08:14
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ափսոս, Սուրեն Այվազյանը մեզ հետ չէ արդեն իսկ չորս տարի

2013-10-07 11:42

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

Սուրեն Այվազյանը մեր ժամանակների մեծագույն գիտնականներից էր, գյուտարար, մշակութային ու հասարակական գործիչ, գրող, աննկուն հրապարակախոս, հայրենիքին անմնացորդ նվիրված հայորդի։

Սուրեն Միքայելի Այվազյանը ծնվել է 1933թ. Թբիլիսիում։ Այնտեղ ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, այնուհետև կարմիր դիպլոմով` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանը։

Ավարտական վկայականը ստանալու հաջորդ օրն իսկ կոմպլեքսային արշավախմբի կազմում` հատուկ նշանակմամբ, գործուղվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Էլբրուսի կիրառական երկրաֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նորաթուխ գիտնականը կատարում է իր անդրանիկ հայտնագործությունը։

Առաջ անցնելով ասենք, որ այդ գյուտն օգտագործվել է «Սոյուզ Պ» և «Սոյուզ ՊՊԿ» հրթիռների ստեղծման ժամանակ, որի համար 24-ամյա երիտասարդն արժանանում է պետական փակ մրցանակի։

Սուրեն Այվազյանի գիտական առաջին իսկ «առկայծումները» և գիտության հանդեպ նրա հույժ պատասխանատու մոտեցումները հիմք հանդիսացան հետագա նորանոր հայտնագործությունների համար, որոնք, որպես կանոն, արժանանում էին ուշադրության, գաղտնագրվում և գտնում գործնական կիրառություն` ԽՍՀՄ գիտական  խոշոր, սակայն փակ գիտկենտրոններում։ Այս իսկ պատճառներով նա բացառիկ հնարավորություն ուներ հիմնավորվելու Մոսկվա մայրաքաղաքում, ունենալով ամենաբարեկեցիկ ու ապահով կյանք, ինչպես նաև բարձր դիրք ու պաշտոն, սակայն հայրենի հողի կանչը նրան հանգիստ չէր տալիս։

Հոգու կանչով նա եկավ հայրենյաց երկիր` Հայաստան, որտեղ, իր խոսքերով` արդեն ամուր կառչած էր նախնյաց հողին։ Այստեղ, Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Սուրեն Այվազյանն ակադեմիկոս Արմեն Նազարյանի հետ նախաձեռնում և ստեղծում է նույն ակադեմիայի երկրաֆիզիկայի և սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը` Լենինականում, ստանձնելով գիտքարտուղարի պաշտոնը։

1960-ական թվականներին երիտասարդ գիտնականը նվիրվում է գիտա-հասարակական գործունեությանը։ Նրա առաջարկով 1969թ. Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմին առընթեր ստեղծվում է երիտասարդ գիտնականների խորհուրդ, որի առաջին նախագահն է ընտրվում։ Հենց այդ շրջանում նրա գիտական նախասիրությունները խորանալով, լայն թափ են ստանում և դուրս գալիս սովորական անձուկ շրջանակներից։

Հայաստանյան ամենաբեղմնավոր այս շրջանը նշանավորվել է Նոր ֆիզիկայի` բացարձակության տեսության, Նոր ֆիզիկական մաթեմատիկայի` ռեգրավեկտորային վերլուծության, միջուկային երկրաքիմիայի` զուգակցվող արժեքական իզոտոպների շարքերով։ Իսկ տեսական երկրաֆիզիկայի բնագավառում դառնում է արեգակնային մոլորակների առաջացման նոր տեսության հիմնադիրներից մեկը։

Այս ամենով նա երկրագնդի կազմավորման և կառուցվածքի նոր տեսության բնագավառում ևս նոր խոսքի հեղինակ է։

Սուրեն Այվազյանը ցույց է տվել նաև գալակտիկայի էվոլյուցիոն զարգացման ընթացքի վերաբերյալ իր տեսակետը` գրավիտոնից մինչև նեյտրոնային աստղային օբյեկտներ։

Նոր խոսք էր նաև «Երկրագնդի կազմավորումը» մենագրությունը, որը 1973թ. դարձավ նրա դոկտորական ատենախոսության բուն նյութը։

Սուրեն Այվազյանի կողքից չէր անցնում հայ հասարակությանը հուզող հասարակական և քաղաքական ոչ մի հարց։

1960-ական թվականներին հայրենասիրական մեր բարձր ոգին հայ մտավորականությունից պահանջում էր թեև զգուշավոր, բայց հոգեղեն սնունդ, և այդ շրջանում նա անդրադարձավ տարբեր տեսանկյուններից մեզ հրամցվող ու շրջանառվող, հասարակությանը հուզող հարցերի։ Այդ ժամանակ «Ուրարտուի» մասին նա համարձակ ու ճշմարիտ իր խոսքն ասաց. «Ուրարտուն» ասորերենով հորջորջվող և օտար հնչողությամբ Հայաստան երկրի անվանումն է, իսկ «ուրարտերեն» կոչված լեզուն` հայերենը, ավելի ճիշտ` արխայիկ հայերենը։ Միևնույն ժամանակ, նա փորձեց վերծանելու ուրարտերենը և հետաքրքրական է, որ ավելի ուշ հայագիտությունը կանգնեց այդ նույն դիրքերում։ Հանճարը, քաջ հայտնի է, որ հաճախ դառնում է ծաղրուծանակի առարկա և այս դեպքում ոչ միայն արտերկրի «ուրարտագետների» կողմից։ Սովետական (խորհրդային) «ուրարտագետները» խաչակրաց արշավանք կազմակերպեցին Ս. Այվազյանի դեմ։ Անգամ փորձ եղավ նրան նետել հոգեբուժարան։ Այդ ժամանակ «հայագետները» նոր պատվերով վերստին սկսել էին պատմահայր Մովսես Խորենացուն դատափետել և 5-րդ դարից նրան տեղափոխել 7-8-րդ կամ 9-10-րդ դար, փորձելով խեղաթյուրել  հայոց պատմագրությունը։ Վերստին նա իր խրոխտ ձայնը բարձրացրեց այդ կեղծարարների դեմ։ Իսկ մեծամորյան պեղումների ժամանակ նրա կողմից հայտնաբերված հեթանոսական Անահիտ դիցուհու և Վահագն աստծո հարթաքանդակով փաստեց, որ, և ի տարբերություն ամերիկյան հայագետ Ջեյմս Ռասըլի, այն ոչ թե Անտիկ շրջանի (մոտ 2500 տարվա վաղեմության), այլ շատ ավելի վաղ շրջանի կոթողային գտածո է։ Չէ որ հաստատվել էր, որ Մեծամորը աշխարհի ամենահնագույն մետաղաձուլարաններից էր։

Սուրեն Այվազյանը կազմել է Հայաստանի հին ու հնագույն շրջանի Ատլաս (50 քարտեզ), ինչպես նաև Հայկական Լեռնաշխարհի հանքավայրերի գունավոր քարտեզ։ Ստեղծել է «Զրադաշտի տիեզերքը», «Այր հայրենյաց» պատմավեպերը (ռուսերեն և հայերեն), «Բռնակալի ողբերգությունը» թատերգությունը, «Հայկական ռադիոն հարցնում է» երգիծապատումը (անեկտոդների ժողովածու), «Տարօրինակությունների ու օրինաչափությունների աշխարհում» հետաքրքրաշարժ գործը, «Ռուսաստանի պատմություն` հայկական հետք» մեծածավալ աշխատությունը (ռուսերեն, Մոսկվա 2000թ.), «Հայաստանի պատմության որոշ խնդիրներ» (ռուսերեն և հայերեն)  և այլն։

Այս մեծ հայորդին չէր կարող կենալ դիտորդի դերում, երբ «պերեստրոյկայի» շրջանակներում դատափետում էին Հայաստանն ու հայ ժողովրդին, երբ ակտիվացել էր ղարաբաղյան շարժումը։

Սուրեն Այվազյանը դարձավ այդ շարժման ղեկավարներից մեկը և ԿԳԲ-ի նախաձեռնությամբ ձերբակալվեց ու նետվեց մոսկովյան Լևֆորտովո բանտ` Ղարաբաղ զենք մատակարարելու մեղադրանքով։ Հանրության ճնշմամբ միայն երեք տարի անց նա վերագտավ իր ազատությունն ու վերադարձավ Հայաստան. սկսեց հրատարակել «Մեծամոր» եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ամսաթերթը, որի էջերում համարձակորեն ներկայացնում էր իր տեսակետերն ու դատողությունները։

Հարկ է նշել, որ հայկական հարցի ու ղարաբաղյան թնջուկի վերաբերյալ անարդարությունը դատափետելով, նա տրամաբանված ու միջազգային իրավական առումով խիստ պատճառաբանված բողոք-նամակներ է հղել ԱՄՆ-ի նախագահին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Ալեքսեյ Կոսիգինին, Միխայիլ Գորբաչովին, Բորիս Ելցինին, Վլադիմիր Պուտինին ու համաշխարհային հանրությանը։

Հայորդին թողել է գիտա-մշակութային հարուստ ժառանգություն` 300 գիտական աշխատություն և, այդ թվում, 36 մենագրություն, արձակ գործեր, բանաստեղծությունների ժողովածուներ, տասնյակ երգեր։

Անդամ է «Ինֆորմատիկայի միջազգային Ակադեմիայի», «Միջազգային Ինվեստիցիոն Ակադեմիայի» (Կանադա) և «Ռուսաստանի բժշկա-տեխնիկական Ակադեմիայի»։

Սուրեն Այվազյանն արժանացել է բազմաթիվ տիտղոսների, մրցանակների ու պարգևների։ Միայն վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից նա հետմահու արժանացավ բարձր գնահատանքի` «Երախտագիտություն» մեդալի։

Ժամանակակից ռուս գրող Վլադիմիր Ռիբինն իր «Արարման վարկածը» գիտա-ֆանտաստիկ վիպակի համար որպես գլխավոր հերոսի նախատիպ նկատի է ունեցել Սուրեն Այվազյանին։ Գրքի նախաբանում նա նշում է, որ Սուրեն Այվազյանը 20-րդ դարի վերջին քառորդի մեծագույն գիտնականներից է։

Հայերնական և օտար մամուլում նրա մասին գրվել են տասնյակ ու տասնյակ հոդվածներ ու ակնարկներ, սակայն դրանք բոլորը բնավ ի վիճակի չեն համակողմանիորեն ներկայացնելու մեծ հայրենասեր-գիտնականին։

Հարկ կլինի արժանին հատուցել այն մարդուն, ով կստանձնի դառնալու մեր ժողովրդի արժանավոր այս զավակի կենսագիրը։

Արթուր Նավասարդյան 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...