ստիպված եմ եղել անընդհատ աշխատել։ 

Հետո ես հասկացա, որ միայն դրական մարդիկ կնպաստեն իմ բիզնեսի առաջխաղացմանը, իսկ բացասականները` կխանգարեն։ Դա կյանքի օրենքն է։ Եվ ես իմ առջև խնդիր դրեցի` ընտրել ճիշտ ընկերներ և պատվիրատուներ։ Ավելի ուշ հասկացա նաև, որ այս բիզնեսում առանցքային պաշտոններում պետք է լինեն միայն այն մարդիկ, ովքեր քեզ սիրում և հարգում են, որովհետև նրանք չեն դավաճանի։ Ամենակարևորը թիմի ընտրությունն է, նրանք դառնում են քո ընտանիքը, քանի որ կյանքիդ մեծ մասը նրանց հետ ես անցկացնում։

Այնուհետև ձևավորվեց կոնկրետ նպատակ՝ ճանաչել երաժշտական բիզնեսը և հասնել նրա բարձունքներին։ Դա բարդագույն խնդիր է և  պահանջում է վիթխարի ջանքեր։ Այդ նպատակը դարձավ իմ ամբողջ կյանքի զբաղմունքը։ Ես ամբողջությամբ ինձ նվիրաբերել էի այդ նպատակին, աշխատում էի համառորեն և բարեխղճորեն։ Աշխատել եմ նաև գովազդային և PR ոլորտում։ Ես միշտ առանց երկյուղելու արել եմ առաջին քայլը` այն ամենակարևորն է։ Հետո արդեն նպատակն ինքը կօգնի պահպանել ճիշտ ուղին։ Շոու-բիզնեսում իմ ճանապարհորդությունը համարձակ, խելահեղ, սակայն լիարժեք բավարարվածություն բերող գերագույն վայելք էր, որ ստանում էի իմ ստեղծածի պտուղները քաղելիս։

-Ի՞նչ նախագծեր եք իրականացրել մինչև այսօր, և դրանցից որո՞նք են առավել տպավորիչ Ձեզ համար։

-Ես ստեղծել եմ «Սթայլ» մանկական նորաձևության թատրոնը, «Հայկական ուրվագիծը»՝ Վ. Զայցևի հետ, ով գլխավորում էր ժյուրին և գեղարվեստական խորհուրդը, «Սթայլ» մոդելային գործակալությունը, ստեղծել և պրոդյուսավորել եմ Հայաստանում նորաձևության մասին «To see trees, where the others see only poles» ֆիլմ-նախագիծը F.TV-ի համար, «Հայաստանի 10 լավագույն մանեկենուհիները» մրցույթը, մի քանի տարի կազմակերպել եմ Ավրահամ Ռուսոյի համերգները, 2005-2008թթ. եղել եմ երգչուհի Սոնայի պրոդյուսերը։

Ես բավականություն էի ստանում, երբ Ռուբեն Ջաղինյանի հետ ստեղծում էինք հայաստանյան նորաձևության մասին ֆիլմ, որը ներկայացվեց Եվրոպայում։ Ես հպարտանում էի, որ մեր երկրում կան տաղանդավոր ձևավորող-մոդելավորողներ։ Երկրորդ բավարավածությունը ստացա, երբ Ռուսաստանում պրոդյուսերավորում էի երգչուհի Սոնային և իսկապես ապրում էի այդ նախագծով։ Թողարկեցինք մեկ ձայնասկավառակ, նկարահանեցինք երեք տեսահոլովակ հայտնի կլիպմեյքերներ Ալան Բադոևի և Սեմյոն Գորովի հետ համատեղ։ Իսկ թե ինչու ես դադարեցրի այն ծրագրերը, որոնցով ապրում էի և շնչում, միանգամայն այլ պատմություն է։

Պետք է նշեմ, որ հերոսաբար եմ հաղթահարել դժվարությունները և լիարժեք իրականացրել ստեղծագործական և արտադրական գործընթացը։ Հարկավոր էր միայն համարձակորեն հաղթահարել վախը, իսկ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը առաջանում է իրազեկված լինելուց։ Վախը կաթվածահար է անում, խաթարում է վստահությունը, համարձակությունը, ճկունությունը, դիմակայելու, պայքարելու, ռիսկի գնալու ընդունակությունը։ Իսկ առանց այս որակների՝ պրոդյուսերը չի կարող կայանալ։ Վախը մարդուն դարձնում է անօգնական, թույլ, անհանգիստ, հաճախ դրդում անմիտ գործողությունների և ոչ ճիշտ որոշումների կայացմանը, ինչպես նաև ազդում է ինքնակառավարման վրա։ Ես դա զգացել եմ միայն մեկ անգամ, և ոչնչացրել եմ այն մեկընդմիշտ։

-Արվեստագետները սովորաբար բարդ բնավորության տեր մարդիկ են, և նրանցից յուրաքանչյուրի հետ համաձայնության գալը պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում և կյանքում։

-Այո՛, նրանց հետ իրոք շատ դժվար է, և այս բիզնեսում ինձ համար ամենասարսափելին նրանց հետ շփվելն է։ Անկեղծորեն ասեմ՝ լինում են համերգներ, որոնք կազմակերպելիս այնպես եմ անում, որ չշփվեմ արտիստների և ստեղծագործական խմբի հետ, թեև ես ինքս ստեղծագործ անհատ եմ։

Կարծում եմ՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով և պրոդյուսերը պետք է օգնի բոլորին հասկանալ դա և մատնացույց անել թիմի անդամներին իրենց պաշտոնական գործառույթները։ Երաժշտական շոու-բիզնեսում գաղափարների, հայեցակարգերի և նախագծերի հաջող իրականացմանը, անկասկած, նպաստում է բիզնես պլանը։ Դետալացված պլանի մշակումից խուսափելու փորձերը շատ պրոդյուսերների հանգեցնում են սխալների, որոնք իրենց հերթին հանգեցնում են նախագծի տապալմանը։ Բիզնես պլանի մշակումը ամենևին էլ դյուրին չէ։ Այն պահանջում է լուրջ մոտեցում, քանի որ հենց բիզնես պլանն է կայուն և արդյունավետ հիմք ստեղծում պրոդյուսերի և արտիստի համագործակցության համար։ Այդպես են ստեղծվել իմ բոլոր նախագծերը։ Բոլոր մասնակիցները կոնկրետ պլանի մշակումից հետո պայմանագրեր էին կնքում հետագայի համար ևս։ Այդպես եմ աշխատում  մինչև օրս։ Բիզնես պլանը պետք է նախատեսի ոչ միայն բոլոր անհրաժեշտ գործողությունները, այլ նաև ցանկացած անսպասելի իրավիճակ։ Բիզնես պլանը կարելի է սահմանել՝ որպես նպատակները, գործունեության արդյունքները կանխազգալու և դրված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ ռեսուրսները հաշվարկելու ունակություն։ Եվ ամենակարևորն այն է, որ պրոդյուսերի բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն հաջողությունն ապահովող նպատակին, և գլխավորը` երբեք թույլ չտալ արտիստին լուծել ինչ-ինչ կարևորագույն հարցեր։ Նա պետք է կատարելագործի իր երգացանկը և բեմական վարպետությունը, հետևի իր արտաքինին և վերջ։

-Հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ հարաբերություններ ունեք շոու- բիզնեսի աստղերի հետ աշխատանքից դուրս, և արդյոք կարո՞ղ են աշխատանքին խանգարել նրանց հետ ընկերական հարաբերությունները։

-Պրոդյուսերի և արտիստի փոխհարաբերությունների խնդիրը անխուսափելիորեն առաջանում է յուրաքանչյուր նախագծում, և ոչ միշտ է միանշանակ լուծում ստանում։ Սակայն վերջերս ես առավել հակված եմ զուտ աշխատանքային /պայմանագրային/ հարաբերություններին։ Կախված արտիստի անձից և ինձ հետ նրա հարաբերությունների յուրահատկությունից՝ ձևավորվում է կառավարման հատուկ ոճ, որն այս կամ այն կերպ հանդես է գալիս որպես նախագծի ստեղծագործական և կոմերցիոն հնարավորությունների վրա ազդելու լծակ։ Եվ ինչպիսին էլ լինեն պրոդյուսերի և արտիստի փոխհարաբերությունները, իրավամբ, հեղինակություն է այն անձը, ով իր վրա է վերցնում արտիստի ճակատագրի համար պատասխանատվությունը։

Այսպիսով՝ համագործակցության և առաջնորդության հարցերը անխուսափելիորեն առաջանում են նախագծի հիմնական դեմքերի փոխհարաբերություններում։ Եվ խոսքը այստեղ միայն ստեղծագործական ազատության մասին չէ, ազդեցություն են ունենում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները։ Հարկ է միանգամից ավելացնել, որ և պրոդյուսերը, և արտիստը երկու կարևոր օղակներ են և առանց նրանց համատեղ գործունեության, երաժշտական բիզնես չի կարող լինել։

Ցավում եմ, որ մեր քաղաքում ՄՀՀ-ն միակ լավ դահլիճն է ցանկացած եղանակի ու մասշտաբի համերգ կազմակերպելու համար, և կրկնակի ցավալի է, որ ՄՀՀ սեփականատերերը մարդիկ են, ովքեր չեն հասկանում դրա արժեքը և նշանակությունը։

-Հարգելի՛ Զառա, կուզենայի խոսեինք նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ դեմ դատական գործի մասին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ գործի հանգուցալուծումից։

-Մեր ընկերությունը երկար տարիներ կազմակերպել է համերգներ ՄՀՀ-ում, և այդ շենքը ինձ համար միշտ եղել է երկրորդ տուն։ Սակայն եկան քարեդարյա մարդիկ, ովքեր ոչ մի ընդհանուր բան չունեն համերգային գործունեության, շոու բիզնես հասկացության հետ, և արդյունքում չեն էլ կարողանում կառավարել այն, իսկ ամենավատթարն այն է, որ նրանք չեն տիրապետում գործընկերային հարաբերություններին։ Այդ պատճառով էլ պարբերաբար իրենց թույլ են տալիս  «քցել» իրենց պատվիրատուներին և գործընկերներին, ինչպես նաև իրենց անձնակազմին, ինչպես 90-ականներին էին անում։ Նրանք այդ ժամանակներում էլ մնացել են և չեն գիտակցում, որ արդեն ապրում են քաղաքակիրթ աշխարհում։ Սարսափելին այն է, որ նրանցից ամեն ինչ կարելի է սպասել հենց համերգի օրը կամ նախապատրաստական աշխատանքների ընթացքում. Օրինակ` կնքում ես պայմանագիր, որից հետո քեզ ասում են՝ գիտեք, մենք ուզում են ՄՀՀ ճեմասրահը համերգի օրը վարձակալությամբ տրամադրել այլ մարդկանց, իսկ մարդիկ, ովքեր համերգի տոմսեր են ձեռք բերել, թող ներս գան մի ինչ-որ այլ մուտքով, կամ ՄՀՀ աշխատակիցները, ասես քաղցած առնետներ կամ դիակներ, որ դեռ քայլում են, կարող են իրենց թույլ տալ հազար դրամի դիմաց բացել կողմնակի մուտքը և այլն։ Այնտեղ ամենաթողություն է տիրում, և շատ կազմակերպիչներ պարզապես լռում են, որովհետև յուրաքանչյուրն այս քաղաքում ինչ-որ մեկի հետ կապ ունի ու իր հաշիվներն ունի, կամ էլ պաշտոնյա է և չի ուզում խոսել այդ մասին։

Նրանք ինձ սպառնում էին, որ եթե ես դիմեմ դատարան, ինձ էլ երբեք դահլիճ չեն տրամադրի։ Իհարկե, դա ինձ կարգին զվարճացրեց։ Ես կարող եմ իմ սիրելի քաղաքի ցանկացած բացօթյա տարածքում կազմակերպել համերգներ, և դա հաստատ ավելի մատչելի կլինի, քան ՄՀՀ-ի վարձակալումը։ Եվ հետո ցավալի է, բայց փաստ, որ ցանկացած այլ երկրում մենք կազմակերպում ենք համերգներ ու երբեք այդպիսի խնդիրների չենք բախվում։ Ցավում եմ, որ մեր քաղաքում ՄՀՀ-ն միակ լավ դահլիճն է ցանկացած եղանակի ու մասշտաբի համերգ կազմակերպելու համար, և կրկնակի ցավալի է, որ ՄՀՀ սեփականատերերը մարդիկ են, ովքեր չեն հասկանում դրա արժեքը և նշանակությունը։

Այսպես, տեղեկացնում եմ, որ նրանք մեծ պարտքեր ունեն մեր ընկերությանը` գոյացած տարբեր համերգների տոմսերի իրացումից, և ես դիմել եմ դատարան` վստահ լինելով, որ բարձր մշակույթ ունեցող իմ երկիրը պետք է արժանապատվորեն ցույց տա իր դեմքը նաև արդարադատության ոլորտում։ Մեզ հետ աշխատում են ազնիվ և օրինավոր մարդիկ. առաջին ատյանի դատարանի որոշումը մեր օգտին է, սակայն, եթե նրանք բողոք ներկայացնեն Գերագույն դատարան, ապա ես կասեմ, որ կա ճշմարտություն և այն միակն է, մենք կգնանք մինչև վերջ, եթե հարկ լինի, նույնիսկ կդիմենք Հանրապետության նախագահին։ Ես թույլ չեմ տա ինձ հետ այդպես վարվել, սա իմ նախնիների քաղաքն է, և ես չեմ հանդուրժի այսպիսի ամենաթողություն։ Ամեն ոք պետք է իմանա իր տեղը. ահա թե ինչու եմ սիրում շոու-բիզնեսը, այնտեղ ամեն ինչ հստակ է։

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում հանդես կգա Անաստասիա Վոլոչկովան՝  «Նոր դար» շոու-ծրագրով։

-Տեղյակ ենք, որ Դուք այժմ նոր համերգային ծրագրեր ունեք ռուս հայտնի աստղերի մասնակցությամբ Վրաստանի Հանրապետության տարածքում։ Կխնդրեմ պատմեք դրանց մասին։

-Մեր ընկերության գլխամասը գտնվում է Մոսկվայում, ներկայացուցչությունը` Երևանում։ Արդեն մի քանի տարի է ներկայացուցչություն ենք բացել նաև Եվրոպայում, իսկ ՄՀՀ հետ ծագած խնդիրներից հետո որոշեցինք մտնել Վրաստանի շուկա և այս պահին այնտեղ ևս ներկայացուցչություն ունենք, ինչի համար շատ ուրախ ենք, քանի որ այնտեղ բոլոր օրենքները գործում են, և դու հստակ գիտես ինչպես պլանավորել քո բիզնեսը։ Ներկայումս այնտեղ կազմակերպում ենք Իրինա Ալեգրովայի հսկայածավալ համերգները` հրաժեշտի շրջագայության շոու ծրագրով, ինչպես նաև Անաստասիա Վոլոչկովայի համերգը «Նոր դար» նոր շոու-ծրագրով։ Անաստասիա Վոլոչկովան իր  շոու-ծրագրով հանդես կգա նաև Հայաստանում։ Համերգը կկայանա սեպտեմբերի 15-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքում։

Լրացուցիչ ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի Հայաստանում մեկնարկում է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը, որի գաղափարը իմ լավ ընկեր, մեր հայրենակից Էմիլ Կարատինինն է, ով երկար տարիներ աշխատում է ռուսաստանյան շուկայում։ Մենք որոշեցինք տոն կազմակերպել մեր ժողովրդի և արտիստների համար. Դա նոր հարթակ կլինի, որտեղ երաժիշտները կկարողանան ցուցադրել իրենց ելույթները նոր ձևաչափով,  նոր լույսի ներքո։ Նախագծի շրջանակներում ականատես կլինեք նաև Էմիլ Կարատի «Գրիմանոցում» թոք շոուին։

-Ինչ-որ բան ունե՞ք ավելացնելու։

-Կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև  «Արմենիա» հեռուստաընկերությանը և «Վան» ռադիոկայանին տեղեկատվական օժանդակության և համագործակցության համար։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...