10:27
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ստեղծել եմ նոր ճյուղ և այն անվանել արդի մանրանկարչություն»

2013-07-27 11:47

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Արմեն Դանեղյան. «Ստեղծել եմ նոր ճյուղ և այն անվանել արդի մանրանկարչություն»

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթը և բնապատկերները։ Առօրյա կյանքի ասպեկտներն արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ։

Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում։ Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես /Իվան/ Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում։ 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում։ Այցելությունը Սարյանի այգի Ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ։

«Քո ոճը մանրանկարչության մեջ նոր խոսք է» այս բառերը հաճախ է լսում նկարիչ Արմեն Դանեղյանը, ում նկարները նայելիս ցանկություն է առաջանում շոշափելու՝ թվում է, թե մատերդ կզգան կարպետի խավն ու խաչքարի խորդուբորդը։

«Ելնելով միջնադարյան հայ մանրանկարիչների աշխատանքներից ստեղծել եմ նորը՝ ժամանակակիցը։ Սա հայ մանրանկարչության մեջ նոր ուղղություն է։ Կարգախոսս է՝ «Առաջ շարժվելով անցյալի հիման վրա՝ ստեղծել նորը»։

Այս առիթով զրուցեցինք  Հայաստանի Հանրապետության սիրված նկարիչներից մեկի`Արմեն Դանեղյանի հետ։

Արմեն Դանեղյանը ծնվել է 1967թ.-ին Երևանում։ Մանկուց ընտրել է իր մասնագիտությունը. «Փոքր տարիքում շատ եմ սիրել նկարել՝ կրթություն եմ ստացել արվեստի քոլեջում, ապա արվեստի համալսարանում, այնուհետև գեղարվեստի ակադեմիայում, ապա արտասահմանում»,-պատմում է մանրանկարիչը, ում աշխատանքները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների՝ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Իրանում։

«Մեծ համբերություն, տաղանդ, համապատասխան կրթություն, աշխատասիրություն, դուրս գալ սահմանափակ մտածողությունից և զարկ տալ երևակայությանը»,- Դանեղյանի բնորոշմամբ այս է ճշմարիտ մանրանկարչության ուղին։ Իսկ ամենակարևորը նրա համար հայրենի հողում ստեղծագործելն է. «Շատերը ինձ հարցնում են` ինչու չես տեղափոխվում Հայաստանից։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ճիշտ է, Հայաստանում մշակութային ոլորտի հետ կապված դժվարությունները հսկայական են, սակայն ավելի շատ մտածում եմ այդ դժվարությունները հաղթահարելու մասին։ Գնալ չեմ ուզում, փոխարենը դա եմ փափագում, ու կարծում եմ ի վերջո կգա այդ օրը»։

Նրա մասին առավել մանրամասն ծանոթանալու համար կարելի է ուղղակի այցելել նրա անձնական վեբկայքը

 http։//www.danart.am/home/gallery.html։

-Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք դառնալ նկարիչ։

-Նկարել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից։ 12 տարեկան էի, երբ սկսեցի հաճախել այն ժամանակ նոր ստեղծված Մանկական գեղագիտական կենտրոն։ Հաճախում էի տարբեր խմբակների. գեղարվեստական ձևավորում, լինոգրաֆիա և այլն։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Գեղարվեստի ուսումնարանում։ 90-ական թվականներին կարճ ժամանակով լինելով արտերկրում, մասնագիտական  ուսումս շարունակեցի Միացյալ Նահանգներում։ Վերադառնալով Հայաստան, սկսեցի մասնակցել խմբակային ցուցահանդեսների, իսկ 1997 թվականին ունեցա իմ առաջին անհատական ցուցահանդեսը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում։ Այնուհետև ունեցա անհատական ցուցհանդեսներ Չարենցի տուն-թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ Ունեցել եմ նաև բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Իրանում և այլն։ Արտերկրում անհատական  ցուցահանդեսների կազմակերպման հարցում ինձ աջակցել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայ առաքելական եկեղեցու թեմերը, art գործակալները և  սփյուռքահայ համայնքի ներկայացուցիչները։ 2005 թվականին Եվրախորհրդի հրավերով մեկնեցի Ստրասբուրգ և ունեցա անհատական ցուցահանդես Եվրախորհրդի կենտրոնակայանի շենքում։ Ցուցահանդեսի բացման արարողությունը կայացավ ապրիլի 22-ին։ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև կրքերը բավական բորբոքված էին,  և չնայած ցուցահանդեսը չէր առնչվում ցեղասպանության թեմային, և բացման օրը պարզապես զուգադիպել էր Հայոց ցեղասպանության 90 ամյակի տարելիցին, այնուամենայնիվ, Թուրքիայի պատվիրակությունը քաղաքական ենթատեքստ գտնելով տվյալ միջոցառման մեջ, ցանկացավ խափանել այն։ Բայց ցուցահանդեսը կայացավ ու արժանացավ  Եվրախորհրդում ներկայացված տարբեր պետությունների պատվիրակությունների բարձր գնահատանքին։

-Մտավորական ու նկարիչ մարդու Ձեր բնորոշումը։

-Կարծում եմ, ցանկացած նկարիչ մտավորական է։ Այլ բան է, որ ոմանք այդ մասին բարձրաձայնում ենք, իսկ մյուսները լռում և իրենց գործն անում։

- Մենք ունե՞նք մտավորականություն ու լավ նկարիչներ։

- Մտավորականություն հասկացությունը ներառում է ոչ միայն նկարիչներին և արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչներին։ Իհարկե, մենք ունենք շատ լավ նկարիչներ։ Բայց, ինչպես բոլոր բնագավառներում, նկարիչները ևս խմբերի են բաժանված, ու գործում են անջատ-անջատ, երբեմն փորձելով ցեխ շպրտել իրենց մյուս կոլեգաների վրա։ Ինչպես ամեն ոլորտում, այստեղ էլ առկա է մասնագիտական խանդի գործոնը։

 

-Ի՞նչը կարող է միավորել նկարիչներին։

-Կարծում եմ, նկարիչներին կարող է միավորել արվեստը փրկելու բաղձանքը, հասարակության մի հատվածին անճաշակության ճահճից հանելու ցանկությունը և այլ գործոններ։

-Ի՞նչը կոտրեց միասնականությունը նկարիչների միջև։

-Կարծում եմ, կուռ միասնակություն նկարիչների միջև երբեք էլ չի եղել։ Պարզապես խորհրդային ժամանակաշրջանում այլ համակարգ էր, որտեղ կար ընդամենը մեկ նկարիչների միություն, որի անդամ էին դառնում որոշակի չափորոշիչներին համապատասխանող արվեստագետներ։ Բայց հիմա կան բազմաթիվ միություններ, խմբեր, կազմակերպություններ, որոնք ներառում են տարբեր հայացքներ և ճաշակ ունեցող նկարիչների։ Լավ է դա, թե վատ, այդ մասին կարծիքները բազմազան են։ Ես նույնպես ձեռնպահ կմնամ այդ երևույթին գնահատական տալուց։ Համենայն դեպս, ես չեմ մտնում ոչ մի միության կամ խմբի մեջ, գերադասելով անկախ նկարչի կարգավիճակը։

-Հավատու՞մ եք, որ կգան համախմբման  ժամանակները։

-Եթե խոսքը նկարիչների համախմբման մասին է, ապա կասեմ հետևյալը, նկարիչները մեր հասարակության մի մասնիկն են։ Քանի դեռ մեր հասարակությունը բաժանված է բազմաթիվ քաղաքական հոսանքների, չեմ կարծում, որ նկարիչներն՝ առաձնանանալով հասարակությունից, ի վիճակի են առանձին համախմբվել։ Երբ հասարակությունը համախմբվի, մեխանիկորեն կհամախմբվեն նաև նկարիչները, բայց, ցավոք, մոտ ապագայում ես չեմ տեսնում դա։ 

-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական ու նկարիչ մարդու առջև։

-Ցավոք սրտի, մեր հասարակության զգալի մասը պահանջ ունի արդարության և սոցիալական պայմանների բարելավման։ Եվ չեմ կարծում, որ, համենայն դեպս այսօր, նկարիչների հանդեպ հասարակությունն ինչ-որ պահանջներ ունի։ Չնայած, ինչպես ասացի, նկարիչներն էլ հասարակության մի մասն են։

-Ո՞րն է մտավորականի ու նկարչի տեղը։

-Նկարչի տեղն իր արվեստանոցն է, իսկ եթե լուրջ, շատ նկարիչներ, ցավոք, կորցրեցին իրենց տեղն արվեստի աշխարհում, չկարողանալով իրենց մասնագիտությամբ կերակրել իրենց ընտանիքներին։ Ոմանք դիմանալով դժվար պայմաններին, մինչ օրս շարունակում են իրենց ստեղծագործական աշխատանքը, ամուր մնալով իրենց տեղում։ Այսինքն, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որն է  իր տեղը։ Կարևորը, որ ցանկացած նկարիչ չտեսնի իր տեղը հասարակությունից դուրս։

-Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում։

-Մեր երկրում այնքան շատ բաներ են ինձ անհանգստացնում։ Ցանկը շատ մեծ է։ Այս հարցի պատասխանը կարող եք ստանալ, եթե հարցնեք փողոցում քայլող յուրաքանչյուր անցորդի։ Հաշվեք, որ ես նրանցից մեկն եմ։

-Մի՞թե Արմեն Դանեղյանը հիասթափված է։

-Կարծում եմ, հիասթափված են շատերը։ Բայց երևի արվեստագետների մոտ հիասթափությունն ավելի հեշտ է հաղթահարվում, քանի որ ստեղծագործելու պահին հիասթափությունը մղվում է երկրորդ պլան, և արվեստագետը մտնում է իր սեփական աշխարհն՝ իր ետևից փակելով դռները՝ թույլ չտալով որևէ մեկին ներխուժել այնտեղ։ Իհարկե, հիասթափությունը մնում է դրսում։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Երազում եմ, որ մեր ժողովրդի դեմքին ավելի շատ ժպիտ հայտնվի։ Երազում եմ, որ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը միշտ ավելի լի լինի, քան մեկնման սրահը։ Որ գա այն օրը, երբ ամեն մեկը զբաղվի իր գործով, այլ ոչ թե պատգամավորը լինի բիզնեսմեն, թոշակառուն՝ հավաքարար, ֆիզիկոսը՝ բեռնակիր, բժիշկը՝ տաքսու վարորդ, ուսուցիչը՝ մատուցող և այլն։

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ նկարիչները։

-Կարծում եմ մեր երկրում երիտասարդ նկարիչները խիզախ  էնտուզիաստներ են, քանի որ կանգնած են մեծ խոչընդոտների առջև, հատկապես նյութական։ Բայց իրենց մեջ այնքան մեծ է արվեստի հանդեպ սերն ու խանդավառությունը, որ իրենք պատրաստ են հաղթահարելով այդ դժվարությունները, գնալ առաջ և տարածել իրենց ասելիքը հասարակության մեջ։ Ես միայն գովասանքի խոսքեր կարող եմ ասել երիտասարդ նկարիչների մասին։

-Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք։

-Ավանդույթներն, իհարկե, պետք  է պահպանել։ Բայց ժամանակի թելադրանքով այս բնագավառում ևս պետք է լինեն փոփոխություններ։ Պետք է չվնասել անցյալի ստեղծած արժեքները, բայց նաև քայլել ժամանակակից աշխարհի կանոններով։ Կարծում եմ այլ ճանապարհ չկա։

- Խոսք ուղղված մեր հայ մտավորականներին ու նկարիչներին։

-Ընդհանրապես ես չէի ցանկանա ինչ-որ խոսք հղել նկարիչներին, քանի որ նրանց մեջ կան նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ և  նրանց խորհուրդներից ես պետք է օգտվեմ։ Կան նաև երիտասարդ նկարիչներ, որոնց հետ ես կարող եմ կիսել իմ փորձը։

-Եթե Ձեզ առաջարկեին այլ մասնագիտություն, կհրաժարվեի՞ք նկարելուց։

-Չեմ կարող միանշանակ պատասխանել այս հարցին։ Բայց եթե ես այլ մասնագիտության տիրապետեի այնպես, ինչպես նկարչությանը, ապա միգուցե փորձեի համատեղել, չնայած, առաջին տեղում, իհարկե, կլիներ նկարչությունը։

- Եթե կարողանայիք ժամանակը հետ տալ, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում։

-Բարեբախտաբար, ժամանակն անհնար է հետ տալ։ Ես սիրում եմ նայել միայն առաջ։ Իսկ փոփոխությունների առումով, երևի թե ոչ մի բան էլ չէի փոխի, թող ամեն ինչ գնա իր հունով։

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր առաջիկա ծրագրերի մասին, որքա՞ն հաճախակի եք մասնակցում ցուցահանդեսների։

- Նախընտրում եմ հանդես գալ անհատական ցուցահանդեսներով։ Մասնակցում եմ նաև խմբակային ցուցահանդեսների։ Վաղուց Հայաստանում անհատական ցուցահանդես չեմ ունեցել, մտածում  եմ, մոտ ժամանակներս ցուցադրել իմ նոր աշխատանքներն այստեղ։ Արտերկրից որոշ հրավերներ ունեմ, բայց դեռ չեմ կողմնորոշվել, թե որ տարբերակն է ավելի հարմար։

-Իսկ ո՞րն է Ձեր սիրած նկարիչը` ում ոճով նկարել եք, և մինչ օրս առաջնորդվում  եք աշխատելիս։

-Քանի որ իմ ստեղծած արվեստի ճյուղը ես անվանել եմ արդի մանրանկարչություն, տրամաբանական է, որ իմ սիրելի նկարիչը  միջնադարյան մանրանկարիչներից է՝ Թորոս Ռոսլինը, ում գույների, մանրանկարչական պլաստիկայի և կոմպոզիցիոն բարդ լուծումների  տպավորության ներքո տարիներ առաջ ես սկսեցի անել իմ առաջին քայլերը։

- Կա՞ մի բան, որ  չասել չեք կարող։

-Մեր հասարակության մեջ կան տարբեր տեսակի մարդիկ։ Ցավոք, գոյություն ունի մի փոքր զանգված, որի պատճառով արժեզրկվում են գլխավոր արժեքները, իմ մեջ առաջացնելով ատելություն իրենց հանդեպ։ Ես ատում եմ այն վայ հայրենասերներին, որոնք կոչ են անում գրավել Բաքուն ու Ստամբուլը, բայց երբ ժամանակն է գալիս զենք վերցնելու, ամեն կերպ ճողոպրում են տարբեր ճանապարհներով։ Ես ատում եմ այն սուտ ազգասերներին, որոնք քննադատում են արտագաղթողներին և հայտարարում, որ իրենք երբեք չեն լքի հայրենիքը. բայց առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են վաճառել իրենց գույքն ու լքել հայրենիքը, փնովելով մնացողներին։

-Ձեր խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին ու սկսնակ նկարիչներին։

-Երիտասարդ նկարիչներին կմաղթեի չկորցնել հավատը ապագայի նկատմամբ, շարունակել զբաղվել իրենց ընտրած մասնագիտությամբ, հաղթահարել բոլոր խոչընդոտները, զարգացնել հայ մշակույթը և տարածել այն Հայաստանի սահմաններից դուրս։

Գարիկ Ավետիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...