21:16
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅ ՖԵՍՏ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

2013-10-11 12:31

«Դե Ֆակտո» 76 (2012թ.)

«Ինչպես ինը տարի շարունակ, այս տարի ևս մենք փորձել ենք Հայաստան բերել թատերական արվեստում նոր խոսք, նոր ոճ և յուրահատուկ մտածողություն ունեցող թատերական խմբեր և ներկայացումներ»։

Արթուր Ղուկասյան` Հայ  Ֆեստ միջազգային թատերական փառատոնի նախագահ

HIGH FEST-ը այն ամենամյա իրադարձությունն է, որը յուրաքանչյուր անգամ նոր շունչ, նոր գաղափարներ, դասական արվեստի նկատմամբ նոր մոտեցումներ է ներկայացնում հայ հանդիսատեսին և թատերական արվեստի գործիչներին։ Աշխարհի տարբեր երկրներից ամենատարբեր նորարարական գաղափարներով և ներկայացումներով արդեն 10-րդ անգամ Հայաստան կժամանեն թատերական խմբեր, գործիչներ։

Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքի տարբեր բեմերում, մեծ ու փոքր հրապարակներում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արտիստներն ու թատերախմբերը արվեստասեր հայ հասարակությանը կներկայացնեն բազմազան ու հետաքրքիր ներկայացումներ։ Իսկ թե ինչ է սպասվում հանդիսատեսին, թե ինչ նորություններ և անակնկալներ է պատրաստել HIGH FEST-ն իրեն սպասողներին այս տարի, փորձեցինք պարզել փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի հետ զրույցում։

- Մենք փորձում ենք նոր ու յուրատեսակ ներկայացումներով շարունակաբար զարմացնել հայ հանդիսատեսին։ Մենք հրավիրում ենք արտիստների ու թատերախմբերի, որոնք աննախադեպ են հայ հանդիսատեսի համար։ Հանդիսատեսի արձագանքը տարբեր է այս նորարարական մոոտեցումների նկատմամբ, և սա շատ լավ է, եթե մարդն ունի հիմնավորված տեսակետ` դրական կամ բացասական, նշանակում է HIGH FEST-ը հասել է իր նպատակին, մենք կարողանում ենք թատերական ճաշակ ձևավորել հայ հանդիսատեսի մեջ։ Այս տարի նախատեսում ենք ցուցադրել 26 ներկայացում, որոնցից 8-ը հայ արտիստների և թատերական խմբերի ներկայացումներ են, 18-ը` աշխարհի տարբեր երկրներից։ Հայ ֆեստը վաղուց դուրս է եկել զուտ թատերական փառատոն լինելու շրջանակներից` իր մեջ ներառելով նաև կատարողական արվեստ, և հենց այս շրջանակներում էլ այս տարի ներկայացնում ենք Իրանից ժամանող Քրեյզի Բոդիի «Կավե սիմֆոնիա» Ժամանակակից պարային ներկայացումը, Մեծ Բրիտանիայից Ֆորվարդ Մոշընի «Խորաթափանցություն», «Ներածություններ» և այլ պարային ֆիլմերը, Հայաստանից «ՄԻՀՐ» թատրոնի «Զինվորներ» պարային դրաման, Թուրքիայից Չիպլար Այակլար Կումպանյասի «Ամեն դեպքում դուք ձուկ չեք» պար-իմպրովիզացիան, Ուվիմկնենի Պարային թատրոնը Ուկրաինայից` «Լավ մարդիկ կամ ի՞նչ է նշանակում   բարեկրթություն» Ժամանակակից պարը, Վրաստան – Հայաստան Կատարողական արվեստների պլատֆորմը և այլն։ Կներկայացնենք նաև մի շարք հետաքրքիր և արժեքավոր դրամատիկ ներկայացումներ. Հայաստանից ԳԱԿ փոքր թատրոնը կներկայացնի  «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը», «Օդիլ», Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Ես եմ ճայը», Իրական հոգեբանական թատրոնը` «Ձայն մարդկային» դրամաները, Իրանից «Ռույակ» թատերախումբը ` «Երկու լիտր երկու լիտր խաղաղության մեջ» և իրանական «Սայե»» թատրոնը` «Մարդը և բառերը», Անվեյլինգ շոուն` «Փողկապ թիթեռնիկակապ» դրամաները և Թումանիշվիլու անվան կինոյի դերասանների թատրոնը Վրաստանից` «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը։ Ներկայացվելու են նաև Գայանե Գրիգորյանի «Ազատ զույգ» կատակերգությունը, հայկական «Էպսիդոն» թատերախմբի «Մոռացված հողը» երաժշտական ներկայացումը, R.A.A.A.M. (Էստոնիա)` «Վեցերորդ համը» մոնո ներկայացումը և ԳԱԿ. փոքր թատրոն /Վերսիլիադանցա/ հայ-իտալական համատեղ «7-րդ զգացողություն» վիզուալ ներկայացումը։ Ինչպես տեսնում եք, բավականին լուրջ և հագեցած ծրագիր ունենք, որոնք ներկայացված են ամենատարբեր թատերական նախասիրություններ ունեցող հանդիսատեսի համար։

-Ո՞րն է 10-րդ HIGH FEST-ի առանձնահատկությունն ու նորությունը։

- Այս տարի մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացրել բացօթյա ներկայացումներին, որոնք կանցկացվեն Հյուսիսային պողոտայում և Շառլ Ազնավուրի հրապարակում. ազատ արվեստագետ Էնանոն Պորտուգալիայից կներկայացնի  Կլոունադա «Կարմիր շոկոլադ» հիանալի, ֆանտաստիկ մոնոներկայացումը, ինչպես նաև         Ֆրանսիայից Լե Գոլուզ խումբը «Ձիավորները» և «Ջուլիանո»  բացօթյա ներկայացումը։ Այս տարի ներկայացնելու ենք մի շարք մանկական ներկայացումներ, օրինակ` Ֆրանսիայից Լա պտիտ ֆամիյ` «Լուսաբացը վաղը» ներկայացումը երեխաների համար, Հայաստանի Պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին» տիկնիկային     ներկայացումը, «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:

Մեծ ձեռքբերում եմ համարում շուրջ մեկամյա բանակցությունների արդյունքում Հայաստան հրավիրված «Դադադադան Տենկո» թատերախումբը, որի երաժշտական-հարվածային ներկայացմամբ էլ կմեկնարկի HIGH FEST- 10-րդ միջազգային թատերական փառատոնը։

-HIGH FEST-ը վաղուց արդեն հեղինակավոր և ճանաչված փառատոն է գրեթե ողջ աշխարհում, հրավիրում եք աշխարհահռչակ թատերական խմբերի, գործիչների։ Ի՞նչ միջոցներով է իրականացվում փառատոնը։

-Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և տարբեր գործընկերների աջակցությամբ։ HIGH FEST-ն իր որակով և հեղինակությամբ իր տեսակի փառատոների շարքում առաջիններից է Եվրոպայում, սակայն ֆինանսական հնարավորություններով և միջոցներով անհամեմատ հետ է նրանցից։ Չնայած դրան` մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆինանսական խնդիրներից փառատոնի գեղարվեստական, մշակութային որակը չտուժի, և կարծում եմ, դա մեզ հաջողվում է։ Այդ է վկայում տարիների փորձը և փառատոնի պահանջված և սպասված լինելը։

-Եվ վերջում, Ձեր խոսքը փառատոնին սպասող հանդիսատեսին։

-Սիրով հրավիրում և սպասում ենք ձեզ մայրաքաղաքի տարբեր բեմերում և հրապարակներում հետաքրքիր և յուրօրինակ ներկայացումներին։

Հ.Գ.

HIGH FEST-ը 10 տարեկան է։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Դե Ֆակտո» ամսագիրը փառատոնի կողքին է` սիրով և հետաքրքրությամբ լուսաբանելով միջոցառման շրջանակներում կազմակերպված բոլոր ներկայացումները։ Դե՛ ինչ, վայելենք միասին աշնանային այս տոնը, որը հերթական անգամ մեզ է նվիրում HIGH FEST-ը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...