2013-08-14 11:16
«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)
Հայուհի Քրիստինա Այանյանը՝
«Միսս Մասաչուսեթս-2013»
«Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է»։
Կոնստանտին Ստանիսլավսկի
Հայուհի Քրիստինա Այանյանը հաղթող է ճանաչվել Մասաչուսեթսի կրթաթոշակային ֆոնդի կազմակերպած «Մասաչուսեթս նահանգի միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում։ Նա յոթ տարեկան հասակից մասնակցել է նմանատիպ մրցույթների։ Տասը տարեկանում Քրիստինան ճանաչվել է «Միսս Բոսթոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող։ Այժմ նրա երազանքն է նվաճել «Միսս Ամերիկա» տիտղոսը։
«Կարող եմ վստահ ասել, որ հաղթանակս իմ կատարած մեծ աշխատանքի արդյունքն է, քանի որ սա զուտ գեղեցկության մրցույթ չէ, հաշվի են առնվում ուսման մեջ առաջադիմությունը, տաղանդը, ինքնարտահայտվելու կարողությունը հարցազրույցի ժամանակ, սպորտով զբաղվելը, հասարակական գործունեությունը։ Ես ձգտել եմ բոլոր պահանջներին համապատասխանել և հասնել լավագույն արդյունքի. դաշնամուր եմ նվագում, խաղում եմ թատերական ներկայացումներում, իրականացնում եմ հասարակական աշխատանք՝ ուղղված սովի դեմ պայքարին, կազմակերպում եմ բարեգործական ճաշկերույթներ և այլն։ Այժմ պատրաստվում եմ պայքարելու «Միացյալ Նահանգների միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին Օրլանդո քաղաքում»,-նշեց Քրիստինա Այանյանը։
Որպես մրցանակ Քրիստինան ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար կրթաթոշակ ուսումը համալսարանում շարունակելու համար, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ հովանավորներից։
Քրիստինան գերազանց առաջադիմության համար մրցանակներ է ստացել ԱՄՆ երկու նախագահներից՝ Ջորջ Բուշից և Բարակ Օբամայից։ Նա պարգևատրվել է «Լևոն արքա» մեդալով հայոց լեզվի դասերը գերազանցությամբ ավարտելու համար, որով Քրիստինան շատ է հպարտանում՝ համարելով, որ մի փոքրիկ մասնիկ ունի հայոց պատմությունից։
Քրիստինան թղթակցում է ABC հեռուստաընկերության «Մանկապատանեկան նորություններին», որի շրջանակներում լուսաբանում է Emmy մրցանակաբաշխությունը։ Նա հնարավորություն է ունեցել բացառիկ հարցազրույց ունենալ Նորին Թագավորական Մեծություն Անգլիայի արքայազն Էդուարդի հետ։
«Ինձ դուր է գալիս հեռուստալրագրությունը, հատկապես՝ սպորտային, երազում եմ ունենալ մեծ հեռուստանախագիծ»,-ավելացրեց Քրիստինա Այանյանը։
Հայազգի 16-ամյա այս գեղեցկուհին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց հիանալի տիրապետում է հայերենին և ամենուր ներկայանում է որպես հայուհի։ Նրա մեջ հայրենիքի և հայոց լեզվի նկատմամբ սեր է ներշնչել մայրը՝ Լուսինե Շահնազարյանը. «Մենք տանը մշտապես խոսել ենք հայերեն, Քրիստինան ավարտել է Սրբ. Ստեփանոս ազգային վարժարանը, որտեղ նա ստացել է հայկական կրթություն։ Քրիստինան այժմ սովորում է ամերիկյան բարձրագույն դպրոցի 11-րդ դասարանում և շատ լավ տիրապետում է նաև անգլերենին»։
Մեզ հետ զրույցում Քրիստինան պատմեց, որ գրեթե ամեն տարի գալիս են Հայաստան. «Ես սիրում եմ Հայաստանը, և ամեն տարի անհամբերությամբ սպասում եմ մեր գալուն։ Հայաստանում շատ հարազատներ և ընկերներ ունեմ, որոնց կարոտում եմ։ Սիրում եմ Հայաստանի օդը, բնությունը, գեղատեսիլ վայրերը։ Եղել եմ նաև Արցախում և շատ եմ հավանել։ Ցավում եմ, որ այս տարի կարճ ժամանակով ենք եկել»։
ՀԳ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը շնորհավորում է Քրիստինա Այանյանին հաղթանակի առթիվ և հաջողություն մաղթում «Միացյալ Նահանգների միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում։ Թող նրա յուրահատկությունների շարքում մշտապես գերակա տեղ ունենա հայուհու վառ կերպարն ու դրան բնորոշ առանձնահատկությունները։
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ