2013-01-21 12:19
Պետք է նկատենք, որ վերջին շրջանում զարգանում են հայ-վրացական հարաբերությունները՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները: Հատկապես սերտանում են տնտեսական կապերը. հայերի ներդրումները Վրաստանում գնալով ավելանում են, հայ հասարակության մեծամասնությունը նախընտրում է ամռանն իր հանգիստն անցկացնել Վրաստանում, ինչը խոսում է այդ երկրի նկատմամբ հայերի վստահության մասին:
Իհարկե, չենք կարող չնկատել հոգևոր-մշակութային հարաբերություններում երբեմն ծագող կոնֆլիկտները, սակայն հայ-վրացական դարավոր բարեկամությունը թույլ չի տա, որ դրանք խորանան: Կարծում եմ՝ երկու պետությունների միջև ծագող ցանկացած խնդիր ենթակա է բանակցությունների միջոցով լուծման: Այդ հարցում շատ կարևոր է Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատանքը:
Արդեն մեկ տարի է, ինչ Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, ում աշխատանքը արժանի է բարձր գնահատականի: Նա կարողանում է լիովին տիրապետել իրավիճակին և ծագող խնդիրներին գտնել համապատասխան լուծումներ, ինչը կնպաստի մեր հարևան պետության հետ զարգացող հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Վերջերս մեր ստեղծագործական խումբը մեկնեց Թբիլիսի, հանդիպեց հայ և վրաց պաշտոնյաներին՝ պարզելու, թե ինչպիսին են իրականում հայ-վրացական հարաբերությունները, ինչպիսի վերաբերմունք ունեն վրացիները հայերի նկատմամբ, ինչպիսի քաղաքականություն են վարում վրացական իշխանությունները:
ՙԴե ֆակտո՚ ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին, ով իր հարցազրույցում առավել իրատեսական հայացքով ներկայացնում է հայ-վրացական հարաբերությունների զարգացման արդի փուլը:
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
«Դե Ֆակտո» N73
Վերադառնալ