23:02
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշակութային անդրադարձ

2013-09-24 11:30

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Ներկայացնում ենք Ձեզ արվեստագիտության թեկնածու, երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանի հեղինակային հոդվածաշարը։ Այս համարում` կինոփառատոներն են։

«Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ՝ անցկացվեց  «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը։ 2013 թվականը «Ոսկե ծիրան»-ի համար առանձնահատուկ էր. հոբելյանական այս տարում փառատոնին հյուրընկալվեցին կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալլերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի ստացել էր շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրներից (2012 թ.՝ 67 երկիր), ինչը վկայում է, որ «Ոսկե ծիրան»-ի հանդեպ հետաքրքրությունն օրեցօր  մեծանում է։ Կինոփառատոնն այս տարի ևս ներկայացավ լիամետրաժ, վավերագրական, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրերով։ Մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատեցին չորս ժյուրի։ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին գլխավորեց հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, իսկ Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին գլխավորեց 2012 թ. «Ոսկե ծիրան»-ի դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան։ Փառատոնի օրերին աշխատեց նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) և Էկումենիկ ժյուրին։ «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրերը բազմազան էին. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեցան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում կային անակնկալներ  համաշխարհային կինոյի վարպետներից։ Փառատոնի շրջանակում անցկացվեց նաև հոբելյանական ծրագիր` նվիրված  Արամ Խաչատրյանի 110, Ներսես Հովհաննիսյանի 75, Արտավազդ Փելեշյանի 75 ամյակներին։ Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ իրականացվեց նաև դասընթաց` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով։ Այնուհետև, փառատոնի օրերին համատեղ ուժերով հրատարակվեց «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը։ «Ոսկե ծիրան»-ը լուսաբանեցին ոչ միայն հայաստանյան ԶԼՄ-ները, այլև միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ և պարբերականներ, մասնավորապես` «Euronews»-ը, «Культура»-ն, «The national»-ը, «Site and sound»-ը և այլն։

 Ազգային կինոյի մրցանակաբաշխություն` «Հայակ-2013»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Ազգային կինոյի «Հայակ» 2-րդ մրցանակաբաշխությունը։ Այն նվիրված էր հայկական կինոյի հիմնադրման 90-ամյակին։ Մրցանակաբաշխությանը ներկայացված էին անցած տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերը։ Այս տարի հայաստանյան ֆիլմերի հետ ներկայացված էին նաև սփյուռքահայ ռեժիսորների և հայկական թեմաներով օտարազգի հեղինակների աշխատանքները։ Մրցանակաբաշխությունը բաղկացած էր 15 հիմնական անվանակարգից և հատուկ մրցանակներից։ 

ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ անվանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Ձայն լռության» ֆիլմով։ Հայաստանի ազգային կինոակադեմիայի սահմանած հատուկ մրցանակին արժանացան` իտալացի ռեժիսոր-վավերագրող Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» և Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը։ Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամը հայկական կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար հատուկ մրցանակներ շնորհեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանին։

Լավագույն խաղարկային ֆիլմ  - «Այդ ես չեմ», պրոդյուսերներ՝ Վիկտորիա Լուպիկ, Գևորգ Ներսիսյան, Գևորգ Գևորգյան, ռեժիսոր՝ Մարիա Սահակյան, Լավագույն ռեժիսոր - Հարություն Խաչատրյան «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Լավագույն օպերատոր - Մկրտիչ Մալխասյան «Այդ ես չեմ», Լավագույն սցենարի հեղինակ - Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան, «Եթե բոլորը», Լավագույն նկարիչ - Արմեն Ղազարյան «Թափառում», Լավագույն կոմպոզիտոր - Վահագն Հայրապետյան «Եթե բոլորը», Լավագույն դերասանուհի - Մարիամ Դավթյան «Ձայն լռության», Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի - Ժենյա Մկրտումյան «Եթե բոլորը», Լավագույն դերասան - Շանթ Հովհաննիսյան «Գարեգին Նժդեհ», Լավագույն դերասան երկրորդ պլանի - Խորեն Լևոնյան «Գարեգին Նժդեհ», Լավագույն կարճամետրաժ ֆիլմ - «Փետրվարի 19» Թամարա Ստեփանյան, Լավագույն վավերագրական ֆիլմ - «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» Հարություն Խաչատրյան, Լավագույն անիմացիոն ֆիլմ - Նաիրա Մուրադյան «Բալետ», Լավագույն դեբյուտ - «Փասիանի որսորդը» Մարինե Զաքարյան, Լավագույն արտասահմանյան ֆիլմ - «Սպիտակ վագր» Կարեն Շախնազարով։

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոն

«Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի» (CANC) նախաձեռնությամբ Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվեց ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոն, որը կրեց «Նոֆի» խորագիրը։ Մասնակցում էին ռեժիսորներ Հայաստանից, Արցախից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Ասիայից, ԱՄՆ-ից։ Նպատակն էր աջակցել ոչ կոմերցիոն, ազատ կինոյի զարգացմանը։ «Նոֆի»-ն ընդգրկում էր փոքր բյուջեով նկարահանված անկախ, պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ և ուսանողական ֆիլմեր։ Ժյուրին գլխավորում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիոն ֆիլմերի ֆակուլտետի դեկան, պրոֆ. Անետա Երզնկյանը։ Ժյուրիի կազմում էին Էդգար Բաղդասարյանը /կինոռեժիսոր/, Սուրեն Թադևոսյանը /ռեժիսոր, պրոդյուսեր/, Հրանտ Վարդանյանը /ռեժիսոր, «Արև» կինոստուդիայի հիմնադիր տնօրեն/, Արտաշես Հովհաննիսյանը /պրոդյուսեր, «Նոֆի» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն, UNICA-ի կոմիտեի անդամ/։ «Նոֆի»-ի մրցութային անվանակարգերն էին՝ «Պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմ», «Հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ», «Մեկ րոպեանոց ֆիլմ», «Լուսանկարչական մրցույթ` «Սա Հայաստա’նն է»։ Անվանակարգերում սահմանված մրցանակներն էին՝ «Գլխավոր մրցանակ՝ լավագույն ֆիլմ», «Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ», «Լավագույն մեկ րոպեանոց ֆիլմ»։ Սահմանված էին նաև հատուկ դիպլոմներ և մեդալներ՝ լավագույն ռեպորտաժի, փորձարարական ֆիլմի, ռեժիսորի, օպերատորի, մոնտաժողի, լուսանկարչի, դերասանի և դերասանուհու համար։ Հաղթող և առավելագույն միավորներ հավաքած ֆիլմերը կմասնակցեն նաև UNICA-75 համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոնին։ Փառատոնի շրջանակում եղան ֆիլմերի բաց քննարկումներ, կլոր սեղաններ։

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը։ Նպատակն է հարթակ ստեղծել Հայաստանի, սփյուռքի և արտերկրների անիմացիոն կինոյի վարպետների համար։ Փառատոնին ներկայացված էին շուրջ 400 ֆիլմ՝ աշխարհի 45 երկրներից։ Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին «Երևանյան պրեմիերաներ», «Մրցութային ծրագրեր», «Հայկական ներկապնակ», «Մանկական ծրագիր», «Շուրջերկրյա ճամփորդ», «Անսիի ծրագիր», «Հատուկ ցուցադրություններ»։ Կայացան ֆիլմերի անդրանիկ ցուցադրություններ, դասախոսություններ, սեմինարներ, հյուրերի կողմից՝ վարպետության դասեր։ Այս տարի առաջին անգամ անցկացվեց «Ֆիլմարտադրության գործընթաց» ծրագիրը, որի շրջանակներում հայ անիմացիոն գործչին հնարավորություն ընձեռվեց ներկայացել իր նոր ու անավարտ աշխատանքը և գտնել ֆինանսական աջակցի` աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Հ. Մալյանի անվան թատրոնում, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, «Թումո» կենտրոնում և «Այբ» կրթահամալիրում։ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացման գործընթացում շատ լուրջ ռազմավարական հենակետ է` երիտասարդ սերնդի արժեհամակարգի ձևավորման համար։

«Կին» միջազգային 9-րդ կինոփառատոն

ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացավ «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը։ Նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակմանը, նոր անունների բացահայտմանը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը։ Ծրագրում ընդգրկված էին ճապոնական «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը։ Փառատոնի առանցքում նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն էր։ Փառատոնին մասնակցեցին 25 երկրի 65 ֆիլմեր։ Փառատոնի շրջանակում կազմակերպվեցին «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան և վարպետության դասեր։ Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ շնորհվեցին «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում։ Ժյուրիի կազմում էին դերասան, գրող Զեք Պողոսյանը /Արգենտինա/, ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին /Իրան/, կինոգետ Արծվի Բախչինյանը /Հայաստան/, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը /Հայաստան/ և ռեժիսոր Արման Չիլինգարյանը /Հայաստան/։ Փառատոնի հյուրերն էին «Սինեմա Վերիտե» վավերագրական ֆիլմերի փառատոնի ծրագրերի ղեկավար Լեյլա Հոսեյնին /Իրան/, ռեժիսոր Օլգա Չերտոկը /Իսրայել/ և Ալյոնա Սուրժիկովան /Էստոնիա/։ «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը՝  ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աջակցությամբ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...