15:46
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շինարարության մեջ աննշան ոչինչ չկա. մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, որն ամենաթանկն է

2013-07-26 11:19

«Դե Ֆակտո» 67 (2011թ.)

Արմեն Ավետիսյան, «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ տնօրեն

-Պարո՛ն Ավետիսյան, ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը, և ի՞նչ գործունեություն է ծավալում։

-«Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն  հիմնադրվել է 2002 թ., զբաղվում է կապիտալ շինարարությունով։

-Ո՞րն է ընկերության գործունեության հիմնական նպատակը։

-Ընկերության հիմնադիրները զբաղվում են ՀՀ-ում և Արցախում ներդրումային գործունեությամբ (ոսկերչություն, ժամագործություն, բանկային գործունեություն, շինարարություն, անասնապահություն, մեղվաբուծություն, քարհանքային գործունեություն և այլն)։ Շինարարությունն ուղղակի հիմնադիրների ներդրումային գործունեության մեկ ոլորտն է։ Հիմնական նպատակն է ամրացնել հայրենիքի տնտեսությունը և ստեղծել աշխատատեղեր։ Այսօրվա դրությամբ մեր հիմնադիրների կողմից ներդրումային գործունեության շնորհիվ` աշխատանք են գտել մոտ 1000 մասնագետ։

-Ո՞րն է «Իտարկո Քոնսթրաքշն» շինարարական կազմակերպության կայացման հիմնական գրավականը։

-Ընկերության կարճաժամկետ ռազմավարական ծրագիրն է ստեղծել համապատասխան պայմաններ բարձր որակ ստանալու համար։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և կրթում ենք մեր մասնագետներին, որ իրենք կարևորեն շինարարական տեխնոլոգիայի մեջ նույնիսկ «ամենաաննշան» բաղկացուցիչ տարրերը։ Նպատակն այն է, որ շինարարության մեջ աննշան ոչինչ գոյություն չունի. մենք գործ ունենք մարդկանց կյանքի հետ, որն ամենաթանկն է։ Բացի այդ, մենք ունենք ողբերգական փորձ` Գյումրին և Սպիտակը։ Այսօրվա մրցակցային շուկայում կարելի է հասնել հաջողության և կայանալ` միայն որակ ապահովելով և նոր տեխնոլոգիաներ կիրառելով։ Դա է մեր նպատակը և որպես օրինակ` կարող եմ բերել ք. Երևան, Սևակի 9 հասցեում մեր կողմից կառուցվող շենքը, որը կառուցվում է սեյսմիկ մեկուսացմամբ։ 

 

Նախ` ապահովություն, հետո հարմարավետություն և, իհարկե, օպտիմալ գին. սա է մեր առաջարկը։

 

-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ սկզբունքով եք աշխատում։

-Մեր սկզբունքն է հասկանալ մեր սպառման շուկան և փորձել բավարարել այդ պահանջարկը, ապահովելով մարդկանց նախ` ապահովություն, հետո հարմարավետություն և, իհարկե,  օպտիմալ գին։ Օպտիմալ գին հասկացողությունը նշանակում է վճարել ինչ-որ նվազագույն արժեք բարձր որակի համար։ Ամեն ինչը չէ, որ եթե ցածր գին ունի, ուրեմն` լավն է։ Կարծում եմ` ամեն ինչ իր գինն ունի, և կան այնպիսի բաներ, որոնց համար գումար խնայելն ուղղակի հանցագործություն  է։

-Ո՞րն է Ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը։

-Մեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը մեր թիմն է,  մեր մասնագետներն են։

-Ի՞նչ գնահատական կտաք հայկական ներկայիս ճարտարապետությանը և անշարժ գույքի շուկային։

-Հայկական ճարտարապետության մասին կարող եմ հայտնել սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիք։ Սուբյեկտիվ կարծիք չեմ հայտնի, որովհետև դա անհատական ընկալման խնդիր է։ Իսկ օբյեկտիվ կարծիքն այն է, որ քաղաքաշինության տեսանկյունից ներկայումս շենքերի կառուցմանը խթանող հիմնական ուժը հանդիսանում է բիզնեսը։ Իհարկե, դա վատ չէ, բայց նաև պետք է հաշվի առնել սեյսմիկ ռիսկը և հարմարավետությունը. օրինակ` Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի բակում կառուցվել են երկու բարձրահարկ նորակառույց շենքեր։ Այս պահին շենքերը դեռ բնակեցված չեն, բայց արդեն շարժվելու տեղ չկա։  Պատկերացնում եմ, եթե բնակեցվի… Այդ բակի մարդիկ, Աստված չանի, եթե երկրաշարժ լինի, անգամ եթե հասցնեն շենքից դուրս գալ, միևնույն է, թաքնվելու տեղ չունեն։ Այդպիսի բակեր շատ կան։

Կապված  շենքերի որակի հետ` այսօր մենք ունենք նորակառույցներ, որոնք հաշվարկվում են 9 բալ Մ-ով

 մագնիտուդայով երկրաշարժի դեպքի համար։ Մի խոսքով եթե ասեմ, ապա այսօր կառուցվում են ավելի ապահով շենքեր, քան Խորհրդային Միության ժամանակ (խոսքս շենքի կոնստրուկտիվ մասի մասին է)։

-Հայ տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի, որդի ունենա։ Դուք հասցրե՞լ եք ծառ տնկել, որդի ունենալ։

-Տուն կառուցել եմ, տղաներ ունեցել եմ, ծառ տնկել եմ, փառք Աստծո, ունեմ հիասքանչ ընտանիք` կին և երկու տղաներ։ 

-Պարո՛ն Ավետիսյան, Ձեր Ամանորյա բարեմաղթանքը։

-Շորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ, որ գալիք Նոր տարում ամեն մարդ ՀՀ-ում և Արցախում ունենա խաղաղություն, ուրախություն և առողջություն իր ընտանիքում։ Նշենք բոլորս Քրիստոսի ծնունդը ոչ թե իբրև հանգստյան տոն, այլ հավատքով մեր սրտերում, և նշենք ոչ թե ինչ-որ կենդանու տարի, այլ Հիսուս Քրիստոսի տարի, և թող որ Քրիստոսի օրհնությունը մեր Երկրի վրա լինի։ Նաև կցանկանայի խաղաղություն մեր սահմաններին և մեր զինվորներին։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...