


2013-10-28 11:03
«Դե Ֆակտո» N 56 (2011թ.)
Ձմռան ցրտին գլուխ են բարձրացնում շնչառական ինֆեկցիաները
Անդրանիկ Ոսկանյան, ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, «Բնաբուժություն» ՍՊԸ նախագահ, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի տնօրեն
-Պարո՛ն Ոսկանյան, մարդու օրգանիզմի վրա ազդելու ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի ցուրտ եղանակը, և հատկապես ձմռանը ինչպիսի՞ շնչառական հիվանդություններ կարող են առաջանալ։
-Տարվա ամեն եղանակ ունի մի առանձնահատուկ գործոն, որն այս կամ այն պատճառով ազդում է մեր օրգանիզմի վրա։ Մեր օրգանիզմը, պայքարելով այդ գործոնների դեմ, հիվանդանում է այս կամ այն հիվանդությամբ, քանի որ հիվանդությունը օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան է, որն ուղղված է պաշտպանելու և պահպանելու իր ամբողջականությունը։
Յուրաքանչյուրն իր շնչառական ուղիներում ունի և՛ վիրուսներ, և բակտերիաներ, որոնք ուզում են անընդհատ հարձակվել, իսկ իմունային համակարգն անընդհատ մեզ պաշտպանում է դրանց` մեր լորձաթաղանթ ներթափանցելու փորձերից։ Առանձնահատկությունն այն է, որ երբ արտաքին ջերմաստիճանն իջնում է և հասնում մինուսի, մարդու իմունային համակարգը այդ հատվածում լավ չի աշխատում։ Փաստորեն` ստեղծվում են պայմաններ վիրուսների ներթափանցման համար, ինչն արտահայտվում է շնչառական հիվանդությունների տեսքով։
Ձմռանն ի հայտ են գալիս գրիպի տարբեր տեսակները, ռեսպերատոր տարբեր վիրուսային և բակտերիալ հիվանդությունները, ինչու ոչ նաև ալերգիկ հիվանդությունները։
-Ինչո՞ւ իմունային համակարգը լավ չի աշխատում ձմռանը։
-Իմունային համակարգն ունի իր աշխատելու մեխանիզմը։ Նա լավ է աշխատում այն ժամանակ, երբ հարմարավետ պայմաններ կան օրգանիզմում։ Այսինքն` երբ ջերմաստիճանը խիստ չի տատանվում, լորձաթաղանթի վրա գտնվող բջիջները նորմալ են աշխատում, իսկ երբ ջերմաստիճանն իջնում է, դրանք չեն կարողանում աշխատել։
-Մարդն ի՞նչ պետք է անի, որ ջերմաստիճանի կտրուկ անկում չլինի քթի խոռոչում։
-Խորհուրդ եմ տալիս շնչել քթով ու դանդաղ, որպեսզի օդը քթի խոռոչում հասցնի տաքանալ, մինչև լորձաթաղանթին հասնելը։ Պետք է հաճախակի ողողել քթի խոռոչը, մաքուր վիճակում պահել բերանի խոռոչը։ Մեր ստեղծած «Առինջ-աղ» լուծույթը հարուստ է քարաղի միկրոէլեմենտների պարունակությամբ և գերազանց ազդում է լորձաթաղանթի վրա` պաշտպանելով նրա ֆունկցիոնալ վիճակը։ Բացի այդ, տանից դուրս գալիս պետք չէ շենքի մուտքից միանգամից դուրս գալ և շնչել սառը օդ, պետք է նախամուտքում մի քանի րոպե անցկացնել, հետո դուրս գալ։ Երեխաներին ծնողները շատ լավ պաշտպանում են սառը օդի ներթափանցումից, երբ նրանց քիթը, բերանը ծածկում են։
Կարծում եմ` բոլորը նկատել են, որ առողջ ապրելակերպի կանոններին հետևող մարդիկ հազվադեպ են հիվանդանում, քանի որ նրանք կոփում են իրենց օրգանիզմը։ Այսինքն` մենք կարող ենք լորձաթաղանթը ավելի ուժեղացնել, եթե կատարենք համապատասխան վարժություններ։
Ավելի հաճախ հիվանդանում են նրանք, ում պաշտպանական շերտն արդեն ախտահարված է։
-Ի՞նչ պետք է անել, եթե արդեն կան հիվանդության նախանշաններ։
-Եթե մարդու մոտ առկա են մրսածության հետևանքով առաջացած երևույթներ, ապա առաջին երեք օրվա ընթացքում նա պետք է պարզապես տաք հեղուկներ ընդունի, չիջեցնի ջերմությունը։ Իսկ եթե ջերմությունը շատ բարձր է, ապա բնական միջոցներով պետք է իջեցնել այն և միայն ծայրահեղ դեպքում ընդունել դեղորյաք։ Ջերմության միջոցով օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ, իսկ երբ մենք այն իջեցնում ենք, ավելի ենք զարգացնում հիվանդությունը։ Եթե երեք օրից ավել է տևում հիվանդությունը, ապա պետք է դիմել բժշկի և միայն նրա ցուցումով ընդունել դեղորյաք, քանի որ հնարավոր է` մարդու մոտ առկա է ոչ թե գրիպ, այլ ասթմա կամ այլ հիվանդություն։
-Դուք զբաղվում եք անձավաբուժությամբ։ Բուժումն ընդունած մարդիկ հիվանդանո՞ւմ են շնչառական հիվանդություններով։
-Ովքեր բուժվում են մեզ մոտ` անձավաբուժությամբ, նրանց` շնչառական հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը ոչ թե պակասում է, այլ գրեթե բացառվում։ Անձավաբուժությունը և՛ կոփում է օրգանիզմը, և՛ պաշտպանվածությունն է ուժեղացնում։
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ
