05:46
11/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միայն լավագույն արտադրանք լավագույն սպառողի համար. «Ավշարի գինու, կոնյակի գործարան»

2013-09-30 11:14

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Քայլել ժամանակակից տեխնիկայի և գիտության զարգացմանը համընթաց՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և նոր մոտեցումներ, ստանալով լավագույն որակ. այս սկզբունքն է որդեգրել «Ավշարի գինու, կոնյակի գործարանը»։ Շուրջ 45 տարվա պատմություն ունեցող այս գործարանը մրգերի ընդունման կետից վերածվել է ժամանակակից հզոր, մեծ գործարանի, որի արտադրանքն աչքի է ընկնում իր յուրահատուկ  որակով, համով, բույրով ու տեսքով, ինչը  բարձր է գնահատվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ «Ավշարի գինու, կոնյակի գործարանի» արտադրանքի բարձր որակն ապահովվում է ինչպես ֆրանսիական, իտալական, գերմանական արտադրության սարքավորուների, այնպես էլ մասնագիտական բարձր որակներ ունեցող մասնագետների հմտությունների ներդրման շնորհիվ։

«Ավշարի գինու, կոնյակի գործարանի» գործունեության, հաջողության գաղտնիքների և հեռանկարների մասին առավել մանրամասն զրուցեցինք «Ավշարի գինու, կոնյակի գործարան» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի հետ։

-Պարո՛ն Թադևոսյան, «Ավշարի գինու, կոնյակի գործարան» ընկերությունը 45 տարվա պատմություն ունի, ներկայացրեք, խնդրեմ, գործարանը նախկինում ի՞նչ  հնարավորություններ է ունեցել և այսօր զարգացման  ո՞ր փուլում է։

 -«Ավշարի գինու, կոնյակի գործարան» ընկերությունը ստեղծվել է 1968թ., 1994թ. այն  սեփականաշնորհվել է և թևակոխել զարգացման նոր փուլ. վերակառուցվել է, վերազինվել, արդիականացվել, դարձել ժամանակակից պայմաններին և միջազգային չափանիշերին համապատասխան գործարան։ Նման գերժամանակակից պայմաններն, անշուշտ, ազդել են արտադրանքի որակի բարձրացման վրա։ 1994թ. ի վեր՝ ստեղծվել են նոր արտադրություններ, ընդլայնվել է ապրանքատեսականին։ Եթե խորհրդային տարիներին արտադրվում էին  միայն մրգային օղիներ, ապա այսօր արտադրում ենք նաև գինի, կոնյակ, ցորենի օղի։ Պատահական չէ, որ այսօր «Ավշարի գինու, կոնյակի գործարանը» առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ ոգելից խմիչքների  արտադրության ոլորտում։ Գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ ունի նաև միջազգային շուկաներում։ 

-Քանի՞ անուն արտադրատեսակ ունի գործարանը, և ծրագրեր կա՞ն դրանց թիվն ավելացնելու։

-Գործարանն այսօր արտադրում է շուրջ 60 անուն ոգելից խմիչք՝ գինի, կոնյակ, ցորենի օղի, մրգային օղիներ։ Բնականաբար, տարեցտարի արտադրատեսակների  քանակներն ավելացնում ենք, նորերն ենք ստեղծում, նոր արտադրություններ ենք հիմնում։ Մեր վերջին նորարարություններից էին մրգային օղիների նոր տեսակները, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Արտադրում ենք՝ հոնի, թթի, ծիրանի, ցորենի օղիներ, մինչև 25 տարի հնեցմամբ կոնյակներ։

Մեր ընկերության բրենդն «Ավշար» օղին է, որը հայտնի է բազմաթիվ երկրներում։ Մեր բրենդային տեսականու շարքում են նաև «Эривань», «Древний Эривань», «Մարմարա», «Գլաձոր» կոնյակները։

-Ո՞ր երկրներ է արտահանվում «Ավշարի գինու, կոնյակի գործարանի» տեսականին։

-Մեր արտադրանքն արտահանվում է աշխարհի 9 երկրներ՝ ՌԴ, ԱՄՆ, Վրաստան, Կանադա, Իսրայել, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Ուկրաինա։

-Ո՞րն է ընկերության հաջողության գրավականը։  

-Ընկերության հաջողության գրավականը բարձր որակն է, վարվող ճիշտ մարքեթինգային քաղաքականությունը և ապրանքային յուրահատուկ տեսքը, որոնք մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն են։  Մեր հաջողության գրավականներից է նաև մեր հզոր կադրային ռեսուրսը։ Մեր գործարանն ապահովված է լավագույն մասնագետներով, մենք նրանց շարքերում ընդգրկում ենք նաև երիտասարդ նոր մասնագետների, որպեսզի փորձի փոխանակություն տեղի ունենա և սերնդափոխության արդյունքում մենք պահպանենք մեր լավագույն որակը։

-Որակի վերահսկողության ի՞նչ համակարգ է գործում ընկերությունում։

-Ապահովելով արտադրանքի գերազանց որակ՝ 2008թ. մենք ստացանք   Որակի և անվտանգության միջազգային սերտիֆիկատ՝ ԻՍՈ 22000-2005, որը շատ խիստ պահանջներ է ներկայացնում որակի և սննդի անվտանգության վերահսկողությանը։ Այս ստանդարտը ներդրվել է աշխարհում 2005թ.։ Սերտիֆիկատը ստացել ենք «Բյուրո Վերիտաս» դանիական կազմակերպությունից, որի ներկայացուցիչները տարեկան երկու անգամ ստուգում են անցկացնում մեր գործարանում, և համոզվելով, որ շարունակում ենք աշխատել ԻՍՈ 22000-2005 ստանդարտին համապատասխան,  վերահաստատում են մեր սերտիֆիկատը։ Չնչին թերացում արձանագրելու դեպքում նրանք իրավասու են դադարեցնել սերտիֆիկատի վավերականությունը։ Այն, որ մինչև այսօր նման բան տեղի չի ունեցել, մեզ համար հպարտության առիթ է, առաջ նայելու, էլ ավելի զարգանալու երաշխիք։ 

-Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում օղու, գինու և կոնյակի արտադրության մեջ։

-Կոնյակը մենք արտադրում ենք հին հայկական ավանդական եղանակով, ոչ մի նոր բան չենք ավելացրել։

Օղու արտադրությունը կազմակերպվում է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նշեմ, որ օղու արտադրության համար օգտագործում ենք Գառնիի ջուր, որը ֆիլտրվում է։ Այդ գործընթացում մենք օգտագործում ենք հատուկ իոնափոխանակիչներ, որոնց օգնությամբ ծանր մետաղները զտվում են, նրանց քանակը ջրի մեջ հասցվում է նվազագույնի, և հետո միայն ցորենի սպիրտը կուպաժավորվում է։ Իսկ ցորենի սպիրտի արտադրության ժամանակ մենք աշխատում ենք հասնել առավելագույն ցուցանիշերի, որպեսզի վնասակար նյութերի պարունակությունը հասցվի զրոյի։ Դրա համար մեր լաբորատորիան հագեցրել  ենք ժամանակակից սարքավորումներով, ձեռք ենք բերել ճապոնական արտադրության խրամոտոգրաֆ, որի միջոցով մենք կարողանում ենք ստուգել մեր արտադրած ցորենի սպիրտի որակը։ Պետք է ավելացնեմ, որ ցորենի սպիրտի մեր արտադրությունն իր որակական հատկանիշերով գերազանցում է ռուսականի որակին։

Գինու արտադրությունն այսօր ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ վերազինման գործընթաց է տեղի ունենում։ Շուտով կսկսենք գինու նոր տեսակների արտադրություն, որոնք  լավագույն որակով կմտնեն հայկական, այնուհետև միջազգային շուկա։ 

-Քանի՞ աշխատատեղ է ստեղծվել գործարանում այս տարիների ընթացքում։

-Ոգելից խմիչքների արտադրությունում ունենք 200 աշխատող, իսկ մեր  այգեգործական տնտեսությունում սեզոնին աշխատում է մոտ 150 աշխատող։ Ընդհանուր առմամբ, աշխատողների թիվը հասնում է 350-ի։ 

-Ի՞նչ խնդիրներ ունի ընկերությունը։

-Այս պահին ընկերությունն ունի միայն մեկ խնդիր՝ փնտրել իրացման նոր շուկաներ։ Որքան շատ իրացվի մեր արտադրանքը, այնքան մեր մթերումների քանակը կավելանա։ Ի ուրախություն մեզ՝ հաջողվում է գրավել այլ շուկաներ և արժանանալ բարձր գնահատականների։ 

-Միջազգային ցուցահանդեսներին մասնակցո՞ւմ եք։

-Այո՛, մշտապես մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների և վերադառնում մրցանակներով։ Ստացել ենք, ընդհանուր առմամբ, 85 մրցանակ, այդ թվում նաև «Գրան Պրի» մրցանակներ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...