13:03
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հզոր հավաքական ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն

2013-10-24 11:41

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Ֆուտբոլային մեկնաբան` Սուրեն Բաղդասարյան

-Պարո՛ն Բաղդասարյան,  իմ կարծիքով, երիտասարդ տարիքում կարելի է լինել ֆուտբոլասեր, բայց տարիների հետ այդ սերը մարում է , սակայն նայելով ձեզ հասկանում եմ, որ դուք Ձեր ամբողջ կյանքում եք ֆուտբոլասեր:

-Ես այդ մասին մտածել եմ, օրինակ մեր սերունդը բախտավոր է, որովհետև մենք ունեցել ենք ուժեղ հայկական ֆուտբոլ: Երբ դու ունես քո ազգային ուժեղ հավաքականը, բնականաբար ինչ տարիք էլ լինի դու սիրելու ես այդ մարզաձևը:

-Ես հավատում եմ, որ այդ հավաքականը մենք ապագայում կունենանք, որովհետև հիմա երբ նայում եմ մեր երիտասարդ հավաքականին և մեր երիտասարդներին, ֆուտբոլի ապագան Հայաստանում խոստումնալից է երևում:  Դուք կիսո՞ւմ եք իմ կարծիքը, թե՞ ոչ: 

- Այդ ճանապարհին գոյություն ունեն շատ բարդ խնդիրներ: Մենք որպեսզի միջազգային չափանիշների  հավաքական և ակումբներ ունենանք, ինչ որ տեղ նաև մեր տնտեսությունը քիչ, թե շատ պետք է համապատասխանի այդ երկրներին, որովհետև ֆուտբոլում հիմա որոշիչը նյութատեխնիկական բազան է, գումարներն են: Մի քանի օր առաջ ես ՙԲանանց՚ի հետ մեկնել էի Կիպրոս, , որտեղ 70-ական թվականներին ՙԱրարատ՚ը 9-0 հաշվով հաղթել էր ՙԱնորտոս՚ին, իսկ այսօր այդ թիմն է մեզ հաղթում:

-Դուք դա բացատրում էք նրա տնտեսական զարգացումո՞վ:

-Այո: Կիպրոսի` այդ փոքրիկ կղզու, որը երեք անգամ տարածքով և բնակչությամբ զիջում է մեզ` յուրաքանչյուր թիմն այսօր ունի 8-10 մլն դոլար բյուջե:

-Բայց չէ՞ որ այդ կղզին ունի ծով, տուրիզմ:

-Հենց դրա համար էլ շեշտում եմ, որ այսօր տնտեսությունն է որոշիչը և որպեսզի մենք այսօր կարողանանք համաչափ քայլել պետք է մեր տնտեսությունը զարգացնենք: Այսինքն մեր ակումբներն էլ պետք է հարուստ լինեն: Մի հոգով ակումբ հնարավոր չի պահել:

-Պարոն Բաղդասարյան, ես նկատում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում հարուստ գործարար մարդիկ մտնում են ֆուտբոլ, ներդրումներ են անում, եթե նույնիսկ եկամուտ դրանից չեն ունենում, որովհետև ֆուտբոլասեր են:  Իսկ մեզ մոտ գործարարներից շատերը անտարբեր են ֆուտբոլի նկատմամբ:

-Իրավացի եք: Մեզ մոտ քչերն են, որ իմանալով  իրենց ներդրած գումարը չի վերադառնալու այնուհանդերձ գնում են դրան, որովհետև ֆուտբոլասեր են, սակայն ցավոք այդպիսինները շատ քիչ են:

 -Ֆուտբոլի եզրափակչին մասնակցաց թիմերը`Իսպանիան և Հոլանդիան ըստ Ձեզ արժանի՞ թիմեր էին:

-Իհարկե, երկուսն էլ արժանի են, երկուսն էլ ֆուտբոլային հանրահայտ երկրներ են, գրանդ երկրներ են: Շատ վաղուց արդեն Իսպանիան աշխարհում երևի  ամենաուժեղ ֆուտբոլային ակումբը ունի: Այսօր Իսպանիայի հավաքականը իսկապես շատ ուժեղ է:

-Պարո՛ն Բաղդասարյան,  հավատո՞ւմ եք, որ աշխարհի առաջնությունում ազգային թիմերը կարող են խաղ վաճառել : Այսօր շատ է խոսվում, որ տոտալիզատոր է աշխատում, խաղերը ծախվում են և այլն: Որքանո՞վ է համապատասխանում դա իրականությանը:

-Ես չէի ուզենա հավատալ դրան: Դա պետության, ֆուտբոլիստի արժանապատվության խնդիրն է, որովհետև այդ թիմերում խաղում են առաջին մեծության աստղեր: Եվ նրանք շատ լավ են վաստակում, ուստի չեմ կարծում, որ այդպիսի քայլերի գնան: Թեպետ այսօր աշխարհում շատ բաներ են կատարվում: Այդ գրավառու գրասենյակները հնարավոր է, ինչ որ խաղերի վրա ազդում են, բայց ես դրան այդքան էլ չեմ հավատում:

-Պետք չէ՞ պայքարել այդ բուքմեյքերների դեմ, որովհետև սպորտը իր հետաքրքրասիրությունը դրա արդյունքում կորցնում է:

-Այդ գրասենյակներից շատերը նույնիսկ գրանտ ակումբների հովանավորներ են, դա էլ բաղադրիչ մաս է կազմում, ինչ որ տեղ նաև խանգարում է, առավել ևս այն ցածր դիվիզիաներում, լիգաներում, որտեղ արդեն մեծ թվով խաղեր կան, որոնք կասկածանքի տակ են: Պատկերացրեք, Գերմանիայում 200 խաղ կասկածի տակ է և դրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Այդպիսի բաներ իհարկե ֆուտբոլային աշխարհում և առհասարակ ամենուրեք գոյություն ունեն: Այսինքն որտեղ կա փող, այնտեղ կասկածելի բաներ լինում են, իսկ ֆուտբոլում շատ մեծ փողեր կան:

-Այս աշխարհի առաջնությանը տեղի ունեցան նաև մրցավարական կոպիտ սխալներ, մրցավարությունը կարծեք, թե կաղում է: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Իհարկե կաղում է: Դրա համար FIFA-ն այսօր վերջապես  որոշել է անդրադառնալ մրցավարությանը և փոփոխություններ մտցնել կանոնների մեջ: Վերջինս ուզում է կամ էլեկտրոնային մրցավարություն կիրառել կամ ավելացնել մրցավարների քանակը, որպեսզի դարպասների գրավումը ճիշտ լինի:

-Պարո՛ն Բաղդասարյան, Ռուսաստանի նախագահը ստեղծել է մի կոմիտե, որտեղ ընդգրկել է գրեթե բոլոր հարուստներին, որոնք պետք է աջակցեն Ռուսաստանի հավաքականին և ֆուտբոլի զարգացմանը:Հավատում  ե՞ք, որ Ռուսաստանը երբևէ կկարողանա ուժեղ ֆուտբոլ ունենալ: Այսօր արդեն Եվրոպայում շատ է քննարկվում այն, որ հաջորդ Եվրոպայի առաջնությանը Ռուսաստանը կարող է լինել ֆավորիտներից մեկը:

-Ռուսաստանը այսօր էլ ունի ուժեղ ֆուտբոլ և դրա վառ ապացույցը այն է, որ վերջինիս հավաքականը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ՙԶենիթ՚ը և ՙԲանակի կենտրոնական մարզական ակումբ՚ը դարձան UEFA-ի գավաթակիր: Այսինքն նվաճումներ եղել են, բայց խնդիրը նրանում է, որ բոլոր դեպքերում Ռուսաստանը շատ մեծ երկիր է իր տարածքով ու ենթակառուցվածքները չեն կարող համարժեք լինել Եվրոպական երկրների ենթակառուցվածքներին: Ի վերջո ֆուտբոլիստի համար շատ դժվար է, օրինակ` Մոսկվայից մեկնել Սիբիր և վերադառնալ: Սրանք մանրուքներ կարող են թվալ, բայց այդ ամենը ազդում է ֆուտբոլի վրա: Ռուսաստանը հիմա շատ խոշոր գումարներ է ներդնում ֆուտբոլի մեջ և ֆուտբոլը այնտեղ հիրավի հասել է բարձր մակարդակի, բայց միևնույն է այդ ենթակառուցվածքները չեն կարող համարժեք լինել Եվրոպական ենթակառուցվածքներին և դա ինչ որ տեղ խաթարում է ֆուտբոլի զարգացմանը:

-Իտալիան և ֆրանսիան ձախողվեցին, ինչո՞ւ:

-Հնարավոր չէ, որ բոլոր առաջնություններում այդ երկրները ունենան հաջողություն: Իտալական թիմերը տակտիկապես գերազանցում են բոլոր երկրների թիմերին: Իրենց մոտ ֆուտբոլը շախմատի է նման: Որքան ուժեղ է նրա հակառակորդը, այնքան Իտալիան ավելի ուժեղ է խաղում: Բայց և կարող է պարտվել ամենաթույլ թիմին: Ես գտնում եմ, որ այս անհաջողությունը, ինչ որ տեղ կանխատեսելի էր, որովհետև Իտալիան չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարը: Իսկ Ֆրանսիայում խլրտում եղավ: Այս առաջնության ամենամեծ հայտնությունը Ուրուգվայն էր: Ուրուգվայը Հայաստանի պես փոքր երկիր է, բայց ֆուտբոլիստների նվիրվածության և համախմբվածության շնորհիվ կարողացան հասնել կիսաեզրափակիչ:                                   

Լիլիթ Սաֆարյան

                



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...