2013-08-15 11:24
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
Արարատ Ղուկասյան
Հայաստանի բանկերի միության նախագահ
Հարգելի պարոն Ղուկասյան, արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղեցնում եք Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը։ Ի՞նչ կասեք Ձեր գործունեության մասին որպես միության նախագահ։
Որպես Բանկերի միության նախագահ` առաջին հերթին ես ցանկանում եմ շարունակել այն բոլոր դրական ավանդույթները, որոնք արդեն երկար տարիների ընթացքում ձևավորվել են բանկային համակարգում։ Բանկերի միության ուշադրության կենտրոնում են գտնվում միության անդամ բանկերի շահերի պաշտպանությունը եվ բանակային գործունեցությունը կարգավորող օրենսդրական, դատական եվ կանոնակարգային միջավայրերի բարելավումը։ Որպես Միության Նախագահ ես նաև ունեմ ներկայացուցչական պարտականություններ` ներկայացնել Բանկերի միությունը տարբեր միջոցառումների ժամանակ և հասարակության տարբեր շերտերի առջև։
Ինչպիսին են ՀԲՄ-ի փոխհարաբերությունները ՀՀ Կենտրոնական բանկի և հայաստանյան մյուս բանկերի հետ։
ՀՀ-ում գրանցված բոլոր 22 բանկերը հանդիսանում են բանկերի միության անդամներ։ Ի դեպ, այս տարվա հունիսին նշվելու է միության հիմնադրման 15 ամյակը։ Բոլոր բանկերը` որպես հիմնադիրներ, մասնակցում են միության կառավարմանը, այդ թվում նաև ընթացիկ և տարեկան ծրագրերի հաստատմանը։ Հայաստանի բանկերի միությունը` որպես միասնական օրգան, ներկայացնում է բանկերի միասնական կորպորատիվ շահերը, այդ թվում նաև Կենտրոնական բանկի հետ հարաբերությունների հարցում։ Բնական է` Կենտրոնական բանկը ունի իր խնդիրները եվ տեսակետները այդ թվում բանկային գործունեության կանոնակարգման վերաբերյալ, որոնք իրականացնելը երբեմն առաջացնում է տարակարծություններ բանկերի հետ` հատկապես կանոնակարգման դաշտի մասով, որտեղ առևտրային բանկերը ցանկանում են ունենալ արդյունավետ կանոնակարգում` օրենքի շրջանակներում իրենց գործունեցությունը իրականացնելու նպատակով։ Կենտրոնական բանկի հետ մեր հարաբերությունները գործընկերային են և տարիների ընթացքում ձևավորված մոտեցումը հետևյալն է` փորձել Կենտրոնական բանկին ներկայացնել բանկերին հուզող հարցերը և հնարավորությունների սահմանում ստեղծել բանկերի գործունեության համար ընդունելի և նպաստավոր կանոնակարգային դաշտ։
Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ բանկային համակարգի գործունեությունը 2009-ի տնտեսական ճգնաժամի պայմաններում, և որո՞նք են 2010-ի միտումները. արդյո՞ք տնտեսական ճգնաժամն ավելի խորը և ծանր կլինի ՀՀ-ի համար։
Տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2009թ-ին` տնտեսության կրճատում, ազգային արժույթի արժեզրկում, որի պարագայում տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը ուներ մտավախություն հետագա ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ, կարծում եմ կարելի է միանշանակորեն պնդել, որ մեր բանկերը գտնվեցին բարձունքի վրա, իրենց վրա վերցնելով արտարժութային տատանման հարվածի զգալի մասը եվ պատվով դուրս եկան այդ փորձությունից։ ՀՀ-ում չսահմանափակվեց որևիցէ բանկի հաճախորդի ավանդը կամ այլ ակտիվը տնօրինելու իրավունքը, որը մեծ ձեռքբերում էր ի տարբերություն առավել զարգացած երկրների, որտեղ ֆինանսական համակարգը կանգնեց կործանման եզրին` ի վիճակի չլինելով սպասարկել իր հաճախորդներին։ Դրան զուգահեռ բանկային համակարգը կարողացավ դրսևորել նաև աճի տեմպեր` տարվա վերջի դրությամբ գրանցելով համեստ, բայց կայուն աճ գրեթե բոլոր ցուցանիշներով` պարտավորություններ, ակտիվներ, կապիտալ։ Վերջինիս մասով կուզենայի ավելացնել, որ այն շատ լավ ազդակ էր բանկերի բաժնետերերի կողմից. կատարելով կապիտալի համալրում մի շարք բանկերում` նրանք ցուցաբերեցին իրենց վստահությունը և հավատը բանկային համակարգի շարունակական գործունեության նկատմամբ։ Կուզենայի նաև նշել ՀՀ կառավարության և ԿԲ-ի միջոցով բանկերի կողմից իրականացված վարկավորման վերաֆինանսավորման մասին, որը ժամանակին էր և նպաստեց ֆինանսական միջնորդության ակտիվացմանը` կոտրելով այն անորոշության սառույցը, որ ձևավորվել էր 2009-ի 2-րդ կիսամյակի սկզբին։
Ընդհանուր առմամբ եվ հաշվի առնելով իրավիճակը, բանկային համակարգի գործունեությունը 2009-ին դրական էր, իսկ 2010-ին ինչպես տեսնում եք, այդ դրական միտումները շարունակվում են։ Սակայն կուզենայի նշել, որ բանկերը շարունակելու են իրենց զգուշավոր մոտեցումը` ելնելով առաջին հերթին ավանդատուների շահերի պաշտպանությունից։ Նման մոտեցումը արդարացված է, եթե հաշվի առնենք, որ վերջին գնահատականների համաձայն մենք վերականգնելու ենք 2007-2008 թվականների ՀՆԱ-ն միայն 2014-ին։
Ինչպիսի՞ն է այսօր ՀՀ բանկերի ռիսկայնության մակարդակը։ Ինչ միջոցներ են կիրառվում դրանք նվազեցնելու և կարգավորելու ուղղությամբ։
ՀՀ բանկերը իրենց հիմնարար ցուցանիշներով միշտ էլ գտնվել են պատշաճ մակարդակի վրա։ Նշեմ, որ կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը ՀՀ բանկային համակարգի համար շատ ավելի բարձր է, քան եվրոպական կամ ամերիկյան բանկերում։ Դա նաև արդյունք է տարիներ շարունակ ԿԲ-ի կողմից վարվող խիստ վերահսկողական քաղաքականության, որն իր պտուղները տվեց 2009թ-ին` ապահովելով բանկային համակարգի կայունությունը։ ՀՀ բանկերում այսօր կան ռիսկերի կառավարման պատշաճ համակարգեր, գիտակ և բարձրորակ մասնագետներ։ Ինչ խոսք, բանկերը ներկայումս առավել մեծ ուշադրություն են դարձնում վարկային և արտարժութային ռիսկերի կառավարմանը։ Հենց այն փաստը, որ ազգաբնակչությունը, 2009թ. վստահելով բանկերին, մեծացրեց իր ավանդային պարտավորությունները, խոսում է այն մասին, որ բանկերը կարողանում են ռիսկերը ճշգրիտ գնահատել և վերահսկել իրավիճակը։ Հաճախորդը համոզվում է, որ գործ ունի վստահելի, հուսալի ֆինանսական կառույցի հետ։
Ինչպե՞ս կազդի ՀՀ ԿԲ-ի կողմից արձանագրվող գնաճը 2010թ. ՀՀ բանկային համակարգի գործունեության և վարկային քաղաքականության վրա։
Գնաճը, ինչ խոսք, նշանակում է նաև փողի թանկացում, որովհետև ավանդատուները ակնկալում են առավել բարձր եկամտաբերություն իրենց դրամական միջոցների համար։ Բնականաբար դա ազդելու է նաև ներդրումային ծրագրերի, գների վրա, այսինքն ֆինանսաբանկային համակարգի, կամ ինչպես ընդունված է ասել շուկայի մասնակիցների կողմից կատարվելու են համապատասխան ճշգրտումներ։ Կարծում եմ, որ կարճաժամկետային առումով բանկերը փորձելու են փողի թանկացումը կլանել իրենց սեփական շահութաբերության հաշվին, առանց այն հաճախորդներին փոխանցելու։ Հետագա ընթացքը կախված կլինի երկարաժամկետ զարգացումներից, հատկապես ավանդատուների վարքագծից, որովեհտև բանկի ռազմավարության հիմնական կողմերը վարկառուները և ավանդատուներն են, որոնց վճարունակությունը եվ խնայողություն կուտակելու ունակությունը մի շարք այլ գործոններից բացի կախված է նաև գնաճից։
Հանրությանն այսօր հուզող խնդիրներից է ՀՀ-ում իրականացվող վարկային քաղաքականությունը։ Ի՞նչ կասեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման քաղաքանության մասին։ Արդյո՞ք կառավարության կողմից սահմանված նախնական չափանիշները համապատասխանում են ՀՀ իրականությանը։ Միջին և ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին միթե՞ հասու կլինի օգտվել այս ծրագրից։ Մեր աշխատաշուկայում առկա իրավիճակը (փաստացի և օրինական աշխատավարձերի անհամապատասխանություն, ստվերային եկամուտներ և այլն) հաճախ խոչընդոտում է փաստաթղթային մակարդակով օրինական ռեալ պայմանագրային հարաբերություններ իրականացնել բանկի և վարկառուի միջև։ Ի՞նչ կասեք այս մասին։
Գնահատականս այս ծրագրի նկատմամբ միանշանակ դրական է, այդ թվում նաև այն պատճառով, որ այն նպատակային է։ Հնչում են կարծիքներ, որ հատկացված գումարը փոքր է եվ այն չի բավականացնելու ծրագրի լիարժեք իրականացման համար։ Բայց եկեք սկսենք փոքր գումարով, հետագայում ծրագիրը կայանալու և դրական արդյունքներ տալու դեպքում լրացուցիչ գումարներ անպայման կհայթայթվեն։ Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում սահմանված նախնական չափանիշներին, արդյո՞ք դրանք միջինից ցածր կամ միջին եկամուտներ ունեցող երիտասարդների համար են, թե ոչ, կարող եմ ասել, որ հաշվարկի համար պետք է վերցնել ոչ թե վարկավորման առավելագույն գումարի չափը, այլ այն չափը, որը համահունչ է երիտասարդ ընտանիքի եմակուտներին` հաշվի առնելով նաև ընտանիքի խնայողությունները։
Իսկ ինչ վերաբերում է վարկեր վերցնելուն խոչընդոտող հանգամանքներին, հատկապես աշխատավարձի տեղեկանքի մասով, որովհետև բազմիցս անգամ նշվում է, որ դիմորդների մոտ իրական եկամուտները ավելի բարձր են, քան փաստաթղթում նշվածը։ Հասկանում եմ, որ մենք բոլորս կախված ենք այն միջավայրից, որտեղ ապրում եվ աշխատում ենք, սակայն մեզամից ամեն մեկը առանձին եվ երևի թե մեր հասարակությունը ամբողջովին պետք է գիտակցի, որ ստվերային տնտեսության դեմ պետք է պայքարել համատեղ և միասին։ Լինի դա սեփական բիզնես, թե վարձու աշխատանք։ Մեր երիտասարդները, որոնք առաջին հերթին Հայաստանի հանրապետության քաղաքացիներ են, պետք է նախ և առաջ իրենց առջև դնեն հետևյալ հարցադրումը, ո՞րն է ավելի լավ. աշխատել և գործել թափանցիկ ֆորմալ տնտեսական դաշտում` միգուցե ավելի ցածր եկամուտներով, և այս դեպքում ունենալ բավարար վարկունակություն և օգտվել նման ծրագրերից, թե ՞ աշխատել ստվերում։ Նմանատիպ նպատակային ծրագրերը կնպաստեն նաև ստվերի դեմ պայքարին։ Սա ճանապարհ է, որով պետք է անցնենք միասին։
Մինչ զրույցն ավարտելը ի՞նչ կմաղթեք հայ կանանց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Ես հայ կանանց առաջին հերթին կմախթեմ, որ միշտ մնան գեղեցիկ և հրապուրիչ, և շարունակեն իրենց հիմնական առաքելությունը, որ իրականացնում են դարեր շարունակ` նեցուկ լինել հայ տղամարդկանց։ Ինչպես ասում է Գյոթեն, մեզ վեր է հանում հավերժ կանացին։ Երջանիկ եղեք սիրելի կանայք։
Թեհմինա Արզումանյան։
Վերադառնալ