2013-09-27 11:58
«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)
Շարունակում ենք բացել իտալական կինոյի հայտնի ու անհայտ դռները Գեորգի Ասատրյանի հետ։
Իտալական կատակերգություններն էլ նեոռեալիզմի նման հայտնվեցին քառասունական թվականներին, միայն ո՛չ Հռոմում... Սա Սանիտան է, Նեապոլի աղքատ թաղամասերից մեկը։ Թեթևաբարո կանայք, անապաստան երեխաներ, փոքր քսակով մեծ ընտանիքներ։ Ուրիշ որտե՞ղ կարող էր ծնվել իտալական ամենահանրահայտ կատակերգակը։ Ճիշտն ասած` նրա անունը Տոտո չէ։ Լրիվ անունն է Անտոնիո Ֆոկաս Ֆլավիո Անջելո Դուկաս Կումին դե Կուրտիս, բյուզանդական Գալյարդի, կայսերական բարձրապատվություն, պալլատինյան կոմս, Հռոմեական Սրբազան Կայսրության ասպետ, Ռավենայի տեղապահ, Մակեդոնիայի և Իլլիրիայի հերցոգ, Կոնստանդնուպոլսի, Կիլիկիայի, Թեսարիայի, պոնտական, մոլդավական, դարդանյան, պելոպոնեսյան իշխան, Կիպրոսի կոմս, Դուրասկեի հերցոգ։ Տոտոյի մայրը ծագումով այս թաղամասից էր։ Իսկ հորից նա վաստակեց միայն սարսափելի երկար տիտղոսը… առանց որևէ ժառանգության։ Տոտոն մարմնավորում էր նրանց, ում հետ ծանոթ էր դեռ մանկությունից. խաբեբաների, գողերի և սովորական մահկանացուների, ովքեր ընտանիքը կերակրելու համար պատրաստ էին ամեն ինչի։ Նա հունից հանում է ոստիկաններին։ Միայն չկարծեք, թե իտալական կինոն կտրվեց կյանքից ու սկսեց հանդիսատեսին հեքիաթ պատմել։ Գլխավոր իտալական կատակերգությունը հենց իր` Տոտոյի կենսագրությունն է։ Հորինված ոչինչ չկա, միայն փաստեր են։ Չլինելով գեղեցիկ և գրպանում չունենալով ոչ մի լիրա` նա դեռ պատանեկությունից կանանց փոխում էր ձեռնոցների նման։ Մի անգամ նույնիսկ գայթակղեց Նեապոլի «կնքահոր» նշանածին։ Մահից նրան փրկեց միայն այն, որ նա ավելի շուտ ծիծաղեցրեց, քան բարկացրեց մաֆիոզիին։
1939-ին Լիլիանա անունով մի դերասանուհի ինքն իրեն թունավորեց` Տոտոյի հետ կապերը խզելուց հետո։ Տոտոն այնքան էր ազդվել, որ պատրաստվում էր վանք մտնել, բայց տապալեց հարցազրույցը, որովհետև փորձում էր համոզել վանահորը, որ տարին մի քանի անգամ մարմնական մեղք գործելը` մեղք չէ։ Կինոյից կամ թատրոնից Տոտոյի ստացած փողերը երբեք նրա մոտ երկար չէին մնում։ Նա գաղտնի կերպով օգնում էր նեապոլիտանական ընտանիքներին` գիշերով նրանց տան շեմին ծրարներ դնելով։ Երեսուն տարեկանում Տոտոյի մի աչքը չէր տեսնում, իսկ հիսունականների վերջում` նա լրիվ կուրացավ։ Բայց նրան նայելով այդ մասին հնարավոր չէ գլխի ընկնել։
Նրա հերոսների անզուսպ խառնվածքը, բարի սիրտն ու անհեթեթ ճակատագիրը միախառնվում էին իր սեփական ճակատագրի հետ։ Աղքատները տալիս էին վերջին լիրան` ծիծաղելու և լաց լինելու իրենց սիրելի Տոտոյի արկածների և, միաժամանակ, իրենց սեփական կյանքի վրա։
Տոտոն կինոյում ոչ մի հեղափոխություն չի գործել, բայց նա փրկեց հետպատերազմյան Իտալիան։ Քսան տարուց ավելի ազգային հպարտությունն ուռճացնող Մուսոլինիի կառավարությունը ոտնակոխ էր արված։ Իսկ աղքատներն ու անապաստանները թալանում էին ամերիկացի ազատարար զինվորներին։ Սեփական վշտի վրա ծիծաղելն իսկական դարման դարձավ ժողովրդի համար։
Պատերազմն ավարտվեց, տնտեսական հրաշքը հօդս ցնդեց, իսկ կատակերգությունը հավերժ մնաց իտալացիների հետ։ Աշխարհի ամենահանրահայտ իտալուհին նույնպես ծագումով կատակերգությունից է։ Իսկ իտալական ամենահանրահայտ զույգը ծագումով Նեապոլից է։ Ինքնասիրահարված բուրժուա և մի կին, ում հետ նա հասարակաց տանն է ծանոթացել` ռմբակոծության ժամանակ։ Նա ամբողջ կյանքում կերակրել է նրան և նույնիսկ վստահել իր գործերի կառավարումը։ Էլ ի՞նչն է նրան պակասում։ Աննկուն նեապոլիտանուհին ցուցադրում է բոլոր խոցված, սիրահարված և մերժված հայրենակցուհիներին, թե ինչպես պետք է վարվել իտալացի թեթևսոլիկ տղամարդկանց հետ։
«Քաղցր կյանքը» գանձապահուհիների հետ` չի կարող հավերժ տևել։ Չքնաղ նեապոլիտանուհին կարգավորեց իր ընտրյալի կյանքը և բոլոր նրա եղբայրակիցներին ցույց տվեց ճշմարիտ ճանապարհը։ Ճանապարհը բավական կարճ է։
Կարևորը չշփոթելն է. նախ եկեղեցին…
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Վերադառնալ