23:50
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Վեդի-Ալկո» ապրանքանիշը ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս

2013-09-19 11:43

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Դեռևս  մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողագործությունը և գինեգործությունը։ Ուրարտական Թեյշեբանի (այժմ` Կարմիր բլուր) ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ։ Այդ հնագույն կարասներում հայտնաբերվել են խաղողի կորիզներ` իրենց հատկություններով մոտ Ոսկեհատ, Խարջի, Մսխալի և Գառանդմակ խաղողի սորտերին։ Ավելին` մառաններում հայտնաբերված ծծումբը վկայում է, որ հնագույն խաղողագործները ծանոթ էին դրա օգտագործման տեխնոլոգիային։ Այդ ժամանակներից մեզ հասած ձեռագրերը վկայում են պատմական Հայաստանի տարածքում եղած խաղողագործության և գինեգործության բարձր կուլտուրայի մասին։

Վերջերս էլ Վայոց ձորի մարզի Արենիի Թռչունների քարայրում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են տարբեր ծավալների կավե կարասներ, խաղողի ճյուղերի և ողկույզների մնացորդներ, որոնք վկայում են, որ այստեղ եղել են գինու արդյունաբերական ծավալների արտադրություն։ ԱՄՆ-ում անցկացված հեղինակավոր փորձաքննության արդյունքները հաստատել են, որ Հայաստանում գինեգործությամբ զբաղվել են դեռևս 6100 տարի առաջ։  Այսպիսով` Արենիի քարայրի գտածոների շնորհիվ Հայաստանը կարելի է համարել գինեգործության հայրենիք։

Մանվել Ղազարյան, «Վեդի Ալկո»  ընկերության  սեփականատեր

-Պարո՛ն Ղազարյան, «Վեդի Ալկո» ընկերությունը գործում է 1956թ., արդեն 57 տարվա պատմություն ունի։ Ձեր ղեկավարած տարիների ընթացքում ի՞նչ դրական փոփոխություններ են տեղի ունեցել գործարանում։

-Արդեն 20 տարի է, ինչ ես ղեկավարում եմ այս ընկերությունը։  Այն սկզբում պետական ձեռնարկություն էր, հետագայում սեփականաշնորհվեց և վերանվանվեց «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի։ Խորհրդային տարիներին այն  համարվում էր հումք ընդունող, վերամշակող գործարան, որտեղ ստացված սպիրտանյութը և գինենյութը առաքվում էին երկրորդային գործարաններ, այնտեղ իրականացվում էին հետագա վերամշակման և շշալցման աշխատանքները։    

1995թ. սկսած՝ մենք նախաձեռնեցինք խմիչքի որոշակի տեսակների արտադրություն՝ հաղորդելով դրանց ապրանքային տեսք։ Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց  դառնալ հանրապետությունում օղու արտադրության առաջատարներից մեկը, իսկ 1997թ.  ցորենից սպիրտի ստացման հիմնադիրը։

Զարգացնելով օղու, սպիրտի արտադրությունը՝ նախաձեռնեցինք զարկ տալ հայկական գինեգործության ավանդույթների վերականգնմանը, զարգացմանը, որը շարունակում ենք մինչև այսօր։ 1999թ. ձեռք բերեցինք  Վայոց Ձորի մարզի՝ այն ժամանակվա գինու միակ՝ Գետափի գինու գործարանը, որտեղ էլ հիմնեցինք գինու արտադրությունը։ Որդեգրելով արտադրատեսակի կատարելագորման, որակի բարձրացման քաղաքականություն՝ վերջին տարիներին լիովին վերազինեցինք գործարանը նոր տեխնիկական բազայով՝ վերջնականապես հրաժարվելով խորհրդային սարքավորումներից։ Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համերի հարուստ բույրերին։ Այսօր մենք արտադրում ենք ավելի քան 40 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում։

-Վերջին տարիներին գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը զգալի մեծացավ։ Ինչպիսի՞ իրավիճակ է տեղական շուկայում, գո՞հ եք սպառման ծավալներից։

-Ճիշտ եք նկատել, իրոք վերջին 2-3 տարիների ընթացքում շատ խոշոր ներդրումներ արվեցին գինու շուկայում, մրցակցությունը բավականին մեծացավ, ինչը ես դրական եմ գնահատում։ Հայաստանը գինեգործության հիմնադիր երկրներից է, որի մասին աշխարհը չգիտի։ Մենք՝ բոլոր գինի արտադրողներս, պետք է մեր արտադրանքի բարձր որակով և արտահանման մեծ ծավալներով ճանաչելի դարձնենք հայկական գինին ողջ աշխարհում։ Վերջին մեկ-երկու տարիներին ՀՀ կառավարությունն էլ է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է ներքին սպառման ծավալներին, ապա չեմ կարող ասել, թե դժգոհ եմ, հատկապես մեր բրենդային տեսականին լայն սպառում ունի հայկական շուկայում։ 

-Որո՞նք են այդ բրենդային ապրանքատեսակները և արդյո՞ք պատրաստվում եք թողարկել գինու նոր տեսակներ։  

-Պետք է նշեմ, որ մենք առավել շատ գերադասում ենք կատարելագործել մեր ունեցած տեսականին՝ զուգահեռ նաև հանդես գալով նոր ապրանքատեսականիով։ Մեր բրենդային գինիներն են համարվում «Արենին», «Գետափ Վերնաշենը»,  որոնք ճանաչված են թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մեր բրենդային գինիներից է նաև «Անուշը», որն ավելի շատ աղանդերային գինի է,  և սկսած 1996-1997թթ.՝ մեծ պահանջարկ ունի։

Վերջերս գինու նոր տեսակ ենք պատրաստել խաղողի Խարջի սորտից՝  «Խարջի» անունով սպիտակ գինին, որը որակապես բարձր, չոր գինի է և շատ նման է եվրոպական գինիներին։ Վստահ եմ, որ մոտ ժամանակներս  այն նույնպես կհամալրի մեր բրենդների շարքը։  

-Կոնյակների ինչպիսի՞ տեսականի ունի «Վեդի Ալկոն»։

-Պետք է նշեմ, որ մեր արտադրության կոնյակները հիմնականում սպառվում են արտերկրներում, որտեղ հայկական կոնյակը սիրված է և բարի համբավ ունի։ Մենք պետք է այդ համբավը և վստահությունն ավելի ամրապնդենք՝ բարձր պահելով հայկական կոնյակի որակը։ Ունենք բրենդային կոնյակներ, որոնցից համար առաջինը մեր ազգային երաժշտական գործիքի անունն է կրում՝ «Դուդուկ»։ Այն արդեն արտոնագրել ենք և պատրաստվում ենք արտահանել ՌԴ։ Երկրորդը «Արաքս» անունով  կոնյակն է, որը փոքր ծավալներով արդեն արտահանվում է ՌԴ, առաջիկայում պետք է ավելացնենք արտահանման ծավալները։ Շուկայում ունենք 3 և 5 տարեկան ավանդական կոնյակներ, ինչպես նաև «Վիվատ Արմենիա» կոնյակը, որը փոքր ծավալներով արտահանում ենք Ռուսաստան, այս տարի՝ նաև ԱՄՆ։ Ստեղծել ենք «Армянская марка»  3-ից մինչև 20 տարեկան կոնյակների շարքը հատուկ Ռուսաստանի համար։

-Մրգային օղիների ինչպիսի՞ տեսականի ունեք։

-Ունենք մրգային օղիների լայն տեսականի, մասնավորապես՝ ծիրանի, վայրի տանձի, հոնի, թթի, դեղձի, բալի, որոնք հիմնականում արտահանվում են Գերմանիա, Ռուսաստան, սակայն ծրագրում ենք դրանք ճանաչելի դարձնել ողջ աշխարհում։ 

-Ո՞ր երկրներ են արտահանվում «Վեդի Ալկո»-ի ապրանքատեսականին։

-Մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ֆրանսիա, մերձբալթյան երկրներ և այլուր։ Միջազգային համտես-մրցույթներում մեր արտադրանքը նվաճել է ավելի քան 90 ոսկե, արծաթե և բրոնզե պարգևներ։

-Պարո՛ն Ղազարյան, ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Իմ ապագա ծրագրերը կապված են արտերկրի շուկաներում մեր արտադրանքը ճանաչելի դարձնելու և սպառման ծավալները մեծացնելու գործընթացի հետ։ Կարծում եմ՝ մենք ամեն ինչ արել ենք ներքին շուկայի հետ կապված, մեր հաջորդ քայլը պետք է լինի այլ շուկաներում առևտրային կառույցներ ստեղծելը։ Ռուսաստանում մենք արդեն ստեղծել ենք նման ընկերություն։ 

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը՝ որպես գործարար, քաղաքական գործիչ և  անհատ։

-Իմ հաջողության գրավականն առաջին հերթին աշխատասիրությունն է և ազնիվ փոխհարաբերությունները։ Երբ ես նոր էի աշխատում տնօրենի պաշտոնում, ասում էի` մեր աշխատանքը սկսվում է վաղ առավոտից և չի ավարտվում։ Խոսքս տնօրինության խորհրդի աշխատանքի մասին էր։ Ցանկացած փոխհարաբերությունում մարդը պետք է լինի ազնիվ, պահանջկոտ ինքն իր և դիմացինի նկատմամբ՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։ Ես ձգտել եմ այդպիսին լինել կյանքիս բոլոր փուլերում և զբաղեցրած պաշտոններում՝  շրջխորհրդի պատգամավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար։ 

-Առաջիկայում նախատեսո՞ւմ եք քաղաքական դաշտ վերադառնալ։

-Չեմ կարծում, որ նման բան լինի, ես ինձ լավ եմ զգում տնտեսության ոլորտում աշխատելիս, իմ ողջ եռանդը ներդրել եմ այստեղ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...