2013-10-17 11:32
Sport Դե Ֆակտո 03/2013
Հռիփսիմե Խուրշուդյան.
2012 թվականը` օլիմպիական տարին, արդեն անցյալում է։ Հայ մարզիկները Լոնդոնից Հայաստան բերեցին 2 բրոնզե և 1 արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներից մեկն էլ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն էր, ով, ունենալով տարբեր որակի ու փայլի մեդալներ, իր հավաքածուն համալրեց ևս մեկով` օլիմպիական բրոնզե մեդալով։ Սա, թերևս, Հռիփսիմեի համար տարվա երկու կարևոր ձեռքբերումներից մեկն էր։ Օլիմպիական խաղերից հետո մարզուհին ամունացավ և հայտարարեց մեկ տարով մարզումների ընդմիջման մասին։ Ինչպե՞ս է անցնում Հռիփսիմե Խուրշուդյանի առօրյան, ինչպիսի՞ն էր կյանքը ամուսնությունից առաջ, ի՞նչ փոխվեց դրանից հետո. այս ամենի մասին մարզուհին սիրով պատմեց «SPORT Դե Ֆակտո» ամսագրին։
Սպորտում իմ կարգախոսը՝ «Պայքարել և երբեք չհանձնվել»։
Երբ սկսեցի զբաղվել ծանրամարտով, ընդամենը 11 տարեկան էի։ Սպորտն ինձ շատ հոգեհարազատ էր։ Երբ արդեն ընտրեցի ծանրմարտը, սկզբում պատկերացում չունեի` ինչ է այն իրենից ներկայացնում։ Սկսեցի հաճախել պարապմունքների, բայց մարզաձևն ինձ այնքան էլ դուր չէր գալիս։ Սակայն տվյալներս այնքան լավն էին, որ մարզիչս անընդհատ ինձ համոզում էր շարունակել մարզվել, համոզում էր, որ ինձ փայլուն ապագա է սպասվում, որ ես դեռ մեծ նվաճումների կարող եմ հասնել, եթե հաղթահարեմ բոլոր դժվարությունները։ Այդպես էլ արեցի, սկսեցի ակտիվ մարզվել և իմ առջև նպատակ դրեցի` եթե մարզվում եմ, պետք է ներկայանամ առավելագույն մակարդակով, իսկ եթե ոչ, ապա պետք է դադարեցնեմ։ Լսեցի սրտիս թելադրանքը և սկսեցի ավելի լուրջ պարապել։ Հիմա էլ գտնում եմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ, դեռ չեմ ցուցադրել իմ ողջ ներուժը։ Ես դեռ չիրականացած նպատակ ունեմ` նվաճել oլիմպիական ոսկին, որն էլ կամբողջացնի մեդալների իմ հավաքածուն։ Ցանկանում եմ սպորտի աշխարհում պատմություն կերտել, որպեսզի երեխաներս հետագայում հպարտանալու առիթ ունենան։
Պարտություններն ու հաղթանակները այն երկու գործոններն են, որոնք մեզ կրկին ու կրկին ավելիին հասնելու են մղում։ Ես, առհասարակ, պարտություններ չեմ սիրում, շատ դժվար եմ ընդունում այն` անկախ ոլորտից։ Բայց հավատում եմ սեփական ուժերիս և գիտակցում, որ մեկ կամ երկու պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է բարձրանալ իր ամեն մի անկումից։
Օլիմպիական խաղերից հետո որոշեցի մեկ տարի մրցահարթակ դուրս չգալ։ Նախընտրում եմ ավելի հանգիստ լինել` ամուսնուս և իմ ընտանիքի հետ միասին։ Մի գաղտնիք ունեմ, բայց դրա մասին կխոսենք մի քանի ամիս հետո։ Դրանից հետո նորից կսկսեմ մրցահարթակ դուրս գալ։
Հաճախ դժգոհում եմ, երբ չեմ կարողանում կատարել տրված բարդ վարժությունները։
Մարզական բախտ ասվածը իսկապես կարևոր է։ Երբ սկսում ես զբաղվել սպորտով, պետք է մի փոքր էլ դա լինի։ Ինքս կարող եմ ասել, որ թեև քիչ, բայց ունեմ մարզական բախտ ասվածը։ Դա մի քանի դեպքերում օգնել է ինձ, միևնույն ժամանակ շատ դեպքերում երես է թեքել` զրկելով ինձ ոսկե մեդալից։ Եթե հիշում եք իմ բոլոր մրցելույթները, ապա կհասկանաք։ Այնուամենայնիվ, եթե չլինես աշխատասեր ու նպատակասլաց, որքան էլ մեծ լինի բախտի գործոնը, միևնույն է, ցանկալի արդյունքի չես հասնի։
Անհաջողությունները երբեմն գալիս են այն ժամանակ, երբ մենք ընդհանրապես չենք սպասում։ Բայց դրանք ժամանակավոր են, միայն հանձնվելու դեպքում այն դարձնում ենք մշտական։ Իհարկե, բոլորն էլ աշխատում են խուսափել դրանցից։ Եթե Աստված որոշում է, որ պետք է հանդիպես անհաջողության, ապա քեզանից ոչինչ կախված չէ, պետք է ուղղակի զգոն լինել, անկախ ամեն ինչից, պետք չէ հանձնվել։ Սպորտում չես կարող փախչել անհաջողություններից։ Մեկը մի հաղթանակի է հասնում մյուսի պարտության արդյունքում, նույն այդ հաղթողը մեկ ուրիշ անգամ պարտվում է` հաղթանակը զիջելով իր մրցակցին։ Չես կարող միշտ հաղթող լինել։ Պարտություններն էլ իրենց դերն ունեն մարզիկների կյանքում, հաճախ դրանք օգնում են, որ ավելի ոգևորվելես և ավելի մեծ նվաճումների հասնես։
Չեմ սիրում, երբ պարտություններ եմ կրում սպորտում։ Իսկ ընդհանրապես, չեմ սիրում, երբ դավաճանում և ստում են։ Եվ հուրախություն ինձ` դեռ նման դեպքեր ինձ հետ չեն պատահել։
Սպորտից դուրս կլինեմ նվիրված կին և լավ մայր ընտանիքիս համար։
Անձնականիս մասին կարող եմ ասել, որ կյանքս ամբողջովին արդեն դասավորել եմ` ամուսնացել եմ և այժմ վայելում եմ հանգիստս ամուսնուս հետ միասին։
Մինչ ամուսնությունը ինձ հետաքրքրում էր միայն սպորտը։ 15 տարի զբաղվելով ծանրամարտով` իմ առջև հստակ նպատակ էի դրել մարզական կենսագրությանս մեջ գրանցել նախադեպը չունեցող արդյունք, հետո նոր մտածել հետագա նվաճումների մասին, և այդպես էլ եղավ։
Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց։ Ինչպես բոլոր նորապսակները, այնպես էլ մենք վայելում ենք մեր ամուսնական կյանքը։ Իսկ ինչ վերաբերում է սպորտին, ապա բոլորին թվում է, թե այլևս չեմ շարունակելու իմ հաղթանակները մեծ սպորտում։ Առիթից օգտվելով` հերքում եմ բոլոր այդ լուրերը։ Ես չեմ պատկերացնում իմ կյանքը սպորտից դուրս։ Հուսով եմ, որ երկար կլինեմ սպորտում և իմ հաղթանակներով կուրախացնեմ բոլորին։ Որքան ուժերս բավականացնեն, կշարունակեմ լինել այս ոլորտում։ Եթե նույնիսկ չկարողանամ ինքս ակտիվ սպորտով զբաղվել, ապա կօգնեմ սկսնակ մարզիկներին։ Մեկ անգամ ասել եմ արդեն, որ երբ դադարեմ մարզական կարիերաս, ապա կփորձեմ մարզչական աշխատանքով զբաղվել։
Իմ կայնքի մեծ նվաճումը նախևառաջ իմ ամուսնությունն է, իսկ սպորտում` օլիմպիական մեդալը։ Երկուսն էլ ինձ համար մեծ նվաճումներ են, այնքան մեծ, որ սահմաններ չունեն։
Նվիրական երազանք չեմ կարող ասել, բայց նպատակս օլիմպիական մեդալն է, որը միշտ ցանկացել եմ ունենալ։
Անակնկալներ շատ եմ սիրում մատուցել, բայց ինքս չեմ սիրում, երբ անակնկալներ են պատրաստում ինձ համար։ Չեմ սիրում, քանի որ, երբ այնպես է ստացվում, որ նախապես կարողանում եմ իմանալ, որ ինձ անակնկալ է սպասվում, սկսում եմ այդ ուղղությամբ մտածել։ Եվ շատ դեպքերում դա խանգարում է աշխատանքիս վրա կենտրոնանալուն։
Հավատը, հույսը և սերը կարևոր են, բայց երեքից ամենամեծը սերն է։ Սիրել նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչընդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում։
Կինը պետք է նվիրված լինի իր ընտանիքին, լինի նվիրված մայր իր երեխաների համար, լինի ամուսնու ընկերուհին և աջակիցը։ Կինը պետք է գեղեցիկ լինին հոգով, իրեն շրջապատող միջավայրը գեղեցկացնի իր բարությամբ և նվիրվածությամբ։
Ճշմարտությունը հաճախ այնքան պարզ է լինում, որ մարդիկ դրան չեն հավատում։
Մարդկային բնավորությունը հաճախ բարդ է և անհասկանալի։ Չեմ սիրում նախանձությունը, որը երբեք բարի չի կարող լինել։ Չեմ սիրում, երբ մարդը լինում է բամբասկոտ և ողջ օրը միայն դրանով է զբաղվում, դա ամենավտանգավոր հատկանիշներից է, չնայած ասում են, որ բամբասում են միայն լավագույնների մասին։
Զրուցեց Գոհար Փիլիպոսյանը
Վերադառնալ