17:14
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ընտանիքը շատ նման է Մինասի կտավներին

2013-10-09 12:02

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

Սաթենիկ Խաչատրյան /Մանուկյան/, «Սաթե-աթղը» թատերական միության գեղարվեստական   ղեկավար։

-Հարգելի՛ Սաթենիկ, Դուք Հայաստանում կրթություն ստանալուց հետո այն շարունակեցիք Ֆրանսիայում՝ չդադարեցնելով Ձեր սեղծագործական գործունեությունը։ Այսօր Հայաստանում եք հյուրախաղերով։ Կպատմե՞ք` ինչպիսի ճանապարհ եք անցել։

-Սիրով։ Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական  ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, դրան զուգահեռ՝  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ։ Դրանից հետո ընդունվել եմ ասպիրանտուրա. անցյալ տարի պաշտպանել եմ թեկնածուական թեզ։ Արդեն հինգ տարի է, ինչ բնակվում եմ Ֆրանսիայում, մեկնել եմ ուսումս շարունակելու։ Սովորել եմ Դրամատիկ արվեստների ազգային կոնսերվատորիայում, ավարտել եմ դերասանի վարպետության բաժինը։ Ի դեպ, այս բուհը թատերական կրթության տեսանկյունից համարվում է Եվրոպայի լավագույն հինգ բուհերից մեկը։ Այն ավարտելուց հետո  ընդունվել եմ Սորբոնի համալսարան, պաշտպանել եմ  գիտական թեզ /Մաստեր 2/` «Ժամանակակից եվրոպական դրամատուրգիա» թեմայով։

Բոլոր կրթություններս զուգահեռ են ընթացել։ Իհարկե դժվար է եղել, բայց այսօր ուրախ եմ, որ  անցել եմ դրանց միջով և ունեմ դժվարությունները հաղթահարելու փորձառություն։

-Հայաստանյան կրթությունը Ձեզ ապահովե՞լ էր բավարար  գիտելիքներով։

-Այո՛, կարող եմ վստահորեն ասել, որ Ֆրանսիայի երկու բուհերում էլ սովորելիս երբևէ գլուխս չեմ կախել, քանի որ չի եղել մի ինֆորմացիա, որին ես չտիրապետեի։ Դրա համար խորապես շնորհակալ եմ իմ դասախոսներին։  Իհարկե, պետք է նշեմ, որ այնտեղ ուսումնական ծրագրերը տարբերվում են հայկականից։

-Ե՞րբ է սկսվել Ձեր պրոֆեսիոնալ ստեղծագործական աշխատանքը։ 

-Սովորելուն զուգահեռ՝ ես մշտապես ստեղծագործական վիճակում եմ եղել, հանդես եմ եկել որպես բեմադրիչ և չեմ կարող ասել, որ դրանք պարզապես ուսանողական աշխատանքներ են եղել։ Ինձ հաջողվել է ավարտուն ներկայացումներ բեմադրել և հանձնել հանդիսատեսի դատին։ Օրինակ՝ 18 տարեկան էի, երբ բեմադրեցի Լևոն Շանթի «Կայսրը» պիեսը, որը դուրս եկավ  ուսանողական շրջանակներից և ներկայացվեց Համազգային թատրոնի բեմում, այնուհետև մեկնեցինք Գյումրի՝ հյուրախաղերի։ Ինձ համար դա մասնագիտական հրաշալի   կենսափորձ էր։ Հաջորդը Ա. Հերնիի «Շան աղջիկն» էր, որն արդեն 6-7 տարի է, ինչ ընդգրկված է Համազգային թատրոնի խաղացանկում։ Այնուհետև որպես երիտասարդ բեմադրիչ՝ գործուղվել եմ Հալեպ, որտեղ բեմադրել եմ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան»։ Վերադարձել եմ Հայաստան և Հ. Պարոնյանի անվան թատրոնում բեմադրել եմ Մոլիերի պիեսը, որը վերնագրել եմ «Չամուսնանա՛ք պարոնայք, եթե կարող եք»։ Սովորաբար ես պիեսների վերնագրերը փոխում եմ։ Թատերական գործիչների միությունում բեմադրել եմ նորվեգացի ժամանակակից դրամատուրգ Յոն ֆոսի «Ձմեռ» պիեսը, որը վերանգրել եմ «Չգիտեմ»։ Նա եվրոպական թատրոնի ամենաբեմադրվող և ամենապահանջված դրամատուրգներից է։ Դրանից հետո մեկնել եմ Ֆրանսիա և այնտեղ երեք բեմադրություն եմ իրականացրել, որոնցից երկուսը՝ Փարիզում։ Դրանցից է Ստրինդերգի «Մադմուազել Ժուլի» պիեսը, որով 2009թ. մասնակցել եմ Ավինյունի փառատոնին, ինչը մեծ պատիվ էր ինձ համար։ Փարիզում բեմադրել եմ նաև Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկա» օպերան և վերջերս «Թումանյանի հեքիաթները», որն էլ հնարավորություն ունեցա Հայաստան բերելու և ներկայացնելու հայ հանդիսատեսի դատին։

-Ինչպիսի՞ բեմադրություն է «Թումանյանի հեքիաթները»։

-Բեմադրության վերնագիրն է « Լինում է, չի լինում. ճամփորդություն Հայաստանում»։ Առաջին հերթին բեմադրությունը մշակութային երկխոսություն է երկու արտիստների միջև, որոնցից յուրաքանչյուրն առանձին մշակույթի կրող է։ Ես և՛ բեմադրել եմ ներկայացումը, և՛ խաղում եմ բեմում։ Իմ խաղընկերն  արմատներով Կարիբյան կղզիներից Յանիկ Լուին է /Յաօ/։ Ինձ համար շատ կարևոր էր տեսնել, հասկանալ, թե որքանով են օտար մշակույթ կրող արվեստագետները ընկալում միմյանց մշակույթը և կարողանում ներկայացնել այն, ինչն իրենցը չէ։ Իմ փորձը հաջողությամբ պսակվեց, և ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հովհաննես Թումանյանը համամարդկային և համաշխարհային արժեք է։

Պետք է նշեմ, որ երևանյան ներկայացումների կազմակերպման հարցում մեզ մեծ աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, հատկապես դահլիճների տրամադրման հարցում, ինչպես նաև   հանդիսացել է մեր ինֆորմացիոն աջակիցը։

-Հովհաննես Թումանյանի ո՞ր հեքիաթներն են ընտրված և ինչպե՞ս է տեղի ունենում երկու մշակույթների փոխներթափանցումը։

-Ընտրված են Հովհաննես Թումանյանի հինգ հեքիաթները՝ «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը» և «Կիկոսի մահը»։  Դրանք փոխկապակցված են մեկ այլ հեքիաթով, որը ես եմ հորինել։ Մենք ներկայանում ենք հանդիսատեսին՝ որպես երկու ճանապարհորդներ, որոնք աշխարհով մեկ ընկած հեքիաթներ են հավաքում իրենց սնդուկով  ու այս անգամ եկել են Հայաստան և  պատմում են իրենց հավաքած հեքիաթները։ Ներկայացումը եռալեզու է՝ հայերեն, ֆրանսերեն և քրեոլ։ Նույնիսկ Ֆրանսիայում երեք լեզուն էլ պահպանվել է։

Ներկայացումը խաղացվել է Ֆրանսիայի 10-ից ավելի քաղաքներում։ Մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ հրաշալի արձագանքներ ենք ստացել։ Հնարավոր է բեմական տարածությունում տարբեր լեզուների  համագործակցությունը։ Իհարկե, հաջողության դափնին  միայն իմը չէ,  այլ մեծապես Թումանյանինը, նրա խոսքի արժեքավորությանն  ու հզորությանը, որն ի զորու է դիպչել անգամ օտար հանդիսատեսի սրտին։ 

«Թումանյանի հեքիաթները» ներկայացումը մասնակցեց նախագծերի մի մրցույթի, որ հայտարարել էր Ռոն-Ալպեր տարածաշրջանը Ֆրանսիայում, նախագիծն անցավ ընտրական փուլ, որից հետո  մենք եկանք Հայաստան։ Ներկայացման գլխավոր աջակից և գործընկեր Ռոն-Ալպեր   տարածաշրջանը խրախուսում է ոչ միայն ֆրանսերեն լեզվի տարածումը, այլ նաև մարզերի մշակութային կյանքի զարգացումը։ Հետևաբար՝ ներկայացման գերագույն նպատակը ոչ միայն Երևանում խաղալն էր, այլ նաև մարզերում։ Մենք խաղացինք հայաստանյան այն բոլոր քաղաքներում, որոնք պաշտոնապես ֆրանսիական քաղաքների քույր քաղաքներն են՝ Երևան, Սևան, Վարդենիս, Գավառ, Սիսիան, Գորիս, Ջերմուկ։ Գորիսում համագործակցություն եղավ Գորիսի թատրոնի հետ։  

Մենք նախատեսել էինք ոչ միայն  ցուցադրել ներկայացումը, այլ նաև համագործակցել հայ դերասանների հետ, որոնց ես նախապես ընտրել էի՝ Շողեր Գրիգորյան (Գ. Սունդուկյանի անվան թատրոն), Կարեն Խաչատրյան (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Հայկ Սարգսյան (Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն)։

-Դուք թատերական միություն եք հիմնել Ֆրանսիայում, կպատմե՞ք ուրիշ ի՞նչ նախագծեր ունեք։

-Այո՛, ես և ամուսինս Ֆրանսիայում հիմնել ենք «Սաթե-աթղը» թատերական միությունը, որի շրջանակներում էլ ներկայացումներ ենք  բեմադրում։ Նախագծերը շատ են։ Մոտ ապագայում նախատեսում ենք բեմադրել «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, որի հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Այժմ զբաղվում ենք ֆինանսիական աղբյուրների հայթհայթման գործով։ Եթե Աստված հաջողի, և բեմադրությունը մինչև 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատրաստ լինի, կկարողանանք նաև Հայաստան գալ։

-Մի փոքր էլ խոսենք Ձեր անձի մասին։ Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և աշխատանքը։

-Հաջողվում է, որովհետև ինքս ինձ հարց չեմ տալիս՝ հնարավոր է համատեղել, թե` ոչ։ Ինձ համար ամեն ինչ համատեղելի է, եթե կա ցանկություն և թիկունք, իսկ իմ պարագայում այդ թիկունքն իմ ամուսինն է, ով նույնպես արվեստագետ է։

Կան մարդիկ, ովքեր տարանջատում են այդ երկու երևույթները, բայց ինձ համար դրանք միահյուսված են և կարծում եմ, որ ընտանեկան հարաբերությունները ևս արվեստի մի տեսակ է, որին պետք է կարողանաս տիրապետել և ցանկացած երևույթի մոտենալ այնպես, ինչպես կմոտենաս արվեստի որևէ գործի, որտեղ ամեն ինչ հարթվում է և որտեղ միշտ լինում են անհարթություններ։ Իսկ ցանկացած աշխատանք աշխատասիրություն է պահանջում, նույնը նաև ընտանիքի պարագայում է, որն ինձ համար ամենօրյա քրտնաջան, բայց հաճելի աշխատանք է։ 

-Ի՞նչ գույներով կբնութագրեք Ձեր ընտանիքում տիրող մթնոլորտը։

-Կարծում եմ՝ գույների տեսակետից մեր ընտանիքը շատ նման է Մինասի կտավներին, որտեղ գույները շատ վառ են, կենդանի և միշտ շարժ կա, առավել ևս, որ Մինասը երկուսիս ամենասիրելի նկարիչն է թե՛ իր ներաշխարհով, թե՛ իր մտապատկերով, և թե՛ իր գունեղությամբ։ Մենք այսօր Հայաստանում չենք ապրում, բայց շատ հայկական և հայեցի ենք ապրում՝ մեզ հնարավորություն տալով հղկվել Ֆրանսիայում՝ այն միջավայրում, որտեղ ապրում ենք, երբեք չմոռանալով մեր ազգությունն ու  ինքնությունը։

-Երբևէ խորհել ե՞ք կյանքի իմաստի մասինինչի՞  մեջ եք այն տեսնում։

-Կյանքի իմաստն ինձ համար ընտանիքն է լայն իմաստով և սերը։ Ամեն ինչի սկիզբն ու հիմքն է սերը և առաջին հերթին այն մեծ սերը, որով Աստված սիրեց մարդուն, ուղարկեց աշխարհ և այդ սիրո միջոցով ապրում է  մեր մեջ։ Կյանքի իմաստը տեսնում եմ նաև ընտանիքի մեջ, որից սերել եմ և այն ընտանքի մեջ, որը ստեղծել եմ։ Ինձ համար ընտանիք է նաև աշխատանքը, որով ապրում եմ։ Երբ արվեստագետն ինչ-որ բան է կիսում իր դերասանի կամ խաղընկերոջ հետ, նա իր ամենաինտիմն է կիսում, որովհետև արվեստագետի գործիքն իր մարմինն է և իր հոգին։ Այսինքն՝ նա տրվող է ընդհուպ մինչև անպաշտպան լինելը։ Հետևաբար կարևոր է թե՛ գործընկերոջ, թե՛ կյանքի ընկերոջ վստահությունը և ազնվությունը, ովքեր կյանքիդ իմաստի մասն են կազմում։  

-Արվեստագետը նաև միայնակ հոգի է, ինչպե՞ս եք դրսևորում և հաղթահարում այդ միայնությունը։ 

-Ես նաև գրում եմ և արդեն հրատարակած գիրք ունեմ։ Դա միակ  տարածությունն է, որտեղ ես ակամա մենակ եմ և վայելում եմ իմ ցանկալի միայնությունը, իմ սեփական ես-ի հետ առանձնանալու ակնթարթը։ Եվ քանի որ ես տարբեր գործունեություններով եմ զբաղվում՝ բոլորն էլ արվեստի բնագավառում, կարողանում եմ ինքնաբավ լինել, այսինքն՝ իմ ներսի արվեստագետի ցանկացած տեսակ կարողանում է դրսևորվել, ինքնիրականացվել։ Հոգևոր անբավարարվածություն ես երբևէ չեմ զգում, քանի որ ազատ եմ իմ միայնության տարածություն մուտք գործելու և այլ տեղ չեմ փնտում այդ միայնությունը։

Երևի թե ես դասական արվեստագետի տեսակին չեմ պատկանում, քանի որ որքան անհասկանալի ոլորտներում  եմ՝ երևակայական առումով, կրկնակի հողի վրա եմ և հողեղեն եմ։ Եվ դա է պատճառը, որ միշտ կարողանում եմ պահպանել հավասարակշռությունս և ներդաշնակությունս։ Դրա համար ես պարտական եմ իմ ամուսնուն, քանի որ նա իմ հողեղեն ու միևնույն ժամանակ «թռիչքս» ապահովող  կեսն  է, որը կարողանում է  ինձ հավասարակշռության բերել։ Իմ թռիչքն իմ վարքագծում չի արտահայտվում, այլ իմ գործերում, որոնք կարող են լինել և՛ հողեղեն, և եթերային, և՛ իրական։

-Ինչի՞ մասին եք երազում։

-Մեր երազանքների մասին հիմնականում տեղեկանում ենք մեր աղոթքներից։ Նրանց շնորհիվ սկսում ենք հասկանալ, թե որքան ենք մեծացել, հասունացել։ Մեր աղոթքները հնարավորություն են տալիս վերարժևորել մեր ապրած կյանքը և ներկան, ինչպես նաև թույլ են տալիս նայելու առաջ։

Ունեմ գլոբալ երազանքներ՝ կապված իմ երկրի, ժողովրդի հետ։ Հավատացեք, որքան դրսում ես ապրում, այնքան կարող ես շատ ավելի հայ  լինել, խոցելի ու զգայուն, քան այն ժամանակ, երբ զգում ես սեփական հողը  ոտքերիդ տակ։ Հետևաբար՝ շատ կուզենայի, որ մեր երկրի սոցիալական վիճակը թույլ տար, որ հայ մարդը արվեստի կողքին լիներ, քանի որ դա մաքրագործող, բարձրացնող ճանապարհ է. չէ՞ որ արվեստն աստվածային երևույթ է։ Արվեստով չապրող մարդու հայացքն այնքան արագ է տարբերվում, այն հոգսաշատ է, դատարկված, մի տեսակ բացակա։ Չէի ուզենա նման աչքեր տեսնել Հայաստանում։

Իսկ իմ անձնական երազանքները կապված են ընտանիքիս հետ, երազում եմ, որ մեր ընտանիքն ավելի մեծանա, ամուր լինի և միշտ հայ մնա ու, իհարկե, արվեստով լի։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...