14:24
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու արշավանքները

2013-08-16 10:45

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

Ալեքսանդր Մակեդոնացու մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ, պատմություններ ու մեկնաբանություններ, սակայն մենք պետք է հիմնվենք պատմաբանների կողմից հաղորդված տվյալների վրա։

Նրա մասին մեզ տեղեկություններ է հաղորդում հույն պատմիչ Արիանոս Փլաբիոսը, որը եղել է այդ ժամանակի նշանավոր մարդկանցից մեկը։

Ալեքսանդրի կենսագրությունն ու նրա արշավանքներն ավելի վառ բնութագրված են Բենիամին Վիլլերի «Մեծն Ալեքսանդր» աշխատության մեջ։

Համաշխարհային պատմությունից մեզ հայտնի է, որ Ալեքսանդրը Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի որդին է, սակայն հիմնվելով 1998 թվականի  «Հայ Զինվոր» շաբաթաթերթում Արմեն Մարտիրոսյանի` Մակեդոնացու մասին  հոդվածի վրա` կարելի է առաջ քաշել մի վարկած, ըստ որի նա ոչ թե Փիլիպոսի, այլ եգիպտական թագավոր Նեքտանեբուսի որդին է։ Վերջինս իր թագավորության անկումից հետո փախել էր Մակեդոնիա և այնտեղ հմայությամբ գայթակղել Փիլիպոսի կնոջը` Օլիմպիային, և նրանց խառնակությունից, ըստ ավանդության, ծնվել է Ալեքսանդրը։

Ըստ Պլուտարքոսի վկայության` մակեդոնացիների Փիլիպոս թագավորն իր հերթական արշավանքի ժամանակ երեք բարի լուր է ստանում։ Առաջինը, որ իր Պարմենեոն զորապետը հաղթել է իլյուրացիներին, երկրորդը, որ իր ձին օլիմպիական խաղերի ժամանակ մրցանակ է շահել, և երրորդը, որ իր կինը որդի է ծնել Ալեքսանդր անունով։  

Ալեքսանդրը ծնվեց մ.թ.ա. 356 թվականին Պելլա քաղաքում, որը նրա հայրը` Փիլիպոսը մայրաքաղաք էր դարձրել Էգեի փոխարեն։

Ըստ Արիստոտելի վկայության` ժառանգականության մասին առանձին օրենք այն ժամանակ գոյություն չուներ, և թագավոր էր դառնում ամենաարժանավորը։

Ք.ծ.ա 5-րդ դարում Մակեդոնիան իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիական խաղերին։ Այդ ժամանակվանից Մակեդոնիայում պետական լեզու դարձավ Ատտեկի լեզուն, և ամենուրեք սկսեց տարածվել հունական մշակույթը։ Հենց այս հանգամանքներում լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։ Նա իր ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր ծագմանը և Մակեդոնիայի կատարյալ որդու գաղափարին։

 Մի անգամ Փիլիպոսի բացակայության ժամանակ Մակեդոնիա են գալիս պարսից դեսպանները, որոնց նա այնպես է դիմավորում և ընդունում, որ պարսիկ հյուրերը հիացմունքով են վերադառնում իրենց երկիրը։

Որքան Ալեքսանդրը մեծանում էր, այնքան Փիլիպոսը ավելի էր համոզվում, որ իր որդուն ստիպողաբար չպետք է կրթության տա, ուստի երբ լրացավ Ալեքսանդրի 13 տարին, նա սկսեց աշակերտել Արիստոտելին։

«Հորս եմ պարտական գոյությամբս,-ասում էր Ալեքսանդրը,-իսկ արժանավոր կյանք վարելու գիտությամբս` Արիստոտել  ուսուցչիս»։

Այսպիսով` կրթություն ստանալով` Ալեքսանդրը 16 տարեկանում դուրս եկավ քաղաքական ասպարեզ։

Ք.ծ.ա 340թ. ամռանը Փիլիպոսը արշավեց դեպի Փոքր Ասիա, իսկ Ալեքսանդրին, ըստ Պլուտարքոսի վկայության, «թողեց յուր կնիքն ու տերության մասին հոգսերը»։

Կյանքի 47-րդ տարում թունավոր նետի հարվածից մահանում է Փիլիպոսը։ Գահ է բարձրանում Ալեքսանդրը, որը ամբողջ Մակեդոնիան գտնում է ծայրահեղ վատ դրության մեջ։ Երկիրը քայքայում էին կենտրոնախույս ուժերը և արտաքին նվաճողները։ Նա անհապաղ ձեռնամուխ է լինում երկրի իշխանության և պաշտպանության ամրապնդմանը։

Այդ ժամանակաշրջանում պարսիկները կռահում են, որ Ալեքսանդրի եռանդը կարող է իրենց էլ վտանգ սպառնալ, ուստի նրանք սկսում են միջոցներ ձեռք առնել խանգարելու դեպի Արևելք նախապատրաստվող Ալեքսանդրի արշավանքներին։ Պարսկական բանակը ուղարկվում է Փոքր Ասիայի հյուսիսային կողմերը  և այնտեղ գտնվող հույներին ստիպում նահանջել դեպի Տրովադա և մասամբ` Եվրոպա։ Ավելի ուշ նրանք սկսեցին կաշառել հույներին, որպեսզի վերջիններս էլ ապստամբեն Ալեքսանդրի դեմ։ Սույն փաստն է պարսից Դարեհ (մ.թ.ա. 336-331 թթ.) թագավորին Ալեքսանդրի գրած նամակում, որտեղ մասնավորապես ասվում է.«Դու լակեդեմոնացիներին և մյուս հույներին դրամ էիր ուղարկում, թեև ոչ մի տերություն, բացի Լակեդեմոնիայից, չընդունեց այն։ Հենց այդ իսկ պատճառով, որ դու կաշառում էիր իմ բարեկամներին, աշխատում էիր իմ ստեղծած դաշնակցությունը ոչնչացնել և այպիսով կռվի սկզբնապատճառ դարձար, ես քեզ վրա կռիվ եկա»։ Ըստ Պլուտարքոսի վկայության` Դեմոսթենեսը Դարեհից 300 տաղանդ էր ստացել։ Հետագայում Ալեքսանդրը Սարդում գտավ մեծ հռետորի նամակները, որոնք լիիրավ ապացույց էին կաշառքի ստացման մասին։

Արդեն մ.թ.ա. 334 թվականի գարնանը ամեն ինչ պատրաստ էր պարսից դեմ պատերազմելու։

Ալեքսանդրը 30 հազար հետևակով և 5 հազար հեծյալով գնում էր մի պետության վրա, որը Քսերքսեսի ժամանակ հույների դեմ 1 մլն զորք էր դուրս բերել։ Պարսկաստանը տարածությամբ 50 անգամ և բնակիչների թվով 25 անգամ մեծ էր Մակեդոնիայից։ Պելլայից դուրս գալուց հետո, 20 օրվա ընթացքում, Ալեքսանդրը հասավ Հելլեսպոնտոսի (այժմյան Դարդանելի) մոտ և այսպիսով մտավ Ասիայի հողը։ Այդ ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր։ Երբ Ալեքսանդրը մտավ Պարսկաստանի հողը, այն ամենահզոր պետություններից մեկն էր համարվում։ Պարսից երկիրը հարստացել էր Աքեմենյան հարստության հիմնադրումից հետո։ Սակայն 4-րդ դարի առաջին կեսից Աքեմենյան հարստությունը քիչ-քիչ գնում էր դեպի անկում։ Դրան հակառակ` սրընթաց մեծանում էին Մակեդոնացու հաջողությունները, որոնց նպաստում էր կայսրության կազմում ընդգրկված երկրների տնտեսական ծանր վիճակը։

Հարկերի և տուրքերի ծանր քանակությունը,որոնք գանձվում էին սատրապություններից, ծառայում էին ոչ թե տնտեսությունը վերականգնելու,այլ ավելի էին պերճացնում պալատական կյանքը և մեծացնում նվաճված երկրների ժողովուրդների ատելությունը։ Բացի այդ, Դարեհ 3-րդի բանակում դոմինանտ դերը դերը պատկանում էր ոչ թե պարսիկներին, այլ վարձկաններին, որոնք հետամուտ չէին Աքեմենյան հարստության պահպանմանը։

Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդրը, գլխավորելով միացյալ հունական զորքերը`  30 հազար հետևակ և 5 հազար հեծյալ, անցավ Հելլեսպոնտոսով և հաղթեց Գրանիկի մոտ տեղի ունեցած ճակատամարտում` լիովին ջախջախելով պարսկական զորքը։

Փոքրասիական քաղաքները, այդ թվում և Սողդերը, իրենց դռները բացեցին Ալեքսանդրի առջև։ Ընդամենը մեկ տարի անց արդեն ամբողջ Փոքր Ասիան գտնվում էր Ալեքսանդրի ձեռքում։ Այնուհետև նա Կիլիկիայի տարածքով շարժվեց Ասորիք։ Սակայն պարսիկները Իսսի բնակավայրի մոտ դուրս եկան նրա դեմ։

Մ.թ.ա. 333 թվականի նոյեմբերին այստեղ տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ պարսիկները ամբողջովին ջախջախվեցին։ Դարեհ թագավորի ճամբարը և ընտանիքը հայտնվեցին Ալեքսանդրի ձեռքում։ Ինքը` Դարեհը, իր մնացած զորքով նահանջեց դեպի Եփրատ գետը։Հաղթանակը այս ճակատամարտում Ալեքսանդրին հնարավորություն տվեց ավելի վստահ շարժվելու դեպի հարավ։ Նա գրավեց Դամասկոսը, այնուհետև` մ.թ.ա. 332թ. համառ դիմադրություն ցույց տվող Թիրը և Պաղեստինի քաղաքները։

Փյունիկիան և Ասորիքը ճանաչեցին հույների իշխանությունը։

Դարեհ արքան դիմեց Ալեքսանդրին` կնքելու հավերժական խաղաղություն` նրան առաջարկելով 10 հազար տաղանդ և մինչև Եփրատ ընկած տարածքները։ Սակայն այդ առաջարկը Ալեքսանդրը չի ընդունում։ Նա շարունակում է իր արշավանքը և ներխուժում Եգիպտոս։ Եգիպտացիներն առանց դիմադրության հպատակվում են նրան։ Այստեղ Ալեքսանդրը իրեն նվիրում է Ամոն աստծո որդիներին և ձեռք բերելով տեղի քրմերի համակրանքը` հիմնադրում Ալեքսանդրիա քաղաքը։

Մ.թ.ա. 331 թվականին Դարեհ 3-րդ արքան հապճեպ զորք է հավաքում և գալիս հանդիպում է Ալեքսանդրին Նինվեի ավերակներից ոչ շատ հեռու գտնվող Գավգամելա վայրում, որտեղ նա, խայտառակ պարտություն կրելով Ալեքսանդրից, փախչում է Մարաստան։ Գրեթե բոլոր մարտերում պարսկական զորքը թվաքանակով միշտ գերազանցել է մակեդոնական զորքին, սակայն վերջիններիս հմուտ կազմակերպվող մարտավարությունը հնարավորություն է տվել նրանց մարտերից դուրս գալ միշտ հաղթանակած։

Հունա-մակեդոնական զորքերը այնուհետև շարժվում են դեպի հարավ։ Շոշը և Բաբելոնը առանց դիմադրության հանձնվեցին Ալեքսանդրին և տվեցին իրենց բոլոր գանձերը։ Շոշից Ալեքսանդրի զորքը շարժվեց լեռնային անցումներով, որտեղ հանդիպեց ակտիվ դիմադրության, այնուհետև հասավ Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիս, որը հանձնվեց առանց դիմադրության։

Պարսկաստանի հինավուրց մայրաքաղաքում նա տիրացավ 120 հազար տաղանդ գանձերի։ Այդ ժամանակ հրկիզվեց Պերսեպոլիսի հիասքանչ պալատը, որի պատճառները մինչև օրս հայտնի չեն. ենթադրվում է ,որ այն կատարվել է կամ քաղաքական նպատակներով,կամ միամտաբար,հարբած զինվորների կողմից։

Մ.թ.ա. 330 թվականի ապրիլին Ալեքսանդրը շարունակում է իր արշավանքները դեպի Արևելք։ Էկբատանում նա թողնում է իր զորավարին` Պարմենեոնին, պահպանելու գրավված գանձերը, իսկ ինքը շարժվում է Դարեհի հետևից, որը հասել էր Բակտրիա։ Այստեղ Ալեքսանդրը, հասնելով Դարեհին, սպանում է նրան և վերջ դնում Աքեմենյան աշխարհակալ հարստությանը։ Տիրելով Աքեմենյան գահին` ինքն իրեն հայտարարում գահաժառանգ։ Հպատակեցրած շրջաններում Ալեքսանդրը միշտ կարող էր գտնել իշխանությունից դժգոհ խմբավորումներ և հենվել դրանց վրա։ Դրանք, օրինակ, փոքրասիական քաղաքների քաղաքների բնակիչների որոշ խավեր էին, կամ եգիպտական քրմերի կաստաներ։

Սատրապությունները սնանկացել էին վայրենի հարկահանության և անխիղճ կառավարման պատճառով։ Աքեմենյանների օրոք հարկերը ծառայում էին պալատական անիմաստ պերճանքի և շքեղության համար։

Այնուամենայնիվ, Ալեքսանդրին Պարսկաստանում համառ դիմադրություն էր ցույց տալիս տեղի տոհմական հասարակությունը։ Արևելքում, հատկապես պարսկական շրջաններում այդ հասարակությունն ուներ համեմատաբար ամուր հենակետեր և կարող էր արևելյան տիրույթների սատրապների գլխավորությամբ կազմակերպել պայքար Ալեքսանդրի դեմ։

Չնայած այս ամենին` հունա-մակեդոնական զորքը գրավել էր Պարթևստանը, Արխան և այլ Աքեմենյան սատրապություններ։

Մ.թ.ա.  329թ. գարնանը մակեդոնացիները կատարեցին դժվար անցում Հինդիկուշի լեռներով և հասան Ամու-Դարիայի ափերը` գրավելով Բակտրիան, Սողդիանան, որոնք հերոսական դիմադրություն ցույց տվեցին ամբողջ 3 տարվա ընթացքում։ Մարաղանդը` ժամանակակից Սամարղանդ դարձավ Ալեքսանդրի շտաբը։ Նրա զորքերը հասան Սակերի երկիր, որտեղ և հիմնվեց մեկ ուրիշ Ալեքսանդրիա քաղաքը։

Մոտ 2 տարի Սողդենի դիմադրությունը գլխավորում էր հերոսական առաջնորդ Սպիտամենը։ Ալեքսանդրի պայքարը միջինասիական ժողովուրդների դեմ խորը հետք թողեց նրանց գիտակցության մեջ։ Միջինասիացիները համոզվեցին պայքարի արդարացիության և հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտության մեջ։

Եվ այսպիսով` 7 տարվա ընթացքում Ալեքսանդրը գրավեց ողջ Փոքր Ասիան, Իրանը, Բաբելոնը, Սողդը և Խորեզմը։ Սակայն Բաբելոնից հայրենիք վերադառնալիս հանկարծակի նրա վրա մի ցեղ է հարձակվում և առաջին անգամ պարտության մատնում։ Ալեքսանդրը ծանր վիրավորվում է և մ.թ.ա. 323թ. հունիսի 13-ին մահանում բաբելական տիրույթների պերճաշուք մի պալատում։ Մահվան պատճառները ստույգ պարզված չեն մինչ օրս, սակայն, կան մի քանի վարկածներ, ըստ որոնց, ենթադրվում է, որ նա մահացել է կամ մալարիայից, կամ թոքաբորբից, կամ աղիքային հիվանդությունից, իսկ վերջերս էլ պարզվել է, որ մահացել է հարբեցողությունից։

Նրա տիրույթները բաժանվեցին իր զորավարների միջև։ Իրանը և նրան հարող շրջանները բաժին հասան Սելևկիոսին, որի անունով էլ կոչվեց ստեղծված կայսրությունը` Սելևկյան։

Մակեդոնացին համարվում է բոլոր ժամանակների ամենատաղանդավոր քաղաքական, ռազմական և հասարակական գործիչներից մեկը, թերևս, ամենաերիտասարդը ամենատաղանդավորներից։ Նա կարճ ապրեց, բայց փայլեց համաշխարհային պատմության երկնակամարում որպես պայծառ մի աստղ, և նրա կյանքն ու գործունեությունը առ այսօր ուսումնասիրության և հիացմունքի առարկա են։

                                                                            Գարիկ Ավետիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...